HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայի ամենավտանգված հուշարձաններից մեկում՝ Առաքելոց վանքում, պեղումներ են սկսվել

Ապրիլի 8-23-ին հայ մասնագետները հնագիտական աշխատանքներ են կատարել Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի հարեւանությամբ գտնվող Առաքելոց վանական համալիրի տարածքում, որը 2025-ին ճանաչվել է Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձաններից մեկը:

Հնագիտական արշավախումբը նպատակ ունի շերտ առ շերտ բացել հուշարձանի պատմության դեռեւս անհայտ էջերը: Թիմը ղեկավարում է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) հնագետ Համազասպ Աբրահամյանը, նրա հետ աշխատում են նույն ինստիտուտից հնագետ, GIS մասնագետ Արտյոմ Անանյանն ու ճարտարապետ Գայանե Ըռքոյանը:

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը 2025-ի հունվարին հրապարակել էին Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել էին «Յոթ ամենավտանգված» ծրագրի 2025 թ. կարճ ցանկում (short list)։ Դրա մեջ ներառվել էր նաեւ Տավուշի մարզի Առաքելոց վանական համալիրը եւ բնակատեղին։ Ավելի ուշ նշված 14-ից ընտրվել էր 7 հուշարձան, որոնցից մեկը հենց հայկականն էր:

Վանական համալիրն ու բնակավայրը «Եվրոպա Նոստրա»-ի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել էր Զալցբուրգի համալսարանի հայագետ Յասմին Դում-Թրագուտի (Jasmine Dum-Tragut) նախաձեռնությամբ: Նա է Առաքելոցի հետազոտության ծրագրի ղեկավարը: Այս հետազոտության մի մասն էլ հենց այն պեղումներն են, որոնք իրականացնում են ՀԱԻ-ի գիտնականները:

Արշավախմբի ղեկավար, ՀԱԻ-ի գիտաշխատող, Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ֆոնդապահ-գիտաշխատող Համազասպ Աբրահամյանին հանդիպել ենք թանգարանում: Նա երկու օր առաջ էր վերադարձել պեղումներից:

«Հետքի» հետ զրույցում հնագետը պատմում է, որ Տավուշ գնալիս չէր էլ ենթադրում, թե որքան բարդ աշխատանք է սպասվում իրենց: Երբ խմբի գիտական խորհրդատուն՝ հնագետ Համլետ Պետրոսյանը, այցելել էր Առաքելոց, Աբրահամյանին ասել էր, թե հուշարձանի վրա աշխատանքը «կյանքի գործ է», այսինքն՝ մեծ ու երկարատեւ ջանքեր է պահանջում:

«Գնացել էինք՝ 3 առաջնային խնդիր լուծելու, հետ եկանք 13 խնդրով: Ամեն դեպքում, խնդիրների լուծման տարբերակներ ունենք, հստակեցում ունենք մեր աշխատանքների մասին»,- ասում է արշավախմբի ղեկավարը՝ ավելացնելով, որ աշխատանքի բարդության մեջ է հետաքրքրությունը:

Առաքելոց վանական համալիրն ու բնակավայրը գտնվում են Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 2 կմ արեւմուտք, Կիրանց գետի ձախ ափին:

Բնակատեղին թվագրվում է 10-14-րդ դարերով (պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում այն հիշատակվում է որպես «Առաքելոց» գյուղատեղի), իսկ Առաքելոց վանքը մինչ այս համարվում էր 13-14-րդ դարերի կառույց, բայց Հ. Աբրահամյանն ասում է, որ պեղումների ընթացքում բացել են վանքի գործունեության նոր շերտ, որը վերաբերում է ավելի ուշ ժամանակաշրջանի։ «Հետքի» զրուցակցի տեղեկացմամբ՝ վանքն անկումից հետո, ըստ էության, նոր շրջան է ունեցել, եւ ուշ միջնադարում այստեղ փորձել են նորոգություններ անել, ու, հավանաբար, նաեւ վանական կյանք է եղել, բայց այդ մասին ոչ մի տեղեկություն չկա։

Արշավախմբի ղեկավարը հեռախոսով ցույց է տալիս անտառապատ հրվանդանի վրա գտնվող վանական համալիրի լուսանկարները: Միայն վանքի տարածքը մոտ կես հեկտար է, համալիրի կազմում են եկեղեցին, գավիթը, զանգակատունը, սեղանատունը, տապանաբակը, պարսպապատը, դրան կից տնտեսական բնակելի կառույցները, իսկ հրվանդանի շուրջը փռված է բնակատեղին (տարածքը՝ մինչեւ 20 հա), որտեղ կա 5 եկեղեցի, իջեւանատուն, ձիթհան, կամուրջ, բաղնիք, այլ շինությունների մնացորդներ, խաչքարեր ու տապանաքարեր:

Առաքելոց վանքը պարսպապատ է: Աբրահամյանն ասում է, որ դեռեւս 9-րդ դարից հայկական վանքերն սկսել էին պարսպապատել. նախ՝ անվտանգության, երկրորդ՝ այդ տարածքը որպես երկրի ամրաշինական ցանցի մի մաս օգտագործելու համար: Սակայն Առաքելոցի առանձնահատկություն այն է, որ պարիսպն անմիջապես հպված է եկեղեցու պատին: Ըստ հնագետի՝ այդ իմաստով Առաքելոցը, թերեւս, եզակի է Հայաստանում: Դրան մի փոքր նմանություն ունի Տավուշի մարզի Այգեձոր գյուղի «Ներքին Եղցաձոր» գյուղատեղիի վանքը: «Բայց սա լրիվ մեծ ամրոց է, որի կողքին իր բնակատեղին է»,- Առաքելոցի մասին ասում է Համազասպ Աբրահամյանը:

Ի՞նչ էր հայտնի հետազոտությունից առաջ

Գիտնականը պատմում է, որ Առաքելոցի հետազոտությունն սկսելուց առաջ նախնական տեղեկություններ էին հավաքել, նաեւ լուծման ենթակա խնդիրներ ունեին, որոնք ավելացան պեղումների արդյունքում:

Հնագետն ասում է, որ տեղում գտնված մի քանի վիմագիր արձանագրություններից ոչ մեկը չէր վերաբերում վանքի կառուցմանը: Դրանք կա՛մ վանքի նվիրատվական արձանագրություններ էին, կա՛մ վերաբերում էին վանք-ամրոցը շրջապատող բնակատեղիի եկեղեցիներին ու խաչքարերին, որոնք թվագրվում են 13-րդ դարի երկրորդ կեսով:

Իսկ Առաքելոցի հետազոտությունն սկսվել է դեռեւս 19-րդ դարից, երբ Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցն իր ճանապարհորդական հուշերում նկարագրել է վանքի մի քանի արձանագրություններ: Այնուհետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանն է իր «Արցախ» աշխատության մեջ անդրադարձել Առաքելոց վանքին ու արձանագրություններին, ավելի ուշ Գաբրիել Սարգսյանն է «Էջմիածին» հանդեսում երկու հոդված նվիրել վանքին ու բնակատեղիին:

«Եվս մի քանի մեծ ընդհանուր հոդվածներ կան վանքի մասին, որոնք հիմնականում կրկնում են նախորդ հեղինակներին: Իսկ Հայկ Եսայանն իր գրքում ներկայացնում է վանքի եւ բնակատեղիի տարածքում կատարած իր հիմնական արդյունքները: Այնուամենայնիվ, բաց են մնում վանական համալիրի եւ բնակատեղիին վերաբերող մի շարք հարցեր, օրինակ՝ ի՞նչ պայմաններում է ձեւավորվել բնակատեղին, ի՞նչ պայմաններում է լքվել, եւ այլն»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:

Պեղումներ՝ եկեղեցու մուտքի մոտ

Առաքելոցի տարածքում 15 օր տեւած պեղումները ավելի շատ հետապնդել են հետախուզական, շերտագրությունն արագ հասկանալու նպատակ: Հնագետները պեղավայր էին ընտրել գավիթից հարավ ընկած հատվածը, որը ներառում է ավերված զանգակատունը, պարսպապատի մի մասն ու տապանաբակի մի հատվածը: Պեղումները պետք է մասնագետներին օգնեին հասկանալ առանձին միավորների փոխհարաբերությունները, ինչպես նաեւ զանգակատան ամբողջական ճարտարապետությունը:

Պեղումների ժամանակ գիտնականները պարզել են, որ վանքում կա հնագիտական երկու շերտ, որոնք, սակայն, մեծ ընդմիջում ունեն: Դրանցից մեկը վանքի հիմնական շրջանն է՝ 13-14-րդ դարերը, իսկ երկրորդ շերտը, ըստ Հ. Աբրահամյանի, հավանաբար, ուշ մինջադարից է: Հայտնաբերված խեցեղենի եւ այլ գտածոների հետազոտությունը դեռ շարունակվում է:

Պեղումներն Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի հետազոտության միայն մի մասն են, բայց դրանք արժեքավոր տեղեկություն են հաղորդելու գիտնականներին:

Հնագետ Համազասպ Աբրահամյանն ասում է, որ պեղումների առաջին փուլում հիմնական խնդիրը վանական համալիրի թվագրությունն ու գործունեության շրջանը հասկանալն է, մյուսը՝ կառույցների (պարսպապատ, եկեղեցի, գավիթ, զանգակատուն) փոխհարաբերությունը ճշտելը։

«Առանձնահատկություններից մեկը հնարավոր նոր արձանագրությունների հայտնաբերումն է: Ի տարբերություն իր ժամանակի մյուս համալիրների՝ Առաքելոցն ունի բավականին քիչ արձանագրություններ: Պեղումների ընթացքում հնարավոր է եղել հայտնաբերել մի քանի արձանագիր որմանքարերի ու տապանաքարերի հատվածներ: Հետագա պեղումները հնարավորություն կտան հայտնաբերել նոր արձանագրություններ, որոնք կլրացնեն վանքի գործունեության ժամանակաշրջանն ու դրա նշանակության վերաբերյալ մեր տեղեկությունները»,- մեկնաբանում է Հ. Աբրահամյանը:

Վանքի թվագրության ու շերտագրության ճշգրտումը, ըստ մեր զրուցակցի, կնպաստի, որ Առաքելոց վանական համալիրը հայկական միջնադարյան պատմության ու առաքելական դավանաբանության մեջ գտնի իր առանձին տեղը, եւ հայ միջնադարյան մշակույթի մեջ կունենանք նոր հետազոտված համալիր։

Փաստորեն, Առաքելոց վանքը մի քանի առանձնահատկություն ունի: Որպես վանք-ամրոց՝ եկեղեցու պատն ու պարիսպը կպած են իրար, երկրորդ՝ արձանագրությունները բավականին քիչ են, երրորդ առանձնահատկությունը, որը մասնագիտական գրականության մեջ ամենաշատն է շրջանառվում, գավիթի քարե հազարաշեն ծածկն է. ըստ առկա տեղեկությունների՝ սա մինչ օրս պահպանված քարե ամենահին հազարաշեն ծածկն է: Այսինքն՝ գավիթի ծածկը ոչ թե գերաններով է կառուցվել, ինչպես ընդունված էր ժողովրդական ճարտարապետության մեջ է, այլ քարե սալերով։

«Մշակութային առումով Առաքելոցը քիչ հետազոտված հուշարձաններից է այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանում ազդեցություն էր ձեռք բերում քաղկեդոնական եկեղեցին, ու բավականին մեծ համալիրներ կային: Հայկական զինվորական էլիտան էլ անմիջապես կապված էր վրաց թագավորության ու քաղկեդոնականության հետ, իսկ Առաքելոց վանքն այդ տարածաշրջանի առաքելական դավանաբանության կենտրոններից մեկն էր,- ասում է հնագետն ու հավելում,- իր կառուցվածքային առանձնատկություններով եւ պահպանվածությամբ կարեւոր նշանակություն ունի նաեւ բնակատեղին»:

Թե երբ կսկսվի պեղումների հաջորդ փուլը, առայժմ պարզ չէ, սակայն այս պահին առաջադրված խնդիրները լուծելու համար, ըստ Համազասպ Աբրահամյանի, անհրաժեշտ կլինի 2-3 անգամ 15-օրյա պեղումներ կազմակերպել:

Լուսանկարները՝ «Հետքի», Հ. Աբրահամյանի արխիվից, համացանցից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter