HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Տեսնելով երկրագնդի հակառակ կողմը

«Ռետրո Ակումբ» երաժշտական շարքում նախորդ անգամ անդրադարձա Ռոջեր Ուոթերսի բրազիլական շրջագայությանը, որը բուռն ու վիճահարույց արձագանքներ ունեցավ երկրում : Լատինական Ամերիկայի ամենամեծ տարածքն ընդգրկող Բրազիլիան երաժշտին դիմավորեց նախագահական ընտրությունների թոհուբոհի մեջ, և թեկնածուների ընտրապայքարն ավելի թեժ քննարկումների առիթ ունեցավ, երբ լեգենդար Ուոթերսը նրանցից մեկին (ձայների առավելագույն քանակն ապահոված Բոլսոնարոյին) ֆաշիստ անվանեց:

Շատերը հիասթափվեցին իրենց կուռքից հենց այդ բնորոշման համար, շատերը զգաստացան, բայց փինքֆլոյդյան մեղեդիները ծայրից ծայր անգիր սերտած այդ խենթ ու գունագեղ բազմությունը շարունակեց գնալ նրա հետևից՝ ակնդիր և ունկնդիր դառնալով նրա ազդեցիկ կեցվածքին: Ուոթերսը շարունակեց շրջել քաղաքից քաղաք՝ խաղաղության ու այդ «հիանալի երկիրը» ճիշտ ուղով ոտքի կանգնեցնելու իր կոչերով՝ մաքրելու, ազատագրելու արմատացած կեղտոտ բարքերից՝ սեփական ուժերով և հավատալով մարդկային բարձր արժեքների կարևորությանը: Բայց քանի որ երկրագունդն այս առումով արդեն վաղուց իր իսկ շրջագծից դուրս է պտտվում, դեռ երկար ժամանակ այդ արժեքները շարունակելու են պարտվել ռումբերին, թղթադրամներին ու մարդկային ոգու թուլություններին:

Այսօր կփորձեմ հնարավորինս համառոտ և ընդհանուր ներկայացնել լեգենդար այս արտիստի նախագիծը՝ այդքան աղմկահարույց, միևնույն ժամանակ՝ այդքան անհրաժեշտ «Us + Them»-ը:

«Us + Them». Սա համերգային աներևակայելի աուրայով, էներգետիկ ուժով ու ազդեցությամբ լեցուն մի երևույթ է, որը բուռն քննարկումների ու քննադատությունների մեջ է գցել իր հեղինակին՝ Ռոջեր Ուոթերսին: Վերջին տարիներին, նա աշխարհում թերևս ամենահայտնի «հակասիոնիստն» է, «հակաթրամփիստը», «հակաամերիկացին» ու «հակաբրիտանացին»՝ հայտնի արտիստների շարքում: Բայց Ուոթերսին ամենևին չեն անհանգստացնում այս բնորոշումները, նա հակադարձում է սառն ու հաստատուն՝ երբեմն անգամ հստակ հասկացնելով՝ ուզում եք՝ թեկուզ հենց այդպես: Նրան նվիրված մեր պատմություններից մեկում նշել ենք, որ երաժիշտը վերջին տարիներին իր ստեղծագործությունները հիմնականում վերածել է ուղերձների՝ քաղաքական, սոցիալական, բնապահպանական խնդիրներ բարձրաձայնելու և բարեգործական մեծամասշտաբ ծրագրեր իրականացնելու ակտիվ գործունեությամբ :

Ռոքի լեգենդն ու վերջին տարիներին` քաղաքական ամենահայտնի ակտիվիստ երաժիշտներից մեկը բազմիցս է քննադատության ենթարկվել: Նրա համերգային ծրագրերն արդեն վերածվել են սուր դժգոհությունների կամ փառահեղ ծափերի ծայրահեղ բևեռացման: Նրա 50 տարվա երկրպագու որոշ պաշտոնյաներ կամ, պարզապես, այս կամ այն կուսակցությանը համակրող հանդիսատեսը երբեմն լքում է դահլիճը՝ ցույց տալով անհամաձայնությունը երաժշտի հայացքներին: Իսկ Ուոթերսն անդրդվելի է. «Փոքր-ինչ զարմանալի է, թե այս մարդիկ ինչպես են հիսուն տարի լսել իմ երգերը՝ առանց դրանց իմաստը հասկանալու»,- պատասխանում է նա նրանց:

2004թ. Ուոթերսը նոր երգեր թողարկեց, որոնցում ուղղակիորեն դատապարտում էր Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային մեկ տարի առաջ Իրաքի դեմ իրականացված ռազմական գործողությունների համար: Իսկ ահա 2013թ. երաժիշտը համախմբեց նախկին գործընկերներին Իսրայելի դեմ՝ դատապարտելով Պաղեստինի տարածքները օկուպացնելու համար: «Ես ամենաքիչը սխալ եմ համարում, որ արտիստը գնա և ելույթ ունենա մի երկրում, որն օկուպացրել է մեկ այլ ժողովրդի հողը և ճնշում է նրանց, ինչպես դա Իսրայելն է անում,- ասում էր Ուոթերսը,- Նրանք պետք է ՈՉ ասեն»:

Այդ օրվանից նա հակասիոնիստի պիտակն իր հետ է կրում՝ անգամ ամենևին կապ չունենալով իսրայելապաղեստինյան իր հայտարարությունների հետ:

Այս տեսանկյունից Ուոթերսի աշխարհընկալման շարունակությունը դարձավ «Us + Them» համերգային «արշավը»:

«Us + Them» -ը մեկնարկել է անցած տարվա մայիսից և առավելապես հաստատվել 2018թ-ի մեջ: 2017թ. շրջագայության բացումն ազդարարվեց ամերիկյան Կանզաս սիթիից և շրջելով հյուսիսային մայրցամաքի տարբեր քաղաքներով՝ տեղափոխվեց Ավստրալիա, Նոր Զելանդիա: Այս տարվա ապրիլից՝ համերգային մեծամասշտաբ նախագիծն արդեն կայացել է եվրոպական մի շարք երկրներում՝ Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Չեխիա, Ավստրիա, Հունգարիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Բուլղարիա,   Նիդեռլանդներ, Անգլիա, Իռլանդիա և այլուր: Ողջ Բրազիլիան ալեկոծելուց հետո՝ այս օրերին շարունակում է շրջել Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայ, Պերու, Արգենտինա, Չիլլի, Կոլումբիա: «Us + Them» շրջագայությունը կեզրափակվի արդեն Մեքսիկայում, որտեղ նրա երաժշտության երկրպագուները հնարավորություն կունենան 7 համերգ վայելելու:

Համերգային նախագծի անվանումը հանրահայտ «The Dark Side of The Moon» ալբոմի ճանաչված «Us and Them»-ն է, որը ներկայացվում է իր բովանդակության ու մեր ժամանակների ընկալման համատեքստում: Այս արտահայտությունը միևնույն ժամանակ կապված է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ելույթներից մեկի հետ: Անդրադառնալով ներգաղթի մասին ամերիկյան նոր ռեֆորմներին՝ նա ասել էր, թե պետք չէ «մեզ ու նրանց/մենք ու նրանք» հիմքի վրա ազգայնականություն հաստատել

 

 

“…With, without

And who’ll deny that’s what the fighting’s all about?”

Անդրադառնալով «The Dark Side of The Moon» ալբոմի վերոնշյալ գործին՝ Ուոթերսը հիշատակում է երգի հենց այս տողերն ու ասում. «… Եվ այս վերջին մի քանի տարիների ընթացքում հետքրքիր մի բան հասկացա՝ կապված այս տողերի հետ: Այն, որ 1973թ. գրված այս հարցի պատասխանը կլիներ՝ «Գրեթե բոլորը»: Գրեթե ամեն ոք կարծում է, որ կռիվը գաղափարախոսության մեջ է: Ամեն մարդ կասի քեզ. «Ողջ կռիվը Միջին Արևելքի շուրջ է», կամ՝ «Այս կռիվը մուսուլմանների կողմից սկսված ջիհադի պատճառով է»: «Այն տեռորիզմի … սրա… նրա պատճառով է: Բայց ոչ, այդպես չէ: Այս կռիվը փողի պատճառով է»:

«Us + Them» շոուի ընթացքում Ռ. Ուոթերսը կատարում է հայտնի ու սիրված երգեր խմբի ամենահայտնի ալբոմներից` «The Dark Side of The Moon», «Animals», «The Wall», «Wish You Wrer Here»: Սակայն ծրագիրն ընդգրկում է նաև մի քանի նոր երգ երաժշտի վերջին՝ «Is This the Life We Really Want? »  ալբոմից: Քաղաքականության մեջ նրա ամենամեծ թիրախներից մեկը այս շրջագայության մեջ շարունակում է մնալ Դոնալդ Թրամփը՝ աշխարհին ծնկի բերելու ամերիկյան մեծագույն երազանքով և իր ծիծաղելի էությամբ:

Նա խոսում է ուղիղ, երբեմն անսպասելիորեն կտրուկ, կոնկրետ անուններով և մատնացույց անելով, թե որտեղ է խնդիրը: Իսկ երբ նրան սկսում են մեղադրել ծայրահեղության կամ չափազանց կոշտ արտահայտվելու մեջ, Ուոթերսն ասելիքը նույն համոզվածությամբ կրկնում է՝ առավել հասկանալի, բայց երբևէ չզիջող ձևակերպմամբ: Իսկ ի՞նչ է ասում նա.

RESIST.   Սա Ուոթերսի կարևորագույն ու ողջ շոուի հաղորդագրությունը ամբողջացնող կոչն է, անվանումը: Արյան սիմվոլիկ գույնով ու պատկերագրությամբ արված այս բառով, որն ուղեկցում է գրեթե ողջ շոուի ընթացքում, նա տասնյակ հազարավոր երկրպագուներին դեմ առ դեմ կանգնեցնում է կյանքի իրական հայելու առջև: Ի՞նչ ենք տեսնում այնտեղ. պատասխանների հսկա շարքը՝ եկեղեցու և պետության միջև գործող ոչ սուրբ դաշինքի, երկրագնդի կառավարումը «խոզ-մարդկանց» հանձնելու, գլոբալ օլիգարխիայի, նեո ֆաշիզմի, պատերազմից ակնկալվող շահույթի, բռնապետների, կրոնական պատրվակով նոր պատերազմներ հրահրելու, իսրայելական շահարկվող հակասեմիզմի, և անգամ՝ ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կայսրությանը:

«Us + Them» -ը շարունակում է իր աներևակայելիորեն հսկա դահլիճներ ներառող այցելությունները: Մեծ կանգառներով համերգներ են դրանք՝ խենթացնող աուրայով ու աշխարհի հակառակ կողմը ներկայացնող մարդկային դեմքերի պատմությամբ: Համալսարանական խենթ եւ խելառ երիտասարդություն, հեռավոր քաղաքներից ժամանած ու փինքֆլոյդյան տարբեր պատկերներով շապիկներ հագած, հյուրանոցներում ներս ու դուրս անող օտարերկրացիներ, վաղ առավոտից կենցաղային հոգսերն իրենց ուսերից թոթափող տնային տնտեսուհիներից  մինչև կապտամորուս ու ագրեսիվ լռությամբ հին ռոքեր պապիներ… նրանց բոլորին միավորում է մի բան: Քաղաքում է ռոքի խորհրդանիշը, նա կարևոր ասելիք ունի և նրա շոուն տեսնել է պետք: Ողջ համերգի ընթացքում նա հանդիսատեսի այդ ահռելի բազմությանը խառնում, քամում, թուլացնում, բարձրացնում ու ասես արմատներով նրա գիտակցության մեջ մեկ առ մեկ կանգնեցնում է ով կամ ինչ լինելու արժեքը:

Աներևակայելի պատկերավոր, խոսուն ու մարդու ներաշխարհը հակասական զգացումներից իրար խառնող, բայցևայնպես՝ մաքրող երաժշտությամբ ու ազդեցիկ տեքստերով ընթացող այս համերգը մեծ արտիստի ու մեծ մտավորականի հերթական անդրադարձն է մարդուն ու այս աշխարհի բարքերին: Երկրագնդի քաղաքական ու բնապահպանական խնդիրներն իր երաժշտական շոուի մեջ ամբարած այդ մարդը շարունակում է շրջել, խոսել, հիշեցնել ու հավատալ. Հավատալ, որ մի օր պայքարը մեր միջի «մենքի ու նրանց» միջև ավարտվելու է մարդ մնալու հաղթանակով:

«Us + Them» -ը էկրանին գամված մի հսկա հայելի է, որտեղ ամեն մարդ տեսնում է իր իրական արտացոլանքը:

 

Լուսանկարներն արված են ԲԴՀ մայրաքաղաք Բրազիլիայում 2018թ. կայացած համերգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter