HY RU EN

Կապանցիները տապալեցին Ծառուկյանի արտադրամասի վերաբերյալ քննարկումը. «Հետքի» կադրերը «անավարտ» կառույցից

Այսօր կապանցիները տապալեցին «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման վերաբերյալ հանրային լսումը, որը պիտի կայանար համայնքապետարանում: Հիշեցնենք, որ արդեն տեղի է ունեցել աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկու լսում, իսկ այսօրվանը երրորդը պիտի լիներ:

«Արարատցեմենտ» ընկերությունը պատկանում է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Ըստ նախագծի՝ արտադրամասը գտնվելու է Կապանի բնակելի տարածքից 2,5-3 կմ, իսկ արտադրական գոտուց՝ մոտ 200 մ դեպի հյուսիս-արեւելք՝ օդանավակայանի հարեւանությամբ: Ինչպես հայտնի է, այս պահին օդանավակայանը գտնվում է վերակառուցման փուլում: Նախագծում նշվել է, որ քաղավացիայի գլխավոր վարչությունը չի առարկել արտադրական օբյեկտների կառուցման դեմ:

Արտադրամասի տարեկան արտադրողականությունը լինելու է 186 հազար տոննա: Նախագծի համաձայն՝ բացվելու է 64 աշխատեղ, 32-ը՝ բանվորական, նույնքան էլ վարչական հատվածի համար:

Ընկերությունը ցեմենտի հումքը բերելու է Իրանից, ըստ ներկայացուցիչների, Կապանում ցեմենտը միայն աղալու եւ փաթեթավորելու են: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում, չնայած խոսակցություններ կան նաեւ դեպի Իրան արտահանելու մասին:  

Քննարկումը նախատեսված էր 15:00-ին, սակայն արդեն 14:30-ից մի խումբ կապանցի ակտիվիստներ փակել էին համայնքապետարանի նիստերի դահլիճի մուտքը: Նրանք պահանջում էին չեղարկել հանրային լսումը՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Արարատցեմենտ, հեռացիր Կապանից», «Անօրինական գործունեությամբ զբաղվող ցեմենտի գործարան մեզ պետք չէ» պաստառներ պարզելով:

Այդուհանդերձ, տեղյակ լինելով ակտիվիստների մտադրությունից, համայնքապետարանի աշխատողները՝ փոխքաղաքապետ Արգամ Գրիգորյանի գլխավորությամբ, «Արարատցեմենտի» ներկայացուցիչներն ու ավագանու երկու անդամ, ինչպես նաեւ մի քանի երիտասարդներ 14:00-ից նիստերի դահլիճում էին:

Բողոքի ակցիայի մասնակիցներից Դավիթ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցեմենտի արտադրամասի բնապահպանական ռիսկերը մեծ են, վնասն ավելի շատ է լինելու, քան օգուտը: Նրա փոխանցմամբ՝ Կապանի ավագանին եւս չի սպասարկում քաղաքի հանրության շահը, իսկ դահլիճում արտադրամասի կառուցման շահագրգիռ կողմն է նստած:

«Կապանին կպած արտադրամաս, որը թեկուզ պետք է միայն աղա եւ փաթեթավորի, չպիտի գործի: Այդ տարածքում ինչքա՞ն գյուղատնտեսական նշանակության հողեր կան, քանի՞ տնտեսավարող սուբյեկտներ կան, այդքանի շահերը կամ իրավունքները պաշտպանվա՞ծ են, չեմ կարծում»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Ժամը 15:00-ին չնայած փոխքաղաքապետ Գրիգորյանը սկսեց նիստը, դահլիճ մտած ակտիվիստները խոչընդոտեցին դրա անցկացմանը:

Ա. Գրիգորյանը տարբեր կերպ փորձում էր բողոքող քաղաքացիներին նստեցնել քննարկման սեղանի շուրջ, սակայն բնակիչները պնդեցին, որ իրենք խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում եւ խոչընդոտելու են քննարկման անցկացմանը: Ակցիայի մասնակիցների դիրքորոշումը պարզ էր. եթե նույնիսկ իրենք քննարկման ժամանակ դեմ արտահայտվեն նախագծին, ներկայացնեն իրենց փաստարկները, հանրային լսումը համարվելու է կայացած:

«Սա չի կարող լինել հանրային լսում. այստեղ բոլորս էլ հանրություն ենք, եթե շաբաթներ շարունակ հանրությունը պահանջում է, որ այն պիտի տեղի չունենա, մենք պետք է թույլ չտանք հանրային լսումը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Էդգար Հովհաննիսյանը: Իսկ մյուս մասնակիցներն արձագանքում էին՝ «դեմ ենք, դեմ ենք»:

Նիստը վարող փոխքաղաքապետ Գրիգորյանը նշեց, թե հանրության բոլոր շերտերի կարծիքը կարեւոր է, ինքն էլ նախանձախնդիր է այդ հարցում, բայց դա չի նշանակում, որ պետք է խանգարեն հանրային լսումը:

Ըստ նրա՝ հանրության մեջ տարբեր շերտեր կան, եւ ինքը չի կարող կողմ լինել, որ ակցիայի մասնակիցները սեփականաշնորհեն գաղափարը, թե իրենք ներկայացնում են ամբողջ հանրության կարծիքը, ապա առաջարկեց նստել եւ «Արարատցեմենտի» ներկայացուցիչներին հարցեր ուղղել:

«Մենք գտնում ենք, որ այս հանրային լսումը չպետք է կայանա մի քանի պատճառներով: Դրանցից մեկն այն է, որ այս մարդիկ, դեռեւս չունենալով շինթույլտվություն, շինարարություն են իրականացնել, եւ դուք վարչական պատասխանատվության եք ենթարկել»,- ասաց Էդգար Հովհաննիսյանը, ավելացնելով, որ վարչական տուգանքից հետո ընկերությունը շարունակել է մեքենա-սարքավորումներ բերել-տեղադրել տարածքում, ինչը շինթույլտվություն չունենալու պայմաններում եւս համարվում է ինքնակամ գործունեություն:

Բնապահպանական հարցին անդրադառնալով՝ Է. Հովհաննիսյանը նշեց, որ Սյունիքը ծանրաբեռնված է, իսկ «Արարատցեմենտի» արտադրամասից տարեկան 32 տոննա փոշու արտանետում է սպասվում: «Այս ընկերությունը բարոյական իրավունք չունի, որովհետեւ տեղացու կարծիքը չի լսել, հանրային լսումները դեռեւս չավարտված, իրենց գործունեությունը շարունակում են: Եկեք չխաբենք, թե օրենքի տառով, ձեւական ճիշտ ճանապարհն ընտրելով ենք գնում»,- ասաց Էդգարը՝ նշելով, որ համոզված է՝ իրենք ներկայացնում են կապանցիների մեծամասնության կարծիքը:

Չնայած Արգամ Գրիգորյանը պարբերաբար պնդում էր, թե ինքը շարժվում է օրենքով, կատարում է իր պարտականությունները, համայնքի բնակիչների հետ բանավեճում օրինակ այսպիսի տարօրինակ միտք հայտնեց, թե արտադրամասից տարեկան արտանետվելիք 32 տոննա փոշուց բողոքելու դեպքում ինչու չեն բողոքում Կապանով անցնող Մեղրի-Երեւան մայրուղով երթեւեկող բեռնատարների արտանետումներից:  

Մեկ ուրիշ դեպքում էլ նշեց, որ եթե «Արարատցեմենտը» 32-ի փոխարեն 50 տոննայի հասցնի փոշու արտանետումը, ապա ինքն էլ կմիանա ակցիայի մասնակիցներին, հետո էլ ասաց, թե պարտավոր են մտածել քաղաքի զարգացման մասին, բացի այն հանգամանքից, որ փոշի կա, պիտի մտածեն նաեւ աշխատատեղերի մասին:

«Եկեք ուրանի հանք բացենք էդ դեպքում»,- արձագանքեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի գլխավոր իրավաբան Ալիկ Ալեքսանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընկերությունն առանց շինթույլտվության շինաշխատանքներ կատարելու եւ 600.000 դրամ վարչական տուգանքի ենթարկվելուց հետո որեւէ շինաշխատանք չի կատարել:

Հիշեցնենք, որ ապրիլին մենք զրուցել էինք արտադրամասի տարածքում աշխատող մի քանի բանվորների հետ, ովքեր ասել էին, որ 3-4 ամսից ամբողջությամբ ավարտելու են շինարարությունը: Ա. Ալեքսանյանը պնդում է, որ ընկերությունը տուգանքից հետո միայն մեքենա-սարքավորումներ է տեղափոխել սեփական տարածք, ինչի համար շինթույլտվություն չի պահանջվում:

«Ճարտարապետահատակագծային առաջարկի պահանջներով մենք ունենք նաեւ պարտավորություն մեքենա-սարքավորումների տեխանվտանգության փորձաքննություն իրականացնել, այսինքն՝ սա արտադրական վտանգավոր օբյեկտ է համարվում, եւ պետք է լինի պատկան մարմինների եզրակացությունը, որ այն անվտանգ է, թույլատրվում է շահագործել, իսկ դրա համար պետք է լինի նաեւ տեխանվտանգության փորձաքննություն: Որպեսզի դա կատարվի, անհրաժեշտ է, որ մեքենա-սարքավորումներն ինչ-որ տեղ մոնտաժված լինեն, փորձագետը կարողանա մոտենալ, ուսումնասիրել եւ հասկանալ՝ տեխնիկապես վտանգավոր են, թե անվտանգ»,- ասում է Ա. Ալեքսանյանը:

Հարցին, թե բացասական եզրակացություն ստանալու դեպքում ի՞նչ պիտի անեն արդեն կառուցված շինությունները, սարքավորումները, Ալեքսանյանը նշեց, թե չի կարող պատասխանել՝ կարող է վաճառեն, նվիրեն կամ այլ ձեւով պահեն:

«Արարատցեմենտի» ներկայացուցիչները

Օրեր առաջ «Հետքն» օդից նկարահանել է ցեմենտի արտադրամասը: Կադրերում կարելի է նկատել, որ արտաքնապես կիսատ մնացած շենք-շինություն չկա: Մեքենա-սարքավորումների տեղադրումից հետո արտադրամասը, թերեւս, պատրաստ կլինի շահագործման՝ չնայած օրենքով դրա անթույլատրելիությանը:    

Այդուհանդերձ, հանքարդյունաբերական եւ բնապահպանական խնդիրներ առաջացնող այլ նախագծերի հանրային լսումները հալած յուղի պես անցկացնելու պրակտիկան այսօր ակտիվ կապանցիների ջանքերով տապալվեց:

Չնայած բնակիչների կողմից առաջարկ եղավ գնալ եւ տեսնել արտադրամասը, ընկերության ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին, իսկ փոխքաղաքապետ Արգամ Գրիգորյանը հանրային ճնշման տակ ստիպված եղավ հայտարարել երրորդ լսման չկայացած լինելու մասին:   

Գլխավոր լուսանկարում ձախից աջ՝ օդանավակայանի թռիչքուղին, Երեւան-Կապան մայրուղին, ցեմենտի արտադրամասը

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, Վահե Սարուխանյանի