
Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
Վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետը լրացել է այսօր 18.00-ին. առաջադրված միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է:
Փաշինյանի թեկնածությունը առաջադրվել է պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ի ստորագրությունների հիման վրա: Ստորագրահավաքին միացել են «Ելք», «Ծառուկյան» խմբակցությունները և ՀՀԿ խմբակցության գործող ու նախկին պատգամավորներից, որոնք ավելի վաղ հայտնել էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին: Իրավունքի ուժով հատուկ նիստ է հրավիրվելու նոյեմբերի 1-ին, ժամը 12.00-ին, որի ժամանակ էլ քննարկվելու է վարչապետի ընտրության հարցը:
Ինչպես հոկտեմբերի 24-ի քվեարկությանը, այնպես էլ հիմա Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է, որպեսզի վերջինս չընտրվի վարչապետ, և խորհրդարանն իրավունքի ուժով արձակվի:
Ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի, եթե վարչապետի՝ թվով երկրորդ ընտրության ժամանակ ևս վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է:
Նկատենք նաև, որ Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին, այսինքն արձակվելուց հետո էլ կգործի վեցերորդ գումարման խորհրդարանը, քանի դեռ չի ձևավորվել նորը:
Հիշեցնենք նաև, որ խորհրդարանը երկու անգամ տապալել է ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի քվեարկությունը, և Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ չընտրվելու դեպքում արտահերթ ընտրությունները կանցնեն գործող ԸՕ-ով:
Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին՝ 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ, հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 16-ին՝ հայտարարելով, որ դրա նպատակը հեղափոխությունն ավարտին հասցնելն է և վստահեցնելով, որ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու:
Մեկնաբանել