HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառավարությունն ընդունել է թռիչքների սուբսիդավորման ծրագիր, եւ Wizz Air-ը գործի է անցել

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը Լառնակա (Կիպրոս)-Գյումրի չվերթերն իրականացնելու է ՀՀ կառավարության սուբսիդավորմամբ:

Ինչի՞ մասին եւ ու՞մ համար է Կառավարության աջակցության ծրագիրը

Այս տարվա ապրիլի 23-ին գործադիրը հաստատել էր դեպի Հայաստան օդային ուղեւորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը:

Մեր երկիր ժամանող քաղաքացիների հոսքը խթանելու համար Կառավարությունը որոշել է ֆինանսական աջակցություն տրամադրել այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններով չվերթեր կիրականացնեն դեպի Երեւանի «Զվարթնոց» ու Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ: Նոր ուղղություն ասելով՝ գործադիրը նկատի ունի այն ուղղությունները, որոնցով առաջին չվերթը կատարելուց առաջ՝ նախորդ 1 տարվա ընթացքում, իրականացվել է ոչ ավել, քան 14 չվերթ ամառային սեզոնին (մարտ-հոկտեմբեր) եւ ոչ ավել, քան 10 չվերթ ձմեռային սեզոնին (հոկտեմբեր-մարտ):

Քանի որ Լառնակա-Գյումրի ուղղությունը բավարարում է այս պահանջը («Շիրակ» օդանավակայանում կայուն կերպով իրականացվում է միայն Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթը), Wizz Air-ը կարող է դրամական աջակցություն ստանալ ՀՀ-ից, սակայն կան որոշ նախապայմաններ, որոնց կանդրադառնանք ստորեւ:

Կառավարությունը սահմանել է, որ նոր ուղղություններով «Շիրակ» փոխադրվող յուրաքանչյուր ուղեւորի համար շահառու ավիաընկերություններին կտրամադրի 15.000 դրամ, իսկ «Զվարթնոց» ժամանողների համար՝ 20.000 դրամ: Կարեւոր հանգամանք՝ տարանցիկ (տրանզիտ) ուղեւորների համար, որոնք Հայաստան չեն մտնելու, ավիաընկերությունները աջակցություն չեն ստանա:

Ֆինանսական աջակցությունը կարող են ստանալ թե՛ տեղական (հայկական) ընկերությունները, թե՛ օտարերկրյա փոխադրողները:

Բայց որպեսզի վերջիններս, այդ թվում՝ Wizz Air-ը, դառնան ֆինանսական աջակցության շահառու, պետք է բավարարեն մի շարք նախապայմաններ:

Առաջին՝ պետք է ՀՀ-ում ունենան մասնաճյուղ, երկրորդ՝ պետք է օգտագործման իրավունքով (լինի իրենց սեփականը կամ վարձակալված) ունենան առնվազն 2 օդանավ, որոնք բազավորված կլինեն Հայաստանում: Բազավորումը նշանակում է, որ օդանավերը մշտապես կգտնվեն ՀՀ միջազգային օդանավակայաններից մեկում կամ երկուսում («Զվարթնոց» եւ «Շիրակ»)՝ բացառությամբ չվերթեր իրականացնելու կամ տեխսպասարկում անցնելու ժամանակահատվածի, երբ նրանք կգտնվեն մեր երկրից դուրս: Բացի դրանից՝ այդ օդանավերի անձնակազմները (օդաչու, բորտ-ուղեկցորդ) պետք է աշխատեն ավիաընկերության հայաստանյան մասնաճյուղում: Երրորդ՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան նոր ուղղությունները պետք է շահագործեն Հայաստանում բազավորված օդանավերը: 

Այսինքն՝ օտարերկրյա ավիաընկերությունը պետք է այստեղ մասնաճյուղ բացի, թռիչքային անձնակազմ կցի այդ մասնաճյուղին եւ առնվազն 2 օդանավ պահի Հայաստանում:

Բացի դրանից՝ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա փոխադրողները աջակցության ծրագրի շահառու դառնալու համար պետք է առնվազն 1 նոր ուղղությամբ չվերթեր կատարեն դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան: Փաստորեն, եթե տվյալ ավիաընկերությունը նոր ուղղություն է բացում միայն դեպի «Զվարթնոց», ծրագրից չի կարող օգտվել: 

Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է առաջին չվերթից սկսած 2 տարի ժամկետով: Ընդ որում՝ պարտադիր է, որ շահառու փոխադրողը նոր ուղղությամբ շաբաթական առնվազն 1 չվերթ իրականացնի, ամառային սեզոնին (մարտ-հոկտեմբեր)՝ ընդհանուր ամենաքիչը 28 չվերթ, իսկ ձմեռայինի (հոկտեմբեր-մարտ) ժամանակ՝ 20 չվերթ (նշված քանակից նվազեցվում են անհաղթահարելի ուժի հետեւանքով չիրականացված չվերթերը):

Եթե X ավիաընկերության կողմից նոր ուղղության շահագործումը սկսելուց հետո մեկ այլ (Y) շահառու է դիմում՝ նույն ուղղությունը շահագործելու դիմաց ֆինանսական աջակցություն ստանալու համար, ապա օժանդակությունը հատկացվում է մինչեւ այն վերջնաժամկետը, որը տրվել է X-ին, այսինքն՝ Y-ը կստանա ավելի քիչ ժամանակով:  

Ըստ Կառավարության՝ ակնկալվում է, որ նոր ուղղություններից «Զվարթնոցում» եւ «Շիրակում» ուղեւորահոսքի ծավալները կավելանան (կանխատեսվում է տարեկան շուրջ 5-6 % աճ ներկա ծավալների նկատմամբ), ինչը կխթանի զբոսաշրջությունը, կընդլայնի ՀՀ-ից իրականացվող չվերթերի աշխարհագրությունը, կնպաստի միջազգային ավիաընկերությունների՝ ՀՀ օդանավակայաններում բազավորմանը։

Կառավարությունը տարիներ շարունակ փորձում է Գյումրու «Շիրակը» գրավիչ դարձնել տեղական ու արտասահմանյան փոխադրողների համար, բայց չի ստացվում: Փաստն այն է, որ 2016-ի դեկտեմբերից մինչ օրս դեպի Գյումրի կայուն կերպով (ընթացքում եղել են որոշ ընդմիջումներ) ուղեւորափոխադրումներ է կատարում միայն ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, որն իրականացնում է Մոսկվա («Վնուկովո»)-Գյումրի-Մոսկվա չվերթը:

«Շիրակ» օդանավակայանի մեկնման նոր սրահը (primeminister.am)

2014-ի դեկտեմբերի 31-ից «Շիրակում» չի գործում 10.000 դրամ «օդի տուրքը», որը ներառվում է Հայաստանից մեկնող ուղեւորի ավիատոմսի արժեքի մեջ (ինչ վերաբերում է «Զվարթնոցին», ապա այստեղ նոր ուղղությունների համար «օդի տուրքի» գծով կիրառվում են արտոնություններ): Այն բանից հետո, երբ 2016-ի տարեվերջին դեպի Գյումրի սկսեց թռչել «Պոբեդան», հայկական կողմը եւս մի քանի արտոնություն կիրառեց «Շիրակում»: Մասնավորապես՝ 2017-ի հունվարից Գյումրու օդանավակայանից օգտվող ավիափոխադրողների համար 50 տոկոսով զեղչվեց «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի կողմից մատուցվող աերոնավիգացիոն ծառայության արժեքը, իսկ նույն տարվա փետրվարից ««Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն «Շիրակի» համար ավիաօդերեւութաբանական ծառայությունն սկսեց մատուցել անվճար:

Wizz Air-ը նախապայմանները բավարարելու ուղու վրա է

Վերադառնանք Wizz Air-ին: Եթե վերջինս բավարարի Կառավարության սահմանած պահանջները, ապա կարող է դիմել եւ Լառնակա-Գյումրի ուղղությամբ Հայաստան փոխադրված յուրաքանչյուր ուղեւորի համար ստանալ 15.000 դրամ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնել էր, որ արդեն պայմանավորվածություն ունեն մեկ ավիաընկերության հետ․ «Պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում հավանաբար նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթեր, որոնք քաղաքի եւ մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն»։

Խուդաթյանը ավիաընկերության անուն չէր նշել, սակայն վստահաբար նկատի ուներ հենց Wizz Air-ին: «Հետքը» հարցում էր ուղարկել ՏԿԵՆ՝ այս եւ այլ մանրամասներ պարզելու համար, բայց մինչեւ նախարարությունը կպատասխաներ, օգոստոսի 26-ին հայտարարություն տարածեց «Զվարթնոցի» եւ «Շիրակի» կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային» օդանավակայաններ» ՓԲԸ-ն (ԱՄՕ)՝ նշելով, որ Wizz Air-ը Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով իրականացնելու է շաբաթական 2 չվերթ. սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 25-ը (ամառային սեզոն)՝ երեքշաբթի եւ շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 30-ից հետո (ձմեռային սեզոն)՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին:

Ինչպես տեսնում ենք, Wizz Air-ն այսպես կփորձի բավարարել ՀՀ կառավարության՝ նոր ուղղությամբ շաբաթական առնվազն մեկ չվերթ իրականացնելու պահանջը: Բավարարվում է նաեւ այն կետը, որ շահառու փոխադրողն անպայման 1 չվերթ պետք է բացի դեպի Գյումրի:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, «Հետքի» հարցմանն ի պատասխան, հաստատել է, որ Wizz Air-ը Գյումրու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել սուբսիդավորման ծրագրի շրջանակներում: Այսինքն՝ ընկերությունը նպատակ ունի ՀՀ-ից ֆինանսական աջակցություն ստանալ:

Այդուհանդերձ, Սիմոնյանի տեղեկացմամբ, աջակցության ծրագրից օգտվելու նպատակով տեղական կամ օտարերկրյա որեւէ ավիաընկերություն օգոստոսի 28-ի դրությամբ դեռ պաշտոնական դիմում չէր ներկայացրել: Նկատենք, սակայն, որ Կառավարությունը սահմանել է՝ ծրագրից օգտվել ցանկացող ավիաընկերությունները պետք է դիմում ներկայացնեն նոր ուղղությամբ առաջին չվերթից առնվազն 30 օր առաջ: Ինչպես ասվեց, Wizz Air-ը Լառնակա-Գյումրի-Լառնակա թռիչքներն սկսելու է սեպտեմբերի 30-ին:

Փոխնախարար Սիմոնյանը մեզ նաեւ հայտնել է, որ, բացի կիպրական Լառնակայից, Wizz Air-ը հետաքրքրություն է ցուցաբերել եվրոպական մի շարք այլ կետերից դեպի Հայաստան չվերթերի նկատմամբ. Պրահա (Չեխիա), Բովե (Ֆրանսիա), Համբուրգ եւ Մեմինգեմ (Գերմանիա), Բարի եւ Նեապոլ (Իտալիա), ինչպես նաեւ Բուխարեստ (Ռումինիա):

Wizz Air-ը մեկնում է Երեւանից («Զվարթնոցի» ֆեյսբուքյան էջից)

Այս չվերթերի մասին դեռ մայիսի 7-ին հայտարարել էր Հայաստանի միջազգային օդանավակայանների կոնցեսիոներ «ԱՄՕ»-ն: Վերջինս նշել էր, որ Wizz Air-ը «Զվարթնոցում» բացում է իր բազան, որտեղ կտեղակայվեն 2 հատ ժամանակակից Airbus A321neo տիպի ինքնաթիռներ (գործադիրի որոշմամբ սահմանված եւս մի նախապայմանի բավարարում), որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման եւ CO₂ արտանետումների 20 %-ով կրճատում, ինչպես նաեւ աղմուկի 50%-ով նվազեցում:

Կոնցեսիոները հայտնել էր, որ հունգարական ավիափոխադրողը հոկտեմբերից ընդլայնում է չվերթերի աշխարհագրությունը՝ ավելացնելով 8 նոր ուղիղ չվերթ դեպի Եվրոպա՝

Պրահա (Չեխիա)-Երեւան-Պրահա - հոկտեմբերի 1-ից
Համբուրգ (Գերմանիա)-Երեւան-Համբուրգ - հոկտեմբերի 1-ից
Պաֆոս (Կիպրոս)-Երեւան-Պաֆոս - հոկտեմբերի 2-ից
Նիցցա (Ֆրանսիա)-Երեւան-Նիցցա - հոկտեմբերի 2-ից
Նեապոլ (Իտալիա)-Երեւան-Նեապոլ - հոկտեմբերի 15-ից
Բարի (Իտալիա)-Երեւան-Բարի - հոկտեմբերի 26-ից
Բուխարեստ (Ռումինիա)-Երեւան-Բուխարեստ - հոկտեմբերի 26-ից
Մեմինգեն (Գերմանիա)-Երեւան-Մեմինգեն - հոկտեմբերի 28-ից:

Օգոստոսի 1-ին էլ «ԱՄՕ»-ն հայտնեց, որ Wizz Air-ը հոկտեմբերի 1-ից չվերթեր կիրականացնի նաեւ Բովե (Ֆրանսիա)-Երեւան-Բովե երթուղով: 

Կարող ենք ասել, որ այս ուղղություններից որոշների համար եւս (որոնք մինչ այժմ չեն շահագործվել կամ Կառավարության սահմանածից քիչ են շահագործվել) Wizz Air-ը կդիմի հայկական կողմին՝ «Զվարթնոց» փոխադրված յուրաքանչյուր ուղեւորի դիմաց 20.000 դրամ աջակցություն ստանալու համար:

Կառավարության նախապայմաններից եւս մեկը հունգարական ընկերությունը բավարարել է այս տարվա մայիսին, երբ Երեւանում մասնաճյուղ է հիմնել:

Առաջին լուսանկարում՝ 18.12.2024, վարչապետ Փաշինյանն այցելել է «Շիրակ» օդանավակայան (primeminister.am) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter