HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալները ահազանգում են. կա հոդվածային խտրականություն

Ըստ վիճակագրության, եթե 2006 թ.-ին քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովները պայմանական ազատման համար անկախ հանձնաժողովներին են ներկայացրել այդ իրավունքը ունեցող դատապարտյալների 85 տոկոսին, ապա 2013 թ.-ին՝ միայն 18 տոկոսին: Բնականաբար, նվազել է նաև ՀՀ նախագահի 2006 թ.-ի հրամանագրով ստեղծված անկախ հանձնաժողովների կողմից պայմանական ազատություն վերադարձողների թիվը: Իրավապաշտպանները, դատապարտյալները բարձրաձայնում են տաբուի տակ գտնվող ՔՕ հոդվածների մասին, որոնցով առհասարակ չի կիրառվում պայմանական վաղաժամկետ ազատում: Հետևանքն այն է, որ դատապարտյալները հիմնականում պատիժը կրում են մինչև վերջ: Մինչ պետական գերատեսչություններում, հասարակական կազմակերպություններում փնտրում են պայմանական ազատման նոր մոդել, ՔԿՀ-ներում դատապարտյալները շարունակում են բարձրաձայնել պայմանական ազատման մերժումների մասին:

«Հետքը» պարբերաբար նամակներ է ստանում դատապարտյալներից, ովքեր բարձրացնում են իրենց պայմանական ազատման խոչընդոտների մասին: Այս անգամ մեզ գրել են «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներ Հարություն Նենեջյանն ու Ռուբեն Ամատունին:

Դատապարտյալ Հարություն Նենեջյանը գրում է, որ 7 անգամ մերժվել է պայմանական ազատման իր իրավունքից: Նա դիմել է դատարան՝ հույս ունենալով, որ դատարանը այս անգամ գոնե կկայացնի արդարացի որոշում: Դատապարտյալի խնամքին են գտնվում հիվանդ մայրը, 4 երեխա, որոնք հոր պատժի կրման ընթացքում դարձել են չափահաս, ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում: Իր բացակայության ժամանակ ընտանիքը գոյատևել ու գոյատևում է ընկերների ու ազգականների օգնության շնորհիվ: Հարություն Նենեջյանը հեռուստատեսությամբ լսել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքը, ով խոսել է անարդար դատավարությունների ու պայմանական վաղաժամկետ ազատման խոչընդոտների մասին: Նա դիմում է մարդկանց, որպեսզի հետևողականություն ցուցաբերեն, ու, ի վերջո, լուծում գտնի այս հարցը:

«Հարգելի Նաիրա Զոհրաբյան, Դուք լիովին արդարացի եք, քանի որ ՀՀ նախագահի հրամանագրով գործող անկախ հանձնաժողովը, առանց որևէ չափանիշների և պատճառաբանությունների, ինչ-որ գաղտնի քվերակությամբ իրականացնում է մասսայական մերժումներ: Վերջիններիս կողմից կիրառվում է հոդվածային ու պատժաչափային խտրականություն: Իսկ ՔԿՀ-ները ստիպված են լինում հնարել գոյություն չունեցող պատճառաբանություններ մեզ՝ դատապարտյալներիս, բացասական բնութագրելու և մերժելու որոշում կայացնելու համար»,- գրում է դատապարտյալն իր նամակում:

Մեկ այլ դատապարտյալ՝ Ռուբեն Ամատունին, տեղեկացնում է, որ թեպետ դատական կարգով վիճարկել է ՔԿՀ վարչական հանձնաժողովի մերժման որոշումը, և հանձնաժողովը ներկայացրել է իրեն անկախ հանձնաժողովին ազատման համար, այդուհանդերձ անկախ հանձնաժողովից ստացել է մերժում: Վերջերս նա մերժումը բողոքարկել է դատարանում (անկախ հանձնաժողովի որոշումները կարելի է բողոքարկել միայն այն դեպքում, երբ առկա են ընթացակարգային խախտումներ): Սակայն ստացել է մերժում: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Մնոյանի նախագահությամբ, գտել է, որ անկախ հանձնաժողովը չի խախտել ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված կարգը:  

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը դատապարտյալ Ռուբեն Ամատունին բողոքարկել է վերաքննիչ դատարանում: Նա խնդրում է բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ու իրեն հնարավորություն տալ պատժից պայմանական ազատվել:

Դատապարտյալ Ռուբեն Ամատունին բաց նամակ է գրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նշելով, որ իրեն զգում է գերու կարգավիճակում իր իսկ հայրենի հողում: Դատապարտյալը շարադրել է պայմանական ազատման իր իրավունքի կիրառման համար բողոքարկումների անցած ճանապարհը:

«Անկախ հանձնաժողովը, որը ստեղծվել է Քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա, իրականացնում է հակակոռուպցիոն վերահսկողական լիազորություն բացառապես ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովների նկատմամբ և պարտավոր է կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը, որով հաստատված է իմ՝ ուղղված լինելու հանգամանքը»,- նշված է դատապարտյալ Ամատունու բաց նամակում:

Ռուբեն Ամատունին խնդրում է գլխավոր դատախազից հանձնարարել ստուգել անկախ հանձնաժողովի կողմից իր վերաբերյալ կայացված 23.07.2014 թ. մերժման որոշման օրինականությունը:

Թե՛ պետական մարմինները, թե՛ հանրային սեկտորը, թե՛ դատապարտյալները միակարծիք են մեկ հարցում, որ նախագահի հրամանագրով գործող անկախ հանձնաժողովները չունեն մարդկանց պայմանականորեն ազատություն վերադարձնելու չափորոշիչներ:

Եթե տարիների տեսքով ազատազրկման դեպքում պայմանական ազատումը թեկուզ քիչ, բայց կիրառվում է, այլ է պատկերը ցմահ ազատազրկման պարագայում: Թեպետ ցմահ դատապարտյալներն, ըստ օրենքի, պատիժը կրելուց 20 տարի անց ունեն պայմանական ազատման իրավունք, այդուհանդերձ մոտ 10 ցմահ դատապարտյալ հատել է պայմանական ազատման իրավունքի 20 տարվա շեմը, սակայն որևէ մեկը պայմանական վաղաժամկետ ազատություն չի վերադարձել: Այդ մասին բարձրաձայնել է 22 տարի անազատության մեջ գտնվող ցմահ բանտարկյալ Վահագն Մարուքյանը, ով բազմաթիվ հիվանդություններ է ձեռքբերել բանտում, 2-րդ կարգի հաշմանդամ է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter