
Տնտեսական խոստումներ՝ ընտրություններից առաջ. «Ազգային առաջընթաց», «Մենք», ՔԺՎԿ
«Ազգային առաջընթաց». «Պարտադիր կենսաթոշակային համակարգը փոխարինվելու է ամբողջությամբ կամավոր համակարգով»
«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում 20 կետից բաղկացած առաջարկներ ու խոսոտումներ է ներկայացրել, որոնք ըստ կուսակցության՝ առաջնային են և կարող են լուծվել կարճ ժամկետներում։
Դրույթներից մեկով առաջարկվում է առկա հարկատեսակները ու հարկային բեռը կրճատել մի քանի անգամ, հատկապես՝ միջին խավի և մանր ու միջին ձեռնարկատիրության համար։ «… պարզեցնել հարկային օրենսդրությունը, միաժամանակ հարկային բեռը բարձրացնելով միայն հանքարդյունաբերության ոլորտում, քանի որ այն չի համարվելու գերակա ճյուղ։ Խստացվելու է ֆինանսական ու քրեական պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար»,- նշված է ծրագրում։
Կուսակցությունը խոստանում է նաև խստացնել օրենսդրական ու լիցենզավորման պահանջները հանքարդյունաբերության ոլորտում՝ նպատակ ունենալով սահմանափակել հանքարդյունահանման ծավալները և դրա ֆինանսական գրավչությունը։
«Ռազմական արդյունաբերությունը, արևային էներգիայի ու քամու հաշվին էլեկտրաէներգիայի արտադրությունը, տեղեկավական ու բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը, թեթեւ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը հայտարարվելու են գերակա ճյուղեր»,- նշված է կուսակցության ծրագրում։
Անդրադարձ կա պարտադիր կենսաթոշակային համակարգին։ Ըստ «Ազգային առաջընթաց»-ի՝ պարտադիր կենսաթոշակային համակարգը փոխարինվելու է ամբողջությամբ կամավոր համակարգով՝ խթանիչ հարկային բաղադրիչով, որի պայմաններում պետությունն ապահովելու է նվազագույն կենսաթոշակի վճարում՝ անկախ անձի՝ կամավոր կենսաթոշակային համակարգին միանալու հանգամանքից։ «Հարկային արտոնությունների պայմաններում կամավոր կենսաթոշակային համակարգը բավականին կիրառելի կլինի և գրավիչ՝ թե´ աշխատողի և թե´ գործատուի համար»,- նշված է կուսակցության ծրագրում։ Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ խորհրդարանական ընտրությունների մասնակցող ուժերը տարբեր մոտեցումներ ունեն։
Ինչ վերաբերում է եկամտային հարկին, ապա առաջարկվում է կիրառել դրույքաչափերի սանդղակ, և նվազեցնել հարկային բեռը ամիսը մինչև 250 հազար դրամ եկամուտ ստացողների համար։ «Ազգային առաջընթաց»-ը համարում է, որ եկամտային հարկի և շահութահարկի սանդղակները պետք է հնարավորինս մոտ կամ նույնական լինեն, իսկ մանր ու միջին ձեռնարկատիրությունը պետք է ընդգրկի մինչև 30 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին։
Որպես առաջնահերթություն առանձնացվում է գյուղատնտեսության զարգացումը. «Ըստ այդմ, մշակվելու է ամեն համայնքի պահանջներից բխող գյուղատնտեսական զարգացման ծրագիր, այդ թվում՝ անասնապահության, ձկնաբուծության, փայտամշակման, այգեգործության և այլ ուղղություններով»։
«Մենք»-ը խոստանում է կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում մենաշնորհների վերացման ու ստվերի կրճատման հաշվին
«Մենք» դաշինքի ծրագրում որպես գլխավոր նպատակներից մեկը նշվում է բաց, մրցունակ, արդյունավետ և համընդգրկուն տնտեսության զարգացումը։ Դաշինքը փոփոխությունների քայլեր է մշակել ու ներկայացրել իր ծրագրում։
Օրինակ՝ փոքր և միջին բիզնեսի զարգացումն ապահովելու և վարչարարությունն էապես նվազեցնելու նպատակով առաջարկվում է մինչև 50 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար սահմանել տարեկան 10 հազար դրամ սիմվոլիկ հարկ, 50-200 մլն շրջանառության դեպքում՝ 5%, իսկ 200-500 մլն-ի դեպքում 7-9 % շրջանառության հարկ՝ ըստ ոլորտների:
Մեկ այլ օրինակ՝ ներդրումների խթանման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով՝ 5 տարի ժամկետով շահութահարկի վճարումից ազատել բոլոր այն ներդրողներին, ովքեր 10 մլն դոլար և ավելի ներդրումներ կկատարեն Հայաստանում և կստեղծեն 100 և ավելի աշխատատեղեր:
«Մենք» դաշինքը առաջարկում է երկրում արդյունահանված հանքահումքի վերջնական վերամշակում կազմակերպել. «Վերամշակման գործունեության ծավալումը և նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով՝ արգելել հանքահումքային արդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում հումքի արտահանումը՝ 2024 թվականից սկսած: Նույնիսկ չափազանց մեծ ռեսուրսային հնարավորություններ ունեցող երկրներն իրենց թույլ չեն տալիս հումքի ուղղակի արտահանում այն պարագայում, երբ երկրում առկա է դրանց նկատմամբ պահանջարկ և իրացման լայն հնարավորություններ: Առավել ևս Հայաստանի պարագայում հումքային ապրանքների արտահանումը չի կարող նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Դա նշանակում է, որ պետք է հրաժարվել արտահանման այս ուղղությունից, սակայն պետք է հաշվի առնել, որ չարտահանված հումքային ռեսուրսներով անհրաժեշտ է տեղում պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն նախաձեռնել՝ խրախուսելով վերամշակման գործարանների և նոր աշխատատեղերի ստեղծումը»։
Շեշտադրվում է նաև գյուղատնտեսության և ագրոտուրիզմի զարգացումը։
Ծրագրում դաշինքը ներկայացրել է «ապագային պատրաստ տնտեսության քաղաքականության որոշ ուղենիշեր»։
«Մենք»-ը ձգտում է հասնել աղքատության մակարդակի կրճատման՝ 2019-2021թթ. ընթացքում հասցնելով այն առնվազն 15%-ի։
Նախատեսվում է կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում առնվազն 25 %-ի չափով։ Ըստ դաշինքի՝ դա հնարավոր է իրանականացնել մենաշնորհի և ստվերի կրճատման շնորհիվ:
Քաղաքական այս ուժը ևս խոստանում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերացում. «Անհրաժեշտ է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նախատեսված սոցիալական վճարի պարտադիր նորմը հանել՝ կենսաթոշակային կուտակային համակարգը դարձնելով կամավոր»:
ՔԺՎԿ. «Մանր և միջին ձեռնարկատիրությունը պետք է լինի հատուկ պաշտպանության և աջակցության ներքո»
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը (ՔԺՎԿ) համարում է, որ Հայաստանին անհրաժեշտ է «սոցիալական շուկայական տնտեսություն»:
«Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի օրենսդրական համակարգ, որը կապահովի աշխատողի և գործատուի հավասար և համատեղ պատասխանատվությունն ու իրավունքները: Սա տնտեսության ու հասարակության մեջ պետք է առաջացնի նոր սոցիալական կարգ` ուղղված եկամուտների արդարացի բաշխմանը, ինչը կհաղթահարի սոցիալական բևեռվածությունը»,- նշված է կուսակցության ծրագրում:
Ծրագրում թվային ցուցանիշներ կամ խոստումներ չկան։ Միայն մի քանի քայլեր են նշված արդյունավետ տնտեսություն ունենալու համար։ Ըստ կուսակցության՝ պետք է կանխել անհատների և կազմակերպությունների ձեռքում տնտեսական հզորությունների այնպիսի կենտրոնացումը, որը կվտանգի տնտեսական և քաղաքական ազատությունները և կծնի օլիգոպոլիաներ։
«Մանր և միջին ձեռնարկատիրությունը պետք է լինի հատուկ պաշտպանության և աջակցության ներքո: Պետք է խթանել արդյունաբերության` որպես տնտեսական զարգացման գրավականի առաջնահերթ զարգացումը»,- նշված է ՔԺՎԿ-ի ծրագրում։
Տես նաև՝ Տնտեսական խոստումներ՝ ընտրություններից առաջ. «Սասնա Ծռեր», ՕԵԿ, ՔՈ
Տնտեսական խոստումներ՝ ընտրություններից առաջ. «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան»
Տնտեսական խոստումներ՝ ընտրություններից առաջ. ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ
Մեկնաբանել