
Արբիտրաժային գործով փոխհատուցվել են Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով
Միջազգային արբիտրաժային ատյաններում Հայաստանի կողմից տարած դեռևս ռեկորդային ամենամեծ հաղթանակը՝ «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, եզակի է միջազգային ներդրումային արբիտրաժի պրակտիկայում: Փաստաբանական թիմին հաջողվել է հասնել նրան, որ Արբիտրաժային տրիբունալը վճռով պարտադրել է հայցվորներին փոխհատուցել այդ հայցերի հետևանքով Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին էլ հաջողվել է այդ գումարն ըստ էության ստանալ վճռի բողոքարկման վարույթի արդյունքներով: Գումարն ամբողջությամբ վերականգնվել է ՀՀ բյուջե: Արդյունքում «Ռասիա ՖԶէ» ներդրումային ընկերությունը և դրա ամերիկացի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին ոչ միայն չեն ստացել պահանջած շուրջ 331 մլն ԱՄՆ դոլարը, այլև վնաս են կրել՝ Հայաստանին փոխհատուցելով դատական ծախսերը:
«Հետքն» անդրադարձել է այս վեճին: Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում գործը մուտքագրվել է 2018 թվականի օգոստոսի 3-ին: Այն վերաբերում էր ՀՀ-ի և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրերի, ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին 1992թ. պայմանագրի շրջանակներում երկաթգծի և մայրուղու կառուցման առնչությամբ կողմերի միջև ծագած վեճին:
Նշենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պետք է իրականացներ «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի տնտեսական հիմնավորված լինելու դեպքում նաև` ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը: Այն ժամանակ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նույնիսկ հանդիպումներ է ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ:
«Հայաստանի հարավային երկաթուղին» անցնելու էր Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերով: Դեռևս 2014թ.-ին Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում էին, թե «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու է Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին:
Սակայն ավելի ուշ Ժոզեֆ Բորկովսկին և նրա Դուբայում գրանցված «Ռասիա» ՖԶԵ ընկերությունը ՀՀ-ից պահանջեցին 225 միլիոն ԱՄՆ դոլար և տոկոսներ՝ որպես վնաս, որը պատճառվել էր նրանց, Հայաստանի կողմից իբրև պայմանագրերի խախտման հետևանքով: Մասնավորապես, հայցվորները մեղադրում էին Հայաստանին, որ վերջինս փորձում է իրենց փոխարինել Չինաստանից եկող գործընկերներով այն բանից հետո, երբ պատրաստվել են ճանապարհների շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորումները։
2023թ. հունվարի հունվարի 20-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի տրիբունալը մերժել է Հայաստանի դեմ ներկայացված պահանջը, ինչից հետո հայցվորները դիմել էին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն՝ չեղարկելու տրիբունալի վճիռը: Այստեղ ևս հաջողության չեն հասել:
«Հայաստանն, ըստ էության, ուներ բարեխիղճ հիմք եզրակացնելու, որ Ծրագրերն առաջ չեն շարժվում Ռասիայի հետ: Հայաստանի մեղքն այն է, որ այն ձախողել է Կոնցեսիոն պայմանագրերը դադարեցնելու համար սահմանված ձևական իրավական քայլերի իրականացումը, որոնցով Հայաստանը պարզապես պետք է ծանուցեր Ռասիային իր այդ եզրահանգումների մասին, և ինչը հնարավոր էր անել՝ նախքան երրորդ կողմերի հետ [խնդրո առարկա ճանապարհների վերաբերյալ] այլընտրանքային նախագծեր ուսումնասիրելու քայլեր ձեռնարկելը: Ու թեև Հայաստանի այդ վարքագիծը պայմանագրի խախտում է, հաշվի առնելով, որ Կոնցեսիոն պայմանագրերը դեռևս գործող էին, այն չի հանդիսանում մի այնպիսի հիմնարար խախտում, որն անհրաժեշտ է արդար և անաչառ վերաբերմունքի չափանիշի ներքո Հայաստանի կողմից ներդրողի օրինական ակնկալիքների խարխլումը հաստատված համարելու համար: Պայմանագրի այն կողմը, որը ձախողում է իրականացնել պայմանագրով իր իսկ խոստացածը, չունի միջազգայնորեն պաշտպանված օրինական ակնկալիք, որ պայմանագրի մյուս կողմը պետք է հոգա պահպանելու պայմանագրային պահանջվող ձևականությունները, որպիսիք անհրաժեշտ են այն պաշտոնապես դադարեցնելու համար»,-նշված էր տրիբունալի վճռում:
Հայաստանի շահերը պաշտպանող փաստաբանական խմբի փաստաբան Հայկ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ շատ է տպավորվել արբիտրաժային դատարանի դատավորների նման մեկնաբանությամբ, որը ամբողջ վճռի հիմնաքարն է: Նա հույս հայտնեց, որ մի օր հայ դատավորները ևս կխիզախեն այսպիսի իմաստությամբ և խորությամբ մեկնաբանել օրենքները:
Հայկ Հովհաննիսյան
Արդյունքում արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է հայցը՝ գտնելով, որ այն ներկայացվել է վաղեմության ժամկետը լրանալուց հետո։ Բորկովսկին՝ որպես առանձին «ներդրող» ԱՄՆ քաղաքացի, իրավունք չունի պահանջներ ներկայացնել իր ընկերության և ՀՀ միջև կնքված պայմանագրերով: Բացի այդ՝ Ներդրումների պաշտպանության մասին ԱՄՆ-ՀՀ երկկողմ համաձայնագրով Բորկովսկու պահանջները (արդար և արդարացի վերաբերմունք, խտրականություն և էքսպրոպրիացիա) անհիմն են: Իսկ Հայցվորների կողմից վնասի հատուցման պահանջները մերժվել են, քանի որ ՀՀ փաստաբանական թիմին հաջողվեց ի թիվս այլնի հիմնավորել և ապացուցել Հայաստանի վարքագծի և հայցվորների ենթադրյալ վնասների պատճառահետևանքային կապի բացակայությունը:
Հարկ է նշել, որ իր նպատակներին հասնելու համար Բորկովսկին ներգրավել էր ագրեսիվ արտաքին ֆինանսավորում՝ գործի վրա ծախսելով ավելի քան 10 մլն դոլար։
Հիմնական վեճով հաղթանակը հնարավոր է դարձել ՀՀ փաստաբանական միջազգային թիմերի՝ Գրանտ Հանեսյանի, Վիկտոր Դումլերի և Հայկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ անձնուրաց և գրագետ աշխատանքի շնորհիվ:
«Գործի բարդությունն այն էր, որ անհրաժեշտ էր հիմնավորել Հայաստանի դիրքորոշումը թե՛ ՀՀ և թե՛ միջազգային իրավունքով, թե փաստերի առումով, ինչպես նաև տեխնիկական և ֆինանսական փորձաքննության հարցերում։ Սա եղել է Կառավարության կազմում 2018թ. իրադարձություններով պայմանավորված հաճախակի և էական փոփոխություններին զուգահեռ»,- նշում է Հայկ Հովհաննիսյանը
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել