
Հրաչ Ջաբրայան. «Հորատում կատարելու ոչ մի որոշում չի կարող լինել, մինչեւ մակերեսային նմուշառումները չվերջացնենք»
Խոշորացված Կապան համայնքի տարածքում նավթ ու գազ որոնելու ծրագրի մասին «Հետքի» հարցերին պատասխանում է հայտ ներկայացրած «ԱԳԱՊԵ» ընկերության սեփականատեր կանադական «Armenian Gas and Power Enterprises Inc.» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, ով նախկինում եղել է Կապանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործած «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրենը:
-Պարոն Ջաբրայան, ի՞նչն է պատճառը, որ մետաղների հանքարդյունաբերությունից հետո ընտրեցիք նավթի եւ գազի արդյունահանման ոլորտը:
-20 տարուց ավելի է արդեն, որ այս կամ այն ձեւով աշխատում եմ բնական պաշարների ոլորտում, նախ՝ Կանադայում, ապա՝ Հայաստանում: Բիզնեսի տեսանկյունից մասնագիտությունս միշտ էլ կենտրոնացված է եղել բնական պաշարների վրա, եւ այսպես բնական եմ համարում մնալ ու աշխատել այն ոլորտում, որը ե՛ւ սիրում եմ, ե՛ւ հարազատ է ինձ:
-Կապանի տարածաշրջանում ո՞ր վայրերից են կատարվելու նմուշառումներ, եւ քանի՞ հորատում է կատարվելու:
-Կապան խոշորացված համայնքի մի քանի տարածաշրջանում նախատեսել ենք կատարել նմուշառումներ, բայց առայժմ միայն այդքանը: Հորատում կատարելու ոչ մի որոշում չկա այս պահին եւ չի կարող լինել, մինչեւ մակերեսային նմուշառումները չվերջացնենք ու արդյունքները չստանանք: Հետագայում, եթե նմուշառման արդյունքները դրական լինեն, նախատեսում ենք 2 կամ առավելագույնը 3 հորատում իրականացնել: Պետք է հիշել, որ նախքան հորատման անցնելը պետք է տեղի ունենան 4 հանրային լսումներ:
-Կապանում խոսակցություններ կան, որ «ԱԳԱՊԵ»-ն իրականում ուսումնասիրություններ է անում ոչ թե նավթի եւ գազի, այլ մետաղական հանածոների որոնման համար, եւ դրա արդյունքում ստացած տեղեկությունը վաճառելու է հետագայում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Այս խոսակցություններն այլ բան չեն, եթե ոչ ապատեղեկատվություն, որը տարածվում է երկու կամ երեք անձանց կողմից՝ պարզապես մարդկանց մեջ կասկած ստեղծելու համար: Ծիծաղելի է, որ որոնման աշխատանքից չհասկացողը այսպիսի գնահատական է տալիս եւ ցուցադրում իր տգիտության անսահմանությունը: Նավթի եւ գազի որոնման աշխատանքները եւ մետաղային պաշարների որոնման աշխատանքները հսկայական տարբերություն ունեն, ու անհնար է նավթ եւ գազ որոնելու աշխատանքով փնտրել մետաղներ, անկեղծ, իսկապես ծիծաղելի է:
-Հնարավո՞ր է, որ Ձեզ կրկին տեսնենք մետաղական արդյունաբերության ոլորտում:
-Ինչպես առաջին հարցի պատասխանում նշեցի, ես սիրում եմ բնական պաշարների ոլորտը, առայժմ կենտրոնացած եմ մեր ընկերության աշխատանքների հաջողման վրա: Ժամանակը ցույց կտա, թե ապագան ինչ է ծրագրել ինձ եւ բոլորիս համար:
Մեկնաբանել