Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած
Մինչ հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատության մեջ է ապրում։ Պաշտոնական տվյալներով՝ մեր երկրում երեխաների 28%-ն աղքատ է, իսկ 0.9%-ը՝ ծայրահեղ աղքատ։
Այս մասին են վկայում աղքատության վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) վերջին հաշվարկները, որոնք ամփոփում են 2024 թվականը։ Տվյալները վերաբերում են 0-18 տարեկաններին։
Եթե դիտարկենք առանձին, ապա տղա երեխաների շրջանում աղքատության մակարդակը փոքր-ինչ ավելի բարձր է՝ 28.1%։ Աղքատ է աղջիկ երեխաների 27.9%-ը։
Մարզերից երկուսում՝ Շիրակում և Տավուշում, երեխաների կեսից ավելին աղքատ են։ Ընդ որում՝ Շիրակում բարձր է նաև մանկական ծայրահեղ աղքատությունը (տե՛ս ինֆոգրաֆիկան)։
Մանկական աղքատության մակարդակը միջինից բարձր է նաև Վայոց ձորում, Արմավիրում, Գեղարքունիքում, փոքր չափով՝ Կոտայքի մարզում։
Մանկական աղքատությունն ամենացածրը Սյունիքի մարզում է։ Առհասարակ, Սյունիքում աղքատության ամենացածր մակարդակն է (ոչ միայն երեխաների, այլև՝ ամբողջ բնակչության հաշվարկով):
Դա կարող է բացատրվել այն փաստով, որ հանրապետությունում միջին աշխատավարձը մարզերից ամենաբարձրը Սյունիքում է (չհաշված Երևանը, որտեղ ամենաբարձրն է), որն էլ իր հերթին պայմանավորված է մարզում հանքարդյունաբերության զարգացմամբ։ Տարբեր ցուցանիշներով ամենախոշոր հանքարդյունաբերական կոմբինատը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, գտնվում է Սյունիքում։
Մանկական աղքատությունը միջինից ցածր է նաև Լոռիում, Արարատում, Երևանում և Արագածոտնում։ Որոշ մարզերում ծայրահեղ աղքատ երեխաներ, ըստ Վիճկոմիտեի հաշվարկների, չկան։
Միջինում՝ բազմանդամ ընտանիքներն ավելի աղքատ են։ Եթե Հայաստանում աղքատության մակարդակը, ընդհանուր առմամբ, 21.7% է, ապա ըստ ընտանիքի անդամների թվի՝ այն տատանվում է։
Օրինակ՝ 6 անդամ ունեցող ընտանիքներում աղքատության մակարդակը միջինում կազմել է 27.4%, իսկ 7 և ավելի անդամ ունեցող ընտանիքներում՝ 39%: Այսինքն՝ որքան շատ է երեխաների թիվը (բազմանդամ ընտանիքը ենթադրում է ավելի շատ երեխաներ), այդքան բարձր է աղքատության հավանականությունը։
Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2024 թվականի աղքատության վերաբերյալ տվյալները մեթոդաբանական առումով համադրելի չեն 2022-2023 թթ. տվյալների հետ, սակայն 2020-2021-ի հետ համադրել կարելի է։ 2020 թվականի համեմատ մանկական աղքատության մակարդակը նվազել է 5.9 տոկոսային կետով։
2024 թվականի հաշվարկներով՝ աղքատ է համարվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 420 դրամը, իսկ ծայրահեղ աղքատ՝ 29 196 դրամը։
Սակայն, աղքատությունը բազմաչափ հասկացություն է։ Այն միայն փողի, եկամտի, ապրանքների կամ ծառայությունների մասին չէ, այլև՝ առողջապահության, սանիտարահիգիենիկ պայմանների, կրթության, սննդի, ջրամատակարարման և այլն։
Դրանց բացակայության պատճառով երեխաները լիարժեք չեն կարողանում օգտվել իրենց իրավունքներից, օգտագործել իրենց ողջ ներուժը և դառնալ հասարակության լիիրավ անդամ։ Այդ երեխաները խոցելի են նաև սոցիալական փոխհարաբերությունների առումով։ Սա արձանագրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ 2016 թվականին գնահատելով մանկական աղքատությունը Հայաստանում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվարկով՝ այդ ժամանակ Հայաստանում երեխաների 64%-ը խոցելի էր՝ ըստ աղքատության երկու և ավելի չափանիշների, որոնց մասին նշեցինք վերևում։
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ավելի թարմ զեկույցի, որը հրապարակվել է 2024 թվականի հունիսին, աշխարհում մինչև 5 տարեկան գրեթե 181 միլիոն երեխա կամ 4 երեխայից 1-ն ապրում է մանկական պարենային ծայրահեղ աղքատության մեջ, ինչի հետևանքով նրանց մոտ մինչև 50 տոկոսով ավելի է մեծանում սուր թերսնուցման հավանականությունը. սա կյանքին սպառնացող թերսնման ձև է: Ըստ այս զեկույցի՝ Հայաստանում, 2023 թվականի տվյալներով, երեխաների 14%-ն է պարենային աղքատության մեջ ապրում։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին բնակչության 5.3%-ի սննդակարգում 70%-ը հացամթերք է և կարտոֆիլ։ Մասնավորապես, խոցելի խմբերում գտնվող և 0-6 տարեկան երեխա ունեցող ընտանիքների 8.9%-ի սննդակարգի 70%-ից ավելին են հացամթերքը և կարտոֆիլը։
Աղքատության թեման քննարկվում և շահարկվում է նաև գալիք՝ 2026-ի հունիսի 7-ի ընտրությունների համատեքստում։ Քաղաքական ուժերը ցանկանում են աղքատներին «փրկել»՝ ինչպես գրեթե բոլոր ընտրություններից առաջ։ Տեսնենք՝ ով և ինչպես է դա պատրաստվում անել։
Բայց, նախևառաջ հասկանանք՝ ինչ էր խոստանում իշխող քաղաքական ուժը և արդյոք կատարել է իր խոստումները։
Գործող իշխանությունները չեն կատարել 2021-ին տված խոստումը
Հայաստանում ԱԺ վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականի հունիսի 20-ին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանեց իշխանությունը։
Այդ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի նպատակներից էր մինչև 2026 թվականը աղքատության մակարդակի կրկնակի նվազեցումը։
Դա պետք է ապահովվեր 7 և ավելի տոկոս տնտեսական աճի շնորհիվ:
2022 թվականին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը և մարդկանց, փողերի մեծ ներհոսք ու խոշոր վերաարտահանումների ալիք եղավ Հայաստանում։ Արդյունքում տնտեսական աճը 2022-ին կազմեց 12.6%, հետագա տարիներին այն որոշակիորեն նվազեց։
- 9.1% աճ՝ 2025 թվականին. որ ոլորտների հաշվին է աճում տնտեսական ակտիվությունը
- Game over. Հայաստանի տնտեսական աճը վերադառնում է 5%-ի շեմին
- Բագրատ Ասատրյան. «Այո, սա տնտեսական աճ է, սակայն դեռևս զարգացում չէ»
ACSES վերլուծական կենտրոնի հաշվարկներով՝ 2025 թվականների միջին տարեկան տնտեսական աճը կազմել է 7.9%։ Այսինքն՝ առնվազն 7% տնտեսական աճն ապահովվել է, սակայն աղքատության մակարդակը կրկնակի չի նվազել, ինչպես խոստացել են գործող իշխանությունները։ Սա նաև վկայում է, որ տնտեսական աճն այնքան ներառական չի եղել, որ հասնի հանրության լայն շերտերին։ Սա էլ խոսում է տնտեսական ոչ բարձր աճի որակի մասին։
Այսպես, Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 27%, 2021-ին՝ 26.5%։ Վերջին տվյալներով՝ 2024 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 21.7%։
Թե որքան է կազմել աղքատության մակարդակը 2025-ին, հայտնի կդառնա միայն այս տարվա նոյեմբերին, երբ ՎԿ-ն հրապարակի զեկույցը։ Այս տարի՝ ընտրությունների նախաշեմին, իշխանությունները որոշեցին բարձրացնել կենսաթոշակները, տարվա սկզբից գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը և այլն, բայց նույնիսկ այդ պարագում անիրատեսական է կարծելը, որ 2025-ի տվյալներով աղքատության մակարդակը 2020-2021-ի համեմատ կրկնակի նվազած լինի:
Կառավարության 2021-2026թթ. ծրագրում ևս նշվում է աղքատությունը կրկնակի կրճատելու մասին։ Կառավարությունը նաև խոստացել էր քայլեր ձեռնարկել մինչև 2026 թվականը ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար։ 2024-ի տվյալներով՝ ծայրահեղ աղքատ է բնակչության 0.6%-ը։
Թեև այս հոդվածի առիթն ի սկզբանե մանկական աղքատությունն էր, սակայն ենթադրվում է, որ ընդհանուր աղքատության մակարդակի նվազմանը զուգահեռ կնվազեր նաև մանկական աղքատությունը։
2026 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստանում է տարեկան առնվազն 25 հազար նոր աշխատատեղի ստեղծում, աղքատության կրճատում 5 տոկոսային կետով՝ մինչև 2031 թվականը։
Աղքատության բարձր մակարդակը եղել է Հայաստանի բոլոր կառավարությունների ամենաառանցքային մարտահրավերներից մեկը։ Աղքատների թիվը կրճատելու խոստումներ տվել են իշխանության գրեթե բոլոր դեմքերը՝ հաճախ ձախողելով և չկատարելով խոստումները։
Աղքատության կրճատման խոստումներ են տալիս նաև 2026-ի ԱԺ ընտրություններին առաջադրված այլ ուժեր
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ընտրությունների նախաշեմին խոստանում է երեխաների և երեխա ունեցող ընտանիքների շրջանում աղքատության վերացում։
Քաղաքական ուժը խոստանում է որդեգրել «պետությունը՝ երրորդ ծնող» սկզբունքը՝ նպաստելու, որ ծնողներն ի զօրու լինեն ապահովել իրենց երեխաների բարեկեցությունը։ «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է հասցեական և նպատակային սոցիալական քաղաքականություն վարել։
Խոստանում են նաև պետական ոլորտում աշխատողների շրջանում աղքատության վերացում. պատրաստվում են առաջին հերթին բարձրացնել բուժաշխատողների ու ուսուցիչների աշխատավարձերը՝ տարեկան 20-25%-ով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախընտրական ծրագրում թեև դույթներ կան նվազագույն աշխատավարձի, վարկային բեռի նվազեցման, արժանապատիվ թոշակի, անվճար կրթության ու սոցիալական համերաշխության մասին, սակայն կոնկրետ աղքատության վերաբերյալ թվային և այլ հստակ խոստումներ չկան։
«Միասնության թևեր» կուսակցությունը խոստանում է առաջիկա 10 տարիներին աղքատությունը կրճատել 40%-ով՝ «աղքատությունից դուրս բերելով ընտանիքները ոչ թե միայն նպաստների, այլ զբաղվածության, շարունակական կրթության, ինքնազբաղվածության և սոցիալական բարձր նշանակություն ունեցող ձեռնարկատիրության միջոցով։
- Արդյունաբերական կենտրոններից մինչև վերգետնյա մետրո. տնտեսական թռիչքը՝ Միասնության թևերի պատկերացմամբ
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խոստանում է աղքատության համակարգային նվազեցում՝ ոչ թե ժամանակավոր աջակցություններով, այլ աշխատանքի, կրթության և սոցիալական շարժունակության միջոցով։
«Հանրապետություն» կուսակցությունը խոստանում է բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղեր, պարենային անվտանգության ապահովում, գործազրկության նվազում։ Սակայն, կոնկրետ աղքատության վերաբերյալ ծրագրում դրույթներ չկան։
Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) կուսակցության նախընտրական ծրագրում ևս կան տնտեսական դրույթներ՝ ոչ բնական մենաշնորհների վերացում, էներգետիկ և տնտեսական կայունություն և այլն, սակայն աղքատության վերաբերյալ առանձին դրույթներ չկան։
Նախընտրական ծրագիր (ոչ բոլորն ունեն) ունեցող մյուս ուժերը նույնպես տնտեսական խոստումներ են տալիս, սակայն աղքատության հաղթահարման կոնկրետ ուղի չեն մատնանշում։
Գլխավոր լուսանկարը Նարեկ Ալեքսանյանի/ hetq.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել