
Երեք մրցանակ «Հետքին»՝ «Ճամպրուկ 2024-ից»
«Հետքի» երեք լրագրողներ մրցանակների արժանացան «Ճամպրուկ 2024» միգրացիայի ոլորտում անցկացվող ամենամյա լրագրողական մրցույթում։
Արմեն Ղազարյանի, Լենա Սահակյանի և Սեդա Գրիգորյանի հեղինակած «Արցախ, սեպտեմբերի 19. ընդհատված մանկություն» ֆիլմը ստացավ երրորդ մրցանակը։ Ֆիլմը պատմում է 6 երեխաների մասին, որոնք զոհվեցին 2023թ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով։
Խրախուսական մրցանակներ ստացան «Հետքի» լրագրող Սյուզաննա Օհանյանը և «CivilNet-ի» օպերատոր Անի Բալայանը Հետք Մեդիա Գործարանում հրապարակված «Ճամպրուկի վրա» մուլտիմեդիա պատմության համար։ Հոդվածը ներկայացնում է արցախցիների Հայաստանում ինտեգրվելու ընթացքը, դժվարությունները ու ի վերջո արտագաղթը։
Մյուս խրախուսական մրցանակը ստացավ «Հետքի» լրագրող Ռիմա Գրիգորյանը «Քնում եմ Հադրութն է, արթնանում՝ Վանաձորը» և «Կուզե՞ս քեզ մեր պատերազմը պատմեմ» մուլտիմեդիա նյութերի համար, վերջինը հատուկ մրցանակի էր արժանացել նաև «Թվապատում» լրագրողական մրցույթի «Արտակարգ գրություն» անվանակարգում։ Հոդվածները մարդկային պատմություններ են, որոնք ներկայացնում են Արցախից բռնի տեղահանված մարդկանց անձնական դրաման։
Գլխավոր մրցանակի արժանացավ և մրցույթի խորհրդանիշ արձանիկը տուն տարավ Արշալույս Բարսեղյանը EVN Report-ում հրապարակած «Հանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում» հոդվածի համար։
Երկրորդ մրցանակային տեղը գրավեց Factor TV-ի լրագրող Արաքս Մամուլյանը «Փախստականի կարգավիճակը Եվրոպայում ապաստանի հի՞մք է․ ինչ միֆեր են տարածված արցախցիների շրջանում» տեսանյութի համար։
Երրորդ տեղի համար սահմանված էր երկու մրցանակ։ Մյուս մրցանակակիրը News.am-ի լրագրող Թագուհի Մելքոնյանն է, նրան մրցանակ շնորհվեց «Հնդիկ միգրանտների արյունը Հայաստանում մարդկանց կյանքեր է փրկում. միգրացիայի թաքնված և տեսանելի կողմերը՝ փաստերով» հոդվածի համար։
«Ճամպրուկ 2024-ը» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն է, որը կազմակերպում են ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ), ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ) և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպությունը։ Այն նպատակ ունի խրախուսելու միգրացիոն թեմաներին առնչվող լրագրողական աշխատանքները։
Մեկնաբանել