HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննությունը ձգձգվու՞մ է, թե՞ ոչ

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում առաջին գործերը սկսեցին քննվել 2022 թվականից։ Այդ պահից ի վեր՝ 2 տարում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դեռ երեք վճիռ է կայացվել։ Տպավորությունն այնպիսին է, որ գործերի քննությունը երկար է տևում՝ արհեստական ձգձգումներով, սակայն դատավարության մասնակիցների կարծիքով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցապահանջի յուրաքանչյուր կետ համարժեք է մեկ քաղաքացիական գործի։ Նշենք նաեւ, որ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավորների վարույթներում շատ ավելի քիչ գործեր կան, քան քաղաքացիական այլ գործերով դատավորների, հետևաբար, կարող ենք ենթադրել, որ նրանք համեմատաբար քիչ են ծանրաբեռնված։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Ավագյանը համաձայն չէ այդ մտքին։ «Հետքի» հետ զրույցում նշում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 1 գործը կարող է ներառել 20 և ավելի գույք, և յուրաքանչյուր գույքի մասով առանձին քննություն է տարվում։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի ծավալն արդեն իսկ բավարար է, որ քննությունը երկար տևի»․ դատավոր Նարինե Ավագյան

Տիկին Ավագյան, կա տպավորություն, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով վարույթները ձգձգվում են, և ուսումնասիրելով մի քանի դատական գործեր՝ տեսնում ենք, որ օրինակ՝ արդեն 1-2 տարի ընթանում է գործի քննությունը, սակայն դեռևս նախնական դատական նիստերի փուլում է։ Ինչու՞ է ձգձգվում գործերի քննությունը։

Քաղաքացիական դատավարությունն ինքնին բավականին բարդ գործընթաց է, և այնտեղ կան մի շարք դատավարական գործողություններ, որոնք, ըստ էության, պարտադիր է, որ իրականացվեն եւ ըստ հերթականության։ Կան նաև որոշակի գործողություններ, որոնց առկայության դեպքում, կարելի է ասել, պրոցեսը այդ փուլից արգելակվում է մինչեւ այդ հարցի վերջնական լուծումը։ Օրինակ՝ երբ հակընդդեմ հայց է ներկայացվում, որը կողմի իրավունքն է, և եթե հայցի ընդունումը մերժվում է կամ վերադարձվում է, և այդ որոշումը բողոքարկվում է, դատարանը ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում չի կարող կայացնել, քանի դեռ չունի դրա հետ կապված վերադաս ատյանի եզրափակիչ դատական ակտը։ Մինչեւ ունենում ենք վերջնական դատական ակտը, ինչ-որ ժամանակ անցնում է․ դա օբյեկտիվ պատճառ է, որը որևիցե ձևով դատարանը չի կարող վերահսկել կամ փորձել կրճատել, որովհետեւ այդ ժամկետները սահմանված են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով։

Կողմերը կարող են հայցային վաղեմության միջնորդություն ներկայացնել՝ անկախ նրանից, թե դատարանի որոշումը ինչպիսին կլինի, անկախ նրանից, թե կողմերը տեղյակ են դատարանի դիրքորոշմանը, դա իրենց իրավունքն է, որից իրենք օգտվում են։ Ու հաշվի առնելով, որ սա լրիվ նոր վարույթ է, նոր ինստիտուտ է Հայաստանի Հանրապետությունում, չունենք հարուստ պրակտիկա, ի վերջո, չունենք Վճռաբեկ դատարանի վերջնական դիրքորոշում, մեկնաբանություն` կոնկրետ նորմերի հետ կապված, ես էլ եմ շահագրգռված, որ կողմերին հնարավորություն տանք ամբողջությամբ իրացնել այն բոլոր իրավունքները, որոնք իրենք գտնում են, որ անհրաժեշտ է իրենց պաշտպանությունը կազմակերպելու համար։ Այդ տեսանկյունից, կարելի է ասել, որ հիմա ոչ թե ձգվում են, այլ բնականոն ընթանում են։ Բնականաբար, մենք փորձում ենք ավելի կարճ ժամկետում նշանակել նիստերը, բայց այստեղ էլ, եթե կողմերին հարմար չի լինում, ինչքան էլ կողմի բացակայությունը, եթե պատշաճ ծանուցված է, արգելք չէ, որ գործի քննությունը շարունակենք, կարծում եմ՝ այս վարույթների առանձնահատկությամբ պայմանավորված՝ ճիշտ է, որ կողմը միշտ ներկայացված լինի եւ ցանկացած հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնի, եւ այդպես դատական նիստերը տեղափոխվում են։

Բացի այդ, հաշվի առնելով այս գործերի բարդությունը, մենք կարող է 1 նախնական դատական նիստի ընթացքում հայցի առարկան և հիմքը չկարողանանք պարզել, երբ սովորական քաղաքացիական գործի շրջանակներում հնարավոր է 1 ժամվա ընթացքում այդ հարցը պարզել, բացառիկ դեպքում կարող է մի քիչ ավելի երկար տեւել։ Այս վարույթներով 4, 5, միգուցե 6 նախնական նիստ, ու խոսքը ոչ թե 1 ժամանոց, այլ 2, 3 ժամանոց նիստեր կարող են պահանջվել, որ ի վերջո պատասխանողը հասկանա հայցի առարկան, իրավական հիմքը, հաշվարկների մեթոդաբանությունը, սկզբունքները, տրամաբանությունը։ Կարծում եմ՝ քանի որ փաստաբաններն էլ արդեն ինչ-որ չափով «եփվել» են այս թեմայի շուրջ, միգուցե նոր ստացվող գործերն ավելի արագ կարողանանք քննել զուտ այն տեսանկյունից, որ այդ փուլը՝ հայցի առարկայի և հիմքի պարզումը, մի քիչ ավելի արագ իրականացվի։ Բայց եթե նոր փաստաբաններ են ներկայանում տարբեր գործերով, իրենց համար սա լրիվ նորություն է, ու կրկին այդ հարցերn անընդհատ բարձրաձայնվում են։ 

Արդյոք կողմերը շահագրգրվա՞ծ են, որ գործերի քննությունն արագ ընթանա։

Եղել են դեպքեր, երբ նիստի ժամանակ դատարանը՝ հենց ես անձամբ, հարցրել եմ՝ արդյոք շահագրգռվա՞ծ չեք, որ արագ ընթանա քննությունը, բայց պատասխանը, իհարկե, հնչում է, որ արդարադատության շահն ավելի կարեւոր է, քան արագ քննությունը, այսինքն՝ յուրաքանչյուրի համար կարեւոր է, որ ճիշտ դատական ակտ կայացվի, արդարադատությունն իրականացվի։ Այս տեսանկյունից եթե խոսում ենք դատավարության մասին, կողմի տեսանկյունից շատ կարեւոր է՝ ինքը զգա, որ հնարավորություն է ունեցել իր դիրքորոշումը արտահայտելու, ներկայացնելու միջնորդություններ, ապացույցներ, այսինքն՝ այդ տպավորությունը եւ այդ ընկալումը պետք է յուրաքանչյուր կողմ իր վրա զգա։ Եթե կողմը չզգաց դա, ուրեմն մենք չենք կարող խոսել արդարադատության մասին, որովհետեւ, կարելի է ասել, այդ դատավարական պրոցեսում ինքը պետք է զգա, որ հնարավորություն ունեցել է ամեն ինչ ներկայացնել, բայց հիմա դատարանը կայացրել է, օրինակ, իր օգտին կամ ի վնաս իրեն ինչ-որ մի որոշում։ Հետագայում եթե կորոշի բողոքարկել, դա իր իրավունքն է, բայց այս դատավարության ընթացքում պետք է հնարավորություն տանք, որ ամբողջապես իրենք իրացնեն իրենց իրավունքները, նաեւ հաշվի առնելով, որ ապացուցման հետ կապված որոշակի խնդիրներ կարող են ի հայտ գալ իրենց տեսանկյունից, հաշվի առնելով, որ բավականին տեւական ժամանակահատվածի համար է բռնագանձումը պահանջվում, օրինակ՝ հարցումներ անել, մարդ գտնել եւ այլն։ Այսինքն՝ կան օբյեկտիվ պատճառներ, որոնց պայմաններում այս գործերը կարող են ավելի երկար տեւել, քան, այսպես ասած, ակնկալվում էր։

Ստացվում է՝ գործերի երկար քննության պատճառը օրենսդրությունն է, որի շրջանակում կողմերն իրացնում են իրենց իրավունքները, հետո՝ չձեւավորված պրակտիկան։ 

Կարծում եմ՝ այո, որովհետեւ նիստերը դատավորի պատճառով գրեթե չեն հետաձգվում, բացառիկ դեպքերում, եթե առողջական ինչ-որ խնդիրներ կան, բայց նշանակված օրը միշտ նիստը կայանում է։ Նիստը միշտ բացվում է, կողմերից եթե ինչ-որ մեկը ներկայացած չլինի, միջնորդություն կարող է լինել հետաձգման, դա քննարկվում է կողմերի հետ, եթե դատարանը գտնում է, որ նպատակահարմար չէ շարունակել գործի քննությունը՝ առանց կողմի ներկայության, բնականաբար, հետաձգվում է։ Ու մնացած հարցերն էլ արդեն ընթացակարգային բնույթի իրավիճակներն են։ Ապացուցման պարտականությունը բաշխելուց հետո, ըստ էության, որոշակի իրավունքներ սահմանափակվում են, այսինքն՝ այդքան միջնորդություններ չեն կարող ներկայացնել, բայց այդ փուլում էլ յուրաքանչյուր կողմ ժամկետ է խնդրում, որ կարողանա այդ ապացույցները հավաքել՝ ըստ որոշմամբ նախանշված պարտականությունների։ Ու եթե հայցվորը ապացույցների հիմնական մասն արդեն ներկայացրած է լինում հայցադիմումին կից, պատասխանողի տեսանկյունից արդեն լրացուցիչ ժամանակ է պետք, որ հասկանա, թե ինչպես է բերում այդ ապացույցները։ Հարցումներ է անում տարբեր մարմիններին, անձանց, ու եթե հարցումների պատասխանները չեն տալիս կամ գաղտնիք պարունակող տեղեկություններ են պարունակում, միջնորդում է, որ դատարանը պահանջի կոնկրետ մարմնից կամ անձից այդ տեղեկությունները եւ, պատկերացրեք, էլի գնաց ժամանակ, սպասում ենք, մինչեւ որ գան։ Կրկնակի փորձաքննության համար կարող են միջնորդել, եւ դա էլի ժամանակատար է, կողմը կարող է նիստի ընթացքում ապացույցի իսկությունը, վիճարկի եւ դրա հետ կապված էլի փորձաքննության միջնորդություն եւ այսպես շարունակ։

Լինում են դեպքեր, երբ նույն փաստաբանն ապօրինի գույքի բռնագանձման տարբեր վարույթներում է ներգրավված և նույն բնույթի միջնորդություններ է ներկայացնում տարբեր վարույթներով։ Կան միջնորդություններ, որոնց վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանի դատավորներն ունեն ընդհանուր մոտեցում։ Այսինքն՝ եթե տվյալ փաստաբանը մի քանի գործերով ներկայացուցիչ է, արդեն իսկ տեղյակ է դատարանի դիրքորոշմանը, և օրինակ, վստահ է, որ միջնորդությունը մերժվելու է, սակայն միևնույն է, ներկայացնում է միջնորդությունը, դատարանի կողմից մերժելու դեպքում էլ՝ բողոքարկում։ Ստացվում է՝ օրենքի շրջանակներում ձգձգվում է գործը։

Եթե նույն գործի շրջանակներում փորձեն անընդհատ նմանատիպ միջնորդություններ ներկայացնել՝ իմանալով նախագահող դատավորի դիրքորոշումը, դատավորը կարող է իրավունքի չարաշահմամբ ընդհանրապես չքննարկել այդ միջնորդությունները։ Յուրաքանչյուր փաստաբան ինքն է ընտրում իր մարտավարությունը, գնահատականը կտա դրան դատարանը, բայց ամեն դեպքում, դրանք այնպիսի միջնորդություններ են, որոնք Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը թույլատրում է: Եթե հնարավորություն կա միջնորդությունները լուծել արձանագրային որոշմամբ, դա եւս մենք անում ենք, որ արագ լինի, այսինքն մի հատ էլ չգնանք առանձին ակտի ձեւով որոշումներ կայացնենք, բայց կան որոշումների տեսակներ, որոնք պարտադիր է, որ առանձին ակտի ձեւով կայացվեն, ուղարկվեն կողմերին։ Օրինակ՝ երբ երրորդ անձ ներգրավելու միջնորդություն է ներկայացվում, ըստ էության, դատարանը պետք է առանձին ակտի ձեւով կայացնի, եթե բավարարելու է, եւ պետք է այդ անձանց ուղարկի։ Իսկ երբ երրորդ անձինք ներգրավվում են, իրավունք ունեն միջնորդելու, որ գործի քննությունը սկսվի սկզբից, ընդ որում՝ երրորդ անձինք կարող են ներգրավվել մինչեւ դատաքննության ավարտը։ Պատկերացրեք, մենք հասել ենք ինչ-որ մի փուլի, և երրորդ անձինք ներգրավվում են, երբ ապացուցման բեռը բաշխվել է, եւ իրենք հայցի առարկայի և հիմքի հետ կապված հարցեր ունեն, մենք հետ ենք գնում, որ ինքը հասկանա, թե ինչից պետք է պաշտպանվի, եթե պաշտպանվելու անհրաժեշտություն կա։

Տվյալ գործերի քննության ձգձգմանը կարող է նպաստել նաեւ այն, որ շատ են դատավարության մասնակիցները։ Նախ ծանուցումները իրենց մասով պետք է կազմակերպել։ Եթե նիստին բոլոր կողմերը ներկա են, ես հաջորդ նիստը կարող եմ նշանակել հաջորդ օրը։ Բայց եթե կողմերից ինչ-որ մեկը ներկա չէ նիստին, վերջինիս ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցումների միջոցով, իսկ օրենքն ասում է, որ համարվում է ծանուցված հրապարակային ծանուցում տեղադրելու պահից 7-րդ օրը, այսինքն՝ դատավարական տեսանկյունից ձեւական առումով գոնե այդ 7 օրը պետք է պահպանվի, և նման հարցեր կան, որոնք չենք կարող շրջանցել։ Նույնիսկ փաստաբանները սկզբնական շրջանում զարմացած էին ու մեր տեմպին չէին կարողանում հարմարվել, որովհետեև շատ մոտ ենք նշանակում նիստերը, բայց կարծում եմ՝ արդեն իրենք էլ են սովորել, որ հնարավորության դեպքում մոտ ենք դնում նիստերը։

Տիկին Ավագյան, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագձման մասին» օրենքի մի շարք դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը պատգամավորների կողմից վիճարկվում է Սահմանադրական դատարանում (ՍԴ)։ Որքանո՞վ է կաշկանդում Ձեզ այս հանգամանքը գործերը քննելիս, քանի որ պարզ չէ, թե ՍԴ-ն ի՞նչ որոշում կկայացնի։

Դուք հիմա այնպիսի հարց եք բարձրաձայնում, որ կողմերն են միջնորդում կասեցման հիմքով, դրա համար զերծ կմնամ գնահատականներ տալուց։ Ամեն դեպքում, Սահմանադրական դատարանում, այո, վիճարկվում է օրենքը, ու բոլորս սպասում ենք դրա արդյունքներին։ 

Ի տարբերություն քաղաքացիական դատարանների դատավորների՝ ձեր վարույթներում գտնվող գործերը համեմատաբար քիչ են։ Կարո՞ղ ենք ասել, որ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավորներն այդքան էլ ծանրաբեռնված չեն․ 5 դատավոր և 100-ից ավելի հայցադիմում, իսկ քաղաքացիական մյուս գործերով դատավորների վարույթներում 1000-ից ավելի գործեր կան։

Միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերն են 100-ից ավելի, բայց մենք քննում ենք նաեւ պետական շահերի պաշտպանության հայցերը, որոնք որ Դատախազության կողմից են ներկայացվում։ Քանակական տեսանկյունից, այո, լսում եք 100-ից ավելի գործ եւ առաջին հայացքից թվում է, թե ծանրաբեռնվածություն ընդհանրապես չկա, բայց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 1 գործը կարող է ներառել 20 և ավելի գույք, և այդ յուրաքանչյուր գույքի մասով, ըստ էության, առանձին քննություն է ենթադրում, որովհետեւ այդ յուրաքանչյուր գույքի մասով դատարանը պետք է գնահատական տա՝ օրինակա՞ն է, թե՞ ապօրինի, բռնագանձման ենթակա՞ է, թե՞ ոչ։ Ու գույք ասելով՝ հասկանում ենք գույքի բոլոր տեսակները՝ դրամ, անշարժ գույք, շարժական գույք, արժեթղթեր, ակտիվները, և բավականին ծավալուն հատորներ են։ Եթե պետական շահերի պաշտպանության գործերը կարող են լինեն 1 հատոր կամ 2, 3 հատոր, ապա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը 10 և ավելի հատորներ են։

Իսկ այս ծանրաբեռնվածությունը ինչքանո՞վ է ազդում կամ ապագայում կարո՞ղ է ազդել գործերի արդյունավետ քննության վրա, որովհետեւ կարելի է ենթադրել, որ այս ծանրաբեռնվածությունը շատանալու է։

Եթե ծանրաբեռնվածությունը շատանա, կարող է եւ որոշակի ազդեցություն ունենալ, բայց եթե մենք ունենանք արդեն ձեւավորված պրակտիկա, միգուցե ծավալների ավելացումն ազդեցություն չունենա արդյունավետության տեսանկյունից։ Ես 1 վճիռ եմ հրապարակել, և սահմանված ժամկետում չեմ կարողացել այդ վճիռը հրապարակել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով, այսինքն՝ երկարաձգել եմ ևս 1 շաբաթով, ու դա քիչ ծավալի գործերից է։ Հիմա եթե մի քանի գործեր հասնեն այդ վերջնական փուլին ու միաժամանակ վճռի հրապարակման փուլը գա, այդ ժամանակ բավականին դժվար կլինի, որովհետեւ ծավալուն են, ինչպես նշեցի։ Նաև դատաքննություններն են բավականին երկար տեւում, որովհետեւ իմ նշած բոլոր հատորները և էլեկտրոնային եղանակով ներկայացված նյութերը դատաքննության ընթացքում պետք է հրապարակվեն դատավորի կողմից։ Այսինքն՝ մենք էդ բոլոր փաստաթղթերը հերթով բոլորը հրապարակում ենք, ու եթե կողմերը դրանց հետ կապված դիրքորոշում են ներկայացնում, լսում ենք, սկսվում է, այսպես ասած, վիճաբանությունը։ Այսինքն՝ այս գործերի ծավալն արդեն իսկ բավարար է, որ քննությունը երկար տեւի։

«Յուրաքանչյուր հայցապահանջ իր ծավալով համարժեք է մոտավորապես այնքան քաղաքացիական գործի, որքան գույք կա այդ հայցապահանջի մեջ»․ Վահագն Գրիգորյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման տարբեր վարույթներով ներգրավված փաստաբան Վահագն Գրիգորյանը ևս կարծում է, որ այս գործերի քննությունը չի ձգձգվում։ «Եթե մանրամասն վերլուծության ենթարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ցանկացած վարույթ, կարծում եմ, որ յուրաքանչյուր հայցապահանջ իր ծավալով համարժեք է մոտավորապես այնքան քաղաքացիական գործի, որքան գույք կա այդ հայցապահանջի մեջ։ Եթե, օրինակ, անձից պահանջվում է բռնագանձել երեսուն միավոր գույք, ուրեմն գործ ունենք 30 առանձին քաղաքացիական գործերի բնորոշ ծավալի ու բարդության հետ»,- ասում է փաստաբանը։

Վահագն Գրիգորյանը դատավորների կողմից կաշկանդվածություն չի տեսնում ապօրինի գույքի բռնագանձման գործերը քննելիս՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ օրենքի սահմանադրականության հարցը դեռևս վիճարկվում է ՍԴ-ում։ «Բոլոր այն դեպքերում, երբ պատասխանողների կողմից ներկայացվում են միջնորդություններ, որոնցով խնդրում ենք գործի վարույթը կասեցնել, քանի դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել, դատարաններն այդ միջնորդությունները մերժում են՝ նշելով, որ գործում է օրենքի սահմանադրականության կանխավարկածը»,- նշում է Վահագն Գրիգորյանը։ Փաստաբանի խոսքով՝ դատավարական օրենսդրությունը տալիս է հնարավորություն Սահմանադրական դատարանում քննվող գործի առկայության դեպքում քաղաքացիական կամ հակակոռուպցիոն գործ կասեցնել։ «Ուրեմն ո՞ր դեպքերի համար է այդ դատավարական հնարավորությունը, որ մենք կարող ենք գործի վարույթ կասեցնել, մինչեւ Սահմանադրական դատարանը ինչ-որ որոշում կկայացնի»,- ասում է Վահագն Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչքանո՞վ են արդյունավետ այս գործերի քննությունները, եթե տևելու են տարիներ, փաստաբան Վահագն Գրիգորյանը նշում է՝ Սահմանադրությունը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունք, սակայն «յուրաքանչյուր ոք» հասկացության տակ պետությունը չի ներառվում։ «Դեմ եմ այն մեկնաբանությանը, որ Սահմանադրությամբ սահմանված իրավունքները պետությանը որեւէ կերպ կարող են պատկանել, ո՛չ։ Պետությունը Սահմանադրությամբ իր համար սահմանում է լիազորություններ, պարտականություններ, բայց երբ մենք խոսում ենք մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների մասին, օրինակ՝ արդար դատաքննության իրավունք, սա, իմ խորին համոզմամբ, պետությանը չի վերաբերում»,- ասում է Վահագն Գրիգորյանը։

Փաստաբանի խոսքով՝ հակակոռուպցիոն դատարանում կա պրակտիկա, ըստ որի՝ դատաքննության օրերը նշանակում են 1-2 օրվա կտրվածքով, և Հակակոռուպցիոն դատարանը անում է ամեն ինչ, որ դատաքննության փուլն արագ անցնի։ Սակայն փաստաբանը կողմ չէ այս մոտեցմանը։ «Եթե 1 գործի շրջանակում փաստաբանը մեկ ամսում ունենում է ոչ թե 1, այլ 3 դատ, դա իր համար չնախատեսված, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է։ Սա անձամբ ինձ համար առաջացում է կոլապսային իրավիճակ։ Կարելի է ասել, որ պետությունը ինձ հորդորում է կամ չվերցնել հակակոռուպցիոն գործեր, կամ վերցնելու դեպքում իմանամ, որ այսպես է լինելու»,- ասում է Գրիգորյանը։ Նրա կարծիքով՝ 3-4 տարին նորմալ ժամանակահատված է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը քննվեն Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանում։

Հակակոռուպցիոն դատարանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցապահանջով քննվող առաջին հինգ գործը

Ուսումնասիրել ենք դատարանի կողմից վարույթ ընդունված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով առաջին հինգ հայցադիմումը, թե որքան ժամանակ է տևել դրանց քննությունը, քանի նիստ է նշանակվել, քանիսն են կայացել, որ փուլում են գտնվում այդ դատական գործերը։

Հակակոռուպցիոն դատարանի կողմից վարույթ ընդունված առաջին հինգ գործից երկուսը կարճվել է։ Դատարանի կողմից առաջինը վարույթ ընդունված գործը կարճվել է այն հիմքով, որ հայցվորը՝ Դատախազությունը, հրաժարվել է հայցապահանջից։ Այս գործի պատասխանող կողմը Դավիթաշենի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն էր։ Գործը քննվել է 230 օր, նշանակվել է 8 նիստ, բոլոր նիստերը կայացել են, նիստերը նշանակվել են միջինում 29 օրը մեկ։

Երկրորդ կարճված դատական գործը, որը ապօրինի գույքի բռնագանձման հայցապահանջով Հակակոռուպցիոն դատարանում վարույթ ընդունված հինգերորդ գործն է, վերաբերում էր Գալուստ Գրիգորյանին, որը անցնում էր Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով։ Այս գործը դատարանն առաջին անգամ վարույթ է ընունել 2022-ի սեպտեմբերի 27-ին, մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։ Բոլոր նիստերը կայացել են, բացի մեկից, որը նշանակված է եղել 2023-ի մայիսի 16-ին։ Նիստը չի կայացել, քանի որ դատավորը մայիսի 2-ից գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում: 2023-ի մայիսի 4-ին գործը վերաբաշխվել է։ Նույն օրը գործը մակագրվել է դատավոր Կարապետ Բադալյանին։ Գործը երկրորդ անգամ վարույթ է ընդունվել 2023-ի մայիսի 8-ին։ Առաջին նիստը նշանակվել է 2023-ի մայիսի 30-ին, նշանակվել և կայացել է 10 նիստ։ Գործը կարճվել է, քանի որ 2024-ի փետրվարի 27-ին դատարանը հաստատել է կողմերի հաշտության համաձայնությունը։ 

Հակակոռուպցիոն դատարանի կողմից երրորդը վարույթ ընդունված գործն էլ քննության կեսից մակագրվել է այլ դատավորի։ Գործով պատասխանող կողմում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին է՝ Նարեկ Լյովայի Սարգսյանը և նրա կինը՝ Աննա Արամի Նիկոյանը։ Առաջին անգամ գործը վարույթ է ընդունվել 2022-ի սեպտեմբերի 14-ին և մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։ Նշանակվել է 6 նիստ, բոլոր նիստերը կայացել են, բացի վերջինից, քանի որ դատավորը հղիության և ծննդաբերության արձակուրդում է գտնվել։ 2023-ի մայիսի 4-ին գործը վերաբաշվել է և մակագրվել դատավոր Նարինե Ավագյանին։ Գործը վարույթ է ընդունվել 2023-ի մայիսի 8-ին։ Առաջին նիստը նշանակվել և կայացել է 2023-ի հունիսի 6-ին։ Երկրորդ վարույթից հետո 459 օրվա ընթացքում նշանակվել է 15 նիստ, որոնք կայացել են։ Նիստերը նշանակվել են միջինում ամիսը մեկ անգամ։ Գործը դեռ գտնվում է դատաքննության նախապատրաստության փուլում։

Ըստ էության՝ դատական գործի ընթացքում դատավորի փոփոխությունը նշանակում է՝ 7-8 ամիս տևած դատական գործը պետք է քննվի սկզբից։

Ինֆոգրաֆիկայում դատարանի կողմից երկու անգամ վարույթ ընդունված գործերի օրերը հաշվարկված են երկրորդ վարույթ ընդունումից հետո։

Ինֆոգրաֆիկայում դատարանի կողմից երկու անգամ վարույթ ընդունված գործերի նիստերի քանակը հաշվարկված է երկրորդ վարույթ ընդունումից հետո։

Հակակոռուպցիոն դատարանում երկրորդը վարույթ ընդունված գործի պատասխանող կողմը երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանն է։ 703 օրվա ընթացքում նշանակվել և կայացել է 24 նիստ, գործը գտնվում է դատաքննության փուլում։ նիստերը նշանակվել են միջինում 29-ը օրը մեկ անգամ։

Ապօրինի գույքի բռնագանձման հայցապահանջով Հակակոռուպցիոն դատարանում վարույթ ընդունված չորրորդ գործի պատասխանող կողմը Լյովա Սարգսյանի դուստրն է՝ Անի Սարգսյանը։ 697 օրվա ընթացքում նշանակվել և կայացել է 24 նիստ, միջինում 29-ը օրը մեկ անգամ։ Գործը գտնվում է դատաքննության փուլում։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ դատական նիստերը նշանակվել են միջինում ամիսը մեկ անգամ։ Գործերից երկուսը գտնվում են դատաքննության փուլում, մեկը՝ դատաքննության նախապատրաստության փուլում, երկուսը կարճվել են։ Վերոնշյալները դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով առաջին 5 դատական գործերն են։

Ներկայացված դատական գործերի մասով տեղեկատվությունը 2024-ի օգոստոսի 9-ի դրությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter