HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանն անպարտ է ճանաչել ու արդարացրել քննիչ Միքայել Զադոյանին

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, կազմով դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ բավարարել է փաստաբան Հրանտ Անանյանի բողոքը, բեկանել Քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը, նրան ճանաչել անպարտ ու արդարացրել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հրանտ Անանյանը։

Մոտ մեկ տարի առաջ կաշառք ստանալու մեջ մեղադրվող Զադոյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման, որի դեմ Հրանտ Անանյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։

Կաշառքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր տվել քաղաքացի Բաբկեն Գասպարյանը: Վերջինս, մասնավորապես, ասել է, որ որդու մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին էր հայտնվել հենց ինքը` ԱԱԾ-ում հաղորդում տված Բաբկեն Գասպարյանը, փաստաբան Գայանե Գալոյանը, Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը և Միքայել Զադոյանն, որը Բաբկեն Գասպարյանի որդու գործով քննիչն է եղել:

Առաջին ատյանի դատարանը առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ մեղավոր էր ճանաչել նաև Բաբկեն Գասպարյանին, նրան դատապարտեց 3.5 տարի ազատազրկման և համաներմամբ նրա նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը։ Փաստաբան Գայանե Գալոյանին մեղսագրվող կաշառք ստանալու օժանդակությունը վերաորակվել էր կաշառքի միջնորդության: Նրա նկատմամբ ևս քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվել էր։

Բունիաթ Եղիազարյանի վերաբերյալ գործը քննվել է առանձին, ավելի վաղ վերջինս նույնպես արդարացվել է։ Դատախազությունը, թեև բողոքարկել է նրա վերաբերյալ դատավճիռը՝ Վերաքննիչ դատարանում հրաժարվել է բողոքից, որից հետո նրա կասեցված լիազորությունները վերականգնվել են, նա նորից աշխատանքի է անցել Քննչական կոմիտեում։

Ստացվում է, որ կաշառքի գործով անցնող երկու քննիչներն էլ  արդարացվել են, և մեղավոր են ճանաչվել միայն ԱԱԾ-ում հաղորդում ներկայացնող անձն ու վերջինիս փաստաբանը։

Նշենք, որ քննիչ Միքայել Զադոյանը գործի քննության ընթացքում 1  տարի, 4 ամիս գտնվել է կալանքի տակ, սակայն այժմ ազատության մեջ էր։ Նրա խափանման միջոցը գրավով էր փոխվել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռից մի քանի ամիս առաջ, և չնայած դատարանը Զադոյանին հետագայում դատապարտել էր 7 տարի ազատազրկման՝ որոշել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրիանական ուժի մեջ մտնելը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter