Սուքիասյանները 46 մլն դրամով տիրացել են Կենտրոնում գտնվող հողամասին, այդ թվում՝ մայթի մի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը սեփականաշնորհել է Երևանի կենտրոնում՝ «Ռոսիա» կինոթատրոնի ետնամասում գտնվող 1844 քմ հողամասը։ Խորենացու փողոցի հողամասը ձեռք է բերվել երկու տասնամյակ առաջվա կադաստրային արժեքով՝ ընդամենը 46 մլն դրամով (96 հազար ԱՄՆ դոլար)։ Այդ արժեքը շատ ցածր է գործող շուկայական արժեքից։
Հողամասի նկատմամբ Սուքիասյանները հետաքրքրություն են ցուցաբերել դեռ 1995 թ.-ին, երբ Խաչատուր Սուքիասյանը սերտ կապեր ուներ օրվա իշխանությունների հետ։ Համայնքային հողամասի վերջնական օտարումը տեղի է ունեցել 2021 թ․-ին, երբ Խաչատուր Սուքիասյանը իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր էր։ Վաճառված հողամասը ներառում է նաև Խորենացու փողոցի մայթի մի մասը, որը Երևանի քաղաքապետարանը երբեք չի բարեկարգել։
«Ռոսիա» կամ «Այրարատ» կինոթատրոնի նախկին շենքն ու հարակից տարածքները 2004 թ․-ին սեփականաշնորհել են Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անդամները։ Տարիներ առաջ կինոթատրոնին կից կառուցվել է համանուն առևտրի կենտրոնը՝ «Ռոսիա մոլը», որի անմիջապես կողքին վեր է խոյացել «Տերմինալ 5» բիզնես կենտրոնը։ Առևտրի և բիզնես կենտրոնների հարևանությամբ դեռևս չկառուցապատված միակ տարածքը, որ պատկանում է Սուքիասյաններին, Խորենացու փողոցում գտնվող 1844 քմ մակերեսով հողամասն է։ Այն էլեկտրաշարժիչների («Արմենմոտոր») նախկին գործարանի վարչական շենքին կից է՝ Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի հարևանությամբ։
Հողամասը սեփականության իրավունքով գրանցված է «Նարեկ» ՍՊԸ-ի անունով, որը ձեռք բերելու համար 2021 թ․-ին ընկերութունը Երևան համայնքի բյուջ է վճարել ընդամենը 46 միլիոն դրամ։ Այն համարժեք է 96 հազար ԱՄՆ դոլարին (վճարման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով)։ «Նարեկ» ՍՊԸ-ի բաժնետերերն են եղբայրներ Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ Սուքիասյանները և նրանց եղբորորդին՝ Արիկ Ռոբերտի Սուքիասյանը։ 1995 թ․-ին հիմնադրված ընկերության բաժնետերերի ցանկում Սուքիասյաններից բացի այլ անձինք չեն եղել։ Ընկերության հիմնադրմանը նախորդող տարում Խաչատուր Սուքիասյանը ՀՀ արդյունաբերության նախարարի խորհրդականն էր։
Ավտոհանգրվան կառուցելու ծրագիրը՝ պատրվակ
Խորենացու փողոց 30/1 հասցեի հողամասը ձեռք բերելու առաջին քայլը Սուքիասյաններն արել են դեռևս 1995 թ․-ին։ «Նարեկ» ՍՊԸ-ն այդ ժամանակ դիմել է Երևանի քաղաքապետարան (Երքաղխորհրդի գործադիր կոմիտե)՝ խնդրելով հողամասը հատկացնել ընկերությանը։ Ընկերությունն իր դիմումով հիշեցրել է գործկոմին, որ մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի հարակից տարածքը 1994 թ․-ին իրենց է հատկացվել ամենօրյա տոնավաճառ կազմակերպելու համար, իսկ շուկա այցելող մարդկանց մեքենաների համար որպես կայանատեղի օգտագործվում է «Արմենմոտոր» գործարանի հարակից տարածքը։ Ըստ ընկերության, մեքենաների կայանատեղիի պահանջարկով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կայանատեղին ընդլայնել։
1996 թ․-ին Գործադիր կոմիտեն որոշել է բավարարել ընկերության խնդրանքը։ 2000 քմ հողամասը 99 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացվել է ընկերությանը տարածքում 4-ից 5 հարկանի ավտոհանգրվան (ավտոկայանատեղի) կառուցելու համար։ Նույն որոշմամբ հողամասի վարձակալը զգուշացվել է, որ եթե 3 տարում չսկսի ավտոհանգրվանի շինարարությունը, որոշումը կչեղարկվի։ Հողահատկացման որոշումը կայացրել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի գործող նախագահը։
Հողամասը վարձակալելուց հետո «Նարեկ» ՍՊԸ-ն այդպես էլ չի կառուցել ավտոհանգրվանը (այլ հարց է՝ իսկապե՞ս տվյալ վայրում 90-ականներին կայանատեղի կառուցելու օբյեկտիվ անհրաժեշտություն է եղել)։
2003 թ․-ին Սուքիասյանների «Նարեկ» ՍՊԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարան և խնդրել օրինականացնել ավտոհանգրվան կառուցելու նպատակով նախկինում իրեն հատկացված հողամասում ինքնակամ կառուցված շինությունները։ Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը բավարարել է դիմումը։ Ընկերությունը համայնքային 265 քմ հողի վրա ինքնակամ կառուցել է «օֆիս, ավտոտեխսպասարկման կետ և պահեստներ»։ Քաղաքապետի որոշմամբ, շինություններն օրինականացվել են, իսկ դրանց զբաղեցրած հողամասը 10 տարի ժամկետով վարձակալության է տրվել ընկերությանը։
Երվանդ Զախարյանի կասկածելի որոշումը
Երկու տարի անց՝ 2005 թ․-ին, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ «Նարեկ» ՍՊԸ-ին տրվել է ավելի մեծ հողամաս, քան զբաղեցնում էին ընկերությանը պատկանող շինությունները(ինքնակամ կառուցված)։ ՍՊԸ-ն դիմել էր քաղաքապետարան «նախկինում ընկերությանը հատկացված հողատարածքի հողօգտագործման իրավունքը ձեւակերպելու» խնդրանքով։ Ավելին, նշել էր, որ դեռևս 1996 թ.-ին համայնքային բյուջե են վճարել 23 հազար ԱՄՆ դոլար և կցում են այդ փաստը հավաստող անդորրագիրը (սակայն Երվանդ Զախարյանի որոշման արխիվային փաստաթղթերում անդորրագիրը բացակայում է։ Բացակայության մասին նշել են նաև քաղաքապետարանի այդ ժամանակաշրջանի պաշտոնյաները)։
Կարևոր է նշել, որ «Նարեկ» ՍՊԸ-ն իրեն տրված հողամասում ավտոհանգրվան չի կառուցել, և այդ հիմքով պետք է չեղարկվեր Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996 թ․-ի որոշումը (չկառուցելը չեղարկման հիմք էր)։ Սակայն Երվանդ Զախարյանը 2005 թ․-ի ապրիլի 11-ի որոշման մեջ նշել է, որ «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող շինությունները «փաստացի զբաղեցնում են 1844 քմ մակերեսով հողամաս»։ Ոչ արբանյակային պատկերներով և ոչ էլ կադաստրային և արխիվային փաստաթղթերով չի հիմնավորվում, որ ընկերությանը պատկանող շինությունները փաստացի զբաղեցնում են 1844 քմ տարածք։ Ընդհակառակը, ընկերության անունով գրանցված շինությունները, ինչպես վերևում նշեցինք, զբաղեցնում են ընդամենը 265 քմ մակերեսով հողամաս։ Այս պայմաններում, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը որոշել է, որ 1844 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով 15 տարի ժամկետով, առանց մրցույթի պետք է հատկացնի «Նարեկ» ՍՊԸ-ին։ Երվանդ Զախարյանի այս կասկածելի որոշման հիման վրա «Նարեկ» ՍՊԸ-ն հետագայում չնչին գնով սեփականաշնորհել է հողամասը։
2005 թ․-ի օգոստոսին Կադաստրի կոմիտեն «Նարեկ» ՍՊԸ-ին տրամադրել է վկայական, ըստ որի՝ 1844 քմ հողամասի նկատմամբ ընկերությունն ունի վարձակալության իրավունք, իսկ 82 քմ գրասենյակի և 221 քմ շինության (ավտոտեխսպասարկման կետի և պահեստի) նկատմամբ՝ սեփականության իրավունք։ Այս վկայականի հիմքը Երվանդ Զախարյանի 2005 թ․-ի որոշումն է։
Այս ամենը նախորդել են 2005 թ․-ի հոկտեմբերին Հողային օրենսգրքում կատարված փոփոխություններին։ Այդ ժամանակ համայնքային հողերի վարձակալներին հնարավորություն է տրվել սեփականաշնորհել վարձակալությամբ իրենց տրված հողամասերը։ Այս արտոնությունից կարողացել են օգտվել մինչեւ օրենքի ընդունման պահը համայնքային հողերի վարձակալածները։ Այսինքն, սեփականության իրավունքը ձեռք է բերվել օրենքի ուժով (հիմքում ունենալով Երվանդ Զախարյանի կասկածելի որոշումը)։
Մինչդեռ Հողային օրենսգրքի 2005 թ․-ի փոփոխություններում հստակ ամրագրված էր․«… հողամասերի վարձակալները կամ օգտագործողները, իրենց ցանկությամբ, մեկ տարվա ընթացքում հողամասերի նկատմամբ կարող են ձեռք բերել սեփականության իրավունք` հողամասի կադաստրային արժեքն ամբողջությամբ՝ միանվագ վճարելու պայմանով»։ «Նարեկ» ՍՊԸ-ն 2008 թ.-ի սեպտեմբերին Կադաստրի կոմիտեից ստացել է նաև 1844 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական։
Բայց հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելիս ընկերությունը չի վճարել հողամասի կադաստրային արժեքը։ Դա արել է միայն 2021 թ․-ին՝ վճարելով 2005 թվականի կադաստրային արժեքը։
Երևանի քաղաքապետարանից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Նարեկ» ՍՊԸ-ի 2021 թ․-ին վճարած 46 միլիոն 745 հազար 400 դրամը մուտք է արվել Երևան համայնքի բյուջե։ Ահա այս վճարման անդորրագիրը վերը նշված որոշումների հետ միասին դրվել է «Նարեկ» ՍՊԸ-ի՝ 2021 թ․-ին ստացած սեփականության վկայականի հիմքում։
Հիշեցնենք, որ 2008 թ․-ի գործարքների ժամանակ Խաչատուր Սուքիասյանը հետախուզվում էր, նրա բիզնեսները վտանգի տակ էին։ 2008 թ․-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից անմիջապես հետո, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից, պատգամավոր և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը, մեղադրվելով զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ, թաքնվել էր իրավապահներից։ 2009 թ․-ին նա կամովին ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն, մի քանի օր անցկացրել կալանավայրում, ապա ազատ է արձակվել եւ վայր դրել պատգամավորական մանդատը։ Երկու տարի անց նրա մեղադրանքը հանվել է, քրեական գործը՝ կարճվել։
Խորենացու փողոցի գոյություն չունեցող մայթը
«Ռոսիա մոլ»-ի ետնամասում՝ Խորենացու փողոցի մայթի մոտ 75 մետրը բացակայում է։ Դա գտնվում է Սուքիասյանների սեփականաշնորհած 1844 քմ հողամասի ճակատային մասում։ Ավելին, կադաստրային քարտեզի և սեփականաշնորհման համար հիմք հանդիսացած հատակագծերի վերլուծությունից պարզում ենք, որ մայթի համար թողնվել է ընդամենը մոտ 1.5 մետր լայնությամբ տարածք։ Դա այն դեպքում, երբ Ագաթանգեղոս-Խորենացու խաչմերուկում մայթն ունի մոտ 10 մետր լայնություն։ Ի դեպ, մայթի համար թողնված տարածքը երբևէ չի բարեկարգվել՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակներից մինչեւ գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման շրջանը։
Վահագն Խաչատուրյանի արձագանքը
Հաշվի առնելով, որ հողամասի սեփականաշնորհման պատմությունը սկիզբ է առել Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի (ներկայում՝ ՀՀ նախագահ) 1995 թ.-ի որոշումից, «Հետքը» մեկնաբանության համար գրավոր դիմեց նախագահին։ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը պատասխանել է, որ մեր հարցերը չեն առնչվում նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող լիազորություններին։ Ավելի վաղ գրել էինք, որ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի ղեկավար Վահագն Խաչատուրյանը որոշել էր չնչին գնով Սուքիասյաններին սեփականաշնորհել Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը։ Խաչատուրյանը հետագայում այդ գործարքը օրինական էր համարել, թեև դատախազությունը սեփականաշնորհման օրինականությունը վիճարկում է դատարանում (զուգահեռաբար քննվում է գործարքներին առնչվող քրեական վարույթը)։ Վահագն Խաչատուրյանին հիշեցնելով «Սիլ պազայի» սեփականաշնորհման պատմությունը՝ փորձել էինք պարզել՝ արդյոք նույն կարծիքն ունի Խորենացու փողոցի հողամասի հատկացման գործարքի վերաբերյալ։ Նախագահի աշխատակազմից նշել են, որ Վահագն Խաչատուրյանի մեկնաբանություններն ամփոփ են, հստակ և հավելյալ մեկնաբանության անհրաժեշտություն չունեն։
Խաչատուր Սուքիասյանի արձագանքը
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից նույնպես փորձել ենք մեկնաբանություն ստանալ Խորենացու փողոցի հողամասի սեփականաշնորհման վերաբերյալ։ Մեր գրավոր հարցման մեջ, ի թիվս այլնի, նշել էինք․ «Համայնքային գույքի նկատմամբ վարձակալության իրավունքը ստանալիս Դուք հանդիսացել եք այդ ժամանակաշրջանի իշխանության մաս, բացի նշված գույքը՝ Երևանում ձեր ընտանիքին նմանատիպ եղանակով այլ գույքեր են հատկացվել, մենք ենթադրում ենք, որ Դուք եւ Ձեր ընտանիքն այդ տարիներին ունեցել են արտոնյալ կարգավիճակ»։ Խաչատուր Սուքիասյանը, գրավոր պատասխանելով մեր հարցերին, նշել է, որ «Նարեկ» ՍՊԸ-ում իրեն պատկանող բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնված, և ինքը որպես պատգամավոր չի կարող մեկնաբանել տասնամյակներ առաջ կատարված գործարքները։ «Ես ոչ մի իրավական, միջամտողական կամ քաղաքական ազդեցություն չեմ գործադրել և չեմ կարող գործադրել ընկերության գործունեության վրա»,- պատասխանել է Խաչատուր Սուքիասյանը՝ առաջարկելով մեր հարցերն ուղղել «Նարեկ» ՍՊԸ-ի տնօրինությանը։ Գրավոր հարցմամբ հողամասի սեփախանաշնորհման վերաբերյալ տեղեկություններ ենք հայցել ՍՊԸ-ի տնօրեն Բորիս Հովհաննիսյանից։ Ընկերության տնօրենը չի արձագանքել մեր հարցմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել