
Օպերային հարող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են
Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերային հարող սրճարանների ապամոնտաժումը: Ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ այսօր աշխատանքները ընթանում են հանդարտ մթնոլորտում, քանի որ սրճարանների աշխատակիցները չեն խոչընդոտում աշխատանքները:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 14-ին, սրճարանների աշխատակիցները ի նշան ապամոնտաժման դեմ բողոքի՝ փակել էին Մաշտոցի պողոտան, ապա Թումանյան փողոցը: Երկու դեպքում էլ ոստիկաններին հաջողվեց բացել փողոցները և վերականգնել երթեկությունը: Եղան բերման ենթարկվածներ, երկու դեպքով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Այնուհետև Ազատության հրապարակում քաշքշուկ սկսվեց սրճարանների աշխատակիցների և ոստիկանների միջև:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը երեկ հայտարարեց, որ ապամոնտաժման աշխատանքները չեն դադարելու և իրենց քաղաքական թիմը պատասխանատու է քաղաքի բարեկարգման համար:
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ապամոնտաժված սրճարանների տեղում կանաչապատում իրականացնել, իսկ հետո բաց մրցույթ հայտարարել՝ Օպերայի ճարտարապետական դիմագիծը վերականգնելու նպատակով:
Մեկնաբանել