Բաց նամակ հայկական սփյուռքի խոշոր դրամատերերին և գործարարներին
Կորոնավիրուսի գլոբալ համավարակը առողջապահական ու տնտեսական ճգնաժամի է հանգեցրել աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որի հետ կապված նոր առաջնահերթություններ են առաջացել։ Միևնույն ժամանակ ջրի երես են ելնում այս նույն ճգնաժամը չարաշահելու ծարավ ունեցողները․ մասնավորապես Հայաստանում կրկին ակտիվացել է հանքահումքային պրիմիտիվ ու անհեռանկար տնտեսական հռետորաբանությունը, Լիդիանի արժետոմսերի առևտուր է տեղի ունենում բորսայից դուրս։
Համավարակը ակնհայտ է դարձնում կյանքի կայունությունն ապահովող տնտեսական ոլորտների` գյուղատնտեսության, պարենի արտադրության, առողջության պահպանման ու վերականգնման գերակայությունը։ Ամուլսարի համար մեր պայքարն այս բոլոր առաջնահերթությունների մարմնացումն է, ուստի կարևորում ենք այս հորդորը հնչեցնել հենց հիմա։
Հորդորում ենք հեռու մնալ Ամուլսարում հանքարդյունաբերական որևէ ներդրումից․ ՀԲՃ
Առաջին անգամը չէ, որ դիմում ենք խոշոր դրամատերերին և գործարարներին՝ կապված Հայաստանի ընդերքն ու ապագան կեղեքող գործունեության՝ հանքարդյունահանման հետ։ Դեռևս 2014թ․-ին Armenian Weekly-ում հրապարակվեց բաց նամակ, որով կոչ էինք անում որևէ կերպ չմասնակցել հանքաջրաբուժական հայտնի առողջարան Ջերմուկի անմիջական հարևանությամբ նախատեսված ոսկու հանքի ծրագրին՝ մանրամասն նկարագրելով դրա սոցիալական, տնտեսական ու բնապահպանական վտանգները։ Լիդիան ընկերությունը մինչ այդ ակտիվորեն լոբբինգ էր արել քաղաքական ու տնտեսական լծակների տիրապետող հայազգի գործարարների շրջանում, որպեսզի նրանք գնեն իրենց արժետոմսերը և, իբր, ակնկալեն ահռելի եկամուտներ Ամուլսարում իրենց երևակայած բացահանքի ոսկուց։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ Լիդիանը Ամուլսարի ծրագիրը ներկայացնում էր իբրև 4 միլիարդ դոլարի եկամուտ ունեցող նախագիծ։
Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորողներին, ներառյալ խոշոր բանկերին, հեջ-ֆոնդերին նույնպես մոտ 30 հազար ստորագրություններով դիմումներ ենք ուղարկել․ մինչ օրս change.org կայքում այդ ստորագրահավաքը շարունակվում է։
Դեռևս 2012թ-ին Ամուլսարի ոսկու ծրագրի հետ կապված Ջերմուկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ապրես Զոհրաբյանը բառացիորեն ասաց․ «․․․բարի խորհուրդ Գեոթիմին (Լիդիանին), եթե ներդրել եք ինչ-որ գումար, այլևս մի փորձեք նորից փող ներդնել, սա անհեռանկար բիզնես է, նոր սերունդը թույլ չի տալու»։
Հանքարդյունաբերության ավերիչ ու վնասաբեր լինելու մասին հանգամանալից դիմումներ գրեցինք նաև ՀԲԸՄ-ի խորհրդին, որի անդամներից շատերն արդեն ներգրավված էին Ամուլսարի ծրագրում։
Ձեզնից շատերը չլսեցին մեր արդար պահանջը, Լիդիանի ավերիչ ծրագրի համար ընկերության բաժնետոմսեր գնեցին «բարերարի» հագուստով ներկայացող կանադահայ, անգլիահայ, ամերիկահայ բիզնեսմեններ։ Շատ հայտնի ռուսահայերից ոմանք էլ հայտարարեցին, թե հանքարդյունահանումը Հայաստանի տնտեսության ռազմավարական ճյուղերից է. իրենց հիմնադրած Ամերիաբանկի միջոցով խոշոր վարկ տրամադրեցին Լիդիանին։ Կային հայազգի մարդիկ, ովքեր տարբեր ֆինանսական ու քաղաքական գործարքների միջնորդի դեր էին տանում։ Կոռումպացված կառավարության հետ տարված աշխատանքներից հետո վերջինս թաթախվեց անհեռանկար այս բիզնեսն արտոնելու վտանգավոր գործի մեջ՝ անտեսելով բազմաթիվ օրենսդրական արգելքներն ու հանրային դիմադրությունը։
Այդուհանդերձ, այս բոլոր տարիներին Հայաստանի կառավարությանը, Լիդիանին, Հայաստանից դուրս ապրող հայերին հայտնի է եղել, որ Հայաստանի բնակչությունը և մասնավորապես Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ է իրենց տարածքն ապականելուն և իրենց ապագան վտանգելուն։ Իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիներն, ի վերջո, ստիպված եղան սեփական ուժերով կասեցնել այդ ծրագիրը՝ արդեն 22 ամիս ֆիզիկապես պաշտպանելով Ամուլսարը, Հայաստանի ջրերի ու սերունդների ապագան։
Այժմ Լիդիան ընկերությունը, որի ողջ գործունեությունը հիմնված է եղել իրականությունն ուռճացնելու, հանքարդյունահանման ծրագրի վնասները խիստ թերագնահատելու, բիզնես նախագծի շահույթը խիստ գերագնահատելու, համայնքի դիմադրությունն անտեսելու, օրենսդրական արգելքները կառավարության հետո գործարքների միջոցով շրջանցելու և այլ բացասական մոտեցումների վրա, փորձում է փրկել իրեն և ֆինանսավորում է հայցում։ Մեծ զայրույթ է առաջացնում, որ այսքանից հետո այս տխրահռչակ ընկերությունը փորձում է համոզել, որ ինչ-որ մեկը գնի Ամուլսարի ծրագիրը կամ ֆինանսավորի ներդրումային արբիտրաժ դիմելու՝ ընկերության խոշոր ծախսերը (ինչպես երևում է Կանադայի դատարանին Լիդիանի տնօրեն Էդվարդ Սելլերսի տված ցուցմունքներում), ակնկալելով, որ կորպորացիաների համար ստեղծված այդ դատարանի վճիռը կարող է ընդդեմ Հայաստանի կառավարության լինել։ Նման դեպքում սահմանված փոխհատուցումները Լիդիանի ծախսերից շատ ավելին կարող են լինել, հետևաբար ներկայացվում է նաև, որ ով փորձի արբիտրաժի փող տալ, տոկոս ստանալու ակնկալիք կունենա։ Պետությանը արբիտրաժ ներքաշելն ինքնին չարանենգ ներդրումային ծրագրի է նմանվում։
Մեզ հասել են լուրեր, որ Լիդիանը հիմա էլ լոբբինգ է անում հատկապես Կանադայի հայ բիզնեսմենների շրջանում, այդ թվում նաև՝ ներկայացուցչական պաշտոններ զբաղեցնող կանադահայերի, Հայ դատի պաշտպանության գործում ներգրավված գործարարների և այլոց։ Զավեշտալի է չէ՞ ստացվում, որ հայրենասիրության ու բարեգործության մասին ամենաշատը խոսողներն են, որ պատրաստվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սնանկացնել միջազգային դատարաններում և դրանով շատ հաշվենկատ կերպով ուզում են հարստացնել իրենց գրպանները: Այդպիսի փորձ արել է շատերիդ հավանաբար հայտնի Վան Գրիգորյանը՝ Գլոբալ Գոլդ ընկերության սեփականատերը՝ ներդրումային դատարանում դատի տալով Հայաստանի Հանրապետությանը և կորզելով հանրության համար բացարձակապես անհայտ մնացած «հաշտություն»՝ իմանալով հանդերձ, որ ծայրահեղ կոռուպմացված պաշտոնյաների հետ է ժամանակին գործարքի գնացել։
Սփյուռքի խոշոր դրամատերերի ու գործարարների մասնակցությունը Հայաստանի ընդերքի թալանում
Ամուլսարի ոսկու կորզման ծրագիրը ո՛չ միակն է, ո՛չ էլ առաջինն է՝ իբրև ավերիչ գործունեություն, որին մասնակցում է սփյուռքահայ կապիտալը: Սփյուռքահայ դրամատերերն ու գործարարներն առնվազն 20 տարի շարունակ համագործակցել են ՀՀ կոռումպացված կառավարությունների հետ, ներգրավված են եղել խոշոր ու մանր հանքակորզման ծրագրերում և ինչպես վերը նշվեց՝ նույնիսկ արբիտրաժային տրիբունալների դուռը տարել Հայաստանի Հանրապետությանը: Նրանցից որոշների անունները կուզեինք նաև նշել այս նյութում:
Վան Գրիգորյանը՝ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահը, իր «Գլոբալ Գոլդ» կորպորացիայի դուստր ձեռնարկություններով հանդերձ՝ ընդերքօգտագործման թույլտվություններ է ձեռք բերել Թուխմանուկի ոսկու հանքի, Հանքավանի, Մարջանի, Տերտերասարի, Լիճքվազ-թեյի հանքավայրերի համար, որոնցից շահագործել է միայն Թուխմանուկը, հայտնի կոռուպցիոներ նախարար Վարդան Այվազյանի հետ չի կարողացել իր հաշիվները մաքրել, այնուհետև պետությանը ներքաշել է ներդրումային արբիտրաժային վեճի մեջ, որի ընթացքի և ելքի մասին այսօր ՀՀ կառավարությունում անգամ տեղեկություններ չունեն: Հայաստանի ժողովրդի գլխին կախված է թողել ոսկու բացահանքեր ու պոչամբար, ինչպես նաև բազմաթիվ չվճարված պարտքեր։ Եվ այնուամենայնիվ, «երկարամյա հայրենանպաստ գործունեության» համար Սերժ Սարգսյանը նրան պատվո շքանշանով է պարգևատրել:
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նախկին սեփականատեր, տխրահռչակ Սերոբ Տեր-Պողոսյանը, ով տարիներ շարունակ գովազդվում էր որպես մեծ բարեգործ և գործարար, սակայն, ինչպես պարզվեց քրեական վճռով, հարուստի իր դիրքն օգտագործում էր Ախթալայի աղքատության ու ծանր մետաղների մեջ ապրող երեխաների մարմինները չարաշահելու ուղղությամբ, փաստացի սեռական բռնության ենթարկում անչափահաս տղաների։
Այս ցուցակում հատուկ տեղ ունի կանադահայ Հրաչ Ջաբրայանը՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին սեփականատեր «Դանդի Փրեշըզ Մեթալզ Կապան» ընկերության տնօրենը։ 2000-ականների սկզբին Կանադական Դանդի Փրեշըզ ընկերության կողմից «ջրի» գնով կոմբինատի ձեռքբերումից և 2016թ-ին 25 միլիոն ԱՄՆ դոլարով բարեհաջող ռուսներին վաճառելուց հետո՝ Ջաբրայանը հիմա էլ այլ ընկերությունների միջոցով է զբաղվում Հայաստանում նավթ և գազ, ինչպես նաև ոսկի ու այլ մետաղներ որոնելով, միևնույն ժամանակ ջանքի չի խնայում Լիդիանին գովաբանելու և Ամուլսարի պահապանների նկատմամբ ատելություն հրահրելու ուղղությամբ։ Երևի շահ ունի…
Մյուս կանադահայ Վահան Քոլոլյանը, ով ներգրավված է Ամուլսարի ծրագրում (եղել է Lydian International-ի ոչ գործադիր տնօրենը և 2018թ-ի դրությամբ 10 խոշորագույն բաժնետերերից մեկն էր), բարեգործության ու հանքակորզման կրկնակի թելերի վրա խաղալու մեծ փորձ ունի: Նա մասնակցություն է ունեցել նաև աշխարհի այլ մասերում հանքակորզման ծրագրերի, մինչդեռ ինչպես Կանադայում, այնպես է Հայաստանում նաև մշակութային ու կրթական ծրագրեր է ֆինանսավորում:
Ռուբեն Վարդանյանի մասին շատ բան ասելու կարիք, թերևս չկա. նա անցյալ տարի աշխարհին հայտնի դարձավ «Տրոյկա լվացքատան» գործով: Ամերիաբանկը, որի տնօրենների խորհրդի անդամ է Վարդանյանը, խոշոր վարկ է տվել Լիդիան ընկերությանն Ամուլսարի ծրագրի համար, և անգամ Վարդանյանի IDeA հիմնադրամի հայտարարած զարգացման մոդելների մեջ ներառված է հանքարդյունահանումը:
Իսկ ականավոր հանքատերերից մյուսը շվեյցարահայ Վարդան Սըրմաքեշն է՝ Արցախում «Գոլդ Սթար» ընկերության միջոցով Քաշաթաղի շրջանում ոսկու հանք շահագործողը։ Այս հանքի, կորզված հումքի, վաճառքի, թողած վնասի նկատմամբ ընդհանրապես որևէ վերահսկողություն չկա։ Փոխարենը բարձագոչ հոդվածներ կան Սըրմաքեշի կողմից բիզնես հայրենադարձությունը ֆինանսավորելու մասին: Նա ներգրավված է նաև Արցախում ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման գործընթացներին։ Կոռումպացված իշխանավորների կողմից նա նույնպես մեդալների է արժանացել։
Չմոռանանք նաև Ժոզեֆ Ուղուրլյանին, ում Հայաստան բերելով շատ է հպարտանում նախագահ Արմեն Սարգսյանը: Նա «Ամբեր կապիտալ» ընկերության հիմնադիրն ու տնօրենն է։ Ուղուրլյանը նույնպես ներգրավված է(ր) Ամուլսարի ծրագրում որպես խոշոր բաժնետեր, ինչպես նաև Արցախի գետերը ցամաքեցրած խոշորագույն ԱրցախՀԷԿ-ի համասեփականատերն է(ր), որը պետական սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ից սահուն անցել էր մասնավոր բիզնեսների ձեռքը:
Եվ անշուշտ, հիշատակման է արժանի Ռուսաստանից «վերադարձած» Վալերի Մեջլումյանը, ում Վալլեքս ընկերությունների խումբը պատասխանատու է Թեղուտում բնապահպանական, սոցիալական և տնտեսական ճգնաժամի ստեղծման համար: Այս խումբը նաև զբաղված է Արցախի ընդերքի պաշարների թալանով։
Ավելի մանր դրամատերերից կարելի է հիշատակել Վահագն Ժայռենց Գայայանին, ով փորձում էր հանք արդյունահանել Վազաշենում՝ Հայաստանի էկոլոգիապես ամենամաքուր ու անտառապատ տարածաշրջաններից մեկում:
Իբրև վերջաբան
Տարիներ շարունակ հայկական սփյուռքի մասին խոսելիս, ցավոք, ա՛յս մարդկանց են լեգիտիմացրել ՀՀ պետական մարմիններն ու զանգվածային լրատվամիջոցները, նրա՛նց են հրավիրել տարբեր կոնֆերանսներում ելույթներ ունենալու, նրա՛նց են առաջին հերթին հանդիպել արտասահմանյան այցելությունների ժամանակ, նրա՛նց են նվիրվել հաղորդումներ, տեսանյութեր, գովասանքներ ու մեդալներ:
Եվ նրանց կողքին անտեսանելի են մնացել, կամ շատ դեպքերում նույնիսկ պախարակվել են բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր բնակություն են հաստատել Հայաստանում և ամեն օր այստեղ են գործունեություն ծավալում՝ արհեստավորներ, գիտնականներ, հանրային գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ... Եզակի բացառություններով` անտեսանելի են դարձվում նաև այն բազմաթիվ սփյուռքահայերը, ովքեր թիկունք են կանգնել քաղաքացիական շարժումներին և քննադատել են ժամանակի ՀՀ կառավարությանը կամ ՀՀ-ում տարվող տարբեր քաղաքականությունները: Սակայն հայկական սփյուռքի ա՛յս խավի միջոցով է նաև, որ Ամուլսարի խնդիրը (ի թիվս այլ հարցերի) բարձրաձայնվում է տարբեր երկրներում և զորակցության ալիքներ է ստեղծում: Ու մեծամասամբ նրանց շնորհիվ է նաև, որ հնարավոր է լինում 22 ամիս շարունակ գոնե նվազագույնս հոգալ Ամուլսարի պահապանների սննդի ու ջեռուցման կարիքները:
Ամուլսարում որևէ հանք չի լինելու, դա արդեն որոշված է համայնքների կողմից, իսկ Լիդիանին փրկելու փորձերն, ի վերջո, ձախողվելու են: Ուստի հորդորում ենք ձեզ, քանի դեռ շատ ուշ չէ, հեռու մնալ այս ծրագրից և էլ ավելի չմրոտել ձեր հեղինակությունն իբրև գործարարներ։
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել