HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Շիրակ Ավիան» Հայաստան է տեղափոխել իր չորրորդ օդանավը. այն կրում է «Տաթեւ Ասատրյան» անունը

Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 13-ին Ադիս Աբեբա-Ջիդդա-Երեւան երթուղով Հայաստան է տեղափոխել իր չորրորդ օդանավը: Հուլիսին ավիաընկերությունը հայտարարել էր, որ նույն ամսում ձեռք է բերել նոր օդանավ, որն օգոստոսի սկզբին կհամալրի ավիաընկերության շարժակազմը: Ամսի 13-ին Երեւան տեղափոխված ինքնաթիռը, որն արդեն իսկ ներկվել է «Շիրակ Ավիայի» գույներով, դեռ չի գրանցվել Հայաստանում, սակայն դա, ըստ էության, կարճ ժամանակի հարց է:

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին հիմնադրված եւ 2021-ի հունվարից օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ունեցող այս ավիաընկերությունը սեփական կոմերցիոն փոխադրումներ իրականացնում է 2022-ի հունիսից (մինչ այդ իր միակ օդանավն ընկերությունը վարձակալությամբ էր տալիս տեղական գործընկերներին):

«Շիրակ Ավիայի» առաջին օդանավը՝ EK-SHA գրանցումով Boeing 737-500-ը, ավիաընկերության շարժակազմում գրանցվել է 2020 թ. դեկտեմբերին: Սա Հայաստանում շահագործվող ամենահին օդանավերից է: 1994-ին արտադրված բորտը 2013-ից շահագործվում է մեր երկրում: 2013-2014 թթ. այն օգտագործում էր «Էյր Արմենիան», սակայն օդանավը պատկանում էր «Շիրակ Ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանի արաբական ընկերությանը: Հայաստանում այս օդանավը շահագործել է նաեւ Պապիկյանի մեկ այլ ընկերություն՝ «Տարոն-Ավիան», որը 2017-2018 թթ. կանոնավոր միջազգային փոխադրումներ էր կատարում Գյումրուց ու Երեւանից: Նախկինում այս օդանավը ՀՀ-ում գրանցված էր իբրեւ EK-73797: Այն վարձակալական հիմունքներով շահագործվել է նաեւ արտերկրում, մասնավորապես՝ Աֆրիկայում: 2020 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինքնաթիռը գրանցված էր հայկական մեկ այլ ընկերության՝ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի» (Atlantis European Airways) կազմում իբրեւ EK-73737 եւ կարեւոր փոխադրումներ էր կատարում պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար:

EK-SHA («Հովհաննես Շիրազ»), 07.07.2026, Տաշքենդ, հեղ.՝ Վալենտին Լոզովիկ, jetphotos.com

Ինչպես ասվեց, 2020-ի դեկտեմբերից Boeing 737-500-ը մտել է «Շիրակ Ավիայի» ավիապարկ EK-SHA գրանցումով ու շահագործվում է մինչ օրս: 2024-ից EK-SHA-ն կրում է ծնունդով գյումրեցի Հովհաննես Շիրազի անունը (Գյումրուց է նաեւ ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, որը նախկին ռազմական օդաչու է): Իսկ երբ այս ինքնաթիռը շահագործում էր «Տարոն-Ավիան» (կրկնենք՝ այն ժամանակ գրանցված էր իբրեւ EK-73797), կրում էր մեկ այլ հայտնի գյումրեցու՝ Մհեր Մկրտչյանի անունը: EK-SHA-ն տեղավորում է 131 ուղեւոր:

Երկրորդ օդանավը, որը եւս Boeing 737-500 տեսակի է, նույնպես հայկական ավիացիայի հնաբնակներից է: 1998-ին արտադրված բորտը 2011-2013 թթ. շահագործել է «Արմավիան»: Ավելի ուշ օդանավը ձեռք է բերել Գառնիկ Պապիկյանը: Սա էլ տարբեր տարիների շահագործվել է Աֆրիկայում: 2011-2019 թթ. օդանավը կրում էր EK-73772 գրանցումը: Այն կրկին մեր երկրում գրանցվել է 2022-ի սեպտեմբերին, բայց արդեն որպես «Շիրակ Ավիայի» օդանավ, գրանցման համարը՝ EK-SHC:

EK-SHC («Ավետիք Իսահակյան»), 10.06.2026, Նիժնի Նովգորոդ, jetphotos.com

2024-ից EK-SHC-ն կրում է մեկ այլ ականավոր գյումրեցու՝ Ավետիք Իսահակյանի անունը (նախկինում ինքնաթիռը Հայաստանում անվանակոչված չի եղել): Այս օդանավը եւս նախատեսված է 131 ուղեւորի համար:

Երրորդ բորտն էլ «Շիրակ Ավիայի» ավիապարկում գրանցվել է 2024-ի հոկտեմբերին, բայց, ի տարբերություն նախորդ երկուսի, սա ավելի մեծ օդանավ է՝ Boeing 737-800 (գրանցումը՝ EK-SHD): Արտադրվել է 2006-ին, մինչեւ «Շիրակ Ավիայի» ձեռքբերումը Հայաստանում չի շահագործվել, գրանցված չի եղել:

EK-SHD («Հովհաննես Թումանյան»), 01.05.2026, Նիժնի Նովգորոդ, planespotters.net

Չնայած օդանավի վրա չկա որեւէ նշում, ըստ «Շիրակ Ավիայի» հուլիսյան հայտարարության, այն կրում է Հովհաննես Թումանյանի անունը: EK-SHD-ն տեղավորում է 183 ուղեւոր:

«Շիրակ Ավիայի» օդանավերի գրանցման համարների հերթականությանն ուշադրություն դարձնելիս (EK-SHA, EK-SHC, EK-SHD) կարելի է նկատել, որ բացակայում է EK-SHB-ն: Բայց իրականում նման գրանցումով օդանավ այս ավիաընկերությունը ունեցել է: Ճիշտ է, այն այդպես էլ չժամանեց Հայաստան ու մեր երկրում չշահագործվեց:

Բանն այն է, որ 2022-ի մարտին, երբ Պապիկյանի ընկերությունը դեռ միայն մեկ ինքնաթիռ էր շահագործում՝ EK-SHA գրանցումով Boeing 737-500-ը, Հայաստանում գրանցվեց ավիաընկերության երկրորդ բորտը՝ EK-SHB-ն, որը Boeing 737-800 էր, այսինքն՝ ավելի տարողունակ ինքնաթիռ: Այս բորտը նախկինում շահագործվել էր Եգիպտոսում: ՀՀ-ում գրանցվելուց հետո սպասվում էր դրա ժամանումը Երեւան, սակայն ծրագրերը փոխվեցին, ու Գառնիկ Պապիկյանն այս օդանավը վարձակալությամբ հանձնեց իր երկարամյա գործընկերոջը՝ Սուդանի Badr Airlines ավիաընկերությանը, որի կազմում սուդանական ST-BDS գրանցում ստացած բորտը շահագործվում է 2022-ի օգոստոսից մինչ օրս (Badr Airlines-ը տարբեր տարիների վարձակալությամբ շահագործել է Պապիկյանին պատկանող տարբեր օդանավեր, այդ թվում՝ նրանք, որոնք գրանցված էին Հայաստանում):

Հատկանշական է, որ սեպտեմբերի 13-ին Երեւան տեղափոխված ինքնաթիռը, որը եւս Boeing 737-800 տիպի է, ներկա պահին գրանցված է Գամբիայում իբրեւ C5-SHB:

Գամբիան Գ. Պապիկյանի ավիացիոն գործունեության համար խորթ երկիր չէ: Երբ 2019-ի աշնանը «Տարոն-Ավիան» հեռացավ ՀՀ ավիացիոն շուկայից, դրա կազմում գրանցված 4 օդանավերը ապագրանցվեցին՝ դուրս բերվեցին ՀՀ ռեգիստրից եւ գրանցվեցին Գամբիայում՝ տեղական Mid Africa Aviation-ի կազմում (ապրանքանիշը՝ Fly Mid Africa): Բայց ինքնաթիռները Գամբիայում միայն գրանցված էին, փոխարենը դրանցից 3-ը շահագործվում էին սուդանական Badr Airlines-ի կազմում, իսկ մեկը մնացել էր Հայաստանում: Ի վերջո, այդ 4 օդանավերից երկուսը (Սուդանում շահագործվողներից մեկն ու Հայաստանում կայանվածը) միացան Պապիկյանի հայկական նոր ընկերությանը՝ «Շիրակ Ավիային»: Խոսքը ներկայիս EK-SHA-ի ու EK-SHC-ի մասին է: Սուդանում օգտագործված մյուս երկու օդանավերից մեկը 2023-ին միացել է իրանական Sepehran Airlines-ին (գրանցվել է Իրանում): Իսկ մյուսն այս տարվա հուլիսին թռել է Ղազախստան (գրանցվել է Մոզամբիկում):

Այսպիսով՝ «Շիրակ Ավիան» իր ավիապարկը համալրում է չորրորդ օդանավով եւ երկրորդ Boeing 737-800-ով:

Ինքնաթիռն, ըստ planespotters.net-ի, արտադրվել է 2005-ին, նախկինում գրանցված է եղել Իռլանդիայում, Թուրքիայում, սեփականատերերն էլ եղել են իռլանդական, ռուսական, բրիտանական ընկերություններ: Նույն աղբյուրի համաձայն՝ օդանավը 2020-ից չի շահագործվել: 2020-2026 թթ. կանգնած է եղել Շարժայի օդանավակայանում, որտեղից այս տարվա հուլիսին տեղափոխվել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբա: Սեպտեմբերի 13-ին էլ Ադիս Աբեբա-Ջիդդա-Երեւան երթուղով Boeing 737-800-ը հասել է «Զվարթնոց» օդանավայան: Այս տարվա ապրիլից ինքնաթիռը գրանցված է Գամբիայում (C5-SHB), բայց դա, իհարկե, ժամանակավոր է:

«Զվարթնոցում» օդանավի դիմավորման տեսանյութերում երեւում է, որ այն կրում է երգչուհի Տաթեւ Ասատրյանի անունը: Այն մասին, որ չորրորդ օդանավն անվանակոչվելու է այս անունով, «Շիրակ Ավիան» հայտարարել էր հուլիսին:

Առաջին լուսանկարում՝ իռլանդական Ryanair-ի կազմում իբրեւ EI-DHK գրանցված Boeing 737-800-ը՝ Մեծ Բրիտանիայում, 23.06.2010, հեղ.՝ Իան Բասբի, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter