HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Որքանով է արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում. խնդիրներ եւ մարտահրավերներ

Հուլիսի 23-ին «Հետքը» քննարկում էր կազմակերպել «Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը Հայաստանում» թեմայով, որին մասնակցում էին Գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Պետական վերահսկողական ծառայության, հասարակական սեկտորի եւ մեդիայի ներկայացուցիչներ։

Քննարկումը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում խոսվեց ապօրինի գույքի բռնագանձման և պետական ու համայնքային շահերի պաշտպանության մասին։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանն ասաց՝ օրենսդրությունն աշխատում է բավականին լավ, արդեն իսկ կան հաշտության համաձայնություններ, կայացված դատական ակտեր։

Վերջինիս խոսքով՝ հետագայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կայացված դատական ակտերի վերաբերյալ ՄԻԵԴ-ի (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) հետ կապված խնդիրներ չեն կարող առաջանալ, քանի որ ուսումնասիրում են ՄԻԵԴ-ի որոշումները ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և հիմք են ընդունում Եվրոպական դատարանի կարգավորումները։

Սիրո Ամիրխանյանը նշեց, որ հիմնական խնդիրները կապված են պաշտոնյաների՝ արտերկում ունեցած գույքի բռնագանձման հետ, քանի որ որոշ երկրներ պատրաստակամ չեն համագործակցելու։ Ըստ նրա՝ արդյունավետ կլինի գնալ տվյալ երկիր և բանակցել համապատասխան կառույցների հետ, սակայն Հայաստանը ռեսուրսների խնդիր ունի, և դատախազները չեն կարող յուրաքանչյուր գործով մեկնել արտերկիր՝ բանակցությունների։ 

Քննարկման վարող, «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը հարցրեց, թե ինչ սկզբունքով են ընտրում՝ ում գույքն ուսումնասիրել, քանի որ մինչ այս պահը տպավորություն է, թե միայն նախկին պաշտոնյաների վերաբերյալ են ուսումնասիրություններ կատարվում։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը հայտնեց, որ գործող պաշտոնյաների վերաբերյալ ևս կան ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործեր, սակայն ուսումնասիրություններն իրականացվում են ժամանակագրական հաջորդականությամբ, այդ պատճառով դեռևս միայն նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործերն են հասել դատարան։ Ամիրխանյանը վստահեցրեց, որ գործող պաշտոնյաների վերաբերյալ գործերի մասին ևս պատշաճ իրազեկում կլինի։

Սահմանադրական դատարանում (ՍԴ) դեռ վիճարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը, որի վերաբերյալ ՍԴ-ն չի շտապում որոշում կայացնել։ Սիրո Ամիրխանյանի կարծիքով՝ օրենքի որևէ դրույթ հակասահմանադրական չէ։ ՍԴ-ի կողմից օրենքի հակասահմանադրական ճանաչվելու հետևանքների եւ այդ պարագայում բռնագանձված գույքի ճակատագրի մասին Սիրո Ամիրխանյանը նպատակահարմար չհամարեց խոսել։ Պարզապես հայտնեց, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի առաջին կեսին ՍԴ-ն, հավանաբար, որոշում կընդունի։ 

Քննարկմանը ներկա «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը կոռուպցիայի դեմ պայքարի եղանակներից առանձնացրեց ազդարարումը, սակայն նշեց, որ ազդարարման համակարգը Հայաստանում այս պահին շատ խոցելի է։ Նույնիսկ եթե մարդիկ ազդարարում են կոռուպցիոն երևույթների վերաբերյալ, Սոնա Այվազյանի համոզմամբ, այդ համակարգը չի երաշխավորում քաղաքացիների անվտանգությունը։

Անդրադարձ եղավ նաև պետական եւ համայնքային շահերի պաշտպանությանը։ 2023-ի մարտի 1-ին օրենսդրական փոփոխություն տեղի ունեցավ, որով դատախազությանը համայնքային շահերի պաշտպանության որոշ լիազորություններ վերապահվեցին, սակայն դատարանները հակասական վճիռներ են կայացնում և խոչընդոտներ ստեղծում։ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Սարուխանյանի խոսքով՝ որոշ դատավորներ կարծում են, թե վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չունեն, հետևաբար դատախազությունը չի կարող իրավահարաբերությունները տարածել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։ Ժամկետների տեսանկյունից՝ որոշ դատավորներ համարում են, որ դատախազությունը նախկինում էլ զրկված չի եղել համայնքային շահը պաշտպանելու հնարավորությունից, ուստի բաց է թողել ժամկետը և ուշ է ներկայացրել հայցադիմումները դատարան։ Որոշ դատավորներ էլ արտահայտել են հետևյալ դիրքորոշումը՝ թեև դատախազությունն ունեցել է լիազորություն, բայց իրավասություն վերապահվել է նոր օրենքով։ Տաթևիկ Սարուխանյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանին ներկայացրել են այս տարբերվող վճիռները և սպասում են դատարանի դիրքորոշմանը։ 

Հարցին, թե դատավորների իրարամերժ որոշումները որքանո՞վ են խոչընդոտում դատախազության գործողություններին՝ պետական շահերի պաշտպանությանը, և արդյոք հետագայում խնդիրներ չեն առաջանա բարեխիղճ ձեռքբերողների հետ, Տաթևիկ Սարուխանյանը պատասխանեց, որ նման բացասական հետևանքներ կարող են լինել, բայց երբ տեղեկություն են ստանում գույքի հնարավոր օտարման մասին, դատարանին միջնորդում են կասեցնել գործընթացը։

Խոսվեց նաև այն դեպքերի մասին, երբ համայնքն ինքնուրույն է որոշել պաշտպանել համայնքային շահը, սակայն գիտելիքի, փորձի պակասի պատճառով կամ գուցե միտումնավոր տապալել է գործը։ «Հետքի» լրագրող Վահե Սարուխանյանը մատնանշեց Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանին, որը տապալել է Ծաղկաձորի՝ ապօրինի սեփականաշնորհված անտառներից 8.82 հա-ը համայնքին վերադարձնելու դատական գործերը։ Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք համայնքի ղեկավարը պիտի պատասխանատվության ենթարկվի։

Տաթևիկ Սարուխանյանը վստահեցրեց, որ անհետևանք չեն թողնում նման դեպքերը։ Համայնքից պահանջում են իրազեկել դատախազությանը այդ գործերի ընթացքի և զարգացումների մասին։ 

Քննարկման երկրորդ մասը նվիրված էր կոռուպցիոն հանցագործությունների քննությանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի 3-րդ քննչական վարչության պետ Արշալույս Մինասյանը մի շարք խնդիրներ թվարկեց, որոնց բախվում են կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելիս։ Առաջինը ծանրաբեռնվածությունն է։ Մինասյանի խոսքով՝ բազմաթիվ գործեր կան, որոնք ենթակայության կարգով ուղարկվում են Հակակոռուպցիոն կոմիտե, բայց դրանք նախորդ տարիների գործեր են, շատ դեպքերում՝ վաղեմության ժամկետներն անցած, շատ դեպքերում՝ ոչ մեծ չափերի հափշտակությունների մասին։ Նա առաջարկում է չափ սահմանել, թե հափշտակությունն ինչ չափերի պետք է լինի, որ դրա քննությամբ զբաղվի Հակակոռուպցիոն կոմիտեն։ Այդ դեպքում Կոմիտեի ծանրաբեռնվածությունը կթոթափվի, և այստեղ կքննեն առավել մեծ, մասշտաբային ու հնչեղություն ունեցող գործեր։ 

Հաջորդ խնդիրը փորձաքննությունների նշանակման ձգձգումներն են։ Ըստ Արշալույս Մինասյանի՝ փորձաքննությունները տարիներով են ձգձգվում, որովհետև փորձագիտական հիմնարկները ծանրաբեռնված են։ 

Հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչության պետ Էմմա Ավագյանը, ի լրումն Արշալույս Մինասյանի թվարկած խնդիրների, հավելեց, որ հանցագործությունների քննության արդյունավետությունը տուժում է նաև միջազգային գործընկերների, այլ պետությունների հետ հաղորդակցվելիս՝ հարցումների պատասխանները շատ ուշ են ստանում։ Ավագյանի խոսքով՝ կան գործեր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին փոխանցվել են այլ մարմինների վարույթներից, օրինակ՝ ԱԱԾ-ի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բոլոր փաթեթներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, ինչի հետևանքով ծանրաբեռնվել է քննիչների աշխատանքը։ Կոմիտեում սուր է նաև կադրերի համալրման հարցը, ընտրության կարգը խստացվել է, ավելացել է բանավոր քննությունը։ Էմմա Ավագյանն ասում է՝ չնայած կադրերի սղությանը և դիմողների սակավությանը, չեն ցանկանում վատ կադրեր ընտրել։ Նեղ մասնագիտացմամբ փորձագետների խնդիրը ևս մատնանշվեց, նման հաստիքների համալրման խնդիր կա, բայց քանի որ դա ենթադրում է բյուջեի ծանրաբեռնվածություն, Կոմիտեն հաճախ մերժում է ստանում Կառավարությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչության պետը ուշադրություն հրավիրեց նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի վրա։ «Մեր քննիչները շատ դժգոհ են էլեկտրոնային արդարադատությունից, համակարգն իրեն չի արդարացնում։ Այս պահին շատ քիչ բան կարող են անել դրանով, որովհետև չի աշխատում համակարգը»,- ասաց Էմմա Ավագյանը։

Նա ընդգծեց նաև շենքային պայմանների հարցը՝ մեկ սենյակում մի քանի քննիչ է աշխատում։ Քանի որ հարցաքննություններն իրականացվում են տեսաձայնագրությամբ, հաճախ եթե մի քննիչն իր աշխատանքն է կատարում, մյուսը ստիպված դուրս է գալիս, սպասում է, որ հետո իր հարցաքննությունն անի։

Ավագյանն ասաց, որ այս խնդիրների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկներ են արել, որոշ փոփոխություններ արդեն իսկ կատարվել են։

Քննարկմանը ներկա էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) անդամ Արամայիս Փաշինյանը։ ԿԿՀ-ն անդամների համալրման խնդիր ունի։ Հանձնաժողովի երկու անդամի տեղը տևական ժամանակ է՝ թափուր է, սակայն ԱԺ-ն չի շտապում ընտրել։ Քննարկումը վարող լրագրող Գրիշա Բալասանյանը հարցրեց՝ ինչքանո՞վ է այս հանգամանքը խոչընդոտում հանձնաժողովի աշխատանքին։

Արամայիս Փաշինյանն ասաց, որ որոշումների ընդունման հետ կապված լուրջ խնդիրներ դեռևս չեն ունեցել։ Ըստ նրա՝ եղել են հարցեր, որոնց շուրջ չեն կարողացել որոշման հանգել, սակայն այդպիսի իրավիճակ ունեցել են նաև 4 և 5 անդամների առկայության պարագայում։ Նա նշեց, որ անդամների բացակայությունից զատ՝ խնդիր է ծանրաբեռնվածությունը։ 

«Հետքի» լրագրող Տիրայր Մուրադյանը խոսեց պետական մարմինների հետ մեդիայի հետադարձ կապի մասին։ Ըստ նրա՝ գործող պաշտոնյաներին վերաբերող գործերի ընթացքի վերաբերյալ հաղորդակցությունը բավարար չէ։ Մասնավորապես մատնանշեց «Հետքի» հրապարակումները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Բյուրեղ» թաղամասում շուկայականից մի քանի անգամ ցածր գնով բնակարան գնելու մասին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մոր կողմից կառուցվող մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատան մասին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ քավորական հարաբերություններ ունեցող անձի՝ խախտումներով շինարարության մասին Ծաղկաձորում։

Լրագրողի խոսքով՝ նման դեպքերով քննությունը կամ առաջ չի գնում, կամ քրեական գործ չի նախաձեռնվում, և պարզ չէ, թե ինչու։ Նմանապես, տեղեկություն չի տրվում նախկին պաշտոնյաների՝արտերկում ունեցվածքի չհայտարարագրման փաստով գործերի մասին, որոնք ձգվում են մեկ-երկու տարի։

Քննարկմանը մասնակցող Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատականվարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանը չցանկացավ կոնկրետ գործերի վերաբերյալ մեկնաբանություն տալ։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը մտահոգություններ հայտնեց Հակակոռուպցիոն դատարանի, մասնավորապես՝ դրա կազմի մասին։ Ըստ նրա, կան դատավորներ, որոնք նախկինում կապ են ունեցել իշխող ուժի հետ, և մասնագիտական համայնքի ու հանրության մոտ կասկածներ են առաջանում այդ դատարանի արդյունավետության առնչությամբ։

Նշեց, որ հաճախ քրեական գործեր են հարուցվում զուտ այն նպատակով, որ հիմք լինի ապօրինի գույքի բռնագանձման հայց ներկայացնելու։ Սակայն այդ քրեական գործերը շատ դեպքերում անարդյունավետ են՝ մեղադրյալները վաղեմության, համաներման հիմքերով պատասխանատվության չեն ենթարկվում, ինչը հիասթափություն է առաջացնում հանրության շրջանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter