
«Ի՞նչ աշխատանք եք տարել իմ հետ 20 տարի ու ի՞նչ պիտի դեռ անեմ, որ համարեք ուղղված»
Պայմանական վաղաժամկետ ազատման օրենսդրական կարգավորումները թեպետ կան, սակայն դրանք դժվարությամբ են կյանքի կոչվում: «Հետքի» հետ բոլոր զրույցներում դատապարտյալներն առավել հաճախ ահազանգում են պայմանական ազատման գրեթե անհնար լինելու մասին: Պատճառն, ըստ նրանց հասած լուրերի, այն է, որ գրված օրենքներից վեր են դասվում չգրված օրենքները: Մասնավորապես՝ նրանց ասում են, որ նախագահական ապարատից չունեն հրահանգ:
Եվ եթե տարիների տեսքով պատիժ կրողների նկատմամբ քիչ տոկոսով, այդուհանդերձ կիրառվում է պայմանական վաղաժամկետ ազատումը (հատկապես, եթե դատապարտյալն ունի իշխանական հովանավորչություն), ապա նույնը չի կարելի ասել ցմահ դատապարտվածների մասին:
Ցմահ դատապարտյալների նկատմամբ մինչ օրս չի կիրառվել պայմանական վաղաժամկետ ազատումը (մոտ 10 ցմահ դատապարտյալ հատել է պայմանական ազատման 20 տարվա պատժի շեմը, սակայն նրանցից և ոչ մեկը պայմանականորեն ազատություն չի վերադարձել): Մինչդեռ ըստ քրեական օրենսգրքի հոդված 76-ի կետ 5-ի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին: Վարչական հանձնաժողովները տարբեր պատրվակներով մերժում են դատապարտյալներին ներկայացնել պայմանական ազատման կամ հետաձգում հարցի քննարկումը 1 տարով:
Խախտում չունեցող դատապարտյալին չեն ներկայացնում պայմանական ազատման
20 տարի անազատության մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանը մեկն է նրանցից, ում պայմանական ազատման հարցը հետաձգել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը: 20 տարի պատիժ կրող, խախտումներ, տույժ ու տուգանք չունեցող Ստեփան Գրիգորյանը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում էր հետաձգման որոշումը: Սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը, 3 նիստ լսելով կողմերին, երեկ կայացրեց Ստեփան Գրիգորյանի բողոքը մերժելու մասին որոշում (5 րոպե խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո, դատավորն ընթերցեց որոշման եզրափակիչ մասը):
- Շոկի մեջ եմ, բայց հաստատ դիմելու եմ վերաքննիչ դատարան,-ասաց ցմահ բանտարկյալը, երբ նրան տանում էին բանտի դահլիճից:
Ցմահ դատապարտյալը երեք դատական նիստերի ընթացքում ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական-իրավաբանական բաժնի պետ Հայկ Թովմասյանից փորձում էր պարզել, թե ինչ աշխատանքներ պիտի կատարի, որ համարվի ոչ թե միջին ռիսկայնության, այլ ցածր ռիսկայնության դատապարտյալ, որ իր պայմանական ազատման հարցը քննարկվի: Ավելին՝ բանտարկյալը պահանջում էր դատարանում ներկայացնել այն մատյանները, որտեղ գրառումներ են անում այդ բաժնի աշխատակիցները: Սակայն Հայկ Թովմասյանը պարզաբանեց, որ այդ մատյանները արխիվացվում են որոշ ժամանակ անց, ըստ սահմանված կարգի, ոչնչացվում՝ չմանրամասնելով, թե որքան է դրանց պահպանման ժամկետը, սակայն ամեն տվյալ գրանցվում է դատապարտյալի անձնական գործում ու պահպանվում:
- Դուք անցյալ տարվա մատյանը ցույց տվեք, ոչինչ,-ասաց Ստեփան Գրիգորյանը, սակայն որևէ մատյան չբերվեց դատարան, իսկ ցմահ բանտարկյալը շարունակում էր հարցնել, թե ինչ չափորոշիչների վրա է իր ռիսկայնության աստիճանը գնահատվել:
- 104 ցմահ դատապարտյալներից ձեր ընտրությամբ 10-ին հարցրեք՝ որպես հոգեբան ում են ճանաչում: Առավոտներն ասում են՝ «դիմում տանողին» կամ «զանգելու տանողին» կանչեք: Ի՞նչ աշխատանք եք տարել իմ հետ 20 տարի ու ի՞նչ պիտի դեռ անեմ, որ ինձ համարեք ուղղված,- հարցնում էր Ստեփան Գրիգորյանը:
Պայմանական ազատման ներկայիս մոդելը սպառվել է. համակարծիք են իրավապաշտպանները
Եթե 2006 թ-ին պայմանական վաղաժամկետ ազատ չէր արձակվում այդ իրավունքը ունեցող դատապարտյալների 3-5 տոկոսը միայն, ապա հիմա թվերի տեղերը փոխվել են. այսօր ազատվում են ընդամենը 3-5 տոկոսը: 2013-ին, օրինակ, ընդամենը 26 դատապարտյալ է պայմանական ազատվել:
«Մարդը 100 տոկոսով չպիտի ուղղվի, որպեսզի նրան վերադարձնենք հասարակություն: Նախ չես էլ կարող հասնել դրան, բայց եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ այդպես է, ապա ինչու ենք 100 տոկոսով ուղղված մարդուն պայմանականորե՛ն վերադարձնում հասարակություն: Այսինքն՝ պայմանական ազատման դեպքում, դատապարտյալը դեռ պայմաններ պիտի կատարի ազատության մեջ: Եվ այդ ամենի արդյունքում է նա դառնալու հասարակության լիարժեք անդամ: Համակարգը պիտի ցույց տա, որ հստակ չափորոշիչներով է ազատում, օրինակ, 100 մարդու, այդ ժամանակ նրանցից մեկն էլ թող լինի օլիգարխի տղա: Բայց այսօր հասարակությունը տեսնում է անարդար մոտեցում իր հանդեպ: Բանտից պայմանական չի ազատվում 100 անձ, ազատվում է միայն մեկը, այն էլ՝ օլիգարխի տղա»,- մեզ հետ զրույցում նշել էր «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:
Ինչո՞ւ են գնալով նվազում բանտերից պայմանականորեն ազատվողները: Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, ինչքան քիչ դատապարտյալ լինի, այնքան քիչ գումար՝ բյուջետային ու դատապարտյալներից շորթված:
Մեկնաբանել