HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՊԵԿ-ը «Հետք»-ի հայցադիմումին առարկություն է ներկայացրել՝ խնդրելով մերժել պահանջը

ՊԵԿ-ը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցադիմումի վերաբերյալ առարկություն է ներկայացրել վարչական դատարան՝ խնդրելով մերժել ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագրերին վերաբերող տեղեկատվություն ստանալու հայցադիմումը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հրաժարվել էր տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Պատճառաբանել էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար:

ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ապրիլի 15-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի։

Դատարան դիմելուց մեկ օր անց՝ ապրիլի 16-ին, Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում էր ուղարկել խմբագրություն, որ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը, դրա արդյունքում պայմանագրերի կնքումը կարգավորող Կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ: Կոմիտեն նաև հավելել էր, որ ուսումնասիրության շրջանակներում հնարավոր չի եղել պարզել նշված գործընթացի՝ գաղտնի համարվելու հիմքերը և խոստացել դրանք գաղտնազերծել, քանի որ Կառավարության որոշումների շրջանակում ՀԴՄ սարքերի գնման գործընթացն այլևս ավարտվել է, և դրանց գնման գործընթացի կազմակերպման պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դարձել է աննպատակահարմար:

Հենց այս հիմնավորումների շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը դիմել է Վարչական դատարան՝ խնդրելով մերժել հայցադիմումը: Վերջինս դատարանին հայտնել է, որ վերոնշյալ պարզաբանման առկայության պայմաններում, առարկայազուրկ է դառնում լրատվամիջոցի դատարան ներկայացրած պահանջը, քանի որ արդեն իսկ ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումը կարգավորող Կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ:

«Հետևաբար ակնհայտ է, որ օրենքով սահմանված կարգով գաղտնազերծման արդյունքում պահանջվող տեղեկատվությունը կհրապարակվի»,- դատարանին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը:

Այնինչ, գործով առաջին նախնական դատական նիստի ժամանակ՝ մայիսի 29-ին, ՊԵԿ ներկայացուցիչ Գոհար Եղիազարյանը հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, տեղեկատվությունը կտրամադրվի և դրա համար ժամանակ խնդրեց դատարանից: Մինչդեռ ներկայացվեց առարկություն, որում բացակայում են կոնկրետ ժամկետներ, տվյալներ, թե ՊԵԿ-ն ինչ քայլեր է ձեռնարկում, որ ամիսներ շարունակ չի կարողանում գաղտնազերծել կամ ինչքան ժամանակ է անհրաժեշտ գաղտնազերծման համար:

Տպավորություն է ստեղծվում, որ ՊԵԿ-ը միտումնավոր ձգձգում է, որպեսզի ՀԴՄ-ների գնման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը չտրամադրի և այն հանրության սեփականությունը չդառնա:

  Կարդացեք նաև՝

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter