HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես է «փակվել» Միհրան Պողոսյանի օֆշորի գործը․ ՀՔԾ-ն տրամադրել է կարճման որոշումը

Միհրան Պողոսյանի օֆշորի գործի կարճումից 1 տարի 10 ամիս անց Հատուկ քննչական ծառայությունը «Հետք»-ին տրամադրեց գործի կարճման որոշումը:

«Հետք»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը «Թավշա հեղափոխություն»-ից հետո ևս մեկ անգամ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործով կայացրած կարճման որոշումը տրամադրելու խնդրանքով: ՀՔԾ-ն այս անգամ այն տրամադրել է:

Հիշեցնենք՝ «Հետքը», մասնակցելով Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համատեղ (ICIJ) նախագծին, 2016թ. ապրիլի 4-ին հրապարակել էր «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հետաքննությունը և ներկայացրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի` օֆշորային ընկերությունների միջոցով ծավալած գործունեությունը։ Պանամայում գրանցած ընկերությունների միջոցով Միհրան Պողոսյանն իր պաշտոնն օգտագործել էր սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցրել եկամուտները:  

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.): 

Միհրան Պողոսյանն առաջին երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել էր 2011թ. մարտին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը: Իսկ «Բանջիո ինվեստ»-ի հետ առնչություն ունեցել է դեռևս 2005-ից: Առաջին երկու ընկերությունները Հայաստանում հիմնադրել և հավասարապես կիսում էին  Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն «կցված էր» ԴԱՀԿ-ին և անշարժ ու շարժական գույքի գնահատում էր իրականացնում ԴԱՀԿԾ-ի վարույթների շրջանակներում:

Հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց, իսկ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը» հոդվածի հատկանիշներով: Միհրան Պողոսյանի՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելուց առաջ՝ 2017թ. հունվարի 23-ին, գործը կարճվեց: Մայիսին նա իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր։

 «Հետքը» դիմեց ՀՔԾ-ին` խնդրելով տրամադրել կարճման որոշումը։ Սակայն ՀՔԾ-ն հրաժարվեց տրամադրել։ «Հետք»-ը դատական երկու ատյաններում բողոքարկել էր քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը չտրամադրելու` քննիչի գործողությունները և չէր կարողացել ստանալ այն: Այժմ այն մեր տրամադրության տակ է:

Կարճման որոշումից պարզ է դառնում, որ բացի Միհրան Պողոսյանին և նրա հարազատներին հարցաքննելուց, ՀՔԾ-ն որևէ այլ գործողություն չի իրականացրել, և քննիչը որոշել է կարճել գործը՝ բացառապես հիմնվելով այդ ցուցմունքների վրա: Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանը հալած յուղի պես է ընդունել Միհրան Պողսյանի ասածները եւ որոշել կարճել գործը։ Այժմ ներկայացնենք, թե ինչպես են դասավորել գործը կարճելու համար անհրաժեշտ ցուցմունքները։

Նախ նշենք, որ Միհրան Պողոսյանը ցուցմունք է տվել վկայի կարգավիճակում: Նա հայտնել է, որ 2011թ. իր հեռավոր բարեկամ Էդուարդ Հարությունյանը խնդրել է օգնել միջազգային կազմակերպություններ հիմնադրելու հարցում, քանի որ ցանկություն է ունեցել Հայաստանում հիմնել ընկերություն, որի հիմնադիրները կհանդիսանան միջազգային կազմակերպություններ՝ Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունը հեղինակավոր դարձնելու համար: Եվ Միհրան Պողոսյանը, բարեկամի խնդրանքը չմերժելու համար, կապ է հաստատել օֆշորային գոտում կազմակերպություններ հիմնադրելու իրավասություն ունեցող Ռիչարդ Վառչուկի հետ և միջնորդել, որ Պանամայում ստեղծվեն միջազգային կազմակերպություններ Էդուարդ Հարությունյանի անունով: Ռ. Վառչուկն իր խնդրանքը կատարել է, բայց քանի որ դիմողն ինքն է եղել, թյուրիմացաբար ընկերությունները գրանցվել են ոչ թե Էդուարդ Հարությունյանի, այլ իր անվամբ: Այդ մասին Միհրան Պողոսյանը, ըստ իր ցուցմունքի, տեղեկացված չի եղել, քանի որ նշված կազմակերպությունները գործունեություն չեն իրականացրել, նույնիսկ դրանց անվանումներն իրեն հայտնի չեն եղել:

Ռ. Վառչուկի հետ խոսելուց հետո նրա տվյալները փոխանցել է Էդ. Հարությունյանին, որից հետո Ռ. Վառչուկի հետ կապ է հաստատել Էդ. Հարությունյանը: Պանամայի օֆշորային գոտում գրանցված «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթիդ» ընկերությունների հետ, ըստ ցուցմունքի, Միհրան Պողոսյանն առնչություն չի ունեցել, դրանց գործունեությանը չի միջամտել, շվեյցարական LCT BANK (Suise) SA կամ որևէ այլ բանկում նշված ընկերությունները հաշիվներ չեն ունեցել: Միայն hetq.am-ի հրապարակումից հետո է տեղեկացել, որ արտասահմանյան ընկերությունները թյուրիմացաբար գրանցվել են իր անվամբ: Նրա ցուցմունքները հաստատել է հարազատը՝ Էդուարդ Հարությունյանը:

ՀՔԾ որոշումից պարզ է դառնում, որ ՀԿՔ ավագ քննիչ, արդարադատության մայոր Դ. Կոստանդյանը որևէ քայլ չի կատարել և գաղտնազերծած փաստաթղթերի առաջնային աղբյուր հանդիսացող ICIJ-ից կամ «Հետք»-ից չի փորձել պարզել, թե, օրինակ, ինչպես է Միհրան Պողոսյանի 100 տոկոս բաժնետոմս ունենալու սերտիֆիկատը ձևավորվել և ապա  հայտնվել համացանցում: Եթե քննիչը հարցում կատարեր և փորձեր ICIJ-ից այլ փաստաթղթեր կամ հիմնավորումներ պահանջել, ապա կկարողանար մի շարք էլեկտրոնային նամակագրությունների ծանոթանալ, որտեղ երևում է, թե ինչ բանակցություններ են վարել Mosac Fonseca-ի իրավաբանները և ինչ փաստաթղթեր են ուղարկվել Հայաստանից այդ ընկերությունները գրանցելու համար: Այդ փաստաթղթերի մեջ կան նաև հոդվածում նշված անձանց անձնագրերի «սկան» տարբերակներ, որոնք առանց անձի, հատկապես՝ Միհրան Պողոսյանի գիտության դժվար թե ուղարկվեին իրավաբանական ընկերությանը: Ավելին, իրավաբանական այս ծառայությունների համար գումարներ են փոխանցվել, որոնց մուտքի ու ելքի մասին տվյալներ ՀՔԾ-ն կարող էր ձեռք բերել համապատասխան մարմիններից:

Օֆշորային ընկերությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար քննիչը համապատասխան հարցումներ է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ, սակայն ԿԲ-ն պատասխանել է, որ գործելով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ իրավասու չէ տրամադրել հայցվող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը: Քննիչն ի սկզբանե սխալ ճանապարհով է գնացել, այսինքն` ի սկզբանե որոշված էր գործը կարճելու ճանապարհը։ Որովհետեւ Միհրան Պողոսյանին պարտավոր էր մեղադրանք առաջադրել փողերի լվացման հոդվածով։ Այդ դեպքում ԿԲ-ն պարտավորված կլիներ տրամադրել տեղեկատվությունը։

Քննիչը որոշման մեջ ամբողջությամբ խեղաթյուրել է Շվեյցարիայից ստացած պատասխանը: Այսպիսով, նշվում է, որ օֆշորային գոտում գրանցված ընկերությունների կողմից շվեյցարական բանկում հաշիվներ ունենալու և դրանք Միհրան Պողոսյանի կողմից կառավարելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև այդ ընկերությունների գործունեության վերաբերյալ քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ ստանալու նպատակով կազմվել են իրավական օգնություն հայցելու մասին միջնորդություններ և ուղարկվել Շվեյցարիայի Համադաշնության և Պանամայի Հանրապետության իրավասու մարմիններին, սակայն «ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանի կողմից այդ ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել»:

Հիշեցնենք, Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենը որևէ տեղեկատվություն չէր տրամադրել, որով հիմնավորվեին կամ ժխտվեին Միհրան Պողոսյանի կողմից այդ ամենին առնչությունը: Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենը չէր էլ մերժել հայկական կողմի իրավական աջակցության հարցումը, ինչպես մեզ հայտնել էր ՀՔԾ-ն: OCCRP-ի մեր գործընկերների հարցմանն ի պատասխան` Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի մամլո խոսնակ Ինգրիդ Ռյուսերը (Ingrid Ryser) հայտնել էր, որ իրենք հայկական կողմի միջնորդությունը չեն բավարարել, քանզի այն չի համապատասխանել միջնորդության պահանջներին, այսինքն` պատշաճ կազմված չի եղել: «Հայկական իշխանությունները կարող են ցանկացած ժամանակ հստակեցնել միջնորդությունը»,- հայտնել էր մամլո խոսնակը:

Իսկ հայկական կողմը ոչ միայն չի հստակեցրել պահանջները և կրկին այն ուղարկել, այլ խեղաթյուրել է ստացված պատասխանն ու ըստ իր հայեցողության շարադրել դրա բովանդակությունը, ինչից ակնհայտ է դառնում, որ ի սկզբանե քննիչը գործը կարճելու և պատշաճ քննություն չիրականացնելու հրահանգ է ունեցել կամ շահագրգռվածություն:

Ինչ վերաբերում է օֆշորային ընկերությունների կողմից շվեյցարական բանկում հաշվեհամար ունենալուն, որի կառավարման իրավունքը վերապահվել էր Միհրան Պողոսյանին, ապա այս դրվագով ևս քննություն չի իրականացվել: Քննիչը բավարարվել է Միհրան Պողոսյանի և նրա հարազատների բացատրություններով, ինչպես նաև Միհրան Պողոսյանի ձեռք բերած էլեկտրոնային նամակով, որ իրենք LCT BANK (Suise) SA բանկում հաշվեհամար չունեն: Ընդ որում, որոշման մեջ նշվում է, որ ընկերություն գրանցող անձը՝ Ռիչարդ Վառչուկը, LCT BANK (Suise) SA բանկի գործադիր տնօրենն է, ով էլ Միհրան Պողոսյանի օգնականի էլեկտրոնային նամակին ի պատասխան հայտնել է, որ այդ ընկերությունները բանկում հաշիվներ չունեն:

Կրկին հրապարակում ենք արտահոսած որոշ փաստաթղթեր, որտեղ հստակ նշվում է, որ ընկերությունները հաշվեհամարներ են բացում նշված բանկում, որոնց կառավարման իրավունքը վերապահվում է Միհրան Պողոսյանին, մեկ այլ ընկերությունում՝ նաև Միհրան Պողոսյանին ու մորեղբորը՝ Միխաիլ Հարությունյանին: 

Փաստաթղթերը տեսնելու համար թերթեք լուսանկարները

Հրապարակում ենք նաև Միհրան Պողոսյանի հարազատների, այդ թվում` մորեղբոր որդու՝ նախորդ նստաշրջանի պատգամավոր Վահե Հարությունյանի մասնակցությամբ պանամյան ընկերությունների փաստաթղթերը, որոնք ևս ուշադրության արժանի են:

Ինչ վերաբերում է ԴԱՀԿ-ի վարույթների շրջանակներում «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի գնահատողական ծառայություններին, ապա Միհրան Պողոսյանի ազգական Էդուարդ Հարությունյանը հայտնել է, որ օրենքով սահմանված կարգով մասնակցել են մրցույթին և հաղթող ճանաչվել, որից հետո ԴԱՀԿԾ-ի հետ պայմանագրեր են կնքել, գույքի գնահատման փորձաքննություններ կատարել: 2015-ին համեմատաբար ավելի շատ գործարքներ են կատարել, քանի որ ընկերության աշխատակիցներն աչքի են ընկել բարձր կատարողական արդյունավետությամբ, կարգապահությամբ, փորձաքննությունները կատարել են սեղմ ժամկետներում, ինչը հավանության է արժանացել հարկադիր կատարողների կողմից, քանի որ կատարողական վարույթների ժամկետներն անհարկի չեն ձգձգվել:

Էդուարդ Հարությունյանը նաև հայտնել է, որ Պանամայում գրանցված ընկերությունները Միհրան Պողոսյանի անվամբ գրանցելը թյուրիմացություն է եղել: Եվ ինքն այդ մասին տեղեկացել է միայն «Հետք»-ի հրապարակումից հետո:

Կարճման որոշման մեջ երևում է, որ նույնաբովանդակ վկայություններ են տվել Միհրան Պողոսյանի հարազատները, նրա հետ աշխատող անձինք, և որևէ քննչական գործողություն չի իրականացվել այդ ցուցմունքների իսկությունը ճշտելու համար: Միհրան Պողսյանի քրեական գործի կարճումը միանշանակ քաղաքական որոշման արդյունք է, և քննիչ Կոստանդյանը ամեն ինչ արել է, որ «արժանահավատություն» հաղորդի այդ որոշմանը: Ստորև մանրամասն կարող եք ծանոթանալ կարճման որոշմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter