HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանությունը պատվիրված է եղել 70 հազար եվրոյով

Սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանությունը եղել է պատվիրված, իսկ պատվիրատուն սպանության համար վճարել է 70 հազար եվրո, որից 50 հազարը՝ կանխիկ, իսկ մնացածը՝ որպես «պարտքի ներում»: Այս մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է Սլովակիայի դատախազությունը:

Սպանության ենթադրյալ կատարող, ոստիկանության նախկին սպա Տոմաշ Ս.-ն գումարը ստացել է գործարար Ալենա Ժ.-ից: Դատախազությունը չի բացահայտում նրանց ինքնությունը: Կուցիակների ընտանիքի փաստաբան Դանիել Լիպսիցը ենթադրում է, որ 44-ամյա կինը կարող էր պարզապես միջնորդ հանդիսանալ սպանության իրական պատվիրատուի և սպանությունը կատարողի միջև: 

Հիշեցնենք, որ սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակը և նրա հարսնացու Մարտինա Կուշնիրովան սպանվել էին այս տարվա փետրվարի 25-ին Բրատիսլավայից 65 կմ հեռավորության վրա գտնվող Վելկա Մաչա գյուղի իրենց առանձնատանը: Կուցիակի վերջին հետաքննությունը հրապարակվել էր փետրվարի 9-ին, որում պատմվում էր գործարար Մարիան Կոչների և Սլովակիայի քաղաքական վերնախավի կասկածելի կապերի մասին: Հոդվածում մասնավորապես նշվում էր Բրատիսլավայում գտնվող Five Star Residence շքեղ բնակելի համալիրի շուրջ ծագած հարկային խարդախությունների մասին:

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ալենա Ժ.-ն գործարար Ալենա Ժուժովան է (Alena Zsuzsová), որին սլովակիայի ոստիկանությունը ձերբակալել էր նախորդ շաբաթ: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալենա Ժուժովան փոխկապակցված է Կուցիակի վերջին հետաքննության գլխավոր հերոս Մարիան Կոչների հետ, մասնավորապես վերջինս հանդիսանում է Ժուժովայի դստեր կնքահայրը: Մինչև սպանությունը՝ Կուցիակ մի քանի անգամ հայտարարել էր, որ պարբերաբար սպառնալիքներ է ստացել Մարիան Կոչներից: 

Ալենա Ժ.-ին մեղադրանք է առաջադրվել «սպանությանը մասնակցելու առանձնապես ծանր հանցագործության» հատկանիշներով: Դատախազ Յարոմիր Չիզնարը հայտարարել է, որ դեռ շատ քայլեր կան սպանությունը բացահայտելու համար, այնպես որ նոր մեղադրանքներ են լինելու:

Յան Կուցիակի և նրա հարսնացուի սպանությունից հետո Սլովակիայի ամբողջ տարածքում բազմահազարանոց բողոքի ակցիաներ սկսվեց, ինչի արդյունքում նախ հրաժարական տվեց ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Ռոբերտ Կալինյակը, ապա նաև երկրի ամբողջ կառավարությունը՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորությամբ:

Սպանությունից առաջ 27-ամյա Կուցիակը զբաղվում էր աշխարհի ամենահին կազմակերպված հանցավոր խմբերից մեկի՝ «Նդրանգետա»-ի ('Ndrangheta)՝ Սլովակիայում օրեցօր աճող ազդեցության հետաքննությամբ: Լրագրողի սպանության գործի շրջանակներում Սլովակիայի ոստիկանությունը մարտի 1-ին ձերբակալել էր «Նդրանգետա»-ի ամենաազդեցիկ կլաններից մեկի պարագլուխներին՝ եղբայրներ Անտոնիո և Բրունո Վադալաներին, և նրանց զարմիկ Պետրո Կատրոպային, սակայն մի քանի օր անց վերջիններս ազատ էին արձակվել: 

Լուսանկարը՝ Aktuality.sk-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter