HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ի՞նչ են հայտարարագրել «Հայաստան» դաշինքի թեկնածուները

«Հայաստան» դաշինքի պատգամավորի 213 թեկնածուներն ընդհանուր 1 մլրդ 970 մլն դրամին համարժեք դրամական միջոցներ են հայտարարագրել։ Նրանցից 63-ը գործազուրկ է, 38-ը որևէ եկամուտ չի հայտարարագրել, նույնքան թեկնածու նշել է, որ դրամական որևէ միջոց չունի, 5-ն էլ դատարկ հայտարարագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Հետքն» ուսումնասիրել է «Հայաստան» դաշինքի 213 թեկնածուների հայտարարագրերը։

Ընտրացուցակի առաջին համարն ու դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Քոչարյանը հայտարարագրել է 1715.7 քմ մակերեսով բնակելի տուն։ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող այս տանն է բնակվում դաշինքի առաջնորդը։ Քոչարյանը հայտարարագրում նշել է նաև Ստեփանակերտում գտնվող 195.83 քմ մակերեսով բնակարանի մասին՝ համատեղ սեփականության իրավունքով։

Ըստ հայտարարագրի՝ Հայաստանի երկրորդ նախագահը շարժական և 8 մլն դրամը գերազանցող արժեքով թանկարժեք որևէ գույք չունի։

Հաշվետու ժամանակահատվածում՝ 2025 թվականի ապրիլի 1-ից 2026 թվականի ապրիլի 1-ը, Քոչարյանն ընդհանուր 40․8 մլն դրամին համարժեք եկամուտ է ունեցել։ Դրանից 15.1 մլն դրամը նախկին նախագահի թոշակն է, 34.7 հազար ԱՄՆ դոլար նա ստացել է կորպորատիվ պարտատոմսերից, ևս 2.6 մլն ռուսական ռուբլի՝ բանկային ավանդից։

«Հայաստան» դաշինքի ցուցակում Քոչարյանն ամենաշատ դրամական միջոցներն ունի՝ ընդհանուր շուրջ 373.6 մլն դրամին համարժեք։ Նա հայտարարագրել է 15.3 մլն դրամ, 772 հազար դոլար և 14.7 մլն ռուբլի։

Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարագրել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի 0.0119% բաժնետոմսը։

Ցուցակում հաջորդը ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։ Սաղաթելյանն ընդհանուր շուրջ 2.1 հա մակերեսով 7 հողամաս է հայտարարագրել ծննդավայր Գեղամավան գյուղում, բոլորը՝ համատեղ սեփականության իրավունքով։ Նա 169.2 քմ մակերեսով մեկ բնակարան ունի Երևանում, որտեղ բնակվում է։

«Հայաստան» դաշինքի երկրորդ համարը ևս ավտոմեքենա չի հայտարարագրել։ Նշված է 8 մլն դրամ արժեքով մատանու մասին։

Սաղաթելյանը հաշվետու ժամանակահատվածում եկամտի մեկ աղբյուր է ունեցել, շուրջ 11.8 մլն դրամ աշխատավարձ է ստացել Ազգային ժողովից։

Հայտարարագիրը ներկայացնելու պահին, ըստ փաստաթղթի, նա ունեցել է 28.7 մլն դրամին համարժեք դրամական միջոցներ՝ 63 հազար դոլար, 10 հազար եվրո և 1 մլն դրամ։

Երրորդ համար Աննա Գրիգորյանը որպես եկամուտ հայտարարագրել է միայն պատգամավորի իր աշխատավարձը՝ 13.4 մլն դրամ և 2 մլն դրամ գումար։

«Առաջ» կուսակցության նախագահ, Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության անդամ Սևակ Խաչատրյանը դաշինքի ցուցակում 4-րդն է։ Նա հայտարարագրել է 192.6 քմ մակերեսով մեկ առանձնատուն Երևանի Սիլիկյան թաղամասում՝ միանձնյա սեփականության իրավունքով, ևս մեկը՝ Վաղարշապատում՝ 454 քմ մակերեսով ( բաժնային)։ Վաղարշապատում թեկնածուն ունի նաև 72.8 քմ մակերեսով բնակարան (բաժնային) և միանձնյա սեփականության իրավունքով երկու հողամաս՝ 1.13 և 0.18 հա մակերեսներով։ Թեկնածուին բաժնային սեփականության իրավունքով պատկանող ևս մեկ հողամաս էլ Արմավիրի մարզի Խոյ համայնքում է՝ 0.06 հա մակերեսով։

Խաչատրյանը 3 ավտոմեքենա է հայտարարագրել՝ 2024 թվականի արտադրության BYD SONG PLUS, 2022 թվականի արտադրության LEXUS ES 250 և 2006 թ. արտադրության NISSAN X-TRAIL։

Հաշվետու ժամանակահատվածի համար Սևակ Խաչատրյանը մոտ 1.2 մլն դրամ աշխատավարձ է հայտարարագրել, որը ստացել է «Առմադա գրուպ» ՍՊԸ-ից։

Ըստ հայտարարագրի՝ նա ունի 1 մլն դրամ, 37 հազար դոլար և 2500 եվրո։

Սևակ Խաչատրյանը հայտարարագրել է նաև «Ապարտ» ՍՊԸ-ի իր 100% բաժնեմասը։ Ընկերությունը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում։

«Հայաստան» դաշինքի 5-րդ համարը ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Խաչատրյանն է։ Նա Երևանում գտնվող 89.47 քմ մակերեսով բնակարան և ավտոկայանատեղի է հայտարարագրել՝ համատեղ սեփականության իրավունքով։ Խաչատրյանը 28 քմ մակերեսով բնակելի տուն ունի Երևանի Կոնդ թաղամասում և հողամաս Եղվարդում, երկուսն էլ՝ բաժնային սեփականության իրավունքով։

Թեկնածուն հայտարարագրել է նաև 2013 թվականի արտադրության Mitsubishi Pajero ավտոմեքենա։

Խաչատրյանը հաշվետու ժամանակահատվածում, ըստ հայտարարագրի, ընդհանուր 63.5 մլն դրամ եկամուտ է ստացել 8 աղբյուրից։ Դրա գերակշիռ մասը ստացվել է գույքի օտարումից. Արթուր Խաչատրյանը 42.3 մլն դրամով բնակարան և 2.4 մլն դրամով ավտոմեքենա է վաճառել։ 14.1 մլն դրամը պատգամավորի աշխատավարձն է, շուրջ 2.8 մլն դրամ թեկնածուն ստացել է Հայաստանում ամերիկյան և ֆրանսիական համալսարաններից, 828 հազար դրամ՝ «Մենեջմենթ Միքս» ՍՊԸ-ից։ Պատգամավորը օգտվել է նաև եկամտահարկի վերադարձից ու ստացել 721 հազար դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու պահին Խաչատրյանը ունեցել է 28.9 մլն դրամին համարժեք գումար, որից 12.7 մլն անկանխիկ դրամ, կանխիկ 9.5 մլն դրամ, 18.3 հազար դոլար և 11.6 եվրո։ 

Թեկնածուն հայտարարագրել է նաև «Ագրիմակ» ՍՊԸ-ի իր 100% բաժնեմասը։ Ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

Ցուցակում հաջորդը պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է։ Նա հայտարարագրել է միայն 13․4 մլն դրամ պատգամավորի աշխատավարձն ու 3 մլն դրամ գումար։

Դաշինքի 7-րդ համարը կրկին պատգամավոր է՝ Աղվան Վարդանյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը հայտարարագրել է 2021 թվականի արտադրության TOYOTA CAMRY ավտոմեքենա, այլ գույք, ըստ հայտարարագրի, չունի։ Վարդանյանը հաշվետու ժամանակահատվածի համար հայտարարագրել է 13․9 մլն դրամ աշխատավարձ ԱԺ աշխատակազմից և 638 հազար դրամ կենսաթոշակ։ Հայտարարագրման պահին նա ունեցել է 8․3 մլն դրամ և 10․9 հազար դոլար։

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ցուցակում 8-րդն է։ Նա Երևանում գտնվող 3 բնակարան է հայտարարագրել՝ երկուսը համատեղ, մեկը՝ բաժնային սեփականության իրավունքով։ Հաշվետու ժամանակահատվածում Մանուկյանը 20․9 մլն դրամ եկամուտ է ունեցել։ Դրանից 17․9 մլն դրամը պատգամավորի աշխատավարձն է, 2․9 մլն ստացել է որպես եկամտահարկի վերադարձ, 100 հազար դրամ՝ հարկերի միասնական հաշվից։

9-րդը ցուցակում պատգամավոր Ագնեսա Խամոյանն է։ Նա հայտարարագրել է 56 քմ մակերեսով բնակարան Երևանում՝ համատեղ սեփականության իրավունքով։ Խամոյանը նաև ունի 2022 թվականի արտադրության Lexus UX 250h ավտոմեքենա։ Թեկնածուն հաշվետու ժամանակահատվածի համար ավելի քան 16 մլն դրամի եկամուտ է հայտարարագրել։ 13․4 մլն դրամը պատգամավորի աշխատավարձն է, 887 հազար դրամ Խամոյանը ստացել է որպես եկամտահարկի վերադարձ։ 4800 դոլար, ըստ հայտարարագրի, Ագնեսա Խամոյանը ստացել է Արթուր Մուրադյանից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրերում մինչև 2022 թվականը Մուրադյանը նշվում է որպես պատգամավորի ամուսին։

2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Խամոյանն ունեցել է 1 մլն դրամ և 2000 դոլար։

«Հայաստան» դաշինքի առաջին տասնյակը եզրափակում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նա հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով 228․2 քմ մակերեսով բնակարան Երևանի կենտրոնում, որտեղ բնակվում է։ Նույն հասցեում Քոչարյանը նաև 57․29 քմ մակերեսով ավտոկայանատեղի ունի։ Երկրորդ նախագահի որդին հայտարարագրել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ընդհանուր 320․4 քմ մակերեսով երկու ոչ բնակելի տարածք՝ համատեղ սեփականության իրավունքով։

Ըստ հայտարարագրի՝ նա երկու մեքենա ունի՝ 2019 թվականի արտադրության TOYOTA CAMRY և 2013 թվականի արտադրության TOYOTA RAV 4։

ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Լևոն Քոչարյանը որպես եկամուտ հայտարարագրել է միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձը՝ 15․9 մլն դրամ։

Քոչարյանը, ըստ ԿԸՀ ներկայացրած փաստաթղթի, հայտարարագիր ներկայացնելու պահին ունեցել է 2․5 մլն դրամ։

Հայտարարագրում նշված է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ 60%, «Զեմկոմինվեստ» ՍՊԸ 50% և «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ 33.3% բաժնեմասերի մասին։ Քոչարյանը նաև 0․7% բաժնետոմս ունի «ԷՔՍԶԵԼ ԱՈՒԹԴՈՐՍ» ՍՊԸ-ում և 0.46%՝ «Մուդելայզեր ԱԲ»-ում։ Նշված ընկերություններից որևէ եկամուտ Լևոն Քոչարյանը չի հայտարարագրել։

Ամենաշատ եկամուտները, գույքը, դրամական միջոցները․ ով ինչպես է առանձնանում

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված 213 թեկնածուներից 136-ը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ է, 41-ը՝ «Առաջ» կուսակցության, իսկ 36-ը՝ անկուսակցական։

Ցուցակում ամեն երրորդը կին է: Թեկնածուների միջին տարիքը 44-ն է։ 

213 թեկնածուներից 63-ը, ըստ ԿԸՀ-ում ներկայացված տվյալների, չի աշխատում։ Ստացվում է՝ ամեն 10-ից 3-ը գործազուրկ է։ Մյուս 150 թեկնածուներից 16-ը 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ են։ «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներից 12-ը չկան այս տարվա ցուցակում։

1.jpg (229 KB)

«Հայաստան» դաշինքի պատգամավորի 213 թեկնածուներն ընդհանուր 1 մլրդ 335․7 մլն դրամ եկամուտ են հայտարարագրել 1 տարվա համար, նրանցից 33-ը 10 մլն դրամից ավել եկամուտ է ունեցել։ 2025 թվականի ապրիլի 1-ից 2026 թվականի ապրիլի 1-ը «Հայաստան» դաշինքի ցուցակում ամենաշատ եկամուտը, ըստ հայտարարագրերի, ունեցել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ ավելի քան 144․7 մլն դրամ։ Նա ընտրացուցակում 13-րդն է, քաղաքական ուժի նորեկներից։ Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Մանուկյանը 88․9 մլն դրամ ստացել է հիդրոէլեկտրակայաններ շահագործող «Անի» ԲԲԸ-ի իր շահաբաժնից (14%), 16.8 մլն դրամը նույն ընկերությունից ստացած աշխատավարձն է․ 2025 թվականի սեպտեմբերից նա ընկերության տնօրենն է։ 39․1 մլն դրամ էլ Մանուկյանը «Անի» ԲԲԸ-ից փոխառություն է ստացել։

Ստացած եկամտի չափով հաջորդը Թաթուլ Մանուկյանն է։ Ընտրացուցակի 125-րդ համարը 1 տարում շուրջ 74 մլն դրամ եկամուտ է ունեցել։ Դրա գերակշիռ մասը՝ 64 մլն դրամը, բնակարանի վաճառքից է ստացվել։ 5 մլն դրամ Թաթուլ Մանուկյանը վարկ է վերցրել «Բիբլոս բանկ Արմենիայից», մոտ 1․4 մլն դրամ ստացել որպես եկամտահարկի վերադարձ։ Թեկնածուն 2․6 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Զեթ Սեթ» ՍՊԸ-ից, 977 հազար դրամ՝ «Հոմպլեքս հիպեր մոլ» ՍՊԸ-ից։ Ըստ ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերի՝ նա այժմ գործազուրկ է։

Ստացած 63․5 մլն դրամ եկամուտով եռյակը եզրափակում է 5-րդ համար Արթուր Խաչատրյանը։

2.jpg (377 KB)

Թվով ամենաշատ գույքը հայտարարագրել է Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» կուսակցության անդամ, ցուցակի 115-րդ համար Էդգար Թամազյանը՝ 23 միավոր։ Դրանից 10-ը հողամաս է, 1 բնակելի տուն, երկու այլ շինություն, բոլորը՝ Էջմիածին քաղաքում։ Թամազյանը նաև 10 մեքենա է հայտարարագրել, այդ թվում՝ 3 «Մերսեդես» (1998, 2001, 2007 թվականների արտադրության), «Ֆորդ» (2004), «Ինֆինիտի» (2001), «Օպել» (2001), 1999 թվականի արտադրության 2 գազել,  ԳԱԶ-53 (1989), ԳԱԶ-3110 (2003):

15 միավոր գույք հայտարարագրել է ցուցակի 71-րդ համար Վահան Դավթյանը։ Նա միանձնյա սեփականության իրավունքով 2 բնակարան, 1 բնակելի տուն, 1 ավտոտնակ ու 4 հողամաս է հայտարարագրել, բոլորը Շիրակի մարզի Ամասիա գյուղում են գտնվում։ Եվս 7 հողամաս Դավթյանն ունի Շիրակի մարզի Բանդիվան գյուղում՝ համատեղ սեփականության իրավունքով։

44-րդ համար Տարոն Մինասյանը 14 միավոր գույք է հայտարարագրել՝ 6 հողամաս, բնակարան, բնակելի տուն, արոտավայր, վարելահող, ձկնաբուծարան, կարի ֆաբրիկա։ Մինասյանը, ըստ հայտարարագրի, 2 մեքենա ունի՝ 2020 թվականի արտադրության Ram 1500 և 2007 թվականի արտադրության Lexus LX470: Հետաքրքիր է, որ հայտարարագիր ներկայացնելու պահին, ըստ փաստաթղթի, Տարոն Մինասյանը որևէ դրամական միջոց չի ունեցել։

Copy of Նախաձեռնություններ.jpg (547 KB)

Դրամական միջոցների տողը դատարկ է «Հայաստան» դաշինքի 38 պատգամավորի թեկնածուի հայտարարագրում, նրանցից 5-ն ամբողջությամբ դատարկ հայտարարագիր են ներկայացրել ԿԸՀ։

Դրամական միջոցներով առաջատարը դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն է։ Նա 373.6 մլն դրամին համարժեք գումար է հայտարարագրել։ Հայտարարագրված 186.7 մլն դրամին համարժեք գումարով հաջորդը Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն է։ Նա ցուցակի 20-րդ համարն է, հայտարարագրել է 170 մլն դրամ, 20 հազար դոլար, 10 հազար եվրո և 1 մլն ռուբլի։ 73.7 մլն դրամին համարժեք գումար էլ հայտարարագրել է Մեսրոպ Մանուկյանը, այդ թվում՝ 57.1 մլն դրամ, 21.2 հազար դոլար և 20 հազար եվրո։

3.jpg (345 KB)

«Հետքը» առաջիկայում կներկայացնի մյուս ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերից հետաքրքիր մանրամասներ։

Տե՛ս նաև․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter