HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անձրևից հետո արևը միշտ կա»,- ասում է պատերազմի պատճառով ձեռքերը կորցրած Մերին

Երկար դասամիջոցներին հասցնում էինք բակ դուրս գալ՝ ջեմով կամ պանրով բրդուճները ձեռքներիս: Պատահում էր, որ դպրոցի բակում հեռվից նայում էի ջինսե կիսաշրջազգեստով, սպիտակ վերնաշապիկով, մազերը կարճ կտրած Մերիին: Հատկապես ուշադիր էի լինում, որ իմ և Մերիի հայացքները չհանդիպեն: Մերին միշտ լինում էր ընկերուհիների, հորեղբոր տղայի ուղեկցությամբ: Նրան հաճախ կարելի էր տեսնել ժպտալիս, երբեմն էլ պոռթկուն և վարակիչ ծիծաղով: Նրա վերնաշապիկից դուրս եկող երկաթե սուր երկու կտորի միջև դնում էին բրդուճը, Մերին, ինչպես մենք, դասամիջոցին բրդուճ էր ուտում: Հորեղբոր տղան երբեմն ուղղում էր դրված բրդուճը, իսկ Մերիին, կարծես, չէր էլ նկատում, կատակներ էր անում: Մերին ուժեղ էր բոլորիցս: Բայց, իհարկե, այդ ժամանակ դժվար էր հասկանալ, թե ինչ էր թաքնվում այդ ուժեղ լինելու հակառակ կողմում:

Կապանում պատերազմը բոլորիս կյանքում ինչ-որ հետքեր թողել է: Մերի Մեժլումյանի մոտ այդ հետքերն առավել արտահայտիչ դարձան: 1993-ի հուլիսի 23-ին Կապանում թշնամու նետած կասետային ռումբի պայթյունից Մերիին կորցրեց երկու ձեռքերն ու ոտքի մի մասը: Պատմում է, որ ձեռքերն ուղղակի հալվեցին: Նրա փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը:

33-ամյա Մերին իրեն համարում է աշխարհի ամենաուժեղ մարդը, սակայն անգամ ամենաուժեղ մարդն ունի թուլության պահեր: «Որ նեղվում եմ, ցույց չեմ տալիս, գիշերն են հուզիչ պահերը լինում, երբ մենակ եմ, մտքերիս մեջ դեպքս եմ հիշում և միշտ մտածում եմ՝ ինչի՞, ինչի՞ հենց ինձ հետ եղավ: Երևի ամենաուժեղն էի, դրա համար, էն մնացածը գուցե չհաղթահարեին դա»,- ասում է նա:

Մերիենց հյուրասենյակում դրված է տոնածառը, գետնին փուչիկներ կան, դրանք կկախեն պատերին կամ պահարաններին, Մերին դեռ չի որոշել: Տոնածառն ընտանիքով են զարդարել:

«Տոնածառը պիտի ընտանիքով զարդարես, երեխայի պես ուրախացել էի: Ամենաշատն էս տոնն եմ սիրում: Ծնունդը չեմ սիրում, որովհետև բոլորս մեծանում ենք: Ճիշտ է, Նոր տարուն էլ ենք մեծանում, բայց դա էդքան չենք գիտակցում էդ ժամանակ»,- ասում է նա: Տոնածառին խաղալիքները կախելուն զուգահեռ երազանքներ է պահել: Հիմա ամենաշատը ցանկանում է փոքրիկ բնակարան ունենալ, որտեղ մենակ կապրի: «Պապայիս տունը կա, բայց ուզում եմ իմ անկյունն ունենամ, իմ սեփական տունն ունենամ, սովորեմ մենակ ապրեմ, որ հետո դժվար չլինի ինձ համար»,- նշում է նա, քիչ անց ավելացնում, որ երբ մենակ ապրի, խնամակալ էլ կունենա, սակայն իր ստացած ամսական 21 հազար դրամ առաջին կարգի հաշմանդության թոշակով նույնիսկ ինքն իրեն չի կարող պահել:

«Ես ուզում եմ, որ կարգավիճակս փոխեմ: Պապաս արդեն 62 տարեկան է, պապայիս չլինելուց հետո ո՞նց պիտի ապրեմ: Ասենք՝ բարերաները չկան, թոշակս որ ստանամ (ինձ բարերար պետք չէ), գոնե թոշակով ապրեմ, էլի քիչ չէ 100 հազարը, էլի կկարողանամ ապրեմ, բայց տուն էլ եմ ուզում ունենալ, գոնե իմ անկյունն ունենամ, մեկսենյականոց բնակարան ունենամ»,- ասում է Մերին: Ապա նշում է, որ հաշիվն է կորցրել, թե ինչքան նամակ է գրել երկրի նախագահին, կառավարությանը:

«Մանկուց հիվանդ». այսպես է գրված նրա հաշմանդամության գրքույկի մեջ, այնինչ Մերին հաշմանդամություն ստացել է պատերազմի հետևանքով: Մի կողմից՝ Մերին զինհաշմանդամ չի համարվում, քանի որ զինվորական չի եղել, մյուս կողմից՝ նա մանկուց հաշմանդամ էլ չէ: Այդուհանդերձ, նա հույս ունի, որ օրենսդրական փոփոխություն կկատարվի՝ իր և իր նման տուժած անձանց կարգավիճակը հստակեցնելու համար, ինչը կանդրադառնա նաև թոշակի գումարի վրա:

«Դեպքից հետո մեկուկես տարի տանն էի, կաշկանդվում էի, թե մարդիկ ոնց էին նայում ինձ: Ժամանակի ընթացքում հաղթահարում ես: Հիշում եմ, որ առաջարկում էին ուսուցիչներին տուն հրավիրել, տանն անել դասերը, բայց պապաս չթողեց, ասաց՝ թող դուրս գա, շփվի մարդկանց հետ»,- պատմում է Մերին:

Ձմռանը հիմնականում քիչ է դուրս գալիս տնից: Տան գործերում է օգնում: Ասում է՝ միայն ավել անելն է փոքր-ինչ դժվար, որովհետև ծնոտով ավելը բռնելիս ցավում է, վերքեր են առաջանում: Շատ գործեր սովորել է անել տարիների ընթացքում:

Մի քանի տարի է՝ պրոթեզավորումից հրաժարվել է, ունեցած պրոթեզներն էլ դրել են տանիքում: Ասում է, որ դրանք չազափանց ծանր են, օգտագործել չի լինում: «Ոչ մի պրոթեզ չի կարող փոխարինել ձեռքերին: Կա՛մ շատ լավ՝ բիոպրոթեզ պետք է ունենաս, իսկ դրանք հազարավոր եվրոներ են, կա՛մ չունենաս»,- նշում է նա:

«Ֆեյսբուքում» նայում ենք Մերիի էջը՝ «Աջակցենք Մերի Մեժլումյանին»: Ասում է՝ էջը բացեց, բայց աջակցողներ չեղան: Հիմնականում տարածում է իր մասին նյութերը: Հետո նրա լուսանկարներն ենք նայում՝ ըստ ժամանակագրության: Հարցնում եմ, թե ինչ է թաքնված «աշխարհի ամենաուժեղ մարդու» մեջ: «Իմ թուլությունն իմ հայրն է, որ նա միշտ կողքիս պիտի լինի, որ տարիներն անցնում են, ու ժամանակ պիտի գա, որ նա կողքիս չլինի»,- սա ասելուց հետո Մերիի կոպերը թացանում են, աչքերում կարմիր բծերը խտանում են: Մենք լռում ենք:

Քիչ անց Մերիին պատմում է հարևանի տղայի մասին, որ սայլակին է, հաշմանդամություն ունի: «Իրեն նայելուց ես հաշմանդություն չեմ զգում, պիտի ոչ մի բանից չթուլանաս, մեկ է՝ կյանքում ամեն ինչն էլ մարդու համար է: Գիտեմ, որ էսօր կարող է մի բան սև լինի, վաղն անպայման սպիտակ կլինի, էն որ ասում են՝ անձրևից հետո արևը միշտ կա, որ մի բան վատ է լինում իմ կյանքում, ասում եմ՝ հո էսպես չի մնալու: Կյանքն էլ է անցողիկ, էսպես չի մնա»,- ասում է Մերին:

Հյուրասենյակում սուրճ ենք խմում Մերիի հետ՝ խոսելով տոնածառի, Նոր տարվա մասին: Մերին կենսուրախ ու մարդամոտ է: Նրա հետ ընկերություն անողները կփաստեն դա: Այս տարիներին միշտ մտածել եմ, որ կան մարդիկ, ովքեր ձեռքերի փոխարեն թևեր ունեն՝ ճախրելու համար: Մերին նրանցից մեկն է:

Մերիի մասին ավելին՝ 

Պատերազմի ժամանակ ձեռքերն ու ոտնաթաթը կորցրած աղջիկ. «Ինձ համարում եմ Հայաստանի ամենաուժեղ մարդը»

Ռումբը Մերիին զրկեց ձեռքերից, ու սկսվեց նրա պայքարը պատերազմի դեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter