HY RU EN

Հրանտ Գալստյան

Հայաստանով անցնող (եւ) անհետացող կենդանիները

Մարտի վերջին Տանզանիայում ձերբակալվեց Հոլանդիայի քաղաքացի, Երևանի մերձակայքում գտնվող «Ջամբո» էկզոտիկ այգի-ռեստորանի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը, ով փորձում էր Հայաստան բերել 61 կապիկներ, որոնց համար տրվել էին անօրինական փաստաթղթեր: Օրեր անց Արտյոմ Վարդանյանը հայտարարեց, որ կապիկները գնել է հայաստանցի մեկ այլ գործարար Արթուր Խաչատրյանը 6-7 ամիս առաջ, համապատասխան փաստաթղթերով, և ինքը միայն կազմակերպում էր տեղափոխումը: Տանզանիայի բնական ռեսուրսների և տուրիզմի նախարար Ջումանե Մագեմբեն մինչ այդ հայտնել էր, որ 61 կապիկների որսը կայացել է երկու օրում, և հաջորդող օրերին Տանզանիայի բնությունից բռնվել են ևս 450 կապիկներ: Կենդանիների արտահանման թույլտվություն տվող պաշտոնյային նախարարն ազատել է աշխատանքից: Արտյոմ Վարդանյանը հորդորեց Արթուր Խաչատրյանին՝ հաստատել, որ կենդանիներն իրենն են. Արթուր Խաչատրյանը հաստատեց: Տանզանիայում գործի քննությունը շարունակվում է:

Արտյոմ Վարդանյանին պատկանող «Ջամբո» այգում 2013թ-ին ցուցադրվում էր Միջազգային կարմիր գրքում գրանցված բոնոբո կապիկ, որին անվանում են նաև թզուկ շիմպանզե (գիտական անվանումը՝ Pan paniscus): Արտյոմ Վարդանյանը «Հետք»-ին ասել էր, որ անհետացող այս տեսակին և այգու շիմպանզեներին ձեռք է բերել Արթուր Խաչատրյանից: Վերջինս ասել էր, թե այգում ցուցադրվող կենդանին, մեկ այլ բոնոբոյի հետ, Հայաստան է բերել Գվինեայից: Այս կենդանիները, սակայն, պաշտոնական փաստաթղթերում չեն գրանցվել. Հայաստան են բերվել՝ շրջանցելով մաքսային հսկողությունը: Արթուր Խաչատրյանը «Հետք»-ին հայտնել է, որ երկրորդ բոնոբոն սատկել է Հայաստան տեղափոխվելուց 7-8 օր անց: Մյուսը՝ «Ջամբո»-ում ցուցադրվողը, ըստ Արտյոմ Վարդանյանի, սատկել է 2014թ-ի վերջին:

Այս կենդանիները անօրինական ճանապարհով Հայաստան բերվող միակ նմուշները չեն: 2010թ-ից հետո իրականացված կենդանիների առևտրի մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնականում աֆրիկյան և արաբական երկրներից Հայաստան են բերվում պրիմատների, կատվազգիների, թութակների ու այլ թռչունների բազմաթիվ տեսակներ, որոնց միայն մի փոքր մասն է երևում պաշտոնական փաստաթղթերում, երբ վերարտահանվում է այլ երկիր:

Կենդանիների առևտուրը համարվում է երրորդ ամենամեծ անօրինական առևտրի տեսակը՝ թմրանյութերի ու զենքերի բիզնեսից հետո: Այն կարգավորվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (CITES), որին Հայաստանը միացել է 2009թ-ին: 182 երկրներում գործող այս համաձայնագրի նպատակն է երաշխավորել, որ վայրի կենդանիների և բույսերի նմուշների առևտուրը չի սպառնում նրանց գոյությանը:

Կոնվենցիան ունի երեք հավելվածներ, որոնցից երկուսը հատկապես ուշադրության կենտրոնում են: Առաջին հավելվածում ընդգրկված են անհետացման եզրին գտնվող կենդանիները, որոնց առևտուրը պետք է խստորեն վերահսկվի և «թույլատրվի բացառիկ դեպքերում»: Նման ցանկացած կենդանու առևտրի դեպքում պետք է տրամադրվի ոչ միայն արտահանման, այլև ներմուծման թույլտվություն:

Երկրորդ հավելվածում նվազ վտանգված կենդանիներն են, որոնք կարող են հայտնվել անհետացման եզրին, եթե դրանց առևտուրը խստորեն չկարգավորվի: Ի տարբերություն առաջին խմբում ներառվածների՝ այս կենդանիները ներմուծելիս պետք չէ ունենալ ներմուծման թույլտվություն: Վտանգված կենդանիների ողջ առևտրի 98%-ից ավելին ներառում է հենց այս հավելվածի կենդանիներին:

Կոնվենցիային միանալուն հաջորդող տարիներին Հայաստան է ներմուծվել երկու հավելվածներում ներառված վայրի կենդանիների ավելի մեծ խմբաքանակ, քան արձանագրել է համակարգող մարմինը` Հայաստանի բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալությունը: Մաքսային ծառայության՝ «Հետք»-ին տրամադրած տվյալները, ինչպես նաև կոնվենցիայի առևտրային տվյալների բազան ցույց են տալիս, որ 2010-2015թթ-ին Հայաստան են ներկրվել առնվազն երեք անգամ ավելի շատ կենդանիներ, քան արտահանվել են համակարգող մարմնի տրամադրած թույլտվություններով:

Պրիմատներից, կատվազգիներից, թութակներից ու այլ թռչուններից բացի ներկրվել կամ արտահանվել են նաև կրիաներ, աղվեսներ, կենգուրուներ, արջեր, դելֆիններ, փոկեր, կզաքիսներ, Հայաստանի ԳՆ ՍԱՊՏ անասնաբուժության տեսչության տրամադրած տվյալներով՝ նույնիսկ զեբր, սակայն նրանց առևտուրը մեծ թիվ չի կազմում: Նկատենք, որ ներկրման թվերը շատ ավելի մեծ են, քան ներկայացված են դիագրամում, քանի որ մաքսային ծառայության տրամադրած ցուցակում բազմաթիվ կենդանիների քանակը նշված չէ: Բացի այդ, մաքսային ծառայության փաստաթղթերը ներկայացնում են մինչև 2013, իսկ Կոնվենցիայի տվյալների բազան՝ մինչև 2014թ. իրականացված առևտրի պատկերը, մինչդեռ արտահանման փաստաթղթերը ներկայացնում են նաև 2015թ-ի առևտուրը:

Դիագրամում ներկայացված ընտանիքների բոլոր կենդանատեսակների 98%-ը ներկրվել է Արաբական Միացյալ Էմիրություններից, իսկ 93%-ը արտահանվել է Ռուսաստան: Ընդ որում, վերարտահանման պաշտոնական թույլտվություններում կենդանիների միայն 25%-ի դեպքում է ԱՄԷ-ն ներկայացվում որպես ծագման կամ նախկին արտահանման երկիր:

Կոնվենցիայի առաջին հավելվածից ներմուծման թույլտվություններ են տրամադրվել միայն այն կենդանիների համար, որոնք ներկրվել են կենդանաբանական այգու համար («Z» կոդով): Մինչդեռ առանց թույլտվությունների Հայաստան են ներկրվել նաև նույն հավելվածում ներառված շիմպանզեներ, բոնոբոներ, դիանա կապիկներ, վագրակատուներ, թութակներ և այլ կենդանիներ: Արաբական Միացյալ Էմիրությունները, օրինակ, Կոնվենցիայի համակարգող մարմնին հայտնել է, որ 2010թ-ից ի վեր Հայաստան է արտահանել ամազոն և արա թութակներ, Մոլուկյան կակադու, բազեի տեսակներ, վագրակատուներ, յագուար, հովազներ: Այդ նույն ժամանակահատվածում, սակայն, Հայաստանը ԱՄԷ-ից պաշտոնապես որևէ ներկրում չի հաղորդել: Այս կենդանիների մեծ մասի անունները հետագայում չեն հայտնվել նաև արտահանման թույլտվություններում:

2010թ-ից ի վեր, ըստ Կոնվենցիայի պաշտոնական կայքի, ԱՄԷ-ից Հայաստան է ներկրվել 10 վագրակատու (կամ հեպարդ (Acinonyx jubatus)): 2011թ-ին արտահանած երկու վագրակատուների մասին ԱՄԷ-ն նշել է, որ դրանք Հայաստան են ուղարկվել կենդանաբանական այգու համար՝ «Z» կոդով: Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մեր հարցմանը պատասխանել է, որ «այգու կենդանի հավաքածուն, ելնելով վերջին 20 տարիների փաստաթղթավորված տվյալներից, վագրակատու չի ունեցել»:

Մինչ օրս CITES թույլտվություններով Հայաստանից արտահանվել են ընդամենը 2 վագրակատուներ, որոնք Հայաստան էին բերվել Բահրեյնից՝ 2015թ-ին: Անհայտ է մնում Միացյալ Էմիրություններից ներկրված 10 կենդանիների ճակատագիրը: Դրանք կա՛մ դեռ Հայաստանում են, կա՛մ (ինչն ավելի հավանական է) արտահանվել են ապօրինաբար:

Ինչ վերաբերում է Բահրեյնից Հայաստան տեղափոխված 2 վագրակատուներին, նկատենք, որ դրանց ծագման երկիր է ներկայացվում Սաուդյան Արաբիան: Հայաստանի բնապահպանության նախարարության տրամադրած CITES թույլտվության համաձայն՝ կենդանին ոչ թե վերցվել է բնությունից, այլ բուծվել է: Մինչդեռ Սաուդյան Արաբիայում կոնվենցիան համակարգող մարմնի կողմից գրանցված բուծարան չկա. նման միակ բուծարանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում է:

Փոխարենը Սաուդյան Արաբիան գործում է որպես տրանզիտ երկիր՝ վագրակատուներին Աֆրիկայից Եմեն, իսկ այնտեղից՝ Միացյալ Էմիրություններ փոխադրելու համար: Բացի այդ, Ծոցի երկրներում ընդունված է այս վագրակատուներին որպես էկզոտիկ ընտանի կենդանի պահելը: Սև շուկայում այս կենդանու մեկ նմուշի գինը հասնում է 10 հազար դոլարի: Դրանք արաբական երկրներ են տեղափոխվում Արևելյան Աֆրիկայից, որտեղ գրանցվում են կենդանի վագրակատուների անօրինական առևտրի ամենաշատ դեպքերը: Այս ճանապարհով տեղափոխվող 6 վագրակատուներից միայն մեկն է կենդանի մնում: Մասնագետները նշում են, որ նույնիսկ եթե մաքսանենգ ճանապարհով տեղափոխված այս կենդանիները հետագայում հայտնաբերվում են, այլևս ուշ է լինում նրանց վայրի բնություն վերադարձնելը, քանի որ կորցրած են լինում բնության մեջ ապրելու համար անհրաժեշտ հմտությունները:

Այն, որ Սաուդյան Արաբիա-Բահրեյն-Հայաստան ճանապարհը կարող է ապօրինի առևտրի հերթական ուղի լինել, վկայում է այն հանգամանքը, որ կոնվենցիայի պաշտոնական տվյալների բազայում՝ 1975թ-ից ի վեր, Սաուդյան Արաբիայից Բահրեյն վագրակատվի արտահանում երբևէ չի գրանցվել: 2015թ-ի հուլիսին կենդանիների այս զույգին Ղրիմ է արտահանել «Զօօ Ֆաունա Արտ» ընկերությունը:

«Զօօ Ֆաունա Արտ» ընկերության բուծարանում պահվող վագրակատուներ / anews.am

Փաստաթղթերի համաձայն՝ կենդանիներն ուղարկվել են Ղրիմի Յալթա քաղաքում գտնվող «Դոնբաս» առողջարան: РБК-ի տեղեկությամբ՝ 2012թ-ին առողջարանը, «Յալթա-ինտուրիստ» հյուրանոցային համալիրի հետ միասին, գնել է ռուսաստանցի գործարար, «Մարինս գրուպ» կինոընկերության սեփականատեր և «Վիյ» ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդր Կուլիկովը:

Թե ինչու էին Կուլիկովին անհրաժեշտ վագրակատուները, պարզ չէ, քանի որ ո՛չ առողջարանի, ո՛չ էլ հյուրանոցային համալիրի տարածքում կենդանաբանական այգի չկա, և գործարարը չէր կարողանա տեղավորել կենդանիներին:

Թերակղզու տարածքում միակ մարդը, ով կկարողանար պահել վագրակատուներին, ղրիմցի գործարար Օլեգ Զուբկովն է, ում պատկանում են նույն քաղաքում գտնվող «Սկազկա» կենդանաբանական այգին և Ղրիմի «Տայգան» սաֆարի-պարկը: Զուբկովից մեկնաբանություն վերցնել չհաջողվեց: 2014թ-ի վերջին նա Ղրիմի իշխանությունների հետ տարաձայնություններ ունեցավ, որոնք այնքան սրվեցին, որ մեկ տարի անց գործարարը երկու այգիներն էլ փակեց: Այս միջադեպից, ինչպես նաև ուկրաինական լրատվամիջոցների հետ մի քանի հարցազրույցներից հետո Զուբկովը թերակղզում դարձավ «ազգի թշնամի»:

«Զօօ Ֆաունա Արտ»-ը

«Զօօ Ֆաունա Արտ»-ը հիմնվել է 2009 թվին: Ընկերությունը գրանցված է Երևանի Գուրգեն Մահարի 148 հասցեում, որտեղ, Էրեբունի արգելոց-թանգարանի հարևանությամբ, Խաչատրյանը պատրաստվում է կենդանաբանական այգի և բուծարան կառուցել:

Խաչատրյանի գործընկերը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանն է, ով նրա հետ 2005թ-ին հիմնադրած «Ֆաունա» կենդանաբանական այգի-բուծարան ՍՊԸ-ի 10% բաժնետերն է. Արթուր Խաչատրյանի բաժնեմասը կազմում է 70%: Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի ավագ որդին այլ բիզնեսներում էլ է ընդգրկված:

 

«Զօօ Ֆաունա Արտ»-ը վերը նշված բոնոբո կապիկներից բացի կեղծ փաստաթղթերով Հայաստան էր ներմուծել տարբեր տեսակների 66 կապիկներ ևս: Այդ ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի նկատմամբ «Հետք»-ի հրապարակումից հետո մաքսանենգության հոդվածով քրեական գործ հարուցվեց, իսկ Ինտերպոլը միջազգային հետախուզում հայտարարեց՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային կենտրոնական բյուրոյի դիմումի հիման վրա: Հայաստանի պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ուղիղ երկու տարի քննվում է այս գործը: «Հետք»-ի հարցերին պատասխանելով՝ Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ 2014թ-ի հոկտեմբերին Արթուր Խաչատրյանը Դուբայում ձերբակալվել է, սակայն չորս ամիս անց ազատ է արձակվել, քանի որ Կոնգոյից նրա արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերն ուշացել են: Կոնգոյի իրավապահ մարմինները Ինտերպոլի միջոցով դիմել են իրենց հայաստանյան գործընկերներին՝ Խաչատրյանին Հայաստանում ձերբակալելու համար: Ինտերպոլի Հայաստանի ԱԿԲ-ն հայտնում է, որ 2015թ-ի փետրվարի 6-ին Խաչատրյանը ձերբակալվել է, սակայն չի կալանավորվել և երեք օր անց ազատ է արձակվել:

«Զօօ Ֆաունա Արտ»-ը զբաղվում է տարբեր կենդանատեսակների առևտրով: 2010-2015թթ. Հայաստանից արտահանված 20 ամազոն թութակներից 17-ի համար արտահանման թույլտվություն է տրվել այս ընկերությանը: Ամազոն ընտանիքի դեղնագլուխ (oratrix) և դեղնավիզ (auropalliata) ենթատեսակները անհետացման եզրին են: Հայաստանից «Զօօ Ֆաունա Արտ»-ն արտահանել է հինգ նման կենդանի: Մինչդեռ մաքսային ծառայության և Կոնվենցիայի տվյալների բազայի համադրությունը ցույց է տալիս, որ Հայաստան են ներկրվել առնվազն 13-ը: Վտանգված բոլոր այս կենդանիները Հայաստան են եկել առանց ներմուծման թույլտվության՝ Կոնվենցիայի խախտմամբ, և հիմա դժվար է ասել, թե ուր են անհետացող այն տեսակները, որոնք արտահանման թույլտվություն չեն ստացել: Անհայտ է նաև Կոնվենցիայի երկրորդ հավելվածի ամազոնների ճակատագիրը, որոնց ներկրման իրական քանակը չորս անգամ գերազանցում է արտահանման ժամանակ տրված թույլտվությունների քանակը (60 և 15 համապատասխանաբար):

«Զօօ Ֆաունա Արտ»-ի կենդանաբանական այգի-բուծարանի տարածքը Էրեբունի արգելոց-թանգարանի հարևանությամբ / Հետք

Արթուր Խաչատրյանը մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ: Դա, սակայն, չի խանգարում նրան զբաղվել հազվագյուտ կենդանիների առևտրով: Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում ասում է, որ ինքը «տվյալ անձով» չի հետաքրքրվում: Եթե ներկայացվում են օրինական փաստաթղթեր, իրենք չեն կարող թույլտվություն չտալ՝ «անկախ նրանից, դա Կարմիր գրքի միջի կենդանի է, թե ոչ»:

«Թե ինչի համար է նա փնտրվում և ինչ հանցանքներ է կատարել դրսում, ես դրա մասին տեղեկություններ չունեմ: Մենք օրինական փաստաթուղթ պետք է ստանայինք, որ այդ կենդանիները օրինական ճանապարհով չեն եկել, և մենք հասկանայինք՝ դա օրինակա՞ն է, թե՞ անօրինական: Ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս, որ դա օրինական է, և մենք որևիցե խնդիր չունենք այդ մարդու ճանապարհը փակելու, չէ՞ որ նույն մարդը կարող է մեզ օրենքի առաջ պատասխանատվության ենթարկել»,- ասում է նախարարը:

2015թ-ի ամռանը Արթուր Խաչատրյանը Ռուսաստան է արտահանել թութակներ, կրիաներ, վագրակատուներ, ինչպես նաև 90 հատ կապիկներ: Վերջիններիս ներմուծողը Ռուսաստանում բնակվող Էդուարդ Խաչատուրյանն է, ով զբաղվում է էկզոտիկ կենդանիների վաճառքով:

Կենդանիները Ռուսաստանում

2015թ-ի ապրիլին ՌԴ Պոլիոմելիտի և վիրուսային էնցեֆալիտի Չումակովի անվան պետական հետազոտական ինստիտուտը հայտարարել է բաց մրցույթ՝ իմունակենսաբանական պատրաստուկների որակը վերահսկելու փորձարկումների համար լաբորատոր կենդանիներ գնելու նպատակով: Մրցույթի արժեքը 80 948 250 ռուբլի էր՝ 189 հատ կապիկներ գնելու համար: Պահանջվում էին 159 հատ 2-4 տարեկան աֆրիկյան կանաչ կապիկներ (1,5-3,5 կգ քաշով) և 30 հատ 2-3 տարեկան երկարապոչ մակականեր՝ 1,5-3 կգ քաշով:

Մայիսի 5-ին ինստիտուտը արձանագրում է, որ մրցույթին ներկայացված է եղել միայն մեկ հայտ, որի հետ էլ ինստիտուտը կնքում է պայմանագիրը: Հայտը ներկայացնողը «Խաչատուրյան Էդուարդ Սերգեյի» անհատ ձեռնարկատերն է, որը, համաձայն մրցույթի պայմանների, կենդանիները պետք է մատակարարեր ոչ ուշ, քան պայմանագրի կնքումից 200 օր հետո:

Էդուարդ Խաչատուրյանը

Հունիսի 25-ին Հայաստանի բնապահպանության նախարարությունը Մալիի ծագման 30 գրիվետ կապիկների վերարտահանման թույլտվություն է տալիս «Զօօ Ֆաունա Արտ» ընկերությանը: Օգոստոսին ընկերությունը ստանում է ևս 60 կապիկների (այս անգամ՝ Տանզանիայի ծագման վերվետների) վերարտահանման թույլտվություններ: Այս կենդանիներին անվանում են նաև «աֆրիկյան կանաչ կապիկներ»: Բնությունից վերցված 90 կապիկներին «Զօօ Ֆաունա Արտ»-ն ուղարկում է Էդուարդ Խաչատուրյանին:

Ռուսաստանի Դաշնության անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրի տվյալներով՝ «Խաչատուրյան Էդուարդ Սերգեյի» ԱՁ-ն զբաղվում է ֆերմերային տնտեսությամբ: Գործունեության առաջնային ոլորտը մշակաբույսերի արտադրությունն է, իսկ հավելյալ ոլորտները՝ մսի և մսամթերքի, կաթնամթերքի, խմիչքների, կենդանիների կերի արտադրություն, մրգի և բանջարեղենի մշակում, անտառային տնտեսություն, անասնապահություն, ձկնորսություն և ձկնաբուծություն, վայրի կենդանիների որս և բուծում, այս ոլորտի ծառայությունների մատուցում:

Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Խաչատուրյանը նաև ռուսաստանյան «Կապիկների մոլորակ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է: Այս ընկերությունը գործունեության լայն ոլորտներ ունի՝ բուսաբանական և կենդանաբանական այգիներից մինչև ռեստորաններ ու սրճարաններ, անասնաբուժական ծառայություններից մինչև խմիչքի, ծխախոտի ու գրքերի մանրածախ վաճառք: Ընկերությունը Խաչատուրյանը գրանցել է 2015թ-ին՝ օրեր անց այն բանից հետո, երբ, ըստ ինտերնետում տարածված տեղեկությունների, մի խումբ այլ մարդկանց հետ նա «գրավեց» Մոսկվայի մերձակայքում գտնվող «Էկզոտիկ պարկ» կենդանաբանական այգու կեսից ավելին, և այդ տարածքում հիմնեց սեփականը՝ «Կապիկների մոլորակ» անունով: Գործն այժմ դատարանում է:

Խաչատուրյանի ռուսաստանցի գործընկերներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, հաստատեց, որ Չումակովի ինստիտուտին են հանձնել 2015թ-ի ամռանը Հայաստանից տարված կապիկները:

Միջին չափի կապիկների Chlorocebus ընտանիքի տարբեր նմուշներ, այդ թվում՝ վերվետ և գրիվետ կապիկները, լայնորեն օգտագործվում են իմունոլոգիայի ոլորտի հետազոտությունների, պոլիո և ծաղիկ հիվանդությունների համար պատվաստանյութ պատրաստելու համար: Որոշ տեղեկություններով՝ մեկ փորձարկման համար անհրաժեշտ է պատվաստել առնվազն 10 կապիկների, ևս 4-ն անհրաժեշտ են՝ նույն վանդակում մնալու դեպքում վարակը վերցնելու հավանականությունը ստուգելու համար:

Հայաստանով անցնող թութակները

Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան են տեղափոխվում մեծ թվով թութակներ: Հայաստանի մաքսային ծառայությունը 2010-2013 թվականներին հաշվել է ներկրված 1092 թութակներ, սակայն ներկրվող շատ այլ թութակների դեպքում արձանագրել է միայն անունը՝ չհայտնելով որևէ թիվ: Ցույց տալու համար, թե որքան մեծ կարող է լինել այդ թիվը, բերենք մեկ օրինակ. ծառայության տվյալներով՝ 2010թ-ին ԱՄԷ-ից Հայաստան են ներմուծվել Չեխիայի ծագման դեղնավիզ թութակներ (Agapornis personatus). քանակը չի հաղորդվում, սակայն արտահանող կողմի՝ Կոնվենցիային հայտնած տվյալներում երևում է, որ դրանք 250-ն են եղել:

Կոնվենցիայի այս բազայում 2010թ-ից ի վեր ներմուծված միայն ժակո տեսակի թութակի (կոչվում է նաև աֆրիկյան գորշ թութակ) թիվը հասնում է 1756-ի: Ընդ որում, բազայում առկա չեն 2015թ-ի առևտրի տվյալները: Դրանցից 500-ը, ինչպես հայտնել են արտահանողները, վերցվել են բնությունից: Հարավաֆրիկյան Հանրապետության ծագման 217 ժակոներ, նույն տվյալներով, ներմուծվել են կենդանաբանական այգու համար, Արաբական Միացյալ Էմիրություններից: Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ այդ տարիներին ԱՄԷ-ից այգու համար ժակո թութակներ չեն ներկրվել: Հայաստանում այդ ընթացքում վեր/արտահանման թույլտվություններ են տրամադրվել 393 ժակոների համար: Ներկրված ժակոների մոտ 80%-ի հետագա տեղաշարժը չի երևում:

ԱՄԷ-ից հետո ժակոների մյուս խոշոր խմբաքանակը Հայաստան է բերվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, 2011թ-ին: Ներմուծված 350 ժակոներից 100-ի հետագա շարժի մասին իմանում ենք 2013թ-ի վերարտահանման երկու թույլտվություններից, որոնցով նրանք տարվել են Ռուսաստան: Մնացած թութակների ճակատագիրը հայտնի չէ: Սոցիալական ցանցերից մեկի հայկական մի էջում այս թռչունների գինը նշված է 600-1000 դոլար:

Կոնվենցիայի մշտական հանձնաժողովի՝ այս տարվա հունվարին Ժնևում կայացած 66-րդ հանդիպմանը հավանության է արժանացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից ժակոների ներկրման արգելքի առաջարկը: Անդամ երկրների շարքում Կոնգոն վայրի բնությունից վերցված ժակոների արտահանման ամենաբարձր ցուցանիշն ունի: Վերջին 5 տարիներին, օրինակ, այդ երկրում բնությունից վերցվել և արտահանվել է շուրջ 45 000 ժակո թութակ: Հանձնաժողովը արձանագրել է, որ Կոնգոն  տարբեր տարիների գերազանցել է տարեկան արտահանման թույլատրելի սահմանը, և համադրելով այն հանգամանքը, որ թռչունների 50%-ից ավելին սատկում է մինչև արտահանումը՝ երկրի ներսում փոխադրումների ժամանակ, Կոնվենցիայի մասնակից երկրներին առաջարկվել է ժամանակավորապես դադարեցնել այդ երկրի ծագման ժակոների առևտուրը:

Կոնվենցիայով փորձ է արվում բնությունից կենդանիներին վերցնելու փոխարեն խրախուսել անազատ պայմաններում բուծված կենդանիների առևտուրը, որպեսզի բնության մեջ կենդանիների թիվը չնվազի և դրանք չհայտնվեն անհետացման վտանգի առաջ: Եթե առաջին հավելվածում ընդգրկված կենդանիները, օրինակ՝ վագրակատուները, բուծված են բուծարանում, դրանք Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն համարվում են երկրորդ հավելվածի կենդանիներ, ինչը ենթադրում է պակաս սահմանափակումներ առևտրի ժամանակ: Բնությունից վերցնելը (թույլտվության մեջ նշվում է W կոդով) և առևտրային նպատակներով արտահանելը (T) կենդանիների թվաքանակին սպառնացող հիմնական գործոններից է, և դրա կանխումը պետք է լիներ Կոնվենցիան համակարգող մարմնի գործառույթներից մեկը:

Ոչ միայն Կոնգոյից ներկրված 350 ժակոները, այլև 2010 և 2011թթ-ին Հայաստան բերված Մալիի ծագման 600 սենեգալյան թութակները (Poicephalus senegalus) վերցված են եղել բնությունից և նախատեսված են եղել առևտրային գործարքի համար: Արտահանման մի քանի թույլտվություններով Ռուսաստան է տարվել սրանց 1/4-ը:

Այս 600 սենեգալյան թութակներից 400-ը Հայաստան են բերվել 2011թ-ին: Արտահանման թույլտվություններում, ինչպես շատ այլ կենդանիների դեպքում, չի նշվում, թե նախկինում որտեղից են դրանք ներկրվել: Մաքսային ծառայության տրամադրած փաստաթղթերում երևում է, որ դրանք բերվել են ԱՄԷ-ից՝ ինչպես այդ փաստաթղթերում արձանագրված բոլոր թութակները: Այս տվյալներից երևում է նաև, որ նույն օրը սենեգալյան թութակների հետ Հայաստան են բերվել երկու տեսակի այլ թութակներ ևս` 100 հատ կրամերի (Psittacula krameri) և 150 հատ կարմրակտուց թութակ (Lagonosticta senegala), որոնց շարժը որևէ այլ տեղ գրանցված չէ: Նման կերպ են Հայաստան բերվել գրեթե բոլոր թռչունները. նրանց անունները միայն մաքսային փաստաթղթերում կան:

Սա ցույց է տալիս, թե որքան խոցելի է կենդանիների առևտուրը, երբ գրանցվում են ոչ բոլոր կենդանիները: Հարյուրավոր կենդանիներ են ներկրվում, որոնց միայն չնչին մասը կարող է գրանցվել պաշտոնական փաստաթղթերում: 2010թ-ին բնությունից վերցված և Հայաստան ուղարկված կանաչաթև (Ara chloropterus) և կապտաոսկեգույն (Ara ararauna) 100 արա թութակներից, օրինակ, մինչ օրս արտահանվել են ընդամենը 7-ը:

Կոնվենցիայի քննադատները նշում են, որ էկզոտիկ կենդանիներին բնությունից վերցնելը, ապա առևտրի ժամանակ «անազատության մեջ բուծված» ցույց տալը որսագողությանը նպաստելու հանգամանքներից կարող է լինել: Սա ընդունում է նաև Կոնվենցիայի համակարգող մարմինը և նշում, որ կարգավորումների կիրառումը բարելավելու առաջարկներ կպատրաստվեն Կոնվենցիայի անդամ երկրների՝ սեպտեմբեր-հոկտեմբերին Յոհանեսբուրգում կայանալիք 17-րդ հանդիպմանն ընդառաջ:

Մեկ այլ տենդենց է չգրանցված կենդանիները «Z» կոդով՝ կենդանաբանական այգիների համար ուղարկելը: Ինչպես նշեցինք վերևում, այդ նպատակով ուղարկված երկու վագրակատուները և 217 ժակոները իրականում կենդանաբանական այգի չեն հասել: Դրանցից բացի, ըստ Կոնվենցիայի կայքում առկա բազայի, կենդանաբանական այգու համար Տանզանիայից ներկրվել են 6 կապույտ (Cercopithecus mitis), նույնքան էլ՝ գրիվետ տեսակի կապիկներ, իսկ ԱՄԷ-ից՝ 18 կապտաոսկեգույն և 16 կանաչաթև արա թութակներ: Կենդանաբանական այգին, սակայն, Տանզանիայից կապիկներ, իսկ ԱՄԷ-ից արա թութակներ չի ստացել: Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է, որ «Z» կոդը կիրառվում է բոլոր կենդանաբանական այգիների համար, սակայն նախարարության տրամադրած թույլտվություններում այն կիրառվել է միայն Երևանի կենդանաբանական այգուն տրամադրված թղթերում:

Հիմնական արտահանող(ներ)ը

Հայաստանից կենդանիների մեծ մասն արտահանվում է Ռուսաստան: Արթուր Խաչատրյանից բացի այս բիզնեսում ներգրավված են ևս երկու հոգի՝ Արմեն Խաչատրյանը և Արմեն Կազարյանը, որոնց անունները հայտնվում են արտահանման թույլտվությունների մեծ մասում: Ընդ որում՝ անունները գրանցված են կոնվենցիայի խախտմամբ. թույլտվությունը տրամադրող մարմինը միևնույն անունը և հասցեն նշել է և՛ արտահանողի, և՛ ներմուծողի տվյալների համար նախատեսված բաժիններում՝ փոխելով միայն երկրի անունը: Ըստ երևույթին անհրաժեշտ է եղել թաքցնել կա՛մ իրական արտահանողին, կա՛մ ներկրողին: Բնապահպանության նախարարությունն ընդամենը պատասխանում է, որ տվյալները լրացվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված հայտի հիման վրա: 

Թեև «Զօօ Ֆաունա Արտ»-ի անունը առկա է փաստաթղթերի ոչ մեծ մասում, Հայաստանից վեր/արտահանման թույլտվությունների մեծ մասը տրվել է Արթուր Խաչատրյանի եղբորը՝ Արմեն Խաչատրյանին: Նա Ռուսաստանի Դաշության քաղաքացի է, և Ռուսաստան՝ ինքն իրեն է ուղարկել Հայաստանից արտահանված կապիկների ընդհանուր թվի 50%-ից ավելին, թութակների 60%-ից ավելին և այլ թռչունների մոտ 70%-ը (տե՛ս ինտերակտիվ ինֆոգրաֆիկան):

Առայժմ չենք կարող ասել, թե արդյոք Արմեն Կազարյանը, որ նույնպես գրանցված է ՌԴ-ում, Արթուր Խաչատրյանի գործընկերն է, թե ոչ: Նրա անունը թույլտվություններում հայտնվել է մինչև 2012թ-ը. դրանից հետո վեր/արտահանման թույլտվությունների մեծ մասը սկսել է ստանալ Արմեն Խաչատրյանը:

Հոդվածում առկա տեղեկությունների վերաբերյալ որոշ հարցերի պատասխաններն ստանալու համար փորձեցինք կապվել «Զօօ Ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանի հետ, սակայն երբ ներկայացանք, Խաչատրյանը պատասխանեց. «Ես ձեզ հետ խոսելու ոչ մի բան չունեմ: Հաջողություն»:

Ի պատասխան մեր զանգի՝ հաջորդ օրը «տարածաշրջանում միակ գազանանոց-բուծարանի» մասին հրապարակում հայտնվեց մի կայքում (այն ավելի ուշ հեռացվել է. պահված տարբերակը կարող եք կարդալ այստեղ), որտեղ Խաչատրյանը բուծարանի կառուցման աշխատանքների դադարեցման պատճառ է ներկայացնում այն, թե «Հայաստանում որոշ լրատվամիջոցներ իր անվան շուրջ մեղադրանքներ ու զրպարտություններ են տարածում...»: Նույն հրապարակման մեջ նա պատմում է, որ երկար տարիներ ապրել է Արաբական Միացյալ Էմիրություններում և գործունեություն է ծավալում շուրջ 20 տարի: