HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանցի ակտիվիստները լուրջ մտահոգություններ ունեն գազ ու նավթ որոնելու ծրագրի վերաբերյալ

Օրեր առաջ 27 կապանցիներ՝ բնապահպաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, մշակույթի գործիչներ և կուսակցությունների անդամներ իրենց բացասական կարծիքն են հայտնել բնապահպանության նախարարությանը՝ «ԱԳԱՊԵ» ընկերության կողմից Կապանի տարածաշրջանում նավթ և գազ որոնելու ծրագրի վերաբերյալ:  

Հիշեցնենք, որ ընկերությունը նախատեսում է որոնողական աշխատանքներ կատարել Կապան համայնքի վարչական տարածքում: Իսկ Սյունիքի մարզկենտրոնը 2017-ին խոշորացվել է՝ ընդգրկելով տարածաշրջանի 31 գյուղական համայնք: Այժմ Կապանը ներառում է ընդհանուր 38 բնակավայր՝ 1 քաղաք, 37 գյուղ:

«ԱԳԱՊԵ»-ի ներկայացրած հայտի առաջին լսումը կայացել էր հունվարին, իսկ երկրորդ լսումը 3 անգամ տապալվելուց հետո (այդ թվում՝ 2 անգամ այն ձախողել են ակտիվիստները) տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին:

«2018 թ. դեկտեմբերի 11-ին «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն և Կապանի քաղաքապետարանը հայտարարեցին, որ հայտի երկրորդ հանրային լսումները կայացել են, մինչդեռ նույն օրը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են խոշորացված Կապանի բնակիչների շահերը, դեմ արտահայտվեցին հայտին և բոյկոտեցին այդ լսումները և չեն համարում այդ լսումները կայացած: Երկրորդ՝ քննարկմանը ներկա էին մեծամասամբ այնպիսի անձինք, ովքեր, հնարավոր է, ուղղորդված էին և ովքեր նախկինում և հիմա սպասարկում են հանքարդյունաբերությանբ հետաքրքրված անձանց և ընկերությունների շահերը»,- ասվում է նշված 27 կապանցիների կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Նրանցից մեկը բնապահպան Դավիթ Հակոբյանն է, ով նշում է, թե նամակի տակ ստորագրողների անուն-ազգանուններ հրապարակելը խնդիր չէ: «Մեր սկզբունքը կամ գաղափարը հետևյալն է՝ մենք դեմ ենք ոչ թե դեմ լինելու համար, այլ մեր երկրի, մարզի, քաղաքի զարգացումը տեսնում ենք այլ ճանապարհով, և դա հնարավոր է»,- ասում է Հակոբյանը: Վերջինս ժամանակին աշխատել է Շիկահողի արգելոցում և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում: Բնապահպանի խոսքով՝ ինքը իշտ դեմ է եղել նրան, ինչ պետք է վնասի բնությանը, այսինքն՝ խոսքը միայն «ԱԳԱՊԵ»-ի մասին չէ:

Կարծիքի մեջ ասվում է, որ «ԱԳԱՊԵ»-ն երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ է կատարելու այնպիսի գյուղերում, ինչպիսիք են Ծավը, Ներքին Հանդը, Շիկահողը, որոնք «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի բուֆերային գոտի են կամ բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ): Նշվում է նաև, որ գերմանական «KfW» բանկը մեծ գումարներ է տրամադրել կենսոլորտային համալիրի ազդակիր համայնքների այլընտրանքային զարգացման համար, որպեսզի ապահովվի ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմը, իսկ «ԱԳԱՊԵ»-ի հայտում նույն բնակավայրերը դիտվում են որպես նավթի ու գազի որոնման տարածքներ:

Մտահոգ ակտիվիստները հիշեցնում են, որ Կապանի ու Մեղրու տարածաշրջաններում են  գտնվում տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող և շուրջ 80.000 հա ընդգրկող բնության հատուկ պահպանվող տարածքները՝ ներառված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կազմում: Սրան զուգահեռ, ըստ բացասական կարծիքի հեղինակների, «ԱԳԱՊԵ»-ն չի հստակեցրել, թե ուսումնասիրության ժամանակ ստույգ որ տարածքներից պետք է նմուշներ վերցվեն, և չի բացառվում, որ ԲՀՊՏ-ների չհստակեցված սահմանների պայաններում ուսումնասիրությունները կատարվեն հենց այդ տարածքներում:

Նշվում է նաև, որ էկոլոգիական վիճակի վատթարացումը, պայմանավորված նավթի և գազի հանքավայրերի հնարավոր շահագործմամբ, կարող է այլ տնտեսական ոլորտների՝ գյուղատնտեսության, տուրիզմի, զբաղվածության անկման և արտագաղթի պատճառ դառնալ:

Դավիթ Հակոբյանի խոսքով՝ իրենց պահանջ-խնդրանքն է, որ «ԱԳԱՊԵ»-ին չտրամադրվի երկրաբանական հետախուզության արտոնագիր: Իսկ եթե բնապահպանության նախարարությունն, այդուհանդերձ, փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն տա ընկերության հայտին, ապա, ըստ Դ. Հակոբյանի, իրենք կմտածեն մարտավարությունը փոխելու մասին: Ասում է, որ հանրային աջակցությունը ևս դեր կխաղա, ինչպես Լեռնաձորում էր՝ ուրանի դեմ պայքարում: Ըստ ակտիվիստի՝ այս փուլում  կապանցիները դեռ մենակ են, իսկ, օրինակ, ուրանի աղմուկի ժամանակ բնապահպաններ, անգամ քաղաքական գործիչներ էին գալիս Երևանից: Դավիթ Հակոբյանը հարցնում է՝ ինչո՞ւ են մենակ թողնում, եթե ուրանի դեպքում պայքարում էին:

«Մենք չենք ուզում, որ այստեղ այլևս նոր հետազոտություններ, նոր հանքարդյունաբերական ընկերություններ լինեն»,- ասում է բնապահպանը՝ հավելելով, որ նավթի և գազի որոնման դեմ պայքարողները մտածում են, որ «ԱԳԱՊԵ»-ն խորքային ուսումնասիրություններ է անելու՝ պարզելու, թե ընդհանրապես ինչ կա տարածաշրջանի ընդերքում, իսկ հետագայում այդ տվյալները կարող է վաճառել մեկ այլ ընկերության: Ըստ Դ. Հակոբյանի՝ սա միայն հետագայում կարող է հերքվել կամ հաստատվել:

Հ.Գ. «Հետքը» հարցեր է ուղարկել «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի սեփականատեր կանադական «Armenian Gas and Power Enterprises Inc.» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, կանադահայ Հրաչ Ջաբրայանին: Պատասխանները կհրապարակենք ստանալուն պես:  

Լուսանկարում՝ Դավիթ Հակոբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter