HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Կյուրեղյանը չլսեց իր դատավճիռը. նա դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Զարուհի Մեջլումյան

Օդամղիչ ատրճանակով կրակելու համար Հայկ Կյուրեղյանը մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի միանգամից 2 հոդվածներով՝ դատապարտվելով 9 տարվա ազատազրկման: Թեև իր դատավճիռը Կյուրեղյանը չլսեց:

Մինչ դատավճռի հրապարակումը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը Կյուրեղյանին ասաց, որ դատավճռի հրապարակման ժամանակ բոլորը կանգնում են: Հայկ Կյուրեղյանը, սակայն, շարունակեց նստած մնալ: Դատավորը կարգադրեց հեռացնել նրան դահլիճից:

Դատավճռի հրապարակմանը ներկա չէին նաև Կյուրեղյանին սատարողները, անգամ հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Հիշեցնենք, որ վերջին դատական նիստի ժամանակ դատավոր Բեկթաշյանը որոշում էր կայացրել քաղաքացիներին թույլ չտալ ներկա գտնվել նիստին՝ չնշելով կոնկրետ ժամկետ: Դատավորի պատճառաբանությունն այն էր, որ քաղաքացիները խոչընդոտում են դատարանի աշխատանքը:

Այդպիսով՝ Հայկ Կյուրեղյանի գործով դատավճռի հրապարակմանը դահլիճում ներկա էին միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները (ներկա չէր նաև Հանրային պաշտպանի գրասենյակից նշանակված պաշտպան Անժելա Հոբոսյանը): Իսկ դատարանի շենքի դիմաց Հայկի հարազատներն ու նրան սատարողները սպասում էին ու բողոքի ցույց անում: Լրագրողներից տեղեկանալով, որ Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման` քաղաքացիները հեգնանքով ասում էին, որ պետք է շնորհակալ լինեն դատավորից, քանի որ դատախազը պահանջել էր 14 տարվա ազատազրկում:

«Ինչի համար դատապարտել 9 տարվա, երբ մեր փողոցներում շրջում են իրոք խուլիգաններ, իրոք մարդասպաններ»,- ասաց Լաուրա Պետրոսյանը՝ «Արժեքների հեղափոխության» գործով 4,6 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանի մայրը:

Հայկ Կյուրեղյանի հայրը նշեց, որ դեռ տեղյակ չէ՝ արդյոք կբողոքարկեն դատավճիռը Վերաքննիչ դատարանում. «Նման հարցերը Հայկն է որոշում»,- ասաց նա:

Ֆելիքս Հայրապետյանն էլ նշեց, որ նման դատավճիռներով իշխանությունները ցանկանում են պայքարող մյուս քաղաքացիներին լռեցնել, թե տեսեք՝ կարող ենք խիստ պատժի դատապարտել պայքարողներին: Նա տարակուսած է, թե ինչու իրենց որպես վկա չեն ներգրավել այս գործով, քանի որ անցյալ տարի հունիսի 12-ին, ինչպես և այժմ, մի խումբ քաղաքացիների հետ կանգնած են եղել նույն տեղում՝ նույն դատարանի դիմաց, երբ Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր ավտոմեքենայի տանիքին. «Վկայություններ վերցրեցին միայն ոստիկաններից, կարծես մենք ականատես վկաներ չէինք»,- ասաց Ֆելիքս Հայրապետյանը՝ նշելով, որ եթե դատավճռի ընթերցման ժամանակ դահլիճում լիներ, դուրս կգար այն ժամանակ, երբ Հայկ Կյուրեղյանը չկանգնեց, քանի որ, ըստ նրա, այս դատարանը հարգանքի ենթակա չէ:

Հիշեցնենք, որ մասնագիտությամբ ծրագրավորող, 31-ամյա Հայկ Կյուրեղյանը մեկ տարուց ավելի գտնվում է կալանքի տակ: Այսօր նա մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 316 և 258 հոդվածներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն և խուլիգանություն): Դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարի հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս քաղաքացիների գործով դատավարությունից առաջ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի դիմաց կայանված մեքենաներից մեկի վրա, ապա օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել:

Ըստ քրեական գործի` տուժել էին 5 ոստիկաններ, որոնք ստացել էին թեթև մարմնական վնասվածքներ: Իր քայլը Կյուրեղյանը մեկնաբանել էր որպես բողոք` ուղղված քաղաքական դատավարությունների դեմ: Գրեթե ողջ դատական պրոցեսի ընթացքում ամբաստանյալը զրկված էր նիստերին ներկա լինելու իրավունքից` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ (Կյուրեղյանը ոտքի չէր կանգնում նիստերի ժամանակ, ոտքի չկանգնեց նաև այսօր): Նրա կարծիքով, գործ ունենք խաղալիք դատարանների հետ: «Ունենք գրպանի դատարան, ինչ-որ մեկի դատարան, ոչ թե Հայաստանի Հանրապետության դատարան»,- ասել էր Կյուրեղյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։