
Պաշտպանության նախարարության հերքող հաղորդագրությունները․ զգուշացումներից մինչև անպատասխան առաջարկներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին օրական մի քանի հաղորդագրություն է տարածել, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ նշելով օրը, ժամը և ուղղությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ 2025-ի մարտի 20-ի դրությամբ՝ ՀՀ ՊՆ-ն 12 հերքող հաղորդագրություն է տարածել։
Այսպիսի հաղորդագրությունները Հայաստանի հասարակության համար նորություն չեն, բայց դրանց ինտենսիվությունը որոշակի անհանգստություն է առաջացնում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը կարծիք է հայտնել, որ Բաքվի նմանատիպ մեղադրանքների նպատակը աշխարհում տպավորություն ստեղծելն է, թե բանակցությունները փակուղում են, իսկ նպատակը՝ հնարավոր ռազմական գործողությունները արդարացնելու համար միջազգային հանրության շրջանում հող նախապատրաստելը։
Արդյոք նախկինում նմանատիպ հաղորդագրություններին հաջորդել են ռազմական գործողություններ, և որքանո՞վ է իրական տեսակետը, որ Ադրբեջանը, նման հաղորդագրություններ տարածելով, հող է նախապատրաստում ռազմական գործողությունների համար։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար ուսումնասիրել ենք 2021-2024 և 2025 հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունները։ Դրանցից առանձնացրել ենք նրանք, որոնցով հերքվել են Ադրբեջանի ՊՆ-ի՝ ՀՀ զինված ուժերին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ մեղադրող հաղորդագրությունները։
Թվեր՝ վարկածների փոխարեն
2021 թվականին, հաջորդող տարիների համեմատ, հերքող հաղորդագրությունները քիչ են եղել, ամբողջ տարվա ընթացքում՝ ընդամենը 7-ը։ 2022-ին դրանց թիվն աճել է՝ ընդհանուր 76 հաղորդագրություն։ Ընդ որում՝ հերքող հաղորդագրություններ եղել են բոլոր ամիսներին, յուրաքանչյուր ամիս դրանց թիվը չի գերազանցել տասը, միայն սեպտեմբերին՝ 14 հաղորդագրություն։ Նույն ամսին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ մարդկային և տարածքային կորուստներ։
2023 թվականի վիճակագրությունը որոշակիորեն հաստատում է հասարակության շրջանում տարածված կարծիքը, թե հերքող հաղորդագրություններին հաջորդում են ռազմական գործողությունները։ 2023թ. Պաշտպանության նախարարությունը 73 հերքող հաղորդագրություն է տարածել, որոնց 59%-ը հրապարակվել է օգոստոսի 13-ից մինչև սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության վրա, որի հետևանքով Արցախը հայաթափվեց։ 2023թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ-ն հերքող հաղորդագրություն չի տարածվել։
2024 թ. եւս հաղորդագրություններ եղել են, բայց ոչ ամեն ամիս, իսկ ամենաշատը եղել է ապրիլի առաջին երկու շաբաթվա ընթացքում՝ 7 հատ։ Այս յոթ հաղորդագրությունները նախորդել են Տավուշի մարզում կատարված սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին։ 2024-ի ընթացքում 6-ական հաղորդագրութույուն էլ տարածվել է հունիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։
Ինչպես է փոխվել Պաշտպանության նախարարության ձեռագիրը
2021թ. ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը ապատեղեկատվություն որակելուց բացի գրում էր, օրինակ՝ «․․․այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից», կամ՝ «․․․անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»: Այս մոտեցումը հետագա տարիներին փոխվում է։
2022-ի փետրվարին Հայաստանի ՊՆ-ն հերքման հաղորդագրության տեքստով նաև կոչ էր անում Ադրբեջանի ՊՆ-ին՝ «․․․ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից»: Մինչև 2022-ի սեպտեմբեր ՀՀ ՊՆ հաղորդագրությունները մեկը մյուսին նման էին՝ հիմնականում փոխվում էր օրը, ժամը և սահմանագոտու ուղղությունը, իսկ վերջում նշվում էր՝ «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»: Սեպտեմբերյան լայնածավալ հարձակումից հետո ՊՆ հաղորդագրություններից դուրս մնաց «… գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո» նախադասությունը։
2023թ. ՀՀ ՊՆ-ն ընդհանրապես չի օգտագործել վերը հիշատակված ձեւակերպումները եւ սահմանափակվել է՝ ասելով, որ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն իրենց դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Հետաքրքիր է այն, որ 2023 թ.-ի մի քանի նման հաղորդագրություններում Հայաստանի ՊՆ-ն նաև նշել է. «․․․Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար»:
2024 թ. ընթացքում այդ հաղորդագրությունների բովանդակությունը շատ ավելի պարզ է։ Նշվում է, թե ինչ հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն և հայտարարվում, որ դա ապատեղեկատվություն է։ Իսկ օգոստոս ամսից հերքող հաղորդագրություններում ներառվում է նաև՝ «․․․Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ»։ Կարճ ժամանակ անց, այս նախադասությանն ավելանում է՝ ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել: Հաղորդագրության այս ձեռագիրը պահպանվել է մինչև 2025-ի մարտի 17-ը։ Այս առաջարկին ավելացավ ևս մեկը՝ «․․․Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»: Ինչպես նախորդ առաջարկի պարագայում, այս անգամ էլ կարճ ժամանակ անց նոր առաջարկին հաջորդեց հետևյալ տեքստը՝ «․․․Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում»:
Տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանություն
Տվյալները հավաքագրվել են ՀՀ պաշտպանության նախարարության կայքից՝ Python ծրագրավորման լեզվի կիրառմամբ։ Որպես բանալի բառեր օգտագործել ենք «Չի համապատասխանում» և «Ապատեղեկատվություն» բառերը՝ առանձնացնելու համար այն հրապարակումները, որոնցով ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարություններն այն մասին, թե ՀՀ զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը։ Առանձնացված հոդվածները ստուգվել են՝ կրկնությունից խուսափելու համար։ Տվյալները հավաքագրվել են 2025 թվականի մարտի 19-ին։
Գլխավոր լուսանկարը՝ Հայկ Մակիյանի/©Հետք
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել