HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպե՞ս է ամփոփվում տնտեսական տարին

Չնայած դեկտեմբերը դեռևս չի ավարտվել, սակայն արդեն կարելի է գրեթե վստահ ասել, որ Հայաստանը տարին կամփոփի շուրջ 7 %  տնտեսական աճով։ Դա հաստատում են Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած վերջին մակրոտնտեսական ցուցանիշները։ Այս տարվա հունվար-նոյմեբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է 7.5 %-ով։

Տարվա ընթացքում ամենաարագ տեմպերով աճել է ծառայությունների ոլորտը։ Ներքին առևտրաշրջանառության և արդյունաբերության աճը ևս տեսանելի է։ Շինարարությունը «հետ է ընկնում» այս ոլորտներից։ Իսկ գյուղատնտեսությունը, որի ցուցանիշներն ամփոփվում են միայն եռամսյակային պարբերականությամբ, դեռևս «ուշքի չի գալիս»՝ վերջին տվյալներով ոլորտում անկումը շարունակվում է։

Այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 10.1 %-ով. սա տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, եթե ՏԱՑ-ը դիտարկում ենք ամսական կտրվածքով, այսինքն՝ նշված ամիսը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։ Իսկ ամենացածր աճը գրանցվել է հունիսին՝ 3.5 %:

Ծառայությունները երկնիշ տեմպով են աճում. խաղային ոլորտը շարունակում է մեծ կշիռ ունենալ

Հայաստանի տնտեսական աճին ամենաշատը նպաստում են ծառայությունները։ Այս ոլորտը վերջին տարիներին մեր տնտեսության շոգեքարշն է և հիմնականում քննադատվում է խաղային ճյուղի հաշվին աճելու համար։ Խոսքը՝ բուքմեյքերական ընկերությունների ու խաղատների գործունեության մասին է։

Այս տարվա 11 ամիսներին՝ հունվար-նոյեմբերին, ծառայությունների ծավալը Հայաստանում կազմել է 1 տրլն 847 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 14.8 %-ով։ Ամբողջ տարվա ընթացքում ծառայություններն աճել են երկնիշ տեմպերով։

Արդյունաբերություն. հանքարդյունաբերությունն ավելի արագ է աճում, քան մշակող արդյունաբերությունը

Այս տարվա հունվար-նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում կազմել է 1 տրլն 856 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 9.3 %-ով։ Տարվա ընթացքում արդյունաբերության ոլորտում աճի տեմպը խիստ տատանվել է։ Հունվարին գրանցված 1.2 % անկմանը հաջորդել է փետրվարի 3.9 % աճը։ Ապրիլից աճի տեմպերն արագացել է՝ միայն որոշակի դանդաղելով հուլիսին և հոկտեմբերին։

Ընդհանուր առմամբ, արդյունաբերության ոլորտում որոշակի դրական տեղաշարժեր կարելի է նկատել, մասնավորապես՝ մշակող արդյունաբերության ոլորտում։ Սակայն անհանգստացնող է հանքարդյունաբերության առաջանցիկ աճը՝ համեմատ մշակող արդյունաբերության։ 2019 թվականի հունվար-նոյեմբերի ցուցանիշները դեռևս մանրամասն հրապարակված չեն, սակայն հունվար-հոկտեմբերի պատկերը հետևյալն է. նշված ժամանակահատվածում մշակող արդյունաբերությունը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 8 %-ով, մինչդեռ հանքարդյունաբերությունը աճել է 20.5 %-ով։ Նկատելի է, որ երրորդ եռամսյակում նոր թափ է հավաքել հանքարդյունաբերությունը։ Ինչպես գրել ենք նաև ավելի վաղ, քանի որ Հայաստանում, մասնավորապես իշխանությունների կողմից, շատ է խոսվում արդյունաբերության մշակող ճյուղը զարգացնելու և հանքարդյունաբերության կշիռը թուլացնելու մասին, դա ենթադրում է, որ մշակող արդյունաբերությունը պետք է աճի շատ ավելի արագ տեմպով, քան հանքարդյունաբերությունը։ Սակայն, փաստն այն է, որ այսօր հակառակ իրավիճակն է։

Ներքին առևտրաշրջանառություն. բարձր աճին զուգահեռ խորանում է կենտրոնացումը

Ներքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին կազմել է 2 տրլն 863 մլրդ դրամ՝ աճելով 9.2 %-ով։ Առևտրաշրջանառությունը, ինչպես ծառայությունները, տարվա ընթացքում բարձր տեմպով են աճել։ Չնայած դրան՝ առևտրաշրջանառությունը Հայաստանում կենտրոնացված է մայրաքաղաքում և համեմատաբար մեծ խանութների շուրջ։ Տարիների ընցաքում կենտրոնացվածությունը խորացել է, և այդ միտումը շարունակվում է նաև այսօր։ Ի դեպ, մայրաքաղաքի շուրջ կենտրոնացումը հատուկ է մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին։

 Շինարարությունը դանդաղ, բայց աճում է

Մի քանի տարվա անկումից հետո շինարարությունը Հայաստանում 2017-2018 թվականներին սկսել է դանդաղ աճել։ Այս տարի ևս այն դանդաղ է աճում՝ համեմատ մյուս ճյուղերի։ Հունվար-նոյեմբերին շինարարության ծավալները կազմել են մոտ 345 մլրդ դրամ՝ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 4.5 %-ով։ Ծավալներով շինարարությունը դեռևս հեռու է նախաճգնաժամային տարիների մակարդակից։ Հիշեցնենք, որ մեծ տեմպերով աճից հետո՝ 2008 թվականի շինարարության տեմպերը կտրուկ ընկան, իսկ 2009-ին ոլորտում 37 % անկում գրանցվեց։ Եվ առ այսօր շինարարության ծավալները չեն «վերադարձել» նախկին մակարդակին։

Գյուղատնտեսությունը «սևերես» է անում Կառավարությանը

Այս տարի Վիճկոմիտեն գյուղատնտեսության տվյալները հրապարակում է միայն եռամսյակը մեկ անգամ։ Ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի հաշվարկում, սակայն, գյուղատնտեսության տվյալները ներառվում են։ Բայց որպես առանձին տող՝ այս ոլորտը ներկայացվում է միայն երեք ամիսը մեկ անգամ։ Ըստ վերջին հրապարակման՝ հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 574.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 4.8 %-ով։ Գյուղատնտեսությունն անկումային է եղել նաև 2017-2018 թվականներին։ Այս ոլորտը «փչացնում է» վիճակագրությունը՝ տնտեսական աճի վրա ունենալով զսպողական ազդեցություն։

Արտաքին առևտուր. արտահանման աճը գերազանցում է ներմուծմանը

Այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանն աշխարհի հետ 7 մլրդ 232 մլն դոլարի առևտուր է արել։ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 7.4 %-ով։

Արտահանումն այս ընթացքում աճել է 9 %-ով՝ կազմելով 2 մլրդ 402 մլն դոլար։ Ներմուծման աճն ավելի թույլ է՝ 6.6 %, ծավալը՝ 4 մլրդ 830 մլն դոլար։ 

Այս ամենին զուգահեռ մեծացել է նաև արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը՝ արտահանման և ներմուծման տարբերությունը։ Եթե նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ներմուծումն արտահանմանը գերազանցել է -2 մլրդ 319 մլն դոլար, ապա այս տարի՝ 2 մլրդ 428 մլն դոլար։

Եվ սա լավագույն ապացույցն է այն բանի, որ տարբեր ոլորտներում գրանցվող աճի տեմպերը դեռևս բավական չեն տնտեսության մասին պատկերացում կազմելու համար։ Հարկավոր է նաև մանրամասն դիտարկել այդ աճի որակը։ Այս առումով սպասվող 7 % տնտեսական աճը վատ ցուցանիշ չէ, սակայն այն նաև գոհացնող չէ, հատկապես, երբ ըստ ոլորտների «բացում» ենք այդ աճը։ Եվ ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ այս ամենով հանդերձ մեր տնտեսությունը դեռևս գրավիչ չէ օտարերկրյա ներդրողների համար, համենայն դեպս՝ խոշոր ներդրողների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter