HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո Հայաստանն էլ ավելի մեծ թափով է ներկրում թուրքական ապրանքները։

2024 թվականին Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը կես մլն դոլարի չի հասել։ Տվյալները հրապարակել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ)։

2023 թվականի համեմատ Թուրքիայից Հայաստան ներմուծումը էապես չի փոխվել։ Փոխարենը կտրուկ նվազել է Հայաստանից արտահանումը Թուրքիա՝ 6.4 մլն դոլարից հասնելով 0.4 մլն դոլարի։

Վերջին տասը տարում Թուրքիայից Հայաստան ներմուծման առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել 2023-2024 թվականներին։ Այսինքն՝ 2021 թվականի թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո Հայաստանն էլ ավելի մեծ թափով է ներկրում թուրքական ծագման ապրանքները։ 

2020 թվականին հոկտեմբերի 20-ին, երբ Արցախում ընթանում էին մարտական թեժ գործողություններ, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց, որով տարեվերջից արգելվեց թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը։

Հայաստանում նման որոշում ընդունվեց, երբ ակնհայտ դարձավ, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված է նաև Թուրքիան։ Այդ ժամանակ մեկնաբանվեց, որ սա առաջին հերթին ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշում է։

Հետագայում թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարաձգվեց ևս վեց ամսով։ Վեց ամիս անց թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու նոր որոշում չընդունվեց, հետևաբար՝ ներմուծումն արդեն ազատ էր։

Քանի որ արգելքը տարածվում էր ապրանքների մեծ մասի, բայց ոչ բոլորի վրա, 2021 թվականին պաշտոնական վիճակագրությամբ Թուրքիայից ներմուծում, այնուամենայիվ, արձանագրվել է՝ մոտ 73 մլն դոլար։ Նշված տարում ներմուծվել է հիմնականում արտադրական հումք՝ ալյումինե ձողեր և տրամատներ, տրիկոտաժե պաստառներ, սալիկներ փայտանյութից և այլն։

Չնայած փակ ցամաքային սահմանին ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ Թուրքիան Հայաստանի ներմուծման կազմում կայուն տեղ է զբաղեցրել մինչև 2021 թվականը։ Օրինակ՝ 2018-2019 թվականներին ներմուծման շուրջ 5%-ն է բաժին ընկել Թուրքիային։ Այս կշիռը հետագայում կրճատվել է։

2024 թվականին այն կազմել է 2%։ Թուրքիայի և շատ երկրների կշիռը Հայաստանի ներմուծման մեջ նվազել է Ռուսաստանի կշռի կտրուկ բարձրացման համատեքստում։ Հիշեցնենք, որ 2024 թվականին մեծ ծավալի ոսկի և ադամանդ է ներմուծվել Ռուսաստանից Հայաստան և վերաարտահանվել մեծ մասամբ ԱՄԷ, ինչպես նաև՝ Չինաստան։

Թելերից մինչ հագուստ, ցիտրուս ու վառելիք

Թուրքիայից Հայաստան ներմուծումը բավականին զանազան է։ Հայաստանը ներկրում է թուրքական հագուստ, տեխնիկա, ավտովառելիք, շինարարական ապրանքներ, սնունդ և այլն։

2024 թվականին, ըստ արժեքի, ներկրված ապրանքների առաջին եռյակում են թելերը, նավթամթերքը (որի ներքո պետք է հասկանալ հիմնականում ավտովառելիքը) և ալյումինե ձողերն ու տրամատները։

Հաջորդում են տրիկոտաժե գործվածքները, լվացող և մաքրող միջոցները, կնոջ հագուստը և այլն։

Այս ինֆոգրաֆիկայում ներկայացված է 2024 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքների առաջին տասնյակը, որը կազմել ենք UN Comtrade Database համաշխարհային առևտրի տվյալների բազայի հրապարակած ցուցանիշների հիման վրա։

UN Comtrade Database-ի տվյալները Հայաստանի առևտրի մասին սովորաբար համընկնում են ՀՀ ՎԿ-ի տվյալներին։ Տվյալները, թե որ երկիր ինչ է արտահանվել, Հայաստանում հրապարակում է Մաքսային ծառայությունը։ Սակայն, քանի որ այն դեռևս հրապարակված չէ, նյութի այս հատվածում օգտվել ենք UN-ի բազայից։

Այստեղ կարելի է նկատել, որ նույնիսկ առաջին եռյակոմ գտնվող ապրանքախմբերից յուրաքանչյուրի ներմուծման տարեկան ծավալը չի գերազանցում 15 մլն դոլար, ինչը ևս ցույց է տալիս, որ ներմուծումը դիվերսիֆիկացված է։

Ոսկու առևտուր՝ մեկ տարով. Հայաստանից Թուրքիա արտահանումը գրեթե զրոյական է 

Հայաստանից Թուրքիա արտահանումը տարիների ընթացքում չնչին ծավալներ է ունեցել։ Մասնավորապես, 2024 թվականի տարեկան հաշվարկներով Հայաստան-Թուրքիա առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր 336.3 մլն դոլար, որից միայն 0.1%-ն է արտահանումը։ Բացառությամբ 2022 թվականի, Հայաստանից Թուրքիա արտահանումը խիստ սահմանափակ է։

Ինչ վերաբերում է 2022 թվականին, նշված տարում Հայաստանից Թուրքիա արտահանման ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել առնվազն վերջին տասը տարվա ընթացքում՝ 61 մլն դոլար։

Հաջորդող տարիներին, սակայն, այդ տեմպը չի պահպանվել։

«Հետք»-ը ավելի վաղ պարզել էր, որ 2022 թվականին Հայաստանից Թուրքիա ոսկի է վերաարտահանվել։ Մասնավորապես, Մաքսային ծառայության տվյալներով՝ նշված տարում արտահանվել է 1 տոննա անմշակ ոսկի՝ 58 մլն դոլար արժեքով և 2.5 մլն դոլարի՝ թանկարժեք մետաղից պատրաստված իրեր։

Արտահանողը ոսկու միջազգային առևտրով զբաղվող «Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ-ն է, որը պատկանում է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Վիտալի Գրիգորյանցին և նրա գործընկեր Արսեն Միքայելյանին։

Տվյալները ցույց են տալիս, որ արդեն 2023 թվականին Հայաստանից Թուրքիա արտահանումը նվազել է մինչև 6.4 մլն դոլարով, և արտահանվել են թանկարժեք մետաղից պատրաստված իրեր, տպագրական սարքավորումներ։

2024 թվականին Հայաստանից Թուրքիա է արտահանվել ընդամենը 0.4 մլն դոլարի ապրանք։

Հայաստանից Թուրքիա արտահանման չնչին թվերը տարիներ շարունակ բացատրվել են Թուրքիայի կառավարության կողմից հայկական ապրանքների ներմուծման շուրջ ստեղծած արհեստական խոչընդոտներով, ներքին արգելքներով։

Ներկայում, երբ քննարկվում են հայ-թուրքական ցամաքային սահմանի հնարավոր բացման հետևանքները՝ վիճարկելով դա տնտեսական և առևտրային ռի՞սկ է, թե՞ նոր հնարավորություն, փաստացի թուրքական կողմը չի օգտվում հայկական ապրանքներից, մինչդեռ հայկական շուկան ողողված է թուրքականով։

Հայաստան-Թուրքիա դրամական փոխանցումները

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից Թուրքիա են ուղարկել 11 մլն դոլարին համարժեք գումար։ Դրանք հիմնականում առևտրային նպատակներով կատարվող փոխանցումներն են։ Նախորդող տարում՝ 2023-ին, փոխանցումները կազմել են 16 մլն դոլար։

Հայաստանից փողի արտահոսքի գծով Թուրքիան առաջին հորիզոնականներում չէ։ Մեծ տարբերությամբ զիջում է ԱՄՆ-ին, ԱՄԷ-ին, Շվեյցարիան և այլ երկրների։ Այս ցուցանիշով առաջատար Ռուսաստանի հետ համեմատությունն անգամ անտեղի է։ 

Թուրքիայից ևս գումարներ են փոխանցվում Հայաստան, սակայն շատ ավելի փոքր ծավալներով։ 2024 թվականին ֆիզանձանց փոխանցումները Թուրքիայից Հայաստան կազմել են մոտ 2 մլն դոլար։ 

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter