HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գյումրիում ավտոմաքսատուն կկառուցի Գյումրու ավագանու անդամի հոր ընկերությունը

Գյումրիում նախատեսված նոր ավտոմաքսատունը կկառուցի «Բալասանյան» խմբակցությունից Գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանի հոր ընկերությունը։ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն ընտրվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից։ Մաքսատան կառուցման համար մրցույթի չի հայտարարվել․ ՊԵԿ-ը որոշել է շինարարական աշխատանքները պատվիրակել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Թե որքան գումար է փոխանցվելու պետական բյուջեից ընկերությանը, դեռևս հայտնի չէ, քանի որ գնումների հաշվետվողականության համակարգում (armeps.am) ընկերության և ՊԵԿ-ի միջև կնքված պայմանագիրը հրապարակված չէ։

«Մեկ անձից գնման ձևով և գնման գործընթացին մասնակցելու համար հրավեր է ուղարկվելու շինարարական աշխատանքների կատարման համար «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին»,-օգոստոսի 8-ին կառավարություն ներկայացրած որոշման նախագծում հայտնել էր ՊԵԿ-ը։

Նախագծում չկար հիմնավորում, թե ինչու է մեկ անձից գնման ընթացակարգով ընտրվել հենց «Մերձմոսկովյան» ընկերությունը․ ըստ armeps.am համակարգի՝ կոմիտեն նախկինում ընկերության հետ որևէ պայմանագիր չի կնքել։

«Մեկ անձից գնման պարագայում մենք ո՞նց ենք անելու, որ ճիշտ գին, ճիշտ գումար ծախսվի այդ նախագծի իրականացման համար։ Ի՞նչ մեխանիզմ եք դնելու»,- կառավարության նախորդ նիստին ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դավիթ Անանյանը պարզաբանեց, որ նախագծի նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմել է նախագծողը՝ շուկայական գների հիման վրա, և շինարարը չի որոշել արժեքը։

Նշենք, որ «Կոմպասս» կենտրոնը «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ուսումնասիրություն-վերլուծություն էր կատարել և պարզել, որ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ 2015-2016թթ. կնքված ճանապարհաշինական պայմանագրերում միջինից բարձր գին է սահմանվել:

Ըստ ՊԵԿ հաշվարկների՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու համար անհրաժեշտ է 2,2 միլիարդ դրամ։ Օգոստոսի 8-ին կառավարությունը ավտոմաքսատան նախնական աշխատանքները կատարելու համար ՊԵԿ-ին տրամադրեց 966 միլիոն դրամ։ Իսկ կառավարության օգոստոսի 1-ի որոշմամբ ավտոմաքսատունը կկառուցվի Գյումրում տեղակայված «Գյումրի-17» զորամասի տարածքում։

«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին։ Ընկերության տնօրենն Արամ Ադամյանն է՝ Գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանի հայրը։ Ընկերությունը մի շարք պայմանագրեր ունի Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ՝ Շիրակում և Գյումրիում ավտոճանապարհները պահպանելու և նորոգելու, փողոցաշինական ծրագրեր կատարելու համար։

Այն խոշորագույն՝ մոտ 24 միլիոն եվրո արժողությամբ, «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերություններից մեկն է։

«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ վերջին պայմանագիրը կնքվել է այս տարվա հուլիսի 1-ին։ Այդ պայմանագրով ընկերությունը պետք է իրականացնի Ախուրյանի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանման աշխատանքները։ Պայմանագրի արժեքը կազմել է մոտ 53 միլիոն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter