
«ԶՊՄԿ-ն որդեգրել է վախի, հետապնդումների քաղաքականություն»,- ասում է կոմբինատի նախկին աշխատողը
Նախկին աշխատակիցները մերժել են ԶՊՄԿ-ի հաշտության առաջարկը
Հունվարի 31-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) մի քանի հարյուր աշխատակիցներ գործադուլ էին սկսել՝ վերադասից պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ սոցիալական արդարության հաստատում։ Փետրվարի 10-ին որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո հայտարարվել էր գործադուլի ավարտի մասին: Այդուհանդերձ, ԶՊՄԿ-ն աշխատանքից ազատել էր գործադուլին մասնակցած 8 հոգու:
Ավելի ուշ այս անձինք դիմել են դատարան՝ աշխատանքում վերականգնվելու համար։ Նրանց հայցերն ընդդեմ ԶՊՄԿ-ի քննվում են առանձին-առանձին:
Աշխատանքից ազատված աշխատակիցներն են Կարեն Արշակյանը, Տիգրան Աթայանը, Շավարշ Մարգարյանը, Վահե Մխիթարյանը, Կարեն Անդրեասյանը, Գոռ Բաբաջանյանը, Արթուր Բաբաջանյանը եւ Վահե Բաբաջանյանը (վերջին երեքը եղբայրներ են): Բոլորն էլ աշխատանքից ազատվել են ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի՝ փետրվարի 7-ի հրամաններով:
Բոլոր հայցվորները պահանջը նույնն է՝ նախկին աշխատանքում վերականգել, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում նաեւ աշխատանքի չվերականգնելու դիմաց հատուցում բռնագանձել: Հայցերը քննում են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռոմեն Ահարոնյանը (3 հայց), Գուրգեն Քոթանջյանը (2 հայց), Անահիտ Թումանյանը (3 հայց)։
Բոլոր գործերով առայժմ նախնական դատական նիստեր են ընթանում: Գործադուլի մասնակցած եւ կոմբինատի դեմ դատական հայց ներկայացրած Վահե Մխիթարյանի գործը քննում է դատավոր Ա. Թումանյանը: Մայիսի 29-ին կայացած նախնական դատական նիստին Մխիթարյանը չի մասնակցել, բայց ասում է, որ տեղյակ է դրա ընթացքից։ Նրա եւ Թումանյանի վարույթում գտնվող մյուս երկու գործերի շրջանակներում դատավորը բավարարել է փաստական հիմքերի հստակեցման միջնորդությունները: «ԶՊՄԿ-ի ներկայացուցիչները դատարանի դահլիճում չարախնդում էին, թե մարդիկ չեն կարող ապացուցել, որ գործադուլը եղել է օրինական»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասում է Վահե Մխիթարյանը։
Շաբաթներ առաջ, ըստ Մխիթարյանի, ԶՊՄԿ-ից հաշտության առաջարկ է եղել իրենց։ «Մինչ այս մենք ստացել ենք նաեւ հաշտություն կնքելու առաջարկ։ Դա ենթադրում էր 12 ամսվա աշխատավարձ, որի դիմաց պետք է հետ վերցնեինք մեր դատական հայցերը։ Մենք մերժել ենք, քանի որ աշխատողների իրավունքները չեն վաճառվում»,- ասում է ԶՊՄԿ–ի նախկին աշխատակիցը։
Կոմբինատը մի քանի միլիարդ դրամ է պահանջում 8 հոգուց
Հաշտության չգալուց հետո՝ մայիսի 5-ին, ԶՊՄԿ-ն ինքն է քաղաքացիական հայց ներկայացրել ընդդեմ 8 նախկին աշխատողների: Կոմբինատը դատարանին խնդրել է պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 4.758.480.000 դրամ՝ որպես նրանց գործողությունների հետեւանքով (ԶՊՄԿ-ն տեղի ունեցածը գործադուլ չի համարում) իրեն պատճառված վնասի գումար։ Բացի այս մեծ գումարից՝ հանքարդյունաբերողը դատարանին խնդրել է պատասխանողներից բռնագանձել 25.000.000 դրամ՝ որպես նախապես վճարված պետտուրքի գումար, ինչպես նաեւ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 2.500.000 դրամի չափով:
Կոմբինատը հայցը քննում է դատավոր Գուրգեն Քոթանջյանը:
«Պետական ապարատը ղեկավարող քաղաքական ուժն սպասարկում է խոշոր կապիտալի շահերը»
Նախկին աշխատողների եւ ԶՊՄԿ-ի հայցերի մասին զրուցել ենք Վահե Մխիթարյանի հետ, որը կոմբինատի հայցի մասին տեղեկացել է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
-Եթե հաշտության առաջարկն ընդունեիք, ի՞նչ եք կարծում՝ ընկերությունը հայց կներկայացնե՞ր ձեր դեմ։
-Կարծում եմ՝ այո, քանի որ ԶՊՄԿ-ի ռազմավարությունն ու մարտավարությունը հենց դա է։ Նաեւ հաշվի առնելով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի փորձը՝ նրանք գնում են միայն ճնշելու եւ հաղթելու ուղղությամբ։ Եվ, բնականաբար, հաշտություն կնքելու որեւէ մտադրություն չունեն։ Եթե մենք հետ վերցնեինք մեր հայցերը, դա կնշանակեր, որ մեզ օրինական ձեւով հանել են աշխատանքից։
-Այսինքն՝ միեւնույնն է՝ ձեր դեմ հայց ներկայացնելո՞ւ էին։
-Միանաշանակ, առավել քան համոզված եմ։ Մենք գործադուլի ընթացքում բարձրաձայնել ենք խնդիրներ։ Մոտավորապես 500-600 գործընկերներ շարունակում են աշխատել մարդկային արժանապատվության եւ առողջության հետ անհամատեղելի աշխատանքային պայմաններում, եւ այդ խնդիրը մինչ օրս չի լուծվել, նույնիսկ հույս էլ չունեմ, որ մոտ ապագայում կարող է լուծվել։ Նկատի ունեմ՝ գոնե մեկ տարվա ընթացքում, որովհետեւ բանակցային գործընթացում ընդգծել էինք, որ եթե խնդիրը կա, վերջնաժամկետներ ներկայացրեք, թե երբ է այն լուծվելու։ Հստակ պատասխան չենք ստացել այս առումով։
Միանշանակ հասկանալի է, որ այդ գումարներին մենք չենք տիրապետում, եւ այդ գործիքակազմն օգտագործվել է՝ լռեցնելու համար մեր այն գործընկերների հնարավոր բողոքի ձայնը, ովքեր դեռ մնացել են «աշխատանքային գաղութում»։ Այսինքն՝ վախի, հնարավոր հետապնդումների այն քաղաքականությունն է, որը որդեգրել է ԶՊՄԿ-ն։ Չնայած ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ որեւէ հետապնդում չի լինելու, անվստահության մթնոլորտը, որը կար եւ գործադուլ կազմակերպելու պատճառ էր, մինչեւ հիմա էլ գոյություն ունի, ու չեմ բացառում, որ այն կարող է դառնալ նոր ճգնաժամի աղբյուր։
-Ինչո՞ւ հայցը ներկայացվեց 8 հոգու դեմ, եթե գործադուլի մասնակիցները շատ էին։
-Որ անկեղծ ասեմ, այդ հարցի պատասխանը չգիտեմ, նաեւ այն մարդը չեմ, որ տա պատասխանը։ ԶՊՄԿ-ի ներկայացուցիչն ավելի հստակ կասի։
-Իսկ ի՞նչ եք ենթադրում։
-Ենթադրում եմ, որ այս գործընթացն ավելի շատ կազմակերպվել է մեր մնացած գործընկերներին, ովքեր մնացել են ԶՊՄԿ-ում, ովքեր տեսնում են, որ սայլը տեղից չի շարժվում, եւ տարրական, նույնիսկ կենցաղային պայմանները չեն լուծվում, նրանց հնարավոր բողոքի ձայնը լռեցնելու համար, ավելի շուտ ցուցադրական, դաժան հաշվեհարդարի սցենար է։
Միանշանակ կարող ենք շեշտել, որ պետությունը՝ ի դեմս պետական ապարատը ղեկավարող քաղաքական ուժի, ամբողջովին կրավորական դիրք է ընդունել, ավելի շատ կողմնակալ դիրք է ընդունել։ Այն սպասարկում է խոշոր կապիտալի շահերը։
Կարող եմ ասել, որ մեր օրակարգը չի փոխվել։ Հայաստանի Հանրապետության աշխատավոր մարդիկ պետք է լինեն գնահատված եւ պաշտպանված։
ԶՊՄԿ. «Նման գործողությունները պետք է իրավական գնահատական ստանան»
ԶՊՄԿ-ի նախկին 8 աշխատակիցների դեմ դատական հայցապահանջի մասին հայտարարություն է տարածել նաեւ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու աշխատանքային խմբի քաղհասարակության խմբակցությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԶՊՄԿ-ն նախկին աշխատակիցներին սնանկացնելու միտում ունի։
ԶՊՄԿ-ի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանին խնդրել էինք պատասխանել մի քանի հարցի։
1․ Ինչո՞վ է պայմանավորված ԶՊՄԿ-ի դատական հայցը գործադուլի մասնակից 8 նախկին աշխատակիցների դեմ, երբ դրան մասնակցել էին բազմաթիվ աշխատակիցներ։ Սա արդյոք հաշվեհարդար չէ։
2․ Մեր տեղեկություններով՝ ընկերության կողմից հաշտության առաջարկ է եղել 8 նախկին աշխատակիցներին, որպեսզի վճարեք նրանց մեկ տարվա աշխատավարձը, եւ վերջիններս հետ վերցնեն իրենց հայցերը։ Հաստատո՞ւմ եք այս տեղեկությունը։
3․ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու աշխատանքային խմբի քաղհասարակության խմբակցությունը հայտարարություն է տարածել ԶՊՄԿ-ի՝ նախկին աշխատակիցների դեմ դատական հայցի մասին։ Այդտեղ ասվում է, որ կոմբինատն իր նախկին աշխատակիցներին սնանկացնելու միտում ունի։ Ծանո՞թ եք այդ հայտարարությանը: Եթե այո, ապա ընկերությունն ի՞նչ դիրքորոշում ունի։
4․ ԶՊՄԿ-ն հնարավոր համարո՞ւմ է հայցը հետ վերցնելու տարբերակը, եւ ո՞ր դեպքում դա կլինի։
Մեր 4 հարցերին Արայիկ Մարգարյանի պատասխանը ընդհանուր է. «Իրավական գործընթացը չի կարող հաշվեհարդար համարվել։ Ընկերությունը փորձում է դատարանի միջոցով նախկին աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական ստանալ եւ պաշտպանել իր օրինական շահերը։ 2025 թ. հունվար-փետրվար ամիսներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում արձանագրված արտադրական գործընթացի ավելի քան 10 օրվա ամբողջական դադարեցումը ընկերության տնտեսական գործունեության իրականացման խոչընդոտում էր՝ պայմանավորված մի շարք անձանց կողմից իրականացված ապօրինի եւ ոչ իրավաչափ գործողություններով։ Մասնավորապես, դրսեւորվել են սաբոտաժի դեպքեր, ինչպես նաեւ անօրինական կերպով այլ աշխատակիցները զրկված են եղել աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Այս ապօրինությունները հանգեցրել են էական տնտեսական վնասների՝ ընկերության եւ դրա հարյուրավոր աշխատակիցների, բազմաթիվ կապալառու ընկերությունների եւ այլ շահագրգիռ կողմերի համար։ Նման գործողությունները պետք է իրավական գնահատական ստանան։ Խնդիրն ունի բացառապես իրավական ճանապարհով լուծում ստանալու նպատակ՝ տեղի են ունեցել հակաիրավական գործողություններ, սաբոտաժի դեպքեր, խախտվել են ընկերության բազմաթիվ աշխատակիցների, ընկերության իրավունքները, երկրին եւ ընկերությանը հասցվել է զգալի վնաս, եւ դրա գնահատականը պետք է տրվի քաղաքակիրթ եղանակով»։
Ինչպես կարելի է նկատել, ԶՊՄԿ-ի ներկայացուցիչն անպատասխան է թողել ընկերության կողմից նախկին աշխատակիցներին հաշտություն առաջարկելու մասին մեր հարցը։
Պարզաբանում չկա նաեւ, թե ինչու են աշխատանքից հենց վերոնշյալ 8 անձինք ազատվել: Այդուհանդերձ, Կարեն Արշակյանի եւ Կարեն Անդրեասյանի գործերից, որոնք քննում է դատավոր Ռոմեն Ահարոնյանը, տեղեկանում ենք, որ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռ. Խուդոլին նրանց աշխատանքից ազատել է պատճառաբանությամբ, թե թույլ են տվել աշխատանքային կարգապահության խախտումներ՝ 2025 թ. հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 6-ը կազմակերպել են (հորդորել, ուղղորդել) մասնակցել ընկերության աշխատանքային գործընթացը խոչընդոտելուն ուղղված հետեւյալ գործողություններին՝ ընկերության գործունեության տարածքում արգելապատնեշների տեղադրում, դեպի արտադրամասեր տանող ճանապարհները փակում, խտանյութով բարձված բեռնատարների ելքի սահմանափակում, ընկերության մի շարք աշխատակիցների՝ համապատասխան արտադրական տարածքների մուտքի սահմանափակում։
Լուսանկարում՝ Քաջարան քաղաքը, ԶՊՄԿ-ն ու Քաջարանի հանքավայրը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)
Մեկնաբանել