HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԶՊՄԿ-ի պոչատարի հայտնի վթարի քրգործով համալիր փորձաքննություն է նշանակվել, հարցաքննվել են աշխատակիցներ

Անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վրա գրանցված վթարի եւ դրա հասցրած վնասի վերաբերյալ հարուցված քրգործը դեռեւս նախաքննության փուլում է, նշանակվել է համալիր փորձաքննություն, հարցաքննվել են ԶՊՄԿ-ի ու ԱԻՆ-ի մի շարք աշխատակիցներ: Այս մասին «Հետքին» հայտնել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձմոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի՝ Ներքին Գիրաթաղ բնակավայրի հատվածում տեղի էր ունեցել վթար, ինչի հետեւանքով պոչանքները լցվել էին Ողջի գետ: 

Հոկտեմբերի 31-ին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ ԶՊՄԿ-ի խողովակաշարի վնասման եւ թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի եւ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Ա. Խաչատրյանը նաեւ տեղեկացրել է, որ նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեն, իսկ վերահսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը: 

Հիշեցնենք, որ վթարի նույն օրը այն քննարկվել էր կառավարության նիստում: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, մասնավորապես, հայտնել էր, որ կոմբինատը պատկան մարմիններից գաղտնի է պահել վթարի փաստը՝ փորձելով սեփական ուժերով վերացնել այն: Շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Էրիկ Գրիգորյանն էլ հայտնել էր, որ Ողջի գետից փորձանմուշներ են վերցվել:

Հետագայում «Հետքը» ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հետաքրքրվել էր, թե 2018-2019 թթ. տեսչական մարմնի կողմից ԶՊՄԿ-ի վթարների քանի դեպք է արձանագրվել, եւ քանի անգամ է կատարվել նմուշառում: Հարցրել էինք նաեւ, թե արձանագրված վթարներից հետո ինչ քայլեր են ձեռնարկվել տեսչական մարմնի կողմից, քանի անգամ է տուգանք կիրառվել: 

Պարզվել էր, որ 2 տարվա ընթացքում ընդամենը 2 վթար է արձանագրվել, որոնցից մեկը եղել է 2019-ի հուլիսի 7-ին: ԶՊՄԿ-ին պատկանող պոչատարի առաջին դյուկերի խողովակաշարի հանգույցում տեղի ունեցած վթարից հետո տեսչական մարմնի կողմից հարուցվել էր վարչական վարույթ: Դրա շրջանակներում Գեղի գետից իրականացվել էր ջրի նմուշառում եւ ուղարկել անալիտիկ հետազոտության: Արձանագրվել էր 5,014 տոննա կախյալ նյութերի արտահոսք: ԶՊՄԿ-ի նկատմամբ նշանակվել էր վարչական տուգանք՝ 100 հազար դրամի չափով, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով պատճառված վնասի հատուցման պահանջ՝ 79 հազար դրամ: 

Երկրորդ վթարը հոկտեմբերին տեղի ունեցածն էր, որն այսօր սպասում է ոչ թե վարչական, այլ քրեական հանգուցալուծման: 

Տես նաեւ՝ 

Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Քաջարան քաղաքը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter