HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Սնուփ Դոգին կփոխարինի Ջենիֆեր Լոպեսը. պետբյուջեից հատկացված 6 մլն դոլարը չի վերադարձվի

2023թ. սեպտեմբերի 23-ին աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը պետք է համերգ ունենար Երևանում։ Կառավարությունը պայմանագիր էր կնքել «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ, որի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար։ Այդ գումարը պիտի ուղղվեր ռեփերի հոնորարի վճարմանը, նրա թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Այսօր՝ հուլիսի 31-ին, Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, ըստ որի՝ Սնուփ Դոգին կփոխարինի Ջենիֆեր Լոպեսը։ Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի իրականացման համար Կառավարությունն արդեն իսկ 2023թ. «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը հատկացրել է գումար, և Ջենիֆեր Լոպեսի համերգի համար հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։

Ըստ որոշման, «Դոպինգ Սփեյս» կազմակերպության և Ջենիֆեր Լոպեսի միջև կնքված պայմանագիրն առկա է, որի  օրինակը տրամադրվել է ԿԳՄՍՆ նախարարությանը: Նախագծում նշվում է նաև, որ միջոցառման ավարտից հետո, պետական մարմնի և կազմակերպության ﬕջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան, կազմակերպությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում պետական մարմին ներկայացնել պայմանագրի կատարմանը վերաբերող ֆինանսական (հատկացված դրամական միջոցների ծախսերի մասով) և բովանդակային (արդյունքային ցուցանիշներ. մասնակիցների քանակ, լուսանկարներ, ազդագրեր, մամուլի հրապարակումներ և այլ տեղեկատվական նյութեր) հաշվետվություններ։

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից և Արցախի հայաթափումից հետո համերգի կազմակերպիչները, դատապարտելով Բաքվի գործողությունները, հայտարարեցին, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվում է։ Սակայն համերգը չկայացավ, իսկ գումարը պետբյուջե այդպես էլ չվերադարձվեց։

2025-ի հունվարի 8-ին հրավիրած ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր՝  նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։

«Նրանք ամբողջ տարին բանակցել են, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,- ասել էր նախարարը։

Ստացվում է, որ գումարը պետբյուջե վերադարձնել այդպես էլ չի հաջողվել, և միայն երկու տարի անց համաձայնություն է ձեռք բերվել «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ, սակայն Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար, մինչդեռ վաղուց էր հայտնի, որ Լոպեսը համերգ է ունենալու Երևանում։ «Հետքն» այս առնչությամբ կփորձի պարզաբանում ստանալ ԿԳՄՍՆ-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter