
Սողոմոն Քոչարյանի գործով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
1995թ. մահապատժի դատպարտված (2003-ից՝ ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում) Սողոմոն Քոչարյանի գործով տեղաշարժ կա:
Այս մասին «Հետքին» հայտնեց փաստաբանների պալատի անդամ, Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը (Հայաստանի հելսինկյան կոմիտե):
Փաստաբանը տեղեկացրեց, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել է գրություն, ըստ որի` իր կողմից գլխավոր դատախազությանը Սողոմոն Քոչարյանի գործով ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղղվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
«Հետքը» դիմեց ՀՔԾ՝ հարցմամբ, թե ինչ գործողություններ է նախաձեռնել Հատուկ քննչական ծառայությունը Սողոմոն Քոչարյանի գործով ներկայացված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ: Մեզ պատասխանեց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը՝ հայտնելով հետևյալը. ««Հետք» ինտերնետային թերթի հրապարակումների հիման վրա ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռևազյանի ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումը վերահասցեագրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ դիմումի հիման վրա նախապատրաստվում են նյութեր»:
Հիշեցնենք, որ փաստաբանը հանցագործության մասին հաղորդման հիմքում դրել է «Հետքի»՝ այս տարվա մայիսի 6-ի «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» հոդվածը, որտեղ մեջբերված է 1995թ. մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի խոսքը:
Մասնավորապես՝ դատախազը 20 տարի անց բացահայտել է, որ Սողոմոն Քոչարյանին մահապատժի դատապարտելու պահանջը թելադրված է եղել Իրանի դեսպանի կողմից, իսկ ինքն անձամբ դեմ է եղել մահապատժի դատավճռին: Ժիրայր Խառատյանը բացահայտել է, որ ԻԻՀ դեսպանը հակառակ դեպքում սպառնացել է քաղաքական սկանդալ բարձրացնել:
Ըստ փաստաբանի` մեղադրող դատախազի գործունեության նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, այսինքն՝ կատարվել է արդարադատության դեմ ուղղված հանցագործություն` նախատեսված քրեական օրենսգրքի 332 հոդվածով (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը):
Բացի դրանից, դարձյալ Սողոմոն Քոչարյանի գործի շրջանակներում փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մոտ օրերս Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կվիճարկի վերադաս դատախազի մերժումը՝ նոր երևան եկած հանգամանքներով 19 տարի անց վարույթ նորոգելու մասին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել