
Միքայել Աջապահյանի գործն ավարտին է մոտենում․ պաշտպանները խոսում են կանխակալ դատավարության մասին
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 22-ին, շարունակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Արմինե Մելիքսեթյանն էր։
Այս գործով արդեն ավարտվել են հիմնական դատալսումները, ավարտվել են եզրափակիչ ելույթները, մինչդեռ դատարանը գործի քննությունը սկսել էր օգոստոսի 15-ին՝ մոտ 1 ամիս առաջ։ Գործի քննության սկզբում գրեթե ամեն օր դատական նիստ էր նշանակվում, քննությունը հաճախ ձգվում էր աշխատանքային ժամից հետո։
Նիստի մեկնարկին եզրափակիչ կարճ ելույթներ ունեցան Աջապահյանի պաշտպանները՝ արձագանքելով հանրային մեղադրողների ելույթներին։
Պաշտպան Ռոման Ահարոնյանն անդրադարձավ հանրային մեղադրողի հայտարարություններին։ Նախորդ դատական նիստում հանրային մեղադրողն ասել էր, որ իր խոսքերը շատ հաճախ փոփոխվել են և ներկայացվել այլ կերպ։ Նրա խոսքով՝ Աջապահյանի օրագրից արված մեջբերումները 2024 թվականի գրառումներ են եղել, այլ ոչ թե 2022 թվականի, ինչպես նշեց Միքայել Աջապահյանը։
Ռոման Ահարոնյանն այս առնչությամբ դատարանին ներկայացրեց փաստարկներ, որ դատաքննության ընթացքում հանրային մեղադրողը բազմիցս 2022 թվականին Աջապահյանի կողմից արված հայտարարություններ է մեջբերել՝ հիմնավորելով մեղադրանքը։ «Չկա ոչ այլ ինչ, քան 2022 թվականի նյութով փորձեն հիմնավորեն 2024 թվականի վարքագծի դիտավորությունը»,- նշեց Ահարոնյանը։
Նա պնդեց, որ Աջապահյանի խոսքը չի եղել կոչ՝ մատնացույց անելով այն նախապայմանները, որոնք ընկած են կոչի հիմքում։ «Եթե խոսքը չի պարունակում հրամայական բառ, ապա այն ձևական իմաստով չի համապատասխանում հանցակազմի «կոչ» տարրին։ Հետևաբար, նման դեպքում մեղադրանքն ինքնին չի կարող գոյություն ունենալ՝ անկախ նրանից, թե ինչպես կարելի է մեկնաբանել խոսքի բովանդակությունը»,- ասաց պաշտպանը։ Նա հույս հայտնեց, որ դատարանն արդարացման վերդիկտ կկայացնի։
Հաջորդիվ ելույթ ունեցավ պաշտպան Հարութ Ակլունցը։ Նա նշեց, որ «Գալա» հեռուստաընկերության հեռարձակումը 30 րոպե է եղել, որտեղ Աջապահյանն անդրադարձել է շատ տարբեր թեմաների, սակայն մեղադրանքի կողմն այդ 30 րոպեանոց խոսքից առանձնացրել է այն նախադասությունը, որում ասվում է՝ անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում անել, և որ դրա մասին ասել է պատերազմի օրերին։ «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նման խոսքերի համար անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, Միքայել Սրբազանը պետք է արդարացվի, և բոլոր այն քննարկումները, որ հիմա տեղի են ունենում, պարզապես ի հիմնավորումն դրա են»,- նշեց Հարութ Ակլունցը։
Պաշտպան Երեմ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ առաջին անգամ է, որ ռեպլիկը նաև գրավոր է հանձնում դատարանին։ «Որովհետև մենք ինչ ասում ենք, փորձ է արվում չլսելու տալ և՛ դատարանի, և՛ մեղադրողների կողմից։ Եվ կարծում եմ, որ այս ամեն ինչը որպես պատմություն պետք է այս գործում մնա, որովհետև այս գործը վաղ, թե ուշ վերաբացվելու է»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Մեղադրողի այն հայտարարությանը, թե ներկայացրել են վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, Երեմ Սարգսյանը հակադարձեց՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է ոչ պատշաճ աղբյուրի կողմից։ Պաշտպանը նշեց՝ այս հանգամանքն այդպես էլ դատաքննության ընթացքում չի պարզաբանվել։
Երեմ Սարգսյանն ասաց, որ իր եզրափակիչ ելույթում մանրամասն անդրադարձել է այն հանգամանքին, որ Աջապահյանի խոսքում կոչ չի եղել։ Նա նշեց, որ հանրային մեղադրողները ռեպլիկով որևէ կերպ չեն հակադարձել իր այդ պնդմանը։
«Իրական մրցակցության դեպքում, եթե մեղադրանքի կողմն այդքան վստահ չլիներ, որ դատարանն, ամեն դեպքում, իրենց ուզած որոշումն է կայացնելու, ապա գոնե իրենց ռեպլիկում պետք է փորձեին հերքել այդ փաստարկները և բոլորիս աչքը մտցնել այդ կոչը, և դատարանին համոզեին, որ պաշտպանության կողմը սխալ է»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Փաստաբանը պնդեց՝ ամբողջ դատաքննության ընթացքում մեղադրողներն այդպես էլ չեն կարողացել մատնացույց անել, թե 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում կոնկրետ որն է եղել կոչը, և այն էլ՝ իշխանությունը բռնի զավթելու կոչը։ «Իսկ եթե չկա կոչ՝ չկա հանցագործություն»,- ասաց Երեմ Սարգսյանը։ Նա դատարանին դիմեց՝ ասելով, որ մեղադրանքի կողմը վատ դրության մեջ է դատարանին դրել, քանի որ չեն հիմնավորել, թե որն է կոչը։ «Դուք պետք է վերդիկտ կայացնելիս փորձեք գտնեք այդ կոչը և հիմնավորել։ Բայց քանի որ մեղադրանքի կողմը չի ասել, Դուք իրավունք չունեք դրանից տարբերվող բան ասելու։ Սա հատուկ եմ ասում, որովհետև խոր համոզմունք ունեմ, որ մեղադրական վերդիկտ եք կայացնելու ու մեջը մի բան պետք է գրեք․ կա՛մ խուսափելու եք գրելուց, կա՛մ էլ էս նույն հեքիաթն է գրվելու։ Չկա կոչ, չեք կարող մատնանշել»,- ասաց պաշտպանը։ Երեմ Սարգսյանը միջնորդեց դատարանին արդարացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Աշխատանքային օրվա ավարտի պատճառով այսքանով ավարտվեց դատական նիստը։ Հաջորդ նիստը նշանակվեց վաղը՝ սեպտեմբերի 23-ին՝ 15։30-ին։ Հաջորդ նիստին կարճ ռեպլիկով հանդես կգան մյուս պաշտպանները և Միքայել Աջապահյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 1 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։
Նա հունիսի 28-ից կալանավորված է։ Ըստ առաջադրված հոդվածի՝ Միքայել Աջապահյանին սպառնում է պատիժ՝ տուգանքից մինչև ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:
Մեկնաբանել