
ԱԳՆ. Ռուբեն Թաթուլյանը եղել է Էդվարդ Նալբանդյանի արտահաստիքային խորհրդականը
Ինչպես այսօր հայտնել էինք, բլոգեր Ալեքսանդր Վալովին տված հարցազրույցում ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը հայտարարել էր, որ ինքը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է: Թաթուլյանի հայտարարության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար գրավոր հարցում էինք ուղարկել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն:
Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով մեր հարցմանը, ընդամենը նշել է, որ «Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, և այժմ նա այդ կարգավիճակը չունի»։
2017 թվականի մայիս ամսին, երբ Ռուբեն Թաթուլյանը Չեխիայում ձերբակալվել էր, նրա մոտ հայտնաբերվել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր: Այդ ժամանակ ԱԳՆ-ն լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ գործարարն անձնագիրը ստացել է օրենքով սահմանված կարգով, սակայն չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչ հիմքերով:
ՀՀ դիվանագիտական անձնագիր ստանալու կոնկրետ հիմքերի վերաբերյալ այսօր մեր գրավոր հարցմամբ կրկին խնդրել էինք տեղեկություն տրամադրել, սակայն ԱԳՆ-ն այդ հարցը անպատասխան է թողել:
Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Ռոբսոն մականունով հայտնի գործարարի դեմ: Թաթուլյանը մեղադրվում էր «օրենքով գողերին» նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ: Վերջինս իր այսօրվա հարցազրույցում հերքել է այդ փաստը՝ ընդգծելով, որ իրեն չեն հետաքրքրում ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել