Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, չվճարած հարկերն ու թաքցրած եկամուտները
Ռուբեն Վարդանյան
Քրիստինե Աղալարյան
Էդիկ Բաղդասարյան
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը միայն Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սեփականության կամ օգտագործման իրավունքով 35 անուն անշարժ գույք ունի: Դրանք հողամասեր են, շենք-շինություններ՝ առանձնատներ, գործարաններ, բենզա եւ գազալցակայաններ, հանգստյան գոտիներ, ռեստորան, շոգեբաղնիք, ձիարշավարան, տասնյակ հեկտարներով խաղողի եւ ծիրանի այգիներ, ջերմոցային տնտեսություններ, շուկա, անասնագոմեր, խոտհարքներ, ցորենի դաշտեր եւ այլն:
Գեներալը հարկերը չի վճարում
Սա միայն իր անունով գրանցված գույքն է, մոտ այդքան անշարժ գույք էլ պատգամավորն այլ անձանց անուններով է գրանցել:
«Հետքը» հարցում էր ուղարկել Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանին: Վերջինիս տրամադրած տեղեկանքների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանը մեծամասամբ չի վճարում իր օգտագործած հողի կամ գույքահարկի գումարները եւ 2008թ.-ից սկսած` ապառքներ, տույժ-տուգանքներ է կուտակել: Չի վճարում նաեւ տեղական տուրքերը:
Անասնագոմը | Շոգեբաղնիքը |
Դեռեւս 2013թ. Արշալույսի համայնքապետարանը տարբեր գրություններով տեղեկացրել է Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին, որ իրենց կողմից շահագործվող բենզալցակայանում վաճառվող հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար տարեկան պետք է վճարեն 200.000 դրամ տեղական տուրք, իսկ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ: Ինչպես տեղեկացրեց Զարզանդ Գրիգորյանը, «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն շարունակում է չվճարել տուրքերը: Հիշեցնենք, որ վերջերս Արշալույսի համայնքապետարանը դատական կարգով է կարողացել «Արա եւ Այծեմնիկ» ընկերությունից բռնագանձել որոշ հարկեր: |
Գազալցակայանը | Բենզալցակայանը |
«Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն նաեւ շինարարական գործունեությամբ է զբաղվում: Այս ընկերությունն է հիմնականում պետական բյուջեի միջոցներով վերանորոգում Էջմիածնի եւ հարակից գյուղերի դպրոցները:
Հուլիսի 4-ին Արմավիրի մարզպետարանը պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման երկու պայմանագիր է կնքել «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի հետ: Դրանցից մեկը վերաբերում է Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցի վերանորոգմանը՝ 47 միլիոն 780 հազար դրամ ընդհանուր արժեքով, մյուսը՝ մարզի Գեղակերտ համայնքի լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներին՝ 31 միլիոն 880 հազար դրամ արժեքով:
Պաշտոնաթող գեներալի ընկերությունների հարկերի չափը մեծ չէ, ինչը կարող է զարմանք առաջացնել: Մասնավորապես, «Կուարլինի» ՍՊԸ-ն, որը հայտնի է ասֆալտի արտադրությամբ, տեղական բյուջե տարեկան վճարում է ընդամենը 5026 դրամ, «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն՝ 204 հազար դրամ, «Արփենիկ» գինու, կոնյակի գործարան ՍՊԸ-ն՝ 65.924 դրամ եւ այլն:
«Արփենիկ» գինու և կոնյակի գործարանը |
Մանվել Գրիգորյանն իր ունեցվածքը կուտակել է դեռեւս 1990-ականների սկզբներին: Այժմ նրան է պատկանում Արշալույս գյուղի նախկին կենցաղի տունը, փոստային բաժանմունքի շենքը: Նախկին ամբուլատորիայի շենքը, որը եւս Մանվել Գրիգորյանինն է, այժմ դարձել է Արշալույսում «Արա եւ Այծեմնիկի» գրասենյակը, իսկ մանկապարտեզը սեփականաշնորհել եւ քանդել է՝ օգտագործելով միայն հողատարածքը: Արշալույսն այժմ մանկապարտեզ չունի:
Մանկապարտեզի տարածքը | «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի գրասենյակը |
Արշալույսի նախկին համայնքապետ Գրիգոր Գրիգորյանը ջեռուցում չլինելու պատճառաբանությամբ 2006թ. նոյեմբերի 1-ից մինչեւ մայիսի 1-ը ժամանակավորապես դադարեցրել է մանկապարտեզի գործունեությունը, սակայն 2006թ. հոկտեմբերին տարածքը, որպես բնակավայրի հող, 624 հազար դրամով աճուրդային կարգով վաճառել է Մանվել Գրիգորյանին:
Աճուրդի կազմակերպիչներն այնքան տնավարի են անցկացրել աճուրդը, որ ո́չ աճուրդին մասնակցելու հայտի, ո́չ էլ հողամասը աճուրդով վաճառելու մասին արձանագրություններում Մանվել Գրիգորյանի ստորագրությունը չկա:
Այղր լճի տերը
Լճի «հսկիչը» |
Այժմ Մանվել Գրիգորյանը տնօրինում է նաեւ Արշալույս գյուղում գտնվող Այղր լճի (Ակնա լիճ) մի հատվածը եւ այն դարձրել հանգստյան գոտի: Մեր այցելության պահին մի կին հսկում էր լճի տարածքը եւ նույնիսկ թույլ չէր տալիս լուսանկարել գեներալին պատկանող տարածքը: «Տերերն ինձ ասել են` թույլ չտաս, որ նկարեն, մի նկարեք»,-ասում էր կինը, ով ներկայացավ տարածքը հսկող աշխատակից: Ճշտող հարցին, թե ովքեր են տերերը, պատասխանեց. «Գեներալ Մանվելը»: Նա շարունակում էր «սպառնալ», թե դադարեցրեք լուսանկարներ անել, հակառակ դեպքում կզանգահարի «տերերին»:
Արշալույսի համայնքապետարանից ասացին, որ համայնքում կան տարածքներ, որոնք տիրապետում են անհայտ անձինք, սակայն չեն կարողանում գտնել նրանց եւ բերել օրինական դաշտ: Ըստ Զարզանդ Գրիգորյանի` համայնքի կադաստրային քարտեզում առկա են հողի նպատակային նշանակության, ինչպես նաեւ ամրակայված շինությունների անճշտություններ: Օրինակ՝ Ակնա լճի շրջակա տարածքները զբաղեցված են հանգստյան գոտիներով, բնակելի տներով եւ այլ օբյեկտներով, որոնք քարտեզում արտահայտված չեն եւ այլն:
Համայնքապետը դեռեւս 2013թ. օգոստոսի 20-ին գրություն է ուղարկել կադաստրի պետական կոմիտեի արդեն նախկին նախագահ Երվանդ Զախարյանին` խնդրելով աջակցել ինքնակամ զբաղեցրած հողամասերի եւ ապօրինի շենք-շինությունների հաշվառմանը եւ գնահատմանը, կատարել հաշվառում եւ գնահատում ամբողջ տարածքի վրա՝ նշելով բոլոր շենք-շինությունները եւ հողամասերն ըստ նպատակային եւ գործառնական նշանակության եւ այլն: Համայնքապետի գրությունը մինչ օրս մնացել է անպատասխան: Պարզ է, որ կադաստրից տեղեկացել են, թե ում են պատկանում համայնքապետի կողմից մատնանշված տարածքները եւ չեն ցանկանում Մանվել Գրիգորյանի հետ խնդիրներ ունենալ:
«Արգելանոցը» |
Արմավիրի Մարզի Ակնալճից Զարթոնք համայնք տանող ճանապարհի ձախ կողմում «Արգելանոց» գրությամբ ցուցանակ է տեղադրված: Զարթոնքի բնակիչներն ասում են, որ տարածքը նույնպես վերցրել է գեներալ Մանվել Գրիգորյանը և թույլ չի տալիս, որ իրենց անասուններն արածեն այնտեղ: Մինչդեռ նախկինում իրենք այդ տարածքը որպես արոտավայր են օգտագործել:
«Արգելանոց» գրությամբ տարածքը Տարոնիկի վարչական տարածքում է: Ինչպես «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել են Տարոնիկի համայնքապետարանից, այն զբաղեցնում է «Ակնալիճի կուղբաբուծական տնտեսությունը»: Նախկինում պետական այս ձեռնարկությունն այժմ գեներալ Գրիգորյանինն է:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության 2012թ. ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկում ընդգրկվել էր «Ակնալիճի կուղբաբուծական տնտեսությունը»: Կուղբաբուծական տնտեսությունն ընդգրկված է նաև 2014թ. ստուգվող կազմակերպությունների ցանկում:
Գրավոր դիմեցինք ՀՀ ԲՆ՝ խնդրելով հայտնել, թե 2012թ. ստուգումների ընթացքում տեսչության աշխատակիցներն ինչ խախտումներ են արձանագրել կուղբաբուծական տնտեսությունում: Արդյոք արդեն կատարվե՞լ են ստուգումներ այս տարի: Եթե այո, խնդրել էինք տրամադրել ստուգման արդյունքների պատճենները: Պարզվում է՝ ստուգումներ չեն անցկացվել: Գեներալն այստեղ էլ արտոնյալ է:
Նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Էդգար Փիրումյանը պատասխանել է, որ չնայած տնտեսությունն ընդգրկված է եղել տեսչական ստուգումների ցանկում, սակայն «ստուգում դեռևս չի իրականացվել, քանի որ համաձայն «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի՝ պլանավորումը դեռևս պարտադիր կատարման ենթակա դրույթ չէ, և առաջնահերթ ստուգումներն իրականացվում են շրջակա միջավայրի համար բարձր ռիսկայնության տնտեսվարող օբյեկտներում»:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առանձնատունը |
Մանվել Գրիգորյանն ու նրա մերձավորները բիզնեսներ, թանկարժեք առանձնատներ ունեն ոչ միայն Արշալույսում: Օրինակ՝ Էջմիածին քաղաքի վերջնամասում երկհարկանի շքեղ առանձնատուն է կառուցում Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Մյուս որդին՝ Արման Գրիգորյանը, փող է աշխատում Էջմիածին-Երեւան մասնավոր տաքսիներից: Նա է հսկում այդ «երթուղին» եւ գծում աշխատող շուրջ 50 տաքսիներից ամեն օր 5-7 հազար դրամ «նալոգ» հավաքում:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ապա նա էլ անմասն չէ այս ամենից: Նրան են պատկանում քաղաքի շուկան, հագուստի վաճառքի տոնավաճառը, խանութներ, տարածքներ, որոնք վարձակալությամբ է տրամադրել:
Թե հատկապես որ ընկերությունն է շահագործում շուկան, ու որքան գույքահարկ է վճարում Էջմիածնի քաղաքապետարանին, կամ՝ վճարու՞մ է ընդհանրապես, թե՞ ոչ, հայտնի չէ, քանի որ քաղաքապետարանը այս մասին մեր գրավոր հարցմանը չի պատասխանել: Չի պատասխանել նաև տաքսիները սպասարկող ընկերության և դրա գույքահարկի մասին հարցերին: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի աշխատակիցը մեզ խորհուրդ տվեց ուրիշ ճանապարհներով ճշտել, թե ով է շահագործում շուկան: «Քանի որ դա մասնավոր սեփականություն է, մենք իրավունք չունենք անուններ տալ»,- այսպես մեկնաբանեց նա: Գեներալը Էջմիածնում նաեւ շքեղ առանձնատուն ունի, որտեղ վագրեր է պահում: |
Գեներալի տան «պահապանը» Լուսանկարը՝ Klaus Sparwasser-ի |
Մանվել Գրիգորյանը թաքցնում է եկամուտները
Սակայն, սա ամենը չ: Մանվել Գրիգորյանը որպես պատգամավորության թեկնածու հայտարարագրել էր իր ունեցվածքը: Պաշտոնը ստանձնելու՝ 2012թ. մայիսի 31-ի դրությամբ Մ. Գրիգորյանն ուներ երկու հողամաս Արշալույս գյուղում՝ 7.35 եւ 3,58 հա մակերեսով, արտադրական նշանակության շինություն՝ 17,1 հա, երկու բնակելի տուն Էջմիածին քաղաքում եւ Արշալույս գյուղում՝ 995,6 եւ 427,3քմ մակերեսով:
Պատգամավորն ունեցել է նաեւ FORD ECONOLINE E-150, GAZ 21R, GAZ 14 CHAYKA, GAZ 13 CHAYKA, PEUGEOT 405, GAZ M-20, GAZ 21U, GAZ 69, GAZ 12 մակնիշի ավտոմեքենաներ:
Մ. Գրիգորյանը բաժնեմաս կամ ներդրում ունի թվով չորս ընկերություններում: Նա մեկ տարվա կտրվածքով որպես շահաբաժին 105 միլիոն 800 հազար դրամի եկամուտ ստացել է միայն «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ից, 40 միլիոն դրամ` «Կուարլինի» ՍՊԸ-ից, որտեղ պատգամավորը 100% սեփականատեր է:
Ասֆալտի գործարանը |
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Մ. Գրիգորյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ուներ 108 մլն 800 հազար դրամ, 45 հազար դոլար եւ 45 հազար եվրո:
Մանվել Գրիգորյանը եւ նրա հետ փոխկապակցված անձինք չեն ներկայացրել 2013թ. գույքի ու եկամուտների հայտարարագրերը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրեցին, որ օրենքով սահմանված պարտականության կատարման անհրաժեշտության մասին լրացուցիչ տեղեկացրել են այն պաշտոնատար անձանց, որոնք չեն ներկայացրել 2013 թվականի տարեկան հայտարարագիր:
Արդեն մեկ ամսից ավել է, ինչ էթիկայի հանձնաժողովը պարզաբանում է տվել մեզ: Մինչ օրս պաշտոնաթող գեներալ պատգամավորը չի ներկայացրել հայտարարագիր:
Այս ամենի հետ մեկտեղ Մանվել Գրիգորյանը վատ «սովորություն» ունի: Էջմիածնում բոլորը գիտեն, որ իր ավտոշարասյան դիմաց հայտնվող կամ իր տնից դուրս եկող ճանապարհի եզրերին կայանող ավտոմեքենայի անվադողերը «կնստեն»: Մի քանի ամիս առաջ Մ. Գրիգորյանի թիկնապահներն ավտոմեքենայից իջնում եւ պատռում էին անվադողերը, այժմ ավելի մեղմ վերաբերմունք են ցուցաբերում` ընդամենը օդն են իջեցնում: Այս ամենը «վրիպում» է իրավապահ մարմինների, այդ թվում` պետավտոտեսչության աշխատակիցների աչքերից: Վերջիններս նույնպես խուսափում են հայտնվել գեներալ Գրիգորյանի ճանապարհին. հավանաբար չեն ցանկանում «անզորի» տպավորություն թողնել, երբ գեներալի թիկնապահները քաղաքացիների ավտոմեքենաների անվադողերն են իջեցնում, իսկ իրենք դեմն առնել չեն կարողանում:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել