
Ինչպե՞ս պատժել երիտասարդներին
Լուսանկարում Մանուկ Սահակյանն է, ում հարազատներն՝ իր իսկ համաձայնությամբ, թույլատրեցին հրապարակել այն: «Հետքում» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի հայտարարությունից հետո Մանուկն առաջին արձագանքողներից էր:
Նա մեկն է Հայաստանում պատիժը կրող 105 ցմահ դատապարտյալներից, մեկն է այն 21 ցմահ ազատազրկվածներից, ովքեր արարքը կատարելու պահին եղել են 18-21 տարեկան (Մանուկը արարքը կատարելու պահին եղել է 20 տարեկան, այժմ 24 տարեկան է-հեղ.):
21 ցմահականներից 8-ը, այդ թվում և Մանուկ Սահակյանը մեղադրվել են մեկ անձի սպանության մեղադրանքով (երկու և ավելի անձանց սպանությունը գրեթե բոլոր երկրների օրեսդրություններում համարվում է ծանրացուցիչ հանգամանք): 21 ցմահականներից 14-ը նախկին շարքային զինվորներ են, նրանցից շատերը պատիժ են կրում դեռ 1990-ականներից: Մանուկը շարքային զինվոր չի եղել, սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսում: 2009 թ-ին մեղադրվել է առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ՝ տաքսու վարորդի կամխամտածված, շահադիտական սպանության մեղադրանքով: Մեկ տարի անց դատապարտվել է ցմահ ազատազրկման, նախկինում դատված չի եղել: Դատարանում ընդունել է իր մեղքը: 4 տարի է պատիժը կրում է «Նուբարաշենի» բանտում:
Մանուկ Սահակյանն ու իր ընտանիքը չեն բարձրաձայնում դատական հնարավոր սխալների մասին: Նրանք պարզապես գտնում են, որ չափազանց խիստ պատիժ է սահմանվել դատարանի կողմից՝ հաշվի առնելով երիտասարդ տարիքը, նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը, ուսումնառությունը բուհում, դատապարտյալի դրական բնութագիրը, մեկ անձի սպանության մեղադրանքը, մի խոսքով՝ մեղմացուցիչ հանգամանքները:
«Հետքի» հետ զրույցում Մանուկի մայրը՝ Ծովինար Հովհաննիսյանը նշեց, որ որևէ վերականգնողական աշխատանք չկա, տղաները փակ դռների հետևում են՝ չհաշված 1 ժամանոց զբոսանքը.
«Մենք իրեն հանդիպում ենք տարեկան մեկ անգամ՝ 3 օրով և 3 անգամ՝ 1-ական ժամով, այն էլ տեսնում ենք ապակիներից այն կողմ: Այդպես է կարգը: Սարսափելի է, երբ հարազատից են անգամ մեկուսացնում մարդուն: Այս չորս տարիներին ես էլ, կարծես, բանտված լինեմ, աշխատում եմ բացառապես Մանուկի համար, որ ապահովեմ նրա մտքի ու մարմնի առողջությունը: Տարել ենք շատ գրքեր, խորացնում է անգլերենի գիտելիքները, իտալերենի ինքնուսույցներով իր ցանկությամբ փորձում է իտալերեն սովորել: Շատ է ուզում ավարտել ուսումը բուհում, բայց ԿԳՆ-ից պատասխանել էին, որ ՀՀ պետական բուհերում հեռահար ուսուցում չկա: Միգուցե հեռակա փորձենք, ինչպես երեք ցմահ բանտարկյալներն են սովորում՝ Արսեն Արծրունին, Մհեր Ենոքյանը ու նախկին զինվոր տղան» (խոսքը՝ Գեորգի Խանամիրյանի մասին է, ով ցմահ է դատապարտվել 19 տարեկանում՝ ծառայակցին սպանելու մեղադրանքով: Ի դեպ, նույն այս գործով ցմահ են դատապարտվել երկու շարքային զինվորներ - հեղ.)
Երիտասարդների արդարադատություն
Եթե Մանուկ Սահակյանը և մյուս 20 ցմահ դատապարյալներն, ովքեր արարքը կատարելու պահին եղել են մինչև 21 տարեկան, դատապարտվեին, օրինակ, Ավստրիայում, Շվեդիայում կամ Բոսնիայում, ապա նրանց հանդեպ չէր կիրառվի պատժի առավելագույն չափ ցմահ բանտարկությունը, այլ կնշանակվեր տարիների տեսքով ամենաբարձր պատիժը, քանի որ նրանք տեղավորվում են երիտասարդների տարիքային խմբում: Եվրոպական մի շարք երկրների օրենսդրություններում տարանջատված են երիտասարդները, ովքեր ներառված են 18-21, որոշ դեպքերում նաև` 21-24 տարիքային խմբերում: Հիմնականում 18-21 տարիքային խմբում օրենսդրությամբ սահմանափակվում է դատարանների կողմից պատժի առավելագույն չափի նշանակումը: Երիտասարդների արդարադատությունը վերականգնողական արդարադատության բաղադրիչներից մեկն է: Այն հայաստանյան քրեական օրենսդրության մեջ երբևէ սահմանված չի եղել: Մեր օրենսդրությամբ սահմանված է պարզապես անչափահասների ու չափահասների արդարադատություն:
Ո՞ր տարիքից կարելի է նշանակել պատժի առավելագույն չափը
Պետությունների մեծամասնությունը օրենսդրորեն ամրագրել է 18 տարեկանը, այդ թվում և` մեր պետությունը: Սակայն կան երկրներ, որտեղ պատժի առավելագույն չափը կարող է նշանակվել 18 տարեկանից ցածր անձանց հանդեպ, ինչպես Անգլիայում, բայց և 18-ից բարձրերի հանդեպ, ինչպես Ավստրիայում, Շվեդիայում, Բոսնիայում:
Բոսնիայից Սարաևոյի համալսարանի պրոֆեսոր, քրեական իրավունքի մասնագետ Գորան Շիմիչը մեզ հետ զրույցում ասում է. «Իմ երկրում նախ անձին չեն կարող դատապարտել պատժի առավելագույն չափի, եթե արարքը կատարելու պահին լրացած չի եղել նրա 21 տարին: Բացի այդ, երկարատև՝ 45 տարվա ազատազրկման են դատապարտում (ցմահ հասկացություն չկա) միայն պատերազմի հանցագործներին ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով; Սա է պատճառը, որ անգամ 45 տարվա ազատազրկման դատապարտված ընդամենը 2 մարդ կա Բոսնիայում»:
Բուլղարիայից փորձագետ, սոցիոլոգ, իրավապաշտպան Կրասիմիր Կանևն էլ նշում է, որ թեպետ Բուլղարիայում օրենսդրորեն տարբերակված չեն երիտասարդները, այդուհանդերձ չգրված օրենք կա` նրանց չդատապարտել պատժի առավելագույն չափի: «Իմ երկրում ցմահ դատապարտյալների միջին տարիքը 30 և բարձր է»:
Ֆիննլանդիայում, եթե անձի տարիքը հանցանք կատարելու պահին 21-ը լրացած չի եղել, ապա նա 10 տարի անց կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: Գերմանիայում գործում է հատուկ մասնագիտական հանձնաժողով:
Ինչպե՞ս վերականգնել օրինախախտ երիտասարդներին
Բորստալյան բանտն Անգլիայում հարյուրամյա պատմություն ունի: Սկսել է գործունությունը 1902 թ-ին, երբ բանտապետ Ռեգլս Բրայսն առաջին անգամ մշակեց և կիրառեց 16-21 տարեկան օրինախախտների համար հատուկ վերականգնողական ծրագրեր: Հենքային տեղում աշխատելու հմտությունն էր:
Բրիտանացի փորձագետ Քեթրին Էփելթոնը Լիդսի համալսարանի դասախոս է, քրեական իրավունքի մասնագետ, Օքսֆորդի համալսարանում տասը տարի զբաղվել է դոկտորական ատենախոսությամբ: Առանձին գրքով հրատարակել է «Կյանքը` ցմահ ազատազրկումից հետո» աշխատությունը: «Անգլիայում մենք ցմահ բանտարկության հատուկ համակարգ ունենք, նրանց տեղավորում են երկրորդ կատեգորիայի բանտում: Բանտային համակարգը քառաստիճան է՝ A-D: Ցմահները պիտի անցնեն այդ համակարգով`սկսելով երկրորդից, միայն առանձին դեպքերում, եթե շատ վտանգավոր են, առաջին կատեգորիայից: Որոշ ժամանակ անց կարող են հասնել մինչև չորրորդ կատեգորիա, որն անվանում ենք առանց պատերի բանտ: Այստեղ նրանք կարող են մնալ իրենց հարազատների հետ: Անգլիայում ցմահ ազատազրկվածներն ունեն համակարգիչներ, սահմանափակ մուտք կարող են ունենալ համացանց: Կարող են մասնակցել բարձրագույն տեխնոլոգիաների դասերի: Նրանք կարող են որոշ ցածր ռոճիկով տարբեր աշխատանքներ կատարել: Ի դեպ, ցմահ դատապարտյալները հաճախ շատ ավելի հանդարտ են, քան նրանք, որոնք պարբերաբար բանտարկվում և ազատվում են: Այցերը խրախուսվում են, դա նպաստում է բանտարկյալի հետագա ներգրավմանը»:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը արձանագրում է, որ հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում անձի ուղղման մասին խոսելն անիմաստ է: «Դատավորը խփեց մուրճը, այդ մարդուն տանում ենք բանտ ու մոռանում նրա մասին առնվազն 15 տարի: Պատկերացրեք՝ 18 տարեկան մարդը, որը իր գիտակցական կյանքը դեռ շատ քիչ է ապրել, ընկնում է մի միջավայր, որտեղ, ասենք, 7 տարի ապրելուց հետո, սկսում է ապրել բանտի կանոններով, հետո էլ այդ կանոններով վերադառնում է սոցիում: Քչերին է հաջողվում հակառակը՝ պինդ մնալ, զարգացնել միտքը, պահել ապրելու մոտիվացիան: Հոգեբանները շատ քիչ են մեր ՔԿՀ-ներում: Ենթադրենք մեկ հոգեբանը օրական 3 ցմահ դատապարտյալի լսեց, նշանակում է, որ նրանց կարող է լսել միայն տարի անց: Սա հոգեբանություն չեղավ արդեն: Ու հետո՝ հոգեբանը պիտի կարողանա համակարգում մի բան փոխել, պիտի նրա խոսքը լսելի լինի: Մեզ մոտ, ցավոք, այդպես չէ»:
Ողջ «Նուբարաշենի» բանտում, որտեղ 100-ից ավելի ցմահ դատապարտյալ է պահվում, աշխատում է ընդամենը 1 հոգեբան, ով ֆիզիկապես անգամ չի կարող հասցնել լսել դատապարտյալներին: Համեմատության համար նշենք, որ Լատվիայում ամեն 25 դատապարտյալի հետ աշխատում է 1 հոգեբան, կան ուսուցիչներ ու այդ ամենը նրանք դեռ բավարար չեն համարում: Իսկ երբ երիտասարդ տարիքում է անձը դատապարտվում պատժի առավելագույն չափի, այն էլ առաջին դատվածությամբ, ավելանում են նրան` որպես քաղաքացի ուղղելու ռիսկերը:
Թեմայի մասին երկար ժամանակ բարձրաձայնելուց, առաջարկություններ ներկայացնելուց հետո ստացա արձագանք. քրեական նոր օրենսգրքի հայեցակարգում արձանագրվել է երիտասարդների արդարադատությանը վերաբերող դրույթ, ըստ որի` երիտասարդներին պատժի առավելագույն չափի դատապարտելը նպատակահարմար չէ: «Հետքի» հարցին, թե ինչպես կարելի է բնորոշել մշակվելիք նոր օրենսգիրքը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանն ասաց՝ այլընտրանքային պատիժներ, վերականգնողական արդարադատություն: 2016-ին արդեն կունենանք նոր քրեական օրենսգիրք՝ նոր քաղաքականությամբ:
Իսկ մինչ այդ Մանուկն ու իր բախտակիցները ստիպված են ապրել փակ ռեժիմային գոտում՝ առանց ռեժիմների փոփոխման (22 տարում 1 անգամ է կիրառվել-հեղ.), պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, խրախուսանքների մեթոդի, համաներումների ու ներումների, տարբերակված մոտեցումների կիրառման հույսի: Նշածս բոլոր կետերը կան միայն թղթի վրա:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել