HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը մինչեւ վերջերս բիզնես ուներ այդ երկրում

Օգոստոսի 14-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետի առաջարկով Գուրգեն Արսենյանին նշանակել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Մինչեւ անցյալ տարի Արսենյանը Ռուսաստանում բիզնեսի սեփականատեր էր:

Մասնագիտությամբ տնտեսագետ Արսենյանը, ըստ պաշտոնական կենսագրության, 1987-2000 եւ 2007-2012 թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ, իսկ 2000-2007, 2012-2017 եւ 2021-2024 թթ. եղել է ԱԺ պատգամավոր:

Արսենյանը խորհրդային տարիներին եղել է կոմունիստ, 1990-1994 թթ. ՀՀԿ-ական էր, իսկ 2002-ից Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) հիմնադիր ղեկավարն է: Այդուհանդերձ, նա տարբեր քաղաքական ուժերի է ներկայացրել ԱԺ-ում: 2000-2003 թթ. անկախ էր ու խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, 2003-2007 թթ. ՄԱԿ խմբակցության ղեկավարն էր, 2012-2017 թթ. պատգամավոր էր ԲՀԿ-ի կազմում, իսկ 2021-2024 թթ. ընդգրկված էր ՔՊ խմբակցության մեջ:

Գուրգեն Արսենյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա ԱԺ ամենահարուստ պատգամավորներից էր:

Ըստ իր վերջին՝ 2023 թ. տարեկան հայտարարագրի՝ Արսենյանը բաժնեմաս ուներ 8 ընկերություններում, որոնցից 7-ը հայկական են, 1-ը՝ ռուսական: Այդուհանդերձ, հայկական ընկերություններից մեկը՝ «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ-ն, որտեղ Գ. Արսենյանը 51 % փայ ուներ, 2020-ին սնանկ է ճանաչվել, իսկ 2023-ի տարեվերջին սնանկության գործն ավարտվել է ընկերության լուծարումով: 2023-ի հունիսից չկա նաեւ միակ ռուսական ընկերությունը՝ «Վկրեդիտ24» ՍՊԸ-ն, սակայն նախկին պատգամավորի 2023 թ. տարեկան հայտարարագրում չի երեւում, որ ընկերությունն այլեւս գոյություն չունի:

Այս ընկերությանը դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը 1990-ականների վերջին ընկերություններ ուներ նաեւ ԱՄՆ-ում, որոնք, սակայն, փակվել են հարկային պարտավորությունների կատարման մեջ թերանալու պատճառով: Այս մասին գրել էինք 2021-ին՝ անդրադառնալով նաեւ պատգամավորի ավագ որդու՝ Բաբկենի գործունեությանը:

Բաբկենը ընկերություններ է հիմնել ԱՄՆ-ում ու Չեխիայում: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում առաջին ընկերությունները կրտսեր Արսենյանը հիմնել է 2018-ին: Հայրը 2021 թ. «Հետքին» փոխանցել էր, որ որդին ԱՄՆ է տեղափոխվել զինծառայությունից եւ ամուսնանալուց (2016 թ.) հետո. կինը ԱՄՆ քաղաքացի է, Միացյալ Նահանգներում են ծնվել նաեւ նախկին պատգամավորի թոռները:

«Դա Բաբկենի անձնական որոշումն է: Որոշեց իր կենսագործունեությունը շարունակել Միացյալ Նահանգներում, եւ կարծում եմ, որ հաջողությամբ է ընթանում իր՝ ԱՄՆ-ում տեղայնացվելու գործը: Իր կյանքի մոտակա հատվածը, գործունեությունն առայժմ կապում է ԱՄՆ-ում իրականացվող պրոցեսների հետ»,- 2021-ին «Հետքի» հայտնել էր Գուրգեն Արսենյանը:

Իսկ երբ հարցրել էինք ամերիկյան բիզնեսի վերաբերյալ իր հետաքրքությունների մասին, Արսենյանն ասել էր. «Իմ հետաքրքությունը ամերիկյան համակարգերի նկատմամբ այս պահին սահմանափակվում է ֆինանսական ռեսուրսների որոշակի ներդրմամբ ամերիկյան ֆոնդային բորսաներում գնանշվող ընկերությունների արժեթղթերի մեջ»:

Այլեւս նախկին պատգամավորի 2023 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2021-ի հունվարին Նյու Յորքի «Nasdaq» բորսայում ձեռք է բերել արժեթուղթ, որի արժեքը 2023-ի տարեվերջին կազմել է 1,9 մլն դոլար, իսկ 2021-ի տարեվերջին 6,1 մլն դոլար էր:

ԱՄՆ-ը, սակայն, Արսենյանի բիզնես հետաքրքրությունների տիրույթում գտնվող միակ օտարերկրյա պետությունը չի եղել: Ինչպես նշեցինք վերեւում, նա բիզնես է ունեցել նաեւ Ռուսաստանում: 

Այսպես՝ 1993-ի հունվարին Մոսկվայում հիմնադրվել է «Արս-Թրեյդ» ՍՊԸ-ն (Арс-Трейд), որի տերերը եղել են Գուրգեն Արսենյանը եւ նրա նախկին կինը՝ Էդիտա Ղարագյոզյանը: Այլեւս չգործող ընկերությունը ՌԴ ռեեստրից ջնջվել է 2006-ի օգոստոսին: Ռուսական տեղեկատուներում այս ընկերության մասին բավականին քիչ տվյալներ կան, հայտնի չէ, թե կոնկրետ ինչով է զբաղվել, սակայն անունից կարելի է ենթադրել, որ ներգրավված է եղել առեւտրում: 

1994-ի փետրվարին էլ կրկին Մոսկվայում հիմնադրվել է «Նեֆկո» ՓԲԸ-ն (Нефко), որի ղեկավարը եղել է Գ. Արսենյանը: Այս ընկերության մասին ինֆորմացիան եւս սուղ է: Հայտնի է, որ ՌԴ ռեեստրից ջնջվել է 2007-ի մարտին որպես չգործող իրավաբանական անձ: 

Վերը հիշատակված «Վկրեդիտ24» ՍՊԸ-ն (Вкредит24) հիմնադրվել է 2014-ի մայիսին Մոսկվայում: Արսենյանն իր հայտարարագրում նշել է, որ ռուսական ընկերությունում 13 % փայ է գնել ընկերության ստեղծման օրը, ինչը տարօրինակ է, քանի որ այդ պարագայում նա սկզբնական հիմնադիր կլիներ: Այդուհանդերձ, ռուսական տեղեկատուների համաձայն՝ ընկերության առաջին հիմնադիրը եղել է Կորյուն Յուրիկի Գրիգորյանը, իսկ 2015-ին սեփականատերեր են դարձել Գ. Արսենյանը (13 %), Միքայել Սերգեյի Բադալյանը (34 %) եւ օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված Sync Technologies Ltd.-ն (53 %):

«Վկրեդիտ24» ընկերության գործունեության հիմնական տեսակը եղել է տվյալների բազաների ու ինֆորմացիոն ռեսուրսների ստեղծումը, այլ տեսակների մեջ նշվում են կահույքի, կենցաղային ապրանքների, երկաթեղենի եւ այլ մետաղական արտադրատեսակների առեւտուրը, ինտերնետով մանրածախ առեւտուրը, մանրածախ առեւտուրը հեռուստատեսության, ռադիոյի, հեռախոսի միջոցով, ծրագրային ապահովման մշակումը, խորհրդատվական գործունեությունը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, տվյալների մշակումն ու ինֆորմացիայի տեղաբաշխումը: 

Ինչպես տեղեկանում ենք ընկերության կայքից (այլեւս չի գործում), «Վկրեդիտ24»-ը հնարավորություն էր տալիս առցանց եւ սովորական խանութներից առեւտուր կատարելու ժամանակ արագ վարկ ձեւակերպել: Ըստ էության, ընկերությունը կապող օղակ էր գնորդի, խանութի եւ վարկավորող բանկերի միջեւ: 

2023-ի հունիսին «Վկրեդիտ24» ՍՊԸ-ն ջնջվել է ՌԴ ռեեստրից, սակայն Գ. Արսենյանը 2023-ի իր տարեկան հայտարարագրում նշել է, որ տարեվերջի դրությամբ եղել է ընկերության 13 %-ի սեփականատեր: Ավելին՝ 2021-ին պատգամավոր դառնալուց առաջ Գ. Արսենյանը 400 հազ. դոլար անտոկոս փոխառություն էր տվել այս ընկերությանը. 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխառության չափն անփոփոխ էր:  

Հավելենք, որ այս եւ հայկական ընկերություններում ունեցած բաժնեմասերը նախկին պատգամավորը 2021-ին 5 տարով հավատարմագրային կառավարման է հանձնել երեւանցի Հռիփսիմե Ավետիսյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter