HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին և ներկա պաշտոնյաներն ու քրեական պատմությունների դերակատարները՝ Դիլիջանի անտառների վարձակալներ

Մաս 2

«Հետք»-ը շարունակում է ներկայացնել Դիլիջան ազգային պարկի վարձակալներին։ Դիլիջանի անտառային հողերից վարձակալ են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի որդին, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ընտանիքը, ԱԺ նախկին պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանը, Արայիկ Գրիգորյանը, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Արկադյա Բալայանը, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մտերիմը, Երևանի քաղաքապետարանի նախկին գլխավոր քարտուղարը, ՌԴ-ում պաշտոնյա և հայազգի գործարար Արամ Սուվարյանը, քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի գործով անցնող վկան, Թեղուտ գյուղի նախկին գյուղապետի որդին և այլք։

Աշոտ Ղուլարյանը 2007թ․ հանգստի կազմակերպման նպատակով վարձակալել է 0,15 հա տարածք՝ 25 տարի ժամկետով։ Դրա դիմաց վճարում է տարեկան 45 հազար դրամ։ Վարձակալած տարածքը գտնվում է Հաղարծինի վանական համալիրի մոտ գտնվող նախկին ճոպանուղու կիսավեր շենքի դիմաց։ Վարձակալած տարածքի՝ խորհրդային տարիներին կառուցված շինությունն այսօր անմխիթար է, կիսաքանդ վիճակում։ Աշոտ Արմենի Ղուլարյանը Իջևանի նախկին քաղաքապետ, այնուհետև՝ 15 տարի (1999-2014) Տավուշի մարզպետի պաշտոնը զբաղեցրած, իսկ այժմ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի որդին է։

«Ամարան-մեդ» ՍՊԸ-ն 2007թ.-ից 25 տարի ժամկետով վարձակալել է Դիլիջան ազգային պարկի անտառային հողերից 1 հա-ն՝ տարեկան 115 հազար դրամ վարձավճարով։ Ընկերություն 34 % բաժնեմասը պատկանում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի կնոջը՝ Մանուշակ Երիցյանին։ Ընկերության վարձակալած տարածքը պատված է սոճիներով, գտնվում է Դիլիջանի ոլորաններից դեպի Կոմպոզիտորների ստեղծագործական տան ճանապարհին։ Վարձակալած տարածքում որևէ գործունեություն չի ծավալվել։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը «Ամարան-մեդ» ՍՊԸ-ի վարձակալած տարածքի հարևանությամբ 0.5 հա հողակտոր է վարձակալել տարեկան 100 հազար դրամ վարձավճարով։ Նախորդիվ գրել էինք, որ ԱԺ նախկին պատգամավորը Դիլիջան ազգային պարկի տարածքից 3 հողակտոր է վարձակալել, որոնցից մեկը գտնվում էր Դիլիջանի կենտրոնից Պարզ լիճ տանող ճանապարհին։ Ալեքսան Պետրոսյանի վարձակալած երրորդ հողակտորը գտնվում է Կենտրոնական բանկի՝ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի հարևանությամբ։ Երրորդ հողակտորը 0.38 հա է, որի համար վճարվում է տարեկան 57 հազար դրամ։ Այդ հողակտորը նույնպես չի օգտագործվում, պարզապես բոլոր կողմերից մետաղական ցանցով առանձնացված է։

Արայիկ Գրիգորյանը, նույն ինքը՝ ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի Ավշարի Արայիկ անվամբ, 2007 թվականին 45 տարի ժամկետով վարձակալել է 0,7 հա տարածք հանգստի կազմակերպման նպատակով։ Տարեկան վարձավճարը 108 հազար դրամ է։ Հիշեցնենք, որ Արայիկ Գրիգորյանը, սկսած 2003-ից, 3 անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր և վարձակալության ժամանակ նույնպես եղել է պատգամավոր։ Վարձակալված տարածքում որևէ գործունեություն մինչ օրս չի իրականացվել։

Արկադյա Բալայանը Դիլիջան ազգային պարկից՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնի հարևանությամբ, 0.4 հա հողակտորի վարձակալության իրավունք է ստացել հանգիստի կազմակերպման նպատակով, որի համար վճարում է տարեկան 61 հազար դրամ։ Նա այդ տարածքի նկատմամբ իրավունքը նախորդ վարձակալից՝ «Վիտար» ՍՊԸ-ից, նվեր է ստացել 2011թ․ մայիսին։ «Վիտար» ՍՊԸ-ի գործունեությունը 2016-ից դադարեցված է։ Արկադյա Բալայանը ԴԱՀԿ պետն էր մինչև 2006 թվականը, իսկ դրանից առաջ ՀՀ մաքսային ծառայության և ոստիկանության գնդապետ է եղել։ Մասնավորապես՝ զբաղեցրել է Լոռու տարածաշրջանի մաքսատան պետի, այնուհետև՝ Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնները։

Արմեն Խաչատրյանը 2007-2060թթ․ Դիլիջան ազգային պարկի Հաղարծինի տեղամասում երկու տարբեր անտառային հողակտորներ է վարձակալել՝ 1,5 և 0,75 հա չափով, որոնց դիմաց տարեկան վճարում է 620 հազար դրամ։ Նա Բնապահպանության նախկին նախարար, այնուհետև ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի մտերիմն է, և կաշառքի գործով անցնող մեղադրյալներից մեկն է, ում միջոցով, ըստ մեղադրանքի, կաշառքը փոխանցվել է Արամ Հարությունյանին։ Արմեն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը։ Դիլիջան ազգային պարկն այս տարի դիմել է դատարան գումարի բռնագանձման և պայմանագիրը վաղաժամ լուծելու հայցով, սակայն դատարանը հայցադիմումը հետ է վերադարձրել։

«Բունար» ՍՊԸ-ն 2010թ․ 50 տարի ժամկետով Պարզ լիճ տանող ճանապարհին վարձակալել է 0,6 հա տարածք անտառ։ 155 հազար դրամ տարեկան վարձավճար է սահմանվել։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին Արմեն Վոլոդիայի Բունիաթյանի կողմից։ Վերջինս Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականն էր։ Ընկերության մասնակցությունից Արմեն Բունիաթյանը դուրս է եկել 2010թ․ մարտի 15-ին, սակայն տնօրեն է եղել մինչև 2018թ․ ապրիլի 5-ը։ Իսկ վարձակալության պայմանագիրը Դիլիջան ազգային պարկի հետ կնքվել է 2010թ․ սեպտեմբերին, երբ արդեն նոր բաժնետերը Արտակ Մակարյանն էր։ Վերջինս Ավան վարչական շրջանի աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղարն էր, իսկ հայրը՝ ՀՀԿ-ական Սերգեյ Մակարյանը, Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն էր։

ՌԴ քաղաքացի Արամ Սուվարյանը 2012-ին Դիլիջան ազգային պարկի առաջնային վարձակալ Սուրեն Հակոբյանից գնել է վարձակալության իրավունքը, և 1 հա անտառային տարածքը վերցրել է հանգստի կազմակերպման նպատակով։ Դրա դիմաց վճարում է տարեկան 300 հազար դրամ։  Արամ Սուվարյանը ՌԴ նախկին պաշտոնյա է: 2014-ին եղել է Քաղաքային էլեկտրական տրանսպորտի կառավարման կենտրոնի ղեկավարը Նովոսիբիրսկում, իսկ դրանից առաջ` Նովոսիբիրսկի շրջանի օրենսդիր ժողովի պատգամավոր: 2017թ․ դատարանը նրան մեղավոր է ճանաչել խարդախության և 2 մլն ռուբլի կաշառք վերցնելու համար։ Դատապարտվել է 8 տարի խիստ ռեժիմի ազատազրկման և տուգանքի՝ 10 մլն ռուբլու չափով։

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն այս տարվա հոկտեմբերի 31-ին դիմել է դատարան և պահանջել Արամ Սուվարյանի հետ կնքած պայմանագիրը վաղաժամ լուծել և գումար բռնագանձել։ ՊՈԱԿ-ը պահանջել է Արամ Սուվարյանից բռնագանձել 1 միլիոն 969 հազար դրամ գումար։ Դատարանն ազգային պարկի հայցադիմումը վերադարձրել է, քանի որ դիմումատուն չի պահպանել հայցի ձևի, բովանդակության համար նախատեսված պահանջները։ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից տեղեկացանք, որ Արամ Սուվարյանն այդուհետ կատարել է վճարումը։

Արտավազդ Թամրազյանը վարձակալել է Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին գտնվող երկու 0.5 հա հողակտորները։ Դրանց դիմաց վճարվում է ընդհանուր 262 հազար դրամ տարեկան վարձավճար։ Արտավազդ Թամրազյանը Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավար Արարատ Թամրազյանի որդին է, որը մահացել է 2014 թ.-ին Դիլիջանում տեղի ունեցած զինված փոխհրաձգության ժամանակ։ Վարձակալված անտառային հողում բետոնից հիմքով մեկ հարկանի տնակի նման փակ տաղավարներ են կառուցվել։ Ուշագրավ է, որ վարձակալի մահից հետո, նրա անվան դիմաց կատարվում են վարձավճարներ, և մինչ օրս Արտավազդ Թամրազյանը Դիլիջան ազգային պարկի վարձակալ է։

Դիլիջան ազգային պարկի անտառային տարածքներից երկու կտոր վարձակալություն ունի նաև Շանթ Ղարիբյանը։ Միասին 1,5 հա են կազմում, որի դիմաց վճարում է տարեկան ընդհանուր 419 հազար դրամ։ Շանթ Ղարիբյանը, սակայն, վարձակալության իրավունքը գնել է 2015թ․-ին՝ «Աբգար» ՍՊԸ-ից։ Շանթ Ղարիբյանը «Շանթ» պաղպաղակի հեղինակ, ինչպես նաեւ «Շանթ» ապրանքանիշի հեղինակային իրավունքով սեփականատեր Վարշամ (Յուրա) Ղարիբյանի որդին է: «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության իրավական օժանդակության կետրոն» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկն է, «Շանթ գրուպ» ՍՊԸ-ի սեփականատերերից: Անտառային հողի նախկին վարձակալը՝ «Աբգար» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկի որդին՝ Նավասարդ Աբգարյանը և Թեղուտի նախկին գյուղապետի որդին՝ Արտավազդ Թամրազյանը, նույն միջադեպի ժամանակ էին մահացու հրազենային վնասվածքներ ստացել։

Մյասնիկ Մատինյանը 1 հա-ի վարձակալության իրավունք ունի, որը 2014-ին ձեռք է բերել Ֆելիքս Ավետիսյանից։ Դրա դիմաց վճարում է 172 500 դրամ, իսկ վարձակալության իրավունքը վավեր է մինչև 2060 թվականը։ Մյասնիկ Մատինյանը «Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովի գործով ներգրավված վկաներից է: Կանևսկոյի մեքենայում հայտնաբերված զենքը գրանցված է եղել Մյասնիկ Մատինյանի անվամբ: Վերջինս ցուցմունք է տվել և ասել, որ Կանևսկոյի հետ դեպքի հաջորդ օրը պետք է որսի գնային, զենքն ինքն է դրել մեքենայում, բայց Կանևսկոյին այդ մասին տեղյակ չի պահել:

Էդգար Հարությունյանն ու Լևոն Ախշարումովը Դիլիջան ազգային պարկից վարձակակել են ընդհանուր 1.12 հա հողակտոր (4-ական առանձին, բայց իրար կողքի հողակտորներ) և կառուցապատում իրականացրել։ Վարձավճարը կազմում է տարեկան ընդհանուր 200 հազար դրամ։ «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ճանապարհին՝ Կամոյի փողոցում, նշված անձինք քոթեջներ են կառուցել, սակայն դեռ չեն շահագործում։ Դիլիջանի քաղաքապետարանը հանգստյան համալիր կառուցելու նպատակով  2010 թ.-ին անտառային հողերի վարձակալներին տվել է շինթույլտվություն։

Համաձայն 2013թ․ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացրած փորձաքննական նախագծի, հանգստյան համալիրը ներառելու է հյուրանոցային համալիր, 9 քոթեջ, որից 4-ը համակցված տիպի են, մյուս 5-ը՝ տիպային, իսկ հյուրանոցային մասնաշենքի 1-ին հարկում տեղադրված են տնտեսական սենյակներ, գրասենյակներ, ռեստորան, սրճարան և լողավազան: Էդգար Հարությունյանն ու Լևոն Ախշարումովը, դատելով նրանց ֆեյսբուքյան էջերի հրապարակումներից, ընկերներ են, և նախագիծը միասին են իրականացնում։ Երկուսն էլ ԱՄՆ-ում են բնակվում, չնայած հաշվառված են նաև Հայաստանում։

«Վենդոռ» ՍՊԸ-ն գրանցվել է 2014թ.-ին, հիմնադիրը և տնօրենը նույն անձն է` Աշոտ Միքայելի Հայթյանը: 2015 թվականի հուլիսին Դիլիջան ազգային պարկի և ընկերության միջև կնքվել էր պայմանագիր, ըստ որի՝ ընկերությունը 60 տարով վարձակալել է Գոշ լճի հատակից տարածքը՝ 3.18 հա-ն։ 2017թ. ապրիլին «Վենդոռ»-ը Գոշ լճի տարածք ծանր տեխնիկա էր մտցրել, հարթեցրել Գոշ լիճ տանող ճանապարհն ու լճից տիղմը հանել, կուտակել ափի երկայնքով, ինչի համար ենթարկվել էր վարչական տույժի 300 հազար դրամի չափով։ Դրանից հետո Դիլիջան ազգային պարկի փոխտնօրենները պաշտոնանկ էին արվել։

«Գոշ ՀԷԿ» ՍՊԸ-ն Տավուշի մարզում 2 հէկ է շահագործում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով` ընկերությունը 2008թ. -ին ստացել է Նորգետիկ գետի վրա «Գոշ հէկի» լիցենզիան, իսկ 2009-ին` «Խաչարձան հէկը»` համանուն գետի վրա: Հէկերի ջրառի և խողովակաշարի համար ընկերությունը 0,525 հա անտառային տարածք է վարձակալել Դիլիջան ազգային պարկից, որի դիմաց տարեկան վճարում է 94500 դրամ։ «Գոշ ՀԷԿ» ՍՊԸ-ի բաժնեմասը հավասարապես կիսում են երևանաբնակներ 27-ամյա Հայկ Ավետիսյանն ու 58-ամյա Հարություն Իվանյանը։ Վերջինս նաև ընկերության տնօրենն է։

Վազգեն Աղջոյանը 0.06 հա անտառային հող է վարձակալել, որի դիմաց Դիլիջան ազգային պարկին վճարում է տարեկան 11 հազար դրամ։ Աղջոյանը «Լցոն» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերն է, որն ավազի արդյունահանմամբ է զբաղվում։ Արաքս գետից ավազի արդյունահանման թույլտվություն է ուենցել։ Վազգեն Աղջոյանն անտառային հող է վարձակալել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության 11 քառակուսու 10 տեղամասից։ 0.1 հա մակերեսով անտառային տարածքը վարձել էր հանգստի գոտի կազմակերպելու նպատակով, 25 տարի ժամկետով։ 2015 թ․-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է դատարան և պահանջել վարձակալության պայմանագիրը լուծել, իսկ վարձավճարի պարտքը տույժերի հետ՝ 703 հազար դրամը, Վազգեն Աղջոյանից բռնագանձել։ ՊՈԱԿ-ի հայցը սկզբում բավարարվել է, հետո բեկանվել և ուղարկվել նոր քննության, որից հետո կրկին բավարարվել է։

Արամ Խաչատրյանը Դիլիջան ազգային պարկի տարածքից վարձակալել է 1.5 հա անտառային հող, որի դիմաց վճարում է տարեկան 420 հազար դրամ։ Վարձակալած տարածքի մի մասը նախկին ձկնաբուծարան է, որը ԽՍՀՄ տարիներին է ստեղծվել, հետագայում մի գործարար տարածքում ձկնաբությամբ է զբաղվել։ Վարձակալված տարածքում ձկնաբուծարանի մասին կարելի էր միայն կռահել լճերից, որոնցում, սակայն, ձկներ չկային։ Տարածքի հիմնական մասում հյուրատուն-քոթեջներ էին կառուցված, որոնք մասամբ էին գործում։ Խաչատրյանը 2014 թ․-ին դիմել է Բնապահպանության նախարարություն և հանգստի գոտի ստեղծելու նախագծի վերաբերյալ ստացել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացություն։ ՇՄԱԳ-ում նշված է, որ հանգստի գոտում նախատեսված է կազմակերպել այցելուների հանգիստ և սիրողական ձկնորսություն։ «Տարածքի կառուցապատման ժամանակ մեծածավալ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ շինությունները նախատեսվում են թեթև կոնստրուկցիաներից»,- ասված է ՇՄԱԳ-ում։ Իսկ իրականում թեթև կոնստրուկցիաների փոխարեն բետոնի հիմքով մեկ և երկհարկանի շինություններ էին կառուցված, որոնք, փաստորեն, կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

Դիլիջանի միջազգային դպրոցն ու Կենտրոնական բանկը խոշոր վարձակալներ են

Դիլիջան ազգային պարկի վարձակալներից են Դիլիջանի միջազգային դպրոցն ու Կենտրոնական բանկը։ «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ն միջազգային դպրոցի համար վարձակալել է 67 և 0.2 հա անտառային տարածքներ, որի դիմաց տարեկան վճարում է ընդհանուր 14.8 միլիոն դրամ վարձ։ Դիլիջանի միջազգային դպրոցն ազգային պարկի ամենամեծ վարձակալն է։ Անտառային հողերը գտնվում են դպրոցի հարևանությամբ, և որևէ բան դրանց վրա կառուցված չէ։

Կենտրոնական բանկն իր ուսումնական կենտրոնի համար Դիլիջանի ազգային պարկից վարձակալել է 2.2 և 4.3 հա անտառային տարածքներ։ Դրանց դիմաց վճարում է տարեկան ընդհանուր 2 միլիոն դրամ։ Վարձակալված տարածքները գտնվում են ԿԲ-ի ուսումնական կենտրոնի հարևանությամբ։ Անտառային հողերի վրա ոչինչ չկա կառուցված։

Մեկնաբանություններ (1)

Hkob Margaryan
հյստանյան եվ դրսի հայի ազգանուններով, հիմնկանում կեղծ գործարարների անվան տակ թաքնվելով, իրիականում կրիմինալ քրեաօլիգարխի թայֆեցիների իրար նեցուկ կանգնելու հանցավոր սկզբունքներով չնչին գումարներով սեփականաշնորհել են Հայ ժողովրդին պատկանելիք հարստություններն, տվյալ դեպքում իջեվանյան բազմահեկտար անտառային գեղատեսիլ ծածկույթն եվ այլն... ՈՎ պիտի այս ամեն հնցագործություններն հետաքննի ու հանցագործներին պատասխանատվության կանչի.. Միթե միամտաբար էլի, ինչպես անցած 30 տարիներում, մտածում եք, որ դա պիտի անի լտպ-նիկոլ օտարների կողմից ուղորդվող կեղծ հեղափոխություն ներկայացում թատրոն խախացող տանդեմն ու դրանց համակիր ՀԱԿ - ՔՊ - ականների իշխանությունը էլի խարդախություններով զավթած ԱԶԳԱՏԱԿԱՆՔՆԵՐՆ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter