HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու». Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Այս հրաժարականի նպատակը, սակայն, վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առջև ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը, մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու ճանապարհային քարտեզը. իր հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում 2 անգամ ԱԺ-ում վարչապետ չի ընտրվում, ինչից հետո խորհրդարանն արձակվում է և երկրի նախագահի կողմից նշանակվում են արտահերթ ընտրություններ:

Փաշինյանը, սակայն, ինչպես նաև կառավարության անդամները, այս ողջ ընթացքում կատարել են իրենց սահմանադրական լիազորությունները:

Վարչապետն անդրադարձավ նաև մտավախությանը, թե խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու կարող են առաջադրել: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ «առավել քան պատրաստ ենք ցանկացած սցենարի», սակայն չցանկացավ քննարկել նման սցենար, քանի որ որքան էլ հակասություններ լինեն ԱԺ խմբակցությունների միջև, նրանք ցույց են տվել, որ պետության կայունությունն ու անվտանգությունը կարմիր գիծ են նաև իրենց համար, «և հավատում եմ, որ նրանք երբեք այդ գծերը չեն անցնի», մանավանդ որ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մտադրության մասին:

«Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենա»,- ասաց Փաշինյանը՝ հաջողություն մաղթելով գալիք խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի:

«Ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու: Պատրաստեք ձեզ նորանոր հաղթանակների և պատրաստվեք նոր ու հզոր, ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցմանը»,- դիմելով քաղաքացիներին՝ իր ուղերձը եզրափակեց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter