HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՊ նախընտրական ծրագրի առանցքում խաղաղությունն է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է իր ընտրական ցուցակը։ 293 հոգուց է բաղկացած իշխող ուժի ցուցակը։ Այն ղեկավարում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ներքին ընտրությամբ կուսակիցների մեծ մասը ձայնը տվել է Փաշինյանին։ Նա նաև ուժի վարչապետի թեկնածուն է։

Նիկոլ Փաշինյանից հետո ցուցակում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է։ Եռյակը եզրափակում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  Խորհրդարանական նախորդ ընտրությունների ՔՊ ցուցակի հետ համեմատած, առաջին տասնյակում չկա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ ՔՊ ցուցակի առաջին տասնյակում մտել են Արդարադատության ու Էկոնոմիկայի նախարարները, Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը և այլք։

ԱԺ ընտրությունների ցուցակը միաձայն հաստատվեց կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի ընթացքում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է նաև իր նախընտրական ծրագիրը։ Կուսակցության գլխավոր գաղափարախոսություններից մեկը խաղաղությունն է։ Ծրագիրը սկսվում է Նիկոլ Փաշինյանի նամակով․ «․․․ Հունիսի 7–ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին ․․․»,- նշված է բաց նամակում։ 

Ծրագրի առաջին կետում խաղաղությունն է ու խաղաղության ինստիտուցիոնալացումը։ Կուսակցությունը ներկայացնում է, որ ընտրվելու դեպքում պատրաստվում են շարունակել սահմանազատման գործընթացը, իրագործել TRIPP նախագիծը։ Այդ մասով կոնկրետ խոստանում են առնվազն երկաթուղային ու էլեկտրահաղորդման ենթակառուցվածք գործարկել ու Գյումրի-Կարս գիծը բացել։ Սա, ըստ էության, նշանակում է, որ Հայաստանը կդառնա խաչմերուկ՝ արևելքից արևմուտք ու հյուսիսից հարավ ապրանքաշրջանառության համար, ինչը կուսակցության տեսանկյունից և՛ տնտեսական, և՛ անվտանգային նշանակություն ունի, քանի որ Հայաստանը կդառնա տարածաշրջանային կարևոր հանգույց։

Երկրորդ կետն ամենածավալուն խոստումներից է։ Կուսակցությունը կրթությունը հայտարարում է «ռազմավարությունների ռազմավարություն»։ Ծրագիրը ներառում է կրթության բոլոր օղակները՝ մանկապարտեզից մինչև հետբուհական։ Կուսակցությունը ներկայացնում է, որ մոտ 100 մանկապարտեզ, 300 էլ դպրոց են պատրաստվում նորոգել կամ կառուցել։ Բուհական ոլորտում կուսակցությունը շարունակում է առաջ տանել Ակադեմիական քաղաքի գաղափարախոսությունը, որի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

Ծրագրի երրորդ կետն արտաքին քաղաքականության մասին է։ Հիմնական հայեցակարգը «հավասարակշռված և հավասարակշռման» արտաքին քաղաքականությունն է, ինչը հիմնականում նշանակում է խուսափել մի ուղղությամբ չափից շատ կախվածությունից։ Դրա ենթաբաժնում կա «Տարածաշրջանացում» հայեցակարգը, ըստ որի՝ Հայաստանը պետք է կարողանա ապրել իր անմիջական շրջապատում` առանց արտաքին աջակցության։ Դրա շրջանակում կարևորվում են Վրաստանի, Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները։ ՀԱՊԿ-ի անդամակցությունը սառեցված է, ու ակտիվացման ծրագիր չկա։

«․․․ Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ–ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց և կախված կլինի նրանից, թե արդյոք ԵՄ–ն պատրա՞ստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո՝ Հայաստանի Հանրապետությունը կդիմի ԵՄ–ի լիարժեք անդամ դառնալու համար։ Եթե ոչ՝ վերը նշված բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ՀՀ–ն դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր․․․»,- նշված է ծրագրում։

ՔՊ-ում հասկանում են, որ հնարավոր չէ միաժամանակ լինել թե՛ Եվրասիական տնտեսական միության անդամ, թե՛ Եվրոպական միության անդամ։ Բայց քանի դեռ Եվրոպական միության հետ մոտարկման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հետ, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ։

Նախընտրական ծրագրում  նշված է նաև պարենային անվտանգության հարցը։ Կետը կարճ է, բայց հիմնական գաղափարն այն է, որ ճգնաժամային իրավիճակներում Հայաստանը պետք է ի վիճակի լինի ինքն ապահովել իրեն անհրաժեշտ պարենը՝ առանց արտաքին կախվածության։ Կոնկրետ ձևը բացատրված նշված չէ։ Դեռ նախորդ տարի անվտանգության խորհրդի քարտուղարն ասում էր․ «Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել։ Պիտի ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Պարզ օրինակ միայն՝ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի։ Ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ մի պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը՝ որպես ռազմավարական ապրանք»,- այս հայտարարության անդրադարձը ու տվյալների վերլուծությունը կարող եք կարդալ այստեղ։

«Հետքում» կարող եք կարդալ նաև մրգերի, բանջարեղենի ու հատիկավոր բույսերի մեր ինքնաբավության մասին։

Գլխավոր նկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter