Բնակիչ-սպառողների համար գազի գինը կմնա նույնը, այլ խմբերի համար՝ կբարձրանա. «Գազպրոմ Արմենիա»-ն շահում է
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստին որոշեց անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի սակագինը։ Միևնույն ժամանակ, որոշվեց բարձրացնել խոշոր սպառողներին վաճառվող գազի գինը։ Արդյունքում՝ գազի միջին կշռութային գինը բարձրանում է։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հերթական անգամ քննարկում էր «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած՝ սպառողներին վաճառվող գազի սակագների բարձրացման հայտը։
Այս տարվա ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 ԱՄՆ դոլար (135.9 հազար դրամ)՝ հազար խմ-ի դիմաց։
Այսօրվա գործող սակագնով այն 255.06 դոլար է։ Այսինքն՝ ընկերությունն առաջարկում էր միջին գինը բարձրացնել միանգամից 11 %-ով։ Ընկերությունը պնդում է, որ ներկայից սակագներով աշխատել այլևս հնարավոր չէ։
Սակայն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց սահմանել ոչ թե 283.14 դոլար, այլ՝ 266.71 դոլար։ Այսպիսով, գազի միջին կշռութային գինը բարձրանում է 4.6 %-ով։ Եվ, բոլոր դեպքերում, «Գազպրոմ Արմենիա»-ն շահում է այս որոշումից։
Սակայն, ոչ բոլորի համար է գազի գինը բարձրանալու նշված 4.6 %-ով չափով, քանի որ այսօր գազը սպառողներին է հասնում տարբեր գնային սանդղակով՝ ըստ սպառողական խմբերի։
Ըստ նոր որոշման՝ բնակչությանը վաճառվող բնական գազի սակագինը կմնա անփոփոխ՝ հազ. խմ-ի դիմաց 139 հազ. դրամ:
Անփոփոխ կմնա նաև սոցիալապես անապահով խավին վաճառվող գազի գինը՝ հազ. խմ-ի համար 100 հազ. դրամ։
Փոխարենը կթանկանա գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար և վերամշակող՝ պահածոների, խմիչքների, կանթանամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին վաճառվող բնական գազի սակագինը. նրանք հազ. խմ-ի դիմաց կվճարեն 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն:
Եվ մնացած սպառողներին, այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար, ամսական մինչև 10 հազ. խմ գազ սպառման դիմաց սահմանվում է 139 հազ. դրամ/հազ. խմ։ Իսկ ամսական 10 հազ. խմ-ն գերազանցողների համար՝ 255.91 դոլար։
Նշված սակագները ուժի մեջ են մտնելու այս տարվա հուլիսի 19-ից։
- Խոշոր սպառողների համար գազի գնի հնարավոր բարձրացումը կարող է հանգեցնել ապրանքների թանկացման
- ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է գազը թանկացնել ոչ թե ակնկալվող 11%-ով, այլ՝ 4.6%
-
«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն. «Գազի գնի 255 դոլարից ընկերությանը 16 դոլարն է մնում»
Սպառողների համար գազի սակագները վերջին անգամ վերանայվել և ուժի մեջ են մտել 2016 թվականի հուլիսի 1-ից։
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի՝ Հայաստանի գազամատակարարման համակարգում լիցենզավորված գործունեություն է իրականացնում երկու ընկերություն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Տրանսգազ» ՍՊԸ-ն։ «Գազպրոմ Արմենիան» զբաղվում է բնական գազի ներկրմամբ և համակարգի օպերատիվ տեխնոլոգիական կառավարմամբ, գազի բաշխմամբ ու վաճառքով։ «Տրանսգազ» ՍՊԸ-ն գազի փոխադրումն ու ստորգետնյա պահեստարանների շահագործումն է ապահովում։
Ուլիխանյանը նիստին ևս մեկ անգամ ներկայացրեց, թե ինչ հաշվարկներ են հիմք հանդիսացել նոր սակագների որոշման համար։ Ինչպես նշվեց, «Գազպրոմ-Արմենիա»-ի հաշվարկներով՝ գազի մատակարարման անհրաժեշտ հասույթը տարեկան կազմում է 234.6 մլրդ դրամ, մինչդեռ հանձնաժողովի աշխատակազմն անհրաժեշտ և հիմնավորված է համարել 221 մլրդ դրամ մեծությունը։ Հաշվի է առնվել ներկրվող գազի արժեքը, աշխատավարձային ֆոնդը, բարենորոգումները, նյութական ծախսերը և այլն։
Այսպես, ներկրվող գազի արժեքը թե՛ հանձնաժողովի, թե՛ «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվարկներով 173 մլրդ դրամի շրջանակներում է։
Երկրորդ էական գործոնը աշխատավարձի հաշվարկն է, որը, ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի, պետք է կազմի 18.9 մլրդ դրամ` 6 954 աշխատողների համար, որոնց միջին աշխատավարձը ամսական կկազմի 227 հազար դրամ։ Մինչդեռ հանձնաժողովը համարում է, որ պետք է ծախսերը օպտիմալացվեն՝ աշխատակիցների քանակը կրճատելով և դարձնելով 5 383, որոնց միջին աշխատավարձը 227 հազար դրամ մակարդակում պահպանելու պարագայում աշխատավարձային ֆոնդը կկազմի 14.7 մլրդ դրամ։
Տարբերվում են նաև բարենորոգման և նյութական ծախսերը, որոնք ընկերության հաշվարկներով կազմում են 11.4 մլր դրամ, մինչդեռ հանձնաժողովը հիմնավորված է համարում 7 մլրդ դրամը։
Արդյունքում, սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռված սակագինը «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած 283.14 դոլար/հազ. խմ-ի փոխարեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվարկել է 266.71 դոլար/հազ. խմ արժեքը՝ ներառյալ ԱԱՀ-ն։
«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր բոլորի համար սահմանել մեկ միասնական սակագին։ Մինչդեռ հանձնաժողովի աշխատակազմը որոշեց պահպանել սպառողական խմբերի տարբերակման մոտեցումը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել