
Սնուփ Դոգի համերգի համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետբյուջե
Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։
Այս տարվա փետրվարին էինք գրել, որ գումարը պետբյուջե դեռ չի վերադարձվել, չնայած հունվարի 8-ի իր ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։
«Նրանք ամբողջ տարին բանակցել են, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,- ասել է նախարարը։
Մեր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտնել է․ ««Դոպինգ սփեյս» կազմակերպության կողմից միջոցառման կազմակերպման վերաբերյալ նոր առաջարկներ չեն ստացվել։ Ընկերությանն առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծելու եւ պայմանագրով հատկացված գումարը, ինչպես նաեւ տուգանքը, համաձայն պայմանագրի 2.4.11 կետի, ՀՀ պետական բյուջեի կենտրոնական գանձապետական հաշվին վերադարձնելու համար»։
Ստացվում է, որ նախարարի հայտարարությունից գրեթե 4 ամիս անց ԿԳՄՍ նախարարությունը դեռևս սպասում է ընկերության կողմից համապատասխան գործողությունների։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հուլիսին հայտարարվել էր, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգ կունենա Երևանում։ Պայմանագրի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար ԱՄՆ դոլար։ Ինչպես նշված էր նախագծի հիմնավորման մեջ, այդ գումարը պիտի ուղղվեր Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից և Արցախի հայաթափումից հետո համերգի կազմակերպիչները, դատապարտելով Բաքվի գործողությունները, հայտարարեցին, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվում է։ Համերգը չկայացավ, իսկ գումարը պետբյուջե դեռ չի վերադարձվել։
Մեկնաբանել