
«Նորաշեն 2007»-ի դատավարությունը կանգ է առնում. դատավորը դատախազ է դառնում
«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործով դատավարությունը կանգ է առնելու: 2012-ից շարունակվող դատական գործընթացը, որում ներգրավված է շուրջ 300 տուժող, պետք է սկսվի զրոյից: Բանն այն է, որ Աջափնյակ եւ Դավթաշան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող գործը քննող դատավոր Վազգեն Ռշտունին, ըստ մեր տեղեկությունների, նշանակվելու է Կոտայքի դատախազ եւ արդեն դուրս է եկել դատական համակարգից:
Դատական նիստերը տեղի էին ունենում ամեն երեքշաբթի եւ ուրբաթ, սակայն այսօր նիստը չի կայացել: Տուժող բնակիչներին հայտնել են, որ դատավորը պետք է փոխվի, իսկ դա նշանակում է, որ, ըստ օրենքի, դատավարությունը սկսվելու է զրոյական կետից: Բնակիչները մտահոգված են այս փաստով, քանի որ գործն արդեն հասել էր մեղադրյալների հարցաքննությանը, բոլոր տուժողներն ու վկաները հանդես էին եկել, բայց ամեն ինչ փոխվեց: Ու հիմա հայտնի չէ, թե երբ կմեկնարկի նոր դատավարությունն, ու որքան կտեւի այն: Տուժողներին անհանգստացնում է նաեւ այն, որ Վազգեն Ռշտունին, ըստ նրանց, անաչառ էր վարում գործը, եւ հիմա հայտնի չէ, թե ով է լինելու նրան փոխարինողը, եւ ինչ շրջադարձ է տեղի ունենալու դատավարությունում:
Մեր կողմից հավելենք, որ 2012-ի մարտի 30-ից, այսինքն՝ 1,5 տարուց ավելի ընթացող դատավարությունը նման ձեւով կանգնեցնելը ավելի քան տարօրինակ է: Ռշտունուն դատականից դատախազական համակարգ տանել ցանկացողները կարող էին սպասել այս չարչրկված գործի ավարտին՝ առաջին հերթին մտնելով բնակիչների դրության մեջ: Չնայած տեղեկություն կա, որ Ռշտունին ինքն է դիմել դատախազությանը եւ արդեն ամսի 30-ին ընդգրկվել է դատախազների առաջխաղացման ցուցակում:
Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007» ՍԿ-ի քրգործի հետ առնչվում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու, նախկին ու ներկա պատգամավորների, հայտնի գործարարների ու բարձրաստիճան սպաների անուններ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել