
Օպերայի հարակից տարածքից ոստիկանություն է տարվել 16 քաղաքացի
Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներից 16-ը բերվել են ոստիկանական բաժանմունք: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ցուցարարները ոստիկանական բաժանմունք են տարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության զինծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո քաղաքացիները ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ Օպերային հարակից սրճարանների աշխատակիցները՝ ի նշան քաղաքապետարանի կողմից իրենց սրճարանները ապամոնտաժելու դեմ բողոքի փակել էին Մաշտոցի պողոտան, ապա՝ Թումանյան փողոցը: Ոստիկաններին հաջողվել էր փողոցները բացել և վերականգնել երթևեկությունը:
Երևանի քաղաքապետարանը Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժումը սկսել էր երեկ՝ մարտի 14-ին, սակայն սրճարանների աշխատակիցները կրկին բողոքի ակցիա էին արել՝ թույլ չտալով ապամոնտաժում կատարել: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի առաջարկով քննարկումը տեղափոխվեց քաղաքապետարան, սակայն քննարկման ավարտից հետո Մնացականյանը հայտնեց՝ ապամոնտաժմանն այլընտրանք չկա:
Քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուք էջում գրել է, որ իրենք «ազատագրում են Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը»:
Վիկտոր Մնացականյանը հայտնեց, որ Մարությանը չի կարող ժամանել, քանի որ արարողակարգի համաձայն՝ ուղեկցում է Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Այս պահին սրճարանների ներկայացուցիչները զրուցում են Վիկտոր Մնացականյանի հետ: Տարածքում են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը, ինչպես նաև Երևանի ավագանու մի քանի անդամներ: Զոհրաբյանը Մնացականյանին կոչ արեց կրկին բանակցությունների սեղանին նստել սրճարանատերերի հետ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել