
Սյունեցիները դիմել են վարչապետին՝ հանքարդյունաբերական մի շարք ծրագրեր ժամանակավորապես դադարեցնելու համար
Այսօր 9 հասարակական կազմակերպությունների և 3 կուսակցությունների (ՀՅԴ, «Քաղաքացիական պայմանագիր», «Երկիր Ծիրանի») սյունեցի ներկայացուցիչներն առաջարկ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզի բնապահպանական առաջնահերթ հարցերի վերաբերյալ: Այս մասին մեզ տեղեկացրել է Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ առաջարկի առիթը Փաշինյանի կողմից արված ինքնակազմակերպման կոչն է, ըստ որի՝ հանրությանն առաջնահերթ մտահոգող հարցեր կարող են ներկայացնել:
Ա. Փարսադանյանի փոխանցմամբ՝ առաջարկի տեքստում ասվում է, որ «Ոչ մի նոր հանք Հայաստանում» կարգախոսը հանրային անբեկանելի պահանջ է, որը գերակա է բոլոր օրենքների նկատմամբ, և այն պետք է օրակարգային հարց համարվի համաժողովրդական վստահություն վայելող կառավարության համար:
Նախաձեռնողներն առաջարկել են Սյունիքի մարզի բնապահպանական իրավիճակը դիտարկել ազգային անվտանգության ապահովման տեսակետից՝ օգտագործելով օրենսդրական հնարավոր գործիքակազմ, ապա առաջարկել ժամականավորապես դադարեցնել մի շարք ծրագրերի ընթացքը, որոնք կխորացնեն մարզի բնապահպանական խնդիրները:
Այդ ծրագրերն են.
-«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի ցեմենտի արտադրամասի հիմնումը Կապանում
-«Գեղի գօլդ» ՍՊԸ-ի երկրաբանական հետախուզական աշխատանքների իրականացումը
-«Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Գեղի գետի վրա փոքր հէկի կառուցումը
-«Ագապե» ՍՊԸ-ի գազի, նավթի երկրաբանական հետախուզական աշխատանքները
-«Նիգ Մայնինգ» ՍՊԸ-ի ոսկու և բազմամետաղ հանածոների որոնում Ծավի և Մեղրու հատվածում
-«Չուդո մետալ» ՍՊԸ-ի՝ Ծավ գյուղում բազմամետաղ հանածոյի որոնումը
-«Պոլիմետալ» ՍՊԸ-ի Լիճքվազ-Թեյի բազմամետաղ հանքաքարի արդյունահանումը
-«Պոլի Արմ» ՍՊԸ-ի երկրաբանական հետախուզական աշխատանքները Կապանի տարածաշրջանում
-«Թաթսթոուն» ՍՊԸ-ի՝ Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը
Մեկնաբանել