HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարկումից 15 տարի անց «Շանսի-Նաիրիտը» Հայաստանին որևէ շահույթ չի բերել

2010 թվականից Չինաստանի Շանսի նահանգում շահագործված «Շանսի-Նաիրիտի» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը Հայաստանին որևէ շահույթ կամ դիվիդենտ չի ապահովել։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունից մինչ օրս չի ստացել շահույթ կամ դիվիդենտներ»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հարությունյանը։

Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև 2003թ․ դեկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրով հիմնադրվեց «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը, որը պետք է արտադրեր քլորոպրենային կաուչուկ։ Ձեռնարկությունը մասնավորապես ստեղծվել է պետական երկու ընկերութան՝ «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի (ՀՀ) միջև։ Հայաստանի Հանրապետությունը «Շանսի-Նաիրիտ»-ի 40 տոկոս բաժնետերն է։ Համատեղ ձեռնարկության արտադրական հզորությունը 30 հազար տոննա է։

Այն պետք է վերցներ հայաստանյան «Նաիրիտ գործարան»-ի փորձը և դրա հիման վրա նմանատիպ արտադրանք տար։ Այդպես էլ եղավ։ «Շանսի-Նաիրիտ»-ը սկսեց շահագործվել այն նույն տարում, երբ Հայաստանում փակվեց քլորոպրենային կաուչուկ արտադրող «Նաիրտ գործարանը»։

2010 թվականի գործարանի բացմանը մասնակցել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայ պաշտոնյաների թողտվությամբ օֆշորային ընկերությունների միջոցով վարկեր վերցրին, գործարանը տարան սնանկացման և ողջ բեռը դրեցին ՀՀ կառավարության ուսերին։ Այդ մասին «Հետքը» հետաքննական հոդվածաշար ունի, որտեղ մանրամասն նկարագրել ենք թե փողերի լվացման սխեման, թե գործող անձանց։

Եվ ահա, 15 տարի է՝ սինթետիկ կաուչուկների «Շանսիի» խմբային բաժնետիրական ընկերությունը Չինաստանի Դաթուն քաղաքում նաև քլորոպրենային կաուչուկ է արտադրում, իսկ Հայաստանը դրանից դեռևս որևէ օգուտ չի ստացել։ Ավելին, կորցրել է իր տեղական հսկային և շուկան հանձնել չինացիներին:

Տարբեր տարիների տարբեր պաշտոնյաներ՝ նախկին և ներկա, այցելել են «Շանսի-Նաիրիտ», խոսել են միջազգային աուդիտի մասին, սակայն այդ աուդիտն այդպես էլ չի իրականացվել։

  • Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը 2018թ. ամռանն այցելել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն: Գործարանում կատարած շրջայցի ժամանակ «Շանսի-Նաիրիտ» ՀՁ ներկայացուցիչները նախարարին ծանոթացրել են ձեռնարկության արտադրական հզորություններին, ինչպես նաև` վերջինիս արտադրատեխնիկական ընթացիկ իրավիճակին:
    Համատեղ ձեռնարկության արտադրական հզորությունը 30 հազար տոննա է, որին ձեռնարկությունը հասել է նախորդ տարվա արդյունքով:
  • Նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասել էր, որ Հայաստանն ավելի առարկայական բանակցություններ է սկսել չինական կողմի հետ` արտադրանքն ինքնարժեքով ձեռք բերելու և այլ շուկաներ արտահանելու համար, սակայն համավարակի պատճառով այն կանգ էր առել, որը շարունակելու մտադրություն ունեին համավարակից հետո։
  • «Շանսի-Նաիրիտին» անդրադարձել էր նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, հայտնել էր, որ ընկերության կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք կնպաստեն գործարանի հետագա կառավարման արդյունավետության բարձրացմանը:

2023թ․ օգոստոսին ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ, մասնակցել տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին։

«Շանսի-Նաիրիտի» կայքից տեղեկանում ենք, որ այն 800 աշխատող ունի, տարեկան արտադրում է 30 հազար տոննա քլորոպրենային կաուչուկ։

ՏԿԵՆ-ին հարցրել էինք, թե արդյոք ՀՀ կառավարությունն իրականացրել է աուդիտ նշված գործարանում, ինչ է հայտնաբերել:

«ՀՀ կառավարությունը նշված ձեռնարկությունում աուդիտ անցկացնելու նախաձեռնությամբ երբևէ հանդես չի եկել, սակայն յուրաքանչյուր տարի «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունում իրականացվում է ընթացիկ աուդիտ»,- հայտնել է Հ. Հարությունյանը:

Մեկնաբանություններ (1)

Van Armenia
Embarrassing

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter