HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հիփոթեքային վարկերի ագրեսիվ աճը դադարել է, տոկոսադրույքները՝ բարձրացել

2025 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում շուրջ 7 տրլն դրամի վարկ կա։ Տարեսկզբի համեմատ բանկային համակարգի վարկային պորտֆելն աճել է շուրջ 10%-ով։ Այս մասին են վկայում ինչպես Կենտրոնական բանկի ամփոփ տվյալները, այնպես էլ` 17 բանկերի ֆինանսական հաշվետվությունների հիման վրա` «Հետք»-ի կատարած վերլուծությունը։

Այս ոլորտում ուշագրավ փոփոխություններ են կատարվում։ Հիփոթեքային շուկայի բումը մարել է, տոկոսադրույքները՝ բարձրացել։ Ակտիվացել է սպասարկման ոլորտը։ 

Եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումներն արդեն ազդել են հիփոթեքային շուկայի վրա

Կես տարի էլ չպահանջվեց, որ Երևանում հիփոթեքի տոկոսների համար եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ շուկայի աճը խիստ դանդաղի։ 

Վերջին տարիներին Հայաստանում հիփոթեքային վարկերի կտրուկ աճ էր գրանցվում։ Մասնավորապես, 2024 թվականի ընթացքում բանկերում հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է մոտ 29%-ով։  

Հիփոթեքային շուկայի բարձր ակտիվությունը, բնականաբար, պայմանավորված էր առաջնային շուկայով՝ նորակառույց շենքերի շինարարությամբ ու բնակարանների ակտիվ վաճառքով, որն էլ իր հերթին եկամտային հարկի վերադարձի ծրագրի արդյունքն էր։ 

2025 թվականից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում դադարեցվեց։ Դա ստիպեց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին օգտվել այս ծրագրից և մայրաքաղաքում գույք ձեռք բերել, շտապեն դա անել մինչև 2024-ի տարեվերջ։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 1.5 տրլն դրամ, որը տարեսկզբի համեմատ աճել է 4.4%-ով։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում հիփոթեքային վարկերի աճը 10% է եղել, երկրորդ կիսամյակում այն կտրուկ արագացել է։

«Նոր հիփոթեքային վարկերի տրամադրումը կրկնակի նվազել է։ Սա պայմանավորված է Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ։ Մյուս կողմից, կարծում ենք, որ այն ոչ թե նվազել է, այլ տեղն է ընկել»,- օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Բանկերի միության հաշվարկներով՝ այս տարվա հունիսի դրությամբ, տարեսկզբի համեմատ, հայաստանյան բանկերում հիփոթեքային վարկերի ծավալը բացարձակ թվով աճել է մոտ 66 մլրդ դրամով, որից 37 մլրդ դրամը մարզերում տրված հիփոթեքային վարկերն են, 29 մլրդ դրամը՝ Երևանում։ Տոկոսային հաշվարկներով մարզերում հիփոթեքային վարկերի ծավալն այս ընթացքում աճել է 10%-ով, Երևանում՝ 2.6%-ով։

Մարզերում վարկեր են վերցնում ինչպես մարզերի բնակիչները, այնպես էլ Երևանի բնակիչները, որոնք տներ կամ բնակարաններ են գնում հիմնականում երևանամերձ մարզային քաղաքներում՝ Աբովյանում, Հրազդանում, Ծաղկաձորում, Էջմիածնում և այլ քաղաքներում, որտեղ նորակառույց շենքներ կան։ 

«Երևանամերձ մարզերում հիփոթեքով տներ կամ բնակարաններ ձեռք բերող քաղաքացիների մի մասն աշխատում է Երևանում և եկամտային հարկի վերադարձի ծրագրից է օգտվում։ Երևանում վաստակում են իրենց եկամուտները, բայց հարմար է նաև իրենց քաղաքներում անշարժ գույք ձեռք բերել»,- նշում է Դանիել Ազատյանը։

Այնուամենայնիվ, մարզերում հիփոթեքային վարկերի ներկայիս ծավալը բավականին զիջում է Երևանին։ Մասնավորապես, բանկերում ներկայում գործող 1.5 տրլն դրամի հիփոթեքային վարկերի 1.1 տրլն դրամը Երևանին է բաժին ընկնում, մնացած 0.4 տրլն դրամը (400 մլրդ դրամ)՝ մարզերին։

Չնայած Երևանում գրանցված անկմանը, բանկերը հայտարարում են, որ պատրաստ են գնողունակ պահանջարկի դեպքում ամբողջությամբ բավարարել այդ պահանջարկը։ Սակայն, եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից զրկվելը քաղաքացիներին ռիսկային հաճախորդներ է դարձնում բանկերի համար։

Եվ այդ ռիսկերից, ինչպես երևում է, տուժում են ինչպես այն հաճախորդները, որոնց բանկերը մերժում են հիփոթեքային վարկ տրամադրել, այնպես էլ նրանք, ում վարկեր են տրամադրում արդեն բարձր տոկոսադրույքներով։ 

Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների բարձրացման մասին են վկայում Բանկերի միությունից ստացված տվյալները։

Այսպես, ֆիզիկական անձանց 5 տարուց ավելի ժամկետով տրամադրված դրամային վարկերի տոկոսադրույքներն այս տարվա հունիսի դրությամբ, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, աճել են 1․2 տոկոսային կետով և կազմել 14․9%: Այս վարկերի դեպքում պետք է հասկանալ հիմնական հիփոթեքային վարկերը։

«Քանի որ եկամտային հարկի վերադարձի օրենքն այլևս Երևանում չի գործում, բանկերը սկսել են զսպել հիփոթեքների տրամադրումը։ Նախկինում, երբ ծրագիրը կար, նվազեցնում էր վարկերի վճարման հետ կապված ռիսկերը։ Հիմա եկամտային հարկի վերադարձը չկա, և ռիսկերն աճել են։ Մարզերում, սակայն, կա պահանջարկ, մարդիկ ուզում են այդ վարկերը վերցնել։ Բայց քանի որ բանկերն էլ զուսպ են վարկավորում, այստեղ պահանջարկի և առաջարկի կոմպոնենտն ավելի ուժեղ է»,- ասում է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ 

Ըստ նրա, եթե նախորդ տարվանից ԿԲ-ն չիջեցներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ապա այսօր վարկերի տոկոսադրույքները կարող էին ավելի բարձր լինել։ 

Հարցին՝ արդյոք բանկերի ռեկորդային շահույթները թույլ չեն տալիս տոկոսադրույքները չբարձրացնել, Դանիել Ազատյանը, պատասխանում է, որ ուղիղ կապ չկա բանկերի շահույթի և տոկոսադրույքների միջև։ Վճարումների հետ կապված հաճախորդների ռիսկերը ավելի ուժեղ գործոն են. «Որքան ռիսկերը բարձր են լինում, այնքան տոկոսադրույքները՝ փողի գինը, ավելի բարձր են լինում»։

Ավելի կարճ ժամկետով՝ 1-5 տարով տրվող դրամային վարկերի տոկոսադրույքները ևս որոշակիորեն աճել են: Հունիսին միջինը կազմել է 17%, որը 0.3 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշը։ Իսկ դոլարային վարկերի տոկոսադրույքը կազմել է 10․9%՝ աճելով 1․1 տոկոսային կետով։

Հայաստանյան բանկերի վարկային պորտֆելում այսօր առաջին տեղում սպառողական վարկերն են։ Հաջորդում են հիփոթեքային ու սպասարկման ոլորտի վարկերը։ Այս տարվա առաջին կիսամյակում սպասարկման ոլորտի վարկերն ամենաարագն են աճել՝ 21.1%-ով։

Թե ինչով է պայմանավորված այս ոլորտի աճը, Բանկերի միությունը դեռևս չգիտի։ «Մի քանի բանկերի հետ զրույցներում արձանագրեցինք, որ բիզնեսների, ռեստորանների կողմից վարկերի նկատմամբ պահանջարկը մեծացել է, լրացուցիչ վերլուծության կարիք կա։ Եթե այս կիսամյակում են վարկերն աճել, ապա դրանց արդյունքը ծառայությունների վրա կարտացոլվի առաջիկա տարիներին»,- ասում է Դանիել Ազատյանը։ 

Ամերիաբանկն ու Արդշինբանկը վարկային պորտֆելներով զգալի գերազանցում են մյուս բանկերին

Հայաստանի բանկային համակարգում այսօր ամենամեծ ծավալի վարկային պորտֆելը Ամերիաբանկինն է, որին բաժին է ընկնում ամբողջ համակարգի վարկերի 21%-ը, որը կազմում է 1.464 տրլն դրամ։ Սա ներառում է բոլոր տեսակի վարկերը։

Այս մասին են վկայում 17 բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները, որոնց հիման վրա կազմել ենք այս գրաֆիկը։ 

Վարկային պորտֆելի մեծությամբ երկրորդը Արդշինբանկն է՝ 1.307 տրլն դրամով։ Արդշինբանկն, ի դեպ, այս տարվա առաջին կիսամյակում ամենամեծ շահույթ գրանցած բանկն է։ 

Հաջորդող բանկերի վարկային պորտֆելները էապես ցածր են նշված երկու բանկերից։ Ամենափոքր վարկային պորտֆելը Արցախբանկինն է։

Բացարձակ թվով այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում (2025 հունիսը 2024 դեկտեմբերի համեմատ) վարկային պորտֆելի ամենամեծ աճը գրանցել է Արդշինբանկը (աճել է 184 մլրդ դրամով)։ Ամերիաբանկի վարկերի ծավալն աճել է 154 մլրդ դրամով։ 

Ընդհանուր առմամբ, վարկերի ծավալի նվազում է գրանցվել միայն երկու բանկում՝ Արցախբանկում և ՎՏԲ-Հայաստան բանկում։ 

Գլխավոր լուսանկարը՝ Արծվիկ Դավթյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter